ՙՄԻԱՍԻՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ՚
Մարտի 13-ին Արցախի պետական համալսարանը հյուրընկալել էր Նյու Յորքի Մանհեթենվիլ քոլեջի պատվիրակությանը, որի կազմում էին փիլիսոփայության ամբիոնի դեկան, պրոֆեսոր Շվոն Նեշ-Մարշալը, ուսանող Էբբի Պարենտաուն, Լոս Անջելեսից իրավաբան Ռիտա Մահտեսյանը:
ԱրՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ: Ողջունելով հյուրերին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն իր գոհունակությունը հայտնեց պրոֆեսոր Շվոնի` երկրորդ անգամ համալսարան այցելելու և նրա ծրագրերի առթիվ: Նրա իրազեկմամբ՝ մայիս-հունիս ամիսներին կայցելեն պրոֆեսորի 50 ուսանողները` հատուկ ծրագրով, իսկ նա խոստացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր գրքի հայերեն տարբերակը տպագրել Արցախի պետական համալսարանի հրատարակչությունում:
Պրոֆեսոր Շվոնը հանդես եկավ Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսությամբ:
Այցի նպատակը, պրոֆեսորի խոսքով, հանուն ճշմարտության պայքարելն է: ՙԱռանց ճշմարտության չենք կարող ապրել: Միասին պայքարենք ճշմարտության համար: Մենք միմյանց օգնության կարիքն ունենք՚,-այս խոսքերով նա սկսեց իր դասախոսությունը:
Բանախոսը երկար կանգ առավ հայերի նկատմամբ իրագործած ցեղասպանության վերաբերյալ թուրքերի հերյուրանքների վրա: Սուտը և հերքումը Ցեղասպանության երկու կողմերն են: Նա մասնավոր մի օրինակ բերեց : Յոթ տարի առաջ ինքն ու Ռիտա Մահտեսյանը համատեղ հոդված գրեցին Ցեղասպանության հերքման մի յուրատիպ դեպքի մասին: ԱՄՆ-ում թուրք դեսպանը նամակ էր գրել պրոֆեսոր Ռոբերտ Լիֆտոնին (հարգարժան տիկնանց բարեկամ անձնավորություն է)` ասելով, որ նա շատ վշտացած է այն բանով, որ պրոֆեսոր Լիֆտոնը Հոլոքոստին նվիրված իր գրքում մի գլուխ նվիրել է Հայոց ցեղասպանությանը և ցնցված է, թե նման մեծության գիտնականն ինչպես կարող էր այդպիսի բան գրել: Նամակն առանձնահատուկ էր նրանով, որ ծրարում ներառված էին նաև երկու փաստաթղթեր, որոնք արտացոլում էին այդ դեսպանի և մեկ այլ ամերիկացի պրոֆեսորի նամակագրական կապը, ում վճարվել էր Թուրքիայի կառավարության կողմից 50 մլն դոլար, որպեսզի նա օգնի դադարեցնելու Հայոց ցեղասպանության քննարկումները: Բայց քանի որ պրոֆեսոր Լիֆտոնը լավ մարդ էր, նա հրատարակեց այդ նամակը և մյուս երկու փաստաթղթերը, ասաց բանախոսը` դրանով ջրի երես հանելով Թուրքիայի սուտը:
ՙՀերքումը Ցեղասպանության շարունակությունն է, քանի որ ճշմարտությունը հերքելով նրանք փորձում են երկրի երեսից ջնջել Հայաստանը՚,-շարունակեց բանախոսը: Համատեղ այդ հոդվածում նրանք օրենքի և փիլիսոփայության տեսակետից ապացուցել են, որ հայերի նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր, որը շարունակվում է մինչև հիմա: Բանախոսի համոզմամբ` Ցեղասպանությունը հանցագործություն է, և ինչպես հանցագործությունների համար այն գործածները դատարան են կանչվում, այդպես էլ Ցեղասպանություն գործածները պետք է խստագույնս պատժվեն:
Պրոֆեսոր Շվոնը հանգամանալից կանգ առավ դասախոսության հերթական կետին` ինչու՞ կատարվեց ցեղասպանություն: Նրա կարծիքով` հիմնական պատճառն այն է, որ թուրք ազգը չունի ինքնություն, ազգային բնութագիր, բայց կարիք ուներ ինքնահաստատման: Իսկ ազգային բնութագրի ամենակարևոր բաղադրիչը արյան և հողի կապն է` բնիկ լինելը: Բանախոսն օրինակ բերեց հույներին, որոնք ժամանակին իրենց տարածքից վռնդել են թուրքերին` ասելով, որ իրենք Արիստոտելի, Սոկրատեսի, Պլատոնի հետնորդներն են, այդ հողն իրենցն է: Այնուհետև սերբերը, բուլղարները, ռումինացիները գլուխ բարձրացրին` հողի ժառանգորդի իրավունքով, քանի որ տարածքների բաժանումը հիմնված է ժողովուրդների պատմականության վրա: Եվ որպեսզի նույն ձևով` ժառանգության իրավունքով, հողը չանցներ հայերին, ցեղասպանել են նրանց:
Բանախոսը անդրադարձավ նաև Ցեղասպանության ազդեցությանը արևմտյան աշխարհի վրա և բերեց Հիտլերի գործած հանցանքները:
Բանախոսի համոզմամբ` պետք է հաղթանակի ճշմարտությունը: ՙԵրբ մենք կանգնում ենք ճշմարտության կողքին, քաղաքակրթությունը սկսում է զարգանալ՚,-ասաց նա` պատկերավոր Արևմուտքը ներկայացնելով մի մեծ նավ, որի արևելյան հատվածում հայերն են: Սովորաբար շարժումները սկսվում են Արևելքից, աստիճանաբար շարժվում Արևմուտք, ասաց նա:
ՙԻնձ նյարդայնացնում է, որ Հայկական հարցը միշտ օգտագործվում է քաղաքականության մեջ: Ձեզ միշտ օգտագործել են քաղաքական նպատակների համար 200 տարի՚,-իր վրդովմունքը հայտնեց բանախոսը իր երկրի ղեկավարների նկատմամբ` ասելով, որ դժվար է ապրել մի երկրում, որի ղեկավարներն ընդունում են սուտը:
Պատվիրակության անդամները պատասխանեցին նաև ուսանողների հարցերին: Ինչպե՞ս է իրենց քոլեջն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Պրոֆեսորը պատասխանեց, որ ուսանողներով շրջում են երկրով մեկ և ներկայացնում այն: Անցկացրել են գիտաժողովներ, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Իսկ Ռիտա Մահտեսյանն էլ նշեց, որ պրոֆեսոր Շվոնը խոշոր գիտնական է, մի քանի գիտական խորհուրդների անդամ, տարբեր երկրներից նրան հրավիրում են դասախոսության, բայց նա այդ ամենը մի կողմ է դրել և մեկուկես տարի է` զբաղվում է Հայոց ցեղասպանութայն մասին գիրք գրելով: Այն արդեն պատրաստ է հրատարակության և կոչվում է ՙՀայրերի մեղքը՚: Աստվածաշնչում 7 սերունդ պատասխան է տալիս հայրերի գործած մեղքերի համար, նույնն էլ Թուրքիան պիտի անի: Չի՞ վախենում արդյոք պրոֆեսոր Շվոնը թուրքական-ադրբեջանական հարձակումներից: Նա պատասխանեց, որ Ադրբեջանն իրեն ներառել է ՙսև ցուցակում՚, բայց դա չի վախեցնում իրեն: ՙՀայոց ցեղասպանությունը նաև իմ խնդիրն է, մենք նույն նավի ուղևորներն ենք, մենք մի ամբողջություն ենք: Դա միայն ձեր հարցը չէ, դա նաև իմ հարցն է: Ես տառապում եմ ձեզ հետ միասին՚,-ասաց նա` ավելացնելով, որ ինքը միայնակ չէ: Ամենակարևոր գործունեությունը, որ ծավալում են իրենք, ուսանողներին սովորեցնելն է: Արդեն տասը հազար ուսանող է թողարկել: Նրանք էլ իրենց հերթին ուսանողներ կպատրաստեն, և այսպես աստիճանաբար ճշմարտությունը կթագավորի: Սա նրա երազանքն է: ՙԱմենից վատթարը, որ կարող են անել ինձ հետ, ինձ սպանելն է, բայց մի՞թե կարող են սպանել այն հազարավոր ուսանողներին, որոնք իր համախոհներն են: Եթե թուրքերն ինձ սպանեն, ավելի մեծ վնաս կհասցնեն իրենց, որովհետև այդ քայլով ավելի շատ ուսանողներ կնվիրվեն Հայոց ցեղասպանության ճանաչման գործին՚:
Պատվիրակությունը մինչև շաբաթվա վերջ կմնա Արցախում: Նախատեսվում են դասախոսություն Մեսրոպ Մաշտոց Համալսարանում, հանդիպում ՀԿ-ների հետ, այցելություններ Արցախի պատմամշակութային վայրեր:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ