Logo
Print this page

ՈՒԺԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՉԵՂԱՐԿԵԼ

Հայկական կողմին անհրաժեշտ է փոխել հակազդելու մոդելը

 Տարեսկզբից ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունները զարգանում են  շատ մեծ արագությամբ։ Փետրվարի 1-ին ադրբեջանական դիվերսիայից մի քանի օր անց, երբ Արցախի պաշտպանության բանակին հաջողվեց գերի վերցնել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի, հայկական կողմը վերադարձրեց դեկտեմբերի վերջին սպանված մեկ այլ դիվերսանտի դիակը։ Դրանից մեկ օր անց՝ փետրվարի 6-ին, դիպուկահարի կրակոցից սպանվեց 20-ամյա Գոռ Գարեգինյանը։ Հաջորդ օրը մոնիտորինգի անցկացման ժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չբերեց իր առաջնագիծ, իսկ դրանից անմիջապես հետո շփման գծում արձանագրվեց լարվածության կտրուկ աճ։

Այս շարքը հարկ է դիտարկել արտաքին քաղաքական գործընթացների ընդհանուր համատեքստում։ Որտեղ, անկասկած, ներգծվում են և՜ բլոգեր Լապշինի արտահանձնումը՝ Լուկաշենկոյի և Բաքվի նրա ընկերոջ ու ընկերուհու համար այստեղից բխող բոլոր հետևանքներով (կամ՝ դրանց բացակայությամբ), և՜ Ալիևի այցը Բրյուսել, որտեղ նա ստիպված էր ոչ քիչ տհաճ պահեր հանդուրժել, բայց, ըստ էության, հասնել իր նպատակին՝ նավթագազային շահերի առումով։ Ընդ որում, և՜ առաջինը, և՜ երկրորդը պետք է դիտարկել ռուս¬ադրբեջանական փոխհարաբերությունների շրջանակներում, մասնավորապես, որպես պատասխան՝ ինչպես Ղարաբաղի հարցով Լավրովի հրապարակային, այնպես էլ գաղտնի՝ Մամեդյարովի հետ այցի ընթացքում արված հայտարարություններին, որոնք, ինչպես հայտնի է, դարձան վերջինիս մոտ լավատեսության բացակայության պատճառը։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, նշենք Եվրահանձնաժողովի նախագահի կողմից գործնականում ուղիղ տեքստով արտահայտված նողկանքը. իր շիտակությամբ հայտնի Ժ.Կ. Յունկերը ճեպազրույցին լրագրողներին հայտարարել է, թե օրվա հաճելի մասն ավարտվել է, քանի որ նա պետք է հանդիպի Ալիևին։ Բաքվի ռեժիմի ղեկավարին հիասթափեցրեց նաև Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Նախ, նա, այնուամենայնիվ, շոշափեց մարդու իրավունքների խախտումների՝ բռնակալի համար այդքան անցանկալի թեման, երկրորդ՝ հայտարարեց Ղարաբաղում ՙստատուս քվոյի անկայունության՚ մասին։ Ընդգծենք` ոչ թե փոփոխության անհրաժեշտության, ինչն այդքան ուզում են լսել Բաքվում, այլ անկայունության մասին: Դրանով իսկ, առավել հավանական է, հասկացնելով, որ ստատուս քվոն անհրաժեշտ է ամրապնդել ու ավելի կայուն դարձնել՝ ԵԱՀԿ գրասենյակի ընդլայնման ու սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ճանապարհով։

Քաղաքական բոլոր այս զարգացումները կշարունակեն հաջորդել իրար։ Սակայն հայկական կողմի շահերի տեսակետից նախկինի պես չի կարող չանհանգստացնել իրավիճակն առաջնագծում, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտումների և հայ զինծառայողների սպանությունների քաղաքականության անպատժելիությունը։ Ինչպես և Մինսկի խմբի միջնորդների կողմից այդ հանցավոր քաղաքականության փաստացի խրախուսման շարունակումը՝ կա՜մ արձագանքի լիակատար բացակայությամբ, կա՜մ անհասցե ու անատամ հայտարարություններով՝ սրբորեն պահպանելով արատավոր հավասարությունը։ Միակ բանը, որով աչքի ընկավ ՙեռյակը՚ նոր տարուն հաջորդած ժամանակահատվածում, արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին հերթական հաղորդագրություններն էին, որոնցով փոխանակվեցին ռուսաստանցի ու ամերիկացի համանախագահները։ Հայկական պետությունների սահմաններում սադրանքների վերաբերյալ, որոնք ուղեկցվում էին երկու կողմերից կորուստներով, դիպուկահարների կողմից զինծառայողների սպանությամբ և ԼՂՀ ու ՀՀ ԶՈՒ կողմից պատասխան գործողություններով, ինչպես նաև Բաքվի կողմից իրավիճակի մշտական սրման մասին նրանք նախընտրում են լռել։

Այն մասին, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի սպասել Մինսկի խմբից, խոսվում ու գրվում է վերջին տարիների ընթացքում։ Պարզ է, որ համանախագահները երբեք չեն գնա հավասարության բացահայտ խախտման և մատնացույց չեն անի իրավիճակի սրացման իսկական մեղավորին, ինչպես և չեն խառնվի կոնկրետ միջադեպերին՝ արդեն անգամ հայտարարություններով, ինչը, ի դեպ, նախկինում, այնուամենայնիվ, անում էին։

Ըստ էության, մենք ականատես ենք լինում համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից բազմիցս արված այն հայտարարությունների գործնական դրսևորմանը, թե կողմերն իրենք պետք է գտնեն հակամարտության լուծման հնարավորություններ, ինչը, դիվանագիտական լեզվով արտահայտված, անտարբերություն է այն ամենի հանդեպ, ինչը տեղի է ունենում սահմաններում՝ թող որ անգամ երկու կողմերից զոհերով։

Հենց սա  պետք է մենք որպես ելակետ ընդունենք ու փնտրենք թշնամու սադրանքներին արձագանքելու այնպիսի տարբերակներ, որ առավելագույնս նվազեցնենք առաջնագծում կորուստների վտանգը։ Քանզի հասկանալի է, որ նման դրությունը՝ Բաքվի կողմից անընդմեջ սադրանքներն ու միջնորդների չմիջամտելը, այսուհետ ևս կշարունակվի, իսկ դրա նշանակալի փոփոխությունը կարող է լինել միայն լայնամասշտաբ պատերազմը, ինչպես դա տեղի ունեցավ ապրիլին։ Ի վերջո, եթե համաշխարհային երեք խոշոր խաղացողներ, գումարած միջազգային բոլոր հեղինակավոր կազմակերպությունները, չկարողացան հասնել առաջնագծից դիպուկահարների հետքաշմանն ու հաշտվել են դրանց ներկայության  հետ, դիվանագիտական ի՞նչ սպասումների մասին կարող է, ընդհանրապես, խոսք լինել։

Այս օրերին սոցցանցերի հայկական օգտատերերի շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում այն մասին՝ պետք էր, արդյո՞ք, վերադարձնել դիվերսանտի դիակը, եթե Ադրբեջանը գրեթե անմիջապես պատասխանեց մեր զինվորի սպանությամբ։ Բարդ հարց է, որի նախապատմությունը կապված  է հակամարտության ողջ  ընթացքի հետ՝ սկսած 1988 թվականից։  Նմանատիպ երկընտրանքը, որպես կանոն, միանշանակ պատասխան չունի։ Բայց հետևյալ հարցն, այնուամենայնիվ, ծագում է` եթե դիակը չվերադարձնեին, Գոռը ո՞ղջ կլիներ։ Ինչ-որ մեկը նման երաշխիքներ կարո՞ղ է տալ։ Այստեղից էլ եզրահանգումը. հարցը բոլորովին էլ այն չէ, թե հայկական կողմը պե՞տք է շարունակի հետևել հումանիտար իրավունքի նորմերին։  Խնդիրը շատ ավելի խորն է ու լայն և ընկած է քաղաքականության ընդհանուր հայեցակարգի ռակուրսում՝ ինչպես նրա ռազմական բաղադրիչի տեսանկյունից՝ առաջնագծում, այնպես էլ դիվանագիտական՝ բանակցությունների ընթացքում։ Այն, որ հայկական կողմի մարտավարության փոփոխությունն անհրաժեշտություն է, հակառակորդն ապացուցում է ամեն օր և ամեն ժամ։ Այն, որ ՙանհամարժեք պատասխանները՚՝ անգամ մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական ԶՈՒ կորուստներով, Բաքվի բռնապետի վրա ազդելու միջոց չէ, ով ակնհայտորեն թքած ունի սեփական զինվորի վրա, բազմիցս է ապացուցվել։ Ի՞նչ անել նման պայմաններում. հարցը հայկական պետությունների առաջնահերթ օրակարգում, անկասկած, պետք է անվերապահ նախապատվության արժանանա։ Այս կապակցությամբ մեջբերենք քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի՝ Ֆեյսբուք սոցցանցում արտահայտած կարծիքը։ Նշելով, որ մեր կողմից հակազդելու մոդելը, առավել հավանական է, փոփոխության կարիք ունի, նա գրում է. ՙՔաջ գիտակցելով բոլոր ռիսկերն ու հետևանքները՝ ըստ երևույթին, վաղուց էր պետք բացառապես ուժային ճանապարհով հակառակորդին համարժեք պահվածք պարտադրել։ Հնարավոր է, ուժի իրավունքը կկարողանա պարտադրել այն, ինչը չեն կարող ապահովել ՙմիջազգային իրավունքն՚ ու ՙդիվանագիտությունը՚։ 

 

www.golosarmenii.am

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.