[ARM]     [RUS]     [ENG]

Ֆ. ԷՆԳԵԼ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ, ՃԻՇՏ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ֆրանկ Էնգելը ՙԵվրախորհրդարան-Արցախի Հանրապետություն՚ բարեկամական խմբի ղեկավարն է և այդ կառույցում ներկայացնում է Լյուքսեմբուրգը։

Արցախցիները նրան հարգանքով են վերաբերվում, քանզի մեր ժամանակներում գրեթե հեղինակազրկված միջազգային կառույցներում քչերն են առանձնանում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ճիշտ ընկալմամբ և նրա հանգուցալուծման հարցում ունեցած անաչառ կեցվածքով։ Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին Ֆ. Էնգելն իր գործընկերների հետ այստեղ էր գտնվում դիտորդական առաքելությամբ։ Առիթից օգտվելով`  խնդրեցինք  նրան պատասխանել մեր հարցերին։  ¬  Պարոն Էնգել, մեր հանրապետության մայր թերթը մշտապես տպագրում է Ձեր այն հայտարարություններն ու ելույթները, որոնք վերաբերում են  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։ Դրանք ինչ-որ չափով սթափեցնում են բոլոր նրանց, ովքեր փորձում են անտեսել իրականությունն Արցախի շուրջ։ Նախքան այդ իրողություններին անդրադառնալը՝ կուզենայի մեր զրույցն սկսել հանրաքվեից ստացած Ձեր տպավորություններից։    

-  Այցելեցինք  Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտունու մի քանի ընտրատեղամասեր։ Տպավորությունները նույնն են, ինչպես 2015-ին, երբ մասնակցում էի Արցախում անցկացված խորհրդարանական ընտրություններին։ Ե՜վ  այն ժամանակ, և՜ հիմա  իրեն զգացնել տվեց հանգիստ մթնոլորտը, հանրաքվեն ընթացավ օրենքի շրջանակներում։ Արցախի ժողովուրդը սովոր է  կազմակերպված ձևով նման միջոցառումներ անցկացնել։

- Հակամարտության գոտուց լինելով բավականին մեծ հեռավորության վրա, Դուք շատ բան եք տեսնում և անկաշկանդ արտահայտվում Եվրախորհրդարանում։ Դա անչափ  կարևոր է՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ճիշտ պատկերացում ձևավորելու տեսանկյունից։ Արցախի հետ ի՞նչն է Ձեզ կապում։

- Գենետիկորեն ինձ ոչինչ չի կապում։ Պարզապես ես գալիս եմ մի փոքր երկրից, որը բավականին երկար ժամանակ պայքարել է իր անկախության համար։ Այն զավթված է եղել մեկ այլ երկրի կողմից, նույնպես ենթարկվել է բռնաճնշումների և ահաբեկչությունների։ Մեզ հաջողվել է հասնել անկախության, և այդ իսկ պատճառով համակրանքով եմ վերաբերվում այն ժողովուրդներին, որոնք նույն ձևով պայքարում են իրենց  անկախության համար։

- Եվրոպական արժեհամակարգն այսօր ճգնաժամ է ապրում, ինչի մասին սկսել է բարձրաձայնել եվրոպական հանրության առավել զգոն հատվածը։ Դուք  Եվրախորհրդարանում տեսնո՞ւմ եք այլ ուժեր, որոնք Ձեր օրինակով կարող են այդ կառույցի ամբիոնից անաչառ ներկայացնել արցախցիների պայքարն ու ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև խոսել այս հակամարտության արդարացի կարգավորման մասին։

- Միայն ես չեմ,  կան պատգամավորներ, ովքեր նույնպես ճիշտ դիրքորոշում ունեն այս հարցում։ Խնդիրն այն է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն, ընդհանուր առմամբ, ճիշտ չի ընկալվում Եվրախորհրդարանում։ Բացի այդ, կան  մարդիկ, ովքեր, այսպես ասած, ծուղակի մեջ են հայտնվել՝ չիմանալով  միջազգային իրավունքի երկու սկզբունքներից որ մեկին նախապատվությունը տալ՝ տարածքային ամբողջականությա՞նը, թե՞ ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Եվրոպական միության մեջ այնքան էլ հեշտ չէ կողմնորոշվելը, քանի որ մի շարք ժողովուրդներ, օրինակ՝ Շոտլանդիայի, Կատալոնիայի, Ֆլանդրիայի, գտնվում են հակամարտությունների մեջ։  Եվրամիության որոշ  երկրներ անջատողականության հետ կապված խնդիրներ ունեն։ Մերձբալթիկայում, Կոսովոյում տեղի ունեցած իրադարձություններն իրենց հերթին կառույցում որոշ  խոչընդոտներ են հարուցում։  Արցախյան խնդրին սատարելն իմ ընտրությունն էր, ես ուղղակի անհրաժեշտ եմ համարում բացատրել, թե ինչն է խանգարում մյուսներին՝ աջակցելու հանուն անկախության պայքարող Արցախի ժողովրդին։

¬ Վերջերս Եվրախորհրդարանում  համատեղ մամլո ասուլիս անցկացրիք  Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ՝ գլխավորապես անդրադառնալով ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: Կարելի՞ է ասել, որ դա մի նոր կարևոր գործընթացի մեկնարկ է։ 

¬ Առաջին կարևոր քայլն այն էր, որ Արցախի օմբուդսմենը հայտնվեց Եվրախորհրդարանում, ինչն, անտարակույս, հետաքրքրություն առաջացրեց։  Ես պատրաստ եմ սատարել ձեր երկիրը ներկայացնող այլ անձանց՝ ի կատար ածելու իրենց նախաձեռնությունները։ Մեզ հաջողվում է պահպանել այդ հետաքրքրությունը ԵՄ խորհրդարանում։ Մենք ընդունել ենք նաև ԱՀ արտաքին գործերի նախարարին, անցյալ տարի նախատեսել էինք Ազգային ժողովի նախագահի այցը։ Ապագայում էլ այդ աշխատանքներն իրենց տրամաբանական շարունակությունը կունենան։ 

- Վերջին բացահայտումները ԵԽԽՎ-ում, որոնց առանցքում ադրբեջանական իշխանությունների կողմից կաշառված պատգամավորների վարքագիծն էր, ևս մեկ անգամ հիմնավորեցին միջազգային կառույցների հանդեպ արցախցիների անվստահությունը։ Արցախ-Եվրոպա հարաբերություններում վստահության նվազումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ 

¬ Կոռուպցիայի վրա հիմնված ադրբեջանական դիվանագիտությունը խայտառակվեց  այդ բացահայտումների արդյունքում։ Կուզենայի ընդգծել, որ պատգամավորներին կաշառելու երևույթը միշտ էլ եղել է, և չի կարելի մտածել, որ դա ինչ-որ նոր խնդիր է։ Այդ ամենը միայն վնաս հասցրեց ադրբեջանական կողմին, այնպես որ յուրաքանչյուր արցախցի կարող է ուրախանալ դրանով, ինչպես նաև այդ փաստարկն օգտագործելով՝ իր երկիրը հակադրել Ադրբեջանին։ Իտալական RAI հեռուստաալիքի հաղորդումը ջրի երես դուրս բերեց  ԵԽԽՎ-ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի գործունեությունը։ Դա բավականին լավ նախաձեռնություն էր՝ կառույցում առկա իրողությունները բացահայտելու առումով, նաև մեծ հարված Ադրբեջանի միջազգային վարկանիշին։ Մարդիկ սկսում  են հասկանալ, որ Ադրբեջանն ընդամենը ճիգեր է գործադրում՝ փողով գնելու հակամարտության մասին ողջ ճշմարտությունը։ 

¬ Ասենք նաև, որ Արցախի միջազգային ճանաչման համար առկա բոլոր նախապայմանների պարագայում անգամ համաշխարհային ուժային կենտրոններն իրենց գործն անում են։ Դրա եվրոպական օրինակը Կոսովոն է։ 

¬ Դա մի պահ էր, որն աշխատեց Կոսովոյի օգտին։ Միջազգային հանրության ընկալումներում այն պատկերվեց որպես մի տառապող տարածք։ Եվրոպան այդպես էլ ընդունեց։ Այդ երկիրը չունի բնական ռեսուրսներ՝ նավթ ու գազ, որոնք կարող էին հետաքրքրել ոմանց՝ իրենց  շահադիտական նպատակներն առաջ տանելու իմաստով։ Արցախը Կոսովոյից տարբերվում է, քանի որ կարողանում է ինքնուրույն լուծել իր խնդիրները։ Բայց նույնիսկ Կոսովոն ՄԱԿ-ի անդամ  երկրների գերակշիռ մասի կողմից ճանաչված չէ։ 

¬ Իմ հարցի ենթատեքստում համամարդկային արժեքների գերակայությունն է, ինչը մի դեպքում հաշվի է առնվում, մեկ այլ դեպքում՝ ոչ։  

¬ Ինչ խոսք, համամարդկային արժեքների պահպանումը վեհ  գործ է, բայց միշտ չի հաջողվում այդ վեհությունը պահել։ Դրանց մասին ավելի շատ  խոսվում է։        

Հարցազրույցից մեկ օր անց՝ փետրվարի 21-ին, Եվրախորհրդարանի՝ դիտորդական առաքելություն իրականացրած պատգամավորները ներկայացան հանրաքվեի վերաբերյալ զեկույցով, որում կային մի քանի կարևոր շեշտադրումներ։ Նրանում, մասնավորապես, ընդգծված էր, որ Սահմանադրության նախագծին Արցախի ժողովրդի տված վճռական հավանությունը կարևոր ուղերձ է Հարավային Կովկասին։ Ժողովուրդը, բնակչությունը, ազգը, որը հավատում է իր պետությանը, կատարելագործում պետական մարմինները, չպետք է անտեսվի միջազգային հանրության կողմից։  Զեկույցի հեղինակների եզրակացությունը միանգամայն հստակ էր. Արցախի ժողովուրդն ապրում է  ագրեսիվ հարևանի կողմից ռազմական հարձակման մշտական սպառնալիքի ներքո և, այդուհանդերձ, շարունակում  իր պետության միջազգային ճանաչվածության բացակայությանը հակադարձել ժողովրդավարական կենսունակությամբ ու հասունությամբ։     

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ