[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄ ԸՆԴԴԵՄ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ

Ադրբեջանը շարունակում է ՙԼապշինի գործը՚ նախադեպ դարձնելու փորձերը:

Թիրախում այս անգամ ոչ թե քաղաքական գործիչներն են, այլ գիտնականները: Բաքուն փորձեց 2002 թվականից ի վեր Ազոխի քարանձավում  պեղումներ կատարող հայ եւ օտարերկրացի մի խումբ գիտնականների ահաբեկել՝ Ինտերպոլով հետախուզում հայտարարելու միջոցով: Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օպերատիվ արձագանքին հետեւեց այդ կառույցի քարտուղարության որոշումը` Ադրբեջանի պահանջը հակասում է կազմակերպության կանոնադրությանը, եւ այդ անձանց նկատմամբ Ինտերպոլը հետախուզում չի իրականացնի:

Յոլանդա Ֆերնանդա-Ջալվո, Թանյա Քինգ, Լեւոն Եպիսկոպոսյան, Պիտեր Էնդրյուս. Արցախի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը անունները թվարկում ու անկեղծանում է՝ մեր վայ-հարեւանները չեն դադարում զարմացնել մեզ ու աշխարհին: Բաքվի կարծիքով` Արցախի տարածքում գիտական աշխատանքով զբաղվելը հանցագործություն է: Այս անունները Ադրբեջանի ՙսեւ ցուցակում՚ վաղուց կային: Լապշինի գործից հետո փորձում էին միայն ՙսեւ ցուցակով՚ չսահմանափակվել: ՙԼապշինի գործից հետո նշյալ գիտնականներին անհայտ ադրբեջանցիներ են զանգել, հիշեցրել Լապշինի ճակատագիրը, սպառնացել՚,- տեղեկացնում է Սերգեյ Շահվերդյանը: Գիտնականների նկատմամբ այդ վերաբերմունքը հին պատմություն ունի` սկսվել է նրանց կողմից Ազոխում պեղումների մեկնարկի հետ: Առաջին սպառնալիքները 14 տարի առաջ են հնչել, հիշում է ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանը, ով 2002 թվականից սկսած՝ շարունակ աշխատել է Ազոխում պեղումներ իրականացնող միջազգային արշավախմբի կազմում. ՙ2003թ. Ադրբեջանն արդեն բողոքում էր: Մեր կողմից էլ պատասխան է հնչել, որ սա մեր երկիրն է, եւ համապատասխան մարմինների թույլտվությունն ունենալով՝ արտասահմանցի գիտնականները կարող են այստեղ պեղումեր իրականացնել՚:

Օրեր առաջ թեման թարմացավ: Ադրբեջանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն գիտնականների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ շրջաբերական էր տարածել: Ադրբեջանի պետական սահմանը հատելուց բացի, գիտնականները մեղադրվում են նաեւ հատուկ արժեք ունեցող առարկաների թալանի մեջ: Արցախից հակադարձում են՝ Ազոխի իրական թալանը քարանձավում ադրբեջանական գիտնականների աշխատանքն էր 1960-80-ական թվականներին: ՙԱյն, ինչ կատարվել է, դժվար է պեղումներ անվանել: Ադրբեջանցիները հաճախ պարզապես պայթեցրել են մշակութային շերտը՚,- Սերգեյ Շահվերդյանի պատմածը որքան անհավանական հնչի, այնուամենայնիվ իրական հիմքեր ունի: ՙԵվ ինչն է հետաքրքիրը. այդ 24-25 տարվա պեղումների ամբողջ նյութը դուրս է հանվել Արցախից: Ոչ մի գտածո այստեղ չի մնացել՚,- շարունակությունը Վարդգես Սաֆարյանն է լրացնում:

2002-ից ի վեր բոլոր գտածոները ուսումնասիրվել են արտասահմանում եւ վերադարձվել Արցախ: Ուսումնասիրության մեթոդներն էլ ադրբեջանականի հետ համեմատության եզրեր չունեն: ՙՊեղումները կատարվել են համապատասխան կառույցների թույլտվությունից հետո՝  օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ: Արշավախումբը զինված է ժամանակակից միջոցներով, աշխատանքներն իրականացվում են մանրակրկիտ, բոլոր նրբությունները հաշվի առնելով՚,- Վարդգես Սաֆարյանը նաեւ որպես ականատես ու մասնակից է նկարագրում: Ազոխի միջազգային արշավախումբն ավելի մեծ ծրագրի մի մասն էր կատարում` փորձելով ամբողջացնել Աֆրիկայից մարդկության միգրացիայի քարտեզը: ՙԱրշավախմբեր են աշխատում Աֆրիկայում, Իրաքում, Վրաստանում՝ այդ ողջ ճանապարհի վրա՚,- ամբողջացնում է ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչը:

Ազոխում իրականացված պեղումների արդյունքներն ամբողջացվել են Շպրինգերի կողմից հրատարակված ՙԱզոխի քարանձավը եւ կովկասյան միջանցքը՚ ժողովածուի մեջ: Աշխատությունը գիտական առումով որքան ծանրակշիռ, քաղաքական առումով նույնքան անվտանգ է: Ի վերջո, խոսքը 200-300 հազար տարվա պատմության մասին է: Քաղաքական մասը թերեւս այն էր, որ ամիսներ առաջ գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում կատարվեց: Սա գիտնականների շնորհակալությունն էր Արցախի իշխանություններին` անցած տարիների համագործակցության համար, ինչն էլ չի կարող ներել Բաքուն: Դա, սակայն, հետագա համագործակցությանը չի խանգարի, վստահեցնում է էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը. ՙՆման երեւույթների անծանոթ չենք` ոչ մենք, ոչ գիտնականները: Եվ շարունակելու ենք մեր աշխատանքներն այնպես, ինչպես ծրագրել էինք՚:

Ինտերպոլն էլ, ինչպես արդեն նշվեց, չի խանգարի: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ