[ARM]     [RUS]     [ENG]

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՏԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ

Համարժեք պատասխան, արդյո՞ք, կարելի է ակնկալել 

 Մի քանի տարի առաջ քաղաքակրթության օրրան Ֆրանսիան ժողովրդավարության և հումանիզմի դասեր էր տալիս Թուրքիայի նախագահին` խորհուրդ տալով նրան առերեսվել սեփական պատմությանը։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, սակայն, չհաջողվեց ի կատար ածել Ռեջեփ Էրդողանին քաղաքակրթելու, նրան իրականության դաշտ բերելու ծրագիրը։  Էրդողանը խոսեց  միայն սպառնալիքների լեզվով՝ ի տես աշխարհի հաստատելով, որ մարդկության պատմության ամենավաղ փուլին հատուկ վայրենությունն առայսօր իշխում է թուրքական ղեկավարության վարքագծում։ Դա հերթական անգամ ցույց տվեց, որ Եվրոպան փաստորեն դարձել է ՙհանդուրժողականություն՚ կոչվող անշրջահայաց քաղաքականության պատանդը։   

Այսօր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում թուրք-գերմանական լարվածությունն է, որին էլ գումարվեցին  թուրք-նիդեռլանդական հակասությունները։ Տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ՝ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելին ձերբակալելուց հետո։ Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում էր ՙահաբեկչական կազմակերպությանը հարելու, ունեցած տվյալներն ապօրինի օգտագործելու և ահաբեկչություն քարոզելու համար՚։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհիմն անվանեց ներկայացված մեղադրանքները՝ Անկարայից պահանջելով ազատ արձակել Յուջելին։    

Դրա հետ մեկտեղ գերմանական լրատվամիջոցներով բավականին կոշտ քննադատություն  հնչեց  թուրքական իշխանությունների հասցեին, նույնիսկ պահանջեցին նախագահ Էրդողանին զրկել շենգենյան վիզայից։  

Նշենք, որ Թուրքիայի սահմանադրության հանրաքվեի նախօրեին Էրդողանի թիմը նախաձեռնել էր քարոզչական ակցիա  մի շարք եվրոպական երկրներում, որոնցում գոյություն ունեն թուրքական մեծ համայնքներ։ Գերմանիայի կանցլեր Մերկելը, հստակ պատկերացնելով թուրքական իշխանությունների՝ սեփական երկրից դուրս լայն քարոզչություն ծավալելու մտադրությունը, արգելանք դրեց  նման միջոցառումների վրա։  Էրդողանն այդ քաղաքականությունը համեմատեց գերմանացի նացիստների գործողությունների հետ։  Դա նրան չօգնեց. կանխվեց գերմանական Գագենաու քաղաքում թուրքական իշխանությունների ծրագրած քարոզչական հավաքը, որը նախաձեռնել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ Գագենաուի վարչակազմից իրազեկեցին, որ Թուրքիայի արդարադատության նախարարին թույլ չի տրվի ելույթ ունենալ ակնկալվելիք հանրահավաքի ժամանակ։ Դա  զայրացրեց թուրքական կողմին, Անկարայում ԳՖՀ-ի դեսպանին կանչեցին և փոխանցեցին իրենց անհամաձայնությունը։ 

Այն պարագայում, երբ Թուրքիայում գերմանական պարբերականի թղթակիցը չափից դուրս կասկածելի մեղադրանքների հիման վրա կալանավորվում է անհայտ ժամկետներով, Թուրքիայի արդարադատության նախարարի՝ Գերմանիայում ազատորեն քարոզչություն իրականացնելը տրամաբանության մեջ չի  տեղավորվում, նկատել է գերմանական  Zeitung պարբերականը։ Բեռլինյան մեկ այլ պարբերական՝ Passauer Neue Presse, իր հերթին գոհունակություն հայտնեց, որ Գերմանիան վերջապես համարձակություն գտավ նույն կոշտությամբ պատասխանելու Թուրքիայի հակաժողովրդավարական քայլերին։  

Մարտի 6-ին Ա. Մերկելը քաղաքակրթական դաս տվեց Ռ. Էրդողանին՝ ասելով հետևյալը. նացիզմի հետ Գերմանիայի վարած քաղաքականության համեմատությունը նվազեցնում է նացիզմի հանցանքները և չի կարող արդարացված լինել։ Նացիոնալ-սոցիալիստների՝ մարդկությանը պատճառած անպատկերացնելի տառապանքներն այդպիսով նվազեցվում են, և հենց դրանով էլ նման արտահայտություններն իրենք իրենց որակազրկում են։  Կարելի է ասել, որ սա Գերմանիայի կանցլերի ապտակն էր Թուրքիայի նախագահին։  

Ձախողվեց նաև մարտի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում նախատեսված քարոզչական միջոցառումը։ Տեղի իշխանությունները չեղարկեցին այն հավաքը,  որին պետք է մասնակցեր Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն։  Արտգործնախարարը պատրաստվում էր համբուրգցիների հետ խոսել Թուրքիայում կառավարման նախագահական համակարգ մտցնելու մասին։ 

Գերմանիան երբեք այսքան կոշտ չի եղել Թուրքիայի հանդեպ, ահա թե ինչու գերմանական կողմից Թուրքիային հասցեագրված հայտարարություններն ափերից հանեցին Էրդողանին։ Սահմանադրական հանրաքվեի պատրվակով նախագահը բազմահազարանոց հանրահավաք կազմակերպեց Ստամբուլում, որի ժամանակ հայտարարեց, որ ինքը ոտքի կկանգնեցնի ամբողջ աշխարհը։  Ասաց, որ Գերմանիան ժողովրդավարության մասին դասախոսություններ է կարդում, բայց թույլ չի տալիս թուրք նախարարներին ելույթ ունենալ գերմանական քաղաքներում։ Այնուհետև սպառնաց, որ իրենք  խոսելու են միջազգային հարթակներում Գերմանիայի վարքագծի մասին, գերմանական իշխանություններին խայտառակելու են ամբողջ աշխարհում։  Թուրքիայի նախագահն իր խոսքն ավարտել է այսպես. ՙԵս կգամ Գերմանիա, երբ կուզեմ, իսկ եթե դուք ինձ բաց չթողնեք, ես աշխարհը ոտքի կկանգնեցնեմ՚։ 

Ապրիլի 16-ին Թուրքիայում սպասվում է հանրաքվե, որը վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելուն։  Այդ գաղափարը բուն Թուրքիայում հավանության չարժանացավ մի շարք քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների կողմից, քանի որ դա  փաստացի նշանակում է սուլթանության վերականգնում, այսինքն՝ անսահմանափակ իշխանության հաստատում։ Թուրքական հասարակության առաջադեմ հատվածը չի հանդուրժում նման զարգացումները, բայց նախագահ Էրդողանին դա  ամենևին չի հետաքրքրում։ Նա, ըստ էության, ավելի հեռուն էր գնացել՝ եվրոպական երկրներին դիտելով որպես թուրքական վասալներ։ 

Թուրքական քարոզչություն նախատեսված է եղել նաև Նիդեռլանդներում։ Այս երկրի իշխանությունները հետևեցին Գերմանիայի օրինակին՝ կրկնապատկելով Էրդողանի մտահոգությունները։ Թուրքիայի նախագահը դարձյալ գործի դրեց սպառնալիքների լեզուն՝ մեղադրանքների մի ամբողջ շարք ուղղելով բոլոր նրանց, ովքեր թույլ չեն տվել թուրք նախարարներին հանրահավաք անցկացնել Ռոտերդամում։՝ Այդ երկրից  նույնպես հասկանալ տվեցին, որ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներն իրենց քաղաքական օրակարգի հետ առնչություն չունեն։ Դա բավական էր, որպեսզի  Էրդողանը ֆաշիզմի մեջ մեղադրի նաև նիդեռլանդական իշխանություններին՝ ասելով, թե դրա համար իրենք շատ բարձր գին կվճարեն։ Թուրքիայի նախագահի կարծիքով՝  նիդեռլանդցիները դիվանագիտություն չեն սովորել։ Նիդեռլանդական կառավարությունն էլ որոշեց վայրէջքի թույլտվություն չտալ Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուի ինքնաթիռին։ Բացի այդ, երկրից վտարեց Թուրքիայի ընտանեկան հարցերով նախարարին, ով ստանձնել էր  Ռոտերդամում հանրահավաք անցկացնելու պարտականությունը։ 

Նիդեռլանդներում շուրջ 400 հազար, իսկ Գերմանիայում 1,4 միլիոն թուրք է ապրում, ովքեր Թուրքիայում ընտրելու իրավունք ունեն, մեջբերում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը և հավելում, որ Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները լարվեցին վերջին մի քանի ամիսներին, այն բանից հետո, երբ ԵՄ երկրները թուրքական ղեկավարությանը քննադատության ենթարկեցին անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ընդդիմախոսների նկատմամբ զանգվածային ձերբակալություններ իրականացնելու համար։  

Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ թուրքական ցինիզմը սահմաններ չի ճանաչում։  Էրդողանը Նիդեռլանդներին  ֆաշիստական ու նացիստական քաղաքականության մեջ մեղադրելուց հետո  պահանջել է ներողություն խնդրել Թուրքիայից։ Նիդեռլանդներից անմիջապես հակադարձել են՝ հասկանալ տալով, որ Անկարայից ներողություն խնդրելն ընդամենը  թուրքական երազանք է։ 

Ներկա դրությամբ Շվեյցարիայի և Դանիայի իշխանությունները նույնպես թուրք պաշտոնյաներին արգելել են քարոզարշավ իրականացնել իրենց երկրներում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օգտին։ 

Թուրքական հակաժողովրդավարական քաղաքականությանն ընդդիմացող եվրոպացի գործիչներին Էրդողանը պատասխանում է ոչ համարժեք։ Ավելին՝ նա անցնում է կարմիր գիծը՝ սպառնալով պատիժներով։ Այն, որ Եվրոպան սկսել է հասկանալ Թուրքիային, կարելի է համարել դրական զարգացում, բայց  դիվանագիտական մակարդակով հնչող հայտարարությունները Թուրքիայի հետ հակասությունները հարթեցնելու մասին կարող են հակասել թուրքական քարոզչությանը հակադրվելու տրամաբանությանը։ Արդյո՞ք Եվրոպան պատրաստ է համարժեք պատասխան տալ Թուրքիային։ Սա, թերևս, այն հարցն է, որը պետք է մտահոգի եվրոպական ամբողջ հանրությանը։   

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ