[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐԱԲԱՂԸ ՍՈՒՐԲ ՀՈՂ Է. ՍԱ ՊԵՏՔ Է ԼԱՎ ՀԻՇԵԼ?

Առաջին անգամ Իլհամ Ալիևին  լսել եմ ռադիոյով, 2005թ. մարտի վերջին, երբ հանդես եկավ երկրի գիտնականների առաջ։

 Հորդորում էր հավաքի մասնակիցներին` ինչքան հնարավոր է շատ փող ծախսել միջազգային հարթակներում` հանրությանը մի կերպ համոզելու, որ հայերը եկվոր են և Ղարաբաղում հայտնվել են 19-րդ դարում։ 

Ադրբեջանի նախագահը գրեթե նույն միտքն է արտահայտել 12 տարի անց`  2017թ. հունվարի 10-ին ելույթ ունենալով Բաքվի ռադիոյով։ Ուշադրություն դարձնենք   հայերի հասցեին արված նրա  հետևյալ արտահայտություններին. 2016թ. ապրիլի 1-4-ը հազարավոր հեկտարներ հողային տարածք ենք վերցրել թշնամուց,  իմացե՜ք, արտասահմանցիների օգնությունը չլինի, հայերը մեզ մի շաբաթ էլ չեն կարող դիմադրել։ Չմտածեք, բոլոր հողերը հետ ենք վերցնելու պատերազմի միջոցով, եթե կամավոր չհանձնեն։

Ինչպես տեսնում ենք, Ի. Ալիևի խոսքը հիմնականում ապրիլյան քառօրյա  պատերազմին է վերաբերում։ Նա այնպե՛ս էր ձգտում հավատացնել ունկնդիրներին, որ ի վնաս իրենց ոչինչ չի եղել, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի  կորուստներ չեն ունեցել։ Ասել է նաև, որ  Զանգեզուրի ու Սևանա լճի հատվածները` մինչև Երևան,  վերցնելու են  ՙգործող միջազգային  օրենքներով՚։ Ուզում եմ հիշեցնել նույն  Ալիևին պատկանող մեկ այլ միտք. ՙՄենք կվերադառնանք մեր պապենական հողերը` Երևան, Գորիս։  Ուղղակի հիմա  միջազգային օրենքը չի գործում՚։

Սա  ադրբեջանական քարոզչության դրսևորում է և բացատրության կարիք չունի։ Իսկ հայերը թաքցնելու բան չունեն.  ապրիլյան պատերազմի մասին ասվել է այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Ներկայացվել են բոլոր զոհվածների ու վիրավորների տվյալները, նրանց հերոսական արարքների մասին հեռուստատեսությամբ ցուցադրվել են հաղորդումներ, մեր ժողովուրդը մեծարել է իր նվիրյալ զավակներին։ 

Ադրբեջանի նախագահի հայտարարությունից  մի պարզ հարց է ծագում. նշված ժամանակահատվածում իր վարչակազմն ադրբեջանական ժողովրդին տեղեկացրե՞լ է ապրիլյան քառօրյա պատերազմում ունեցած  զոհերի քանակի մասին։ Թաքցնելով Թուրքիայից մշտապես ստացվող ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի օգնությունը, խոսում են Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ցուցաբերվող աջակցության մասին։  Ինձ զարմացնում է այն, որ ռազմատենչ ելույթներ ունենում են կառավարական վերին օղակներում նստած, սակայն մարտադաշտ, խրամատ, զենք-զինամթերք չտեսած պաշտոնյաները։ Չնայած Ադրբեջանի պարագայում զարմանալու ոչինչ չպիտի լինի։ Իլհամ Ալիևը ո՜չ մարտադաշտ է մտել, ո՜չ էլ նույնիսկ մի կաթիլ արցունք  թափել ինչ-որ զինվորի համար։  Շատ բաների մասին կարելի է հիշեցնել ոչ վաղ անցյալից, սակայն դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Արցախցիների հանդեպ նրա հոր` Հեյդար Ալիևի վերաբերմունքի մասին արտահայտվել են նաև ադրբեջանցիները` բացահայտելով նրա հակահայկական քաղաքականության նպատակը։ 

Այս հոդվածի վերնագրում առկա է ՙսուրբ հող՚ բառակապակցությունը, որը ենթադրում է թեթևակի պատմական էքսկուրս  դեպի Ղարաբաղի, ինչպես նաև Հարավային Կովկասի անցյալը.  ի՞նչ է կատարվել բոլոր նրանց հետ, ովքեր չար նպատակով են ոտք դրել այս հողի վրա,  նենգ են եղել հայի նկատմամբ։ Սկսած 1790-ականներից մինչև մեր ժամանակաշրջանը, ինչպես վկայում են պատմական փաստերը, բոլորն էլ վարձահատույց են եղել սեփական կյանքով։  Նույնիսկ, այսպես ասած, ամենախելոքներն ու խորամանկներն իրենց մահկանացուն են կնքել արցախյան հողի վրա։  Այսպես, Պարսկաստանի Նադիր շահի մերձավորների կողմից մահվան դատապարտվելուց հետո Փանահ խանին հաջողվում է փախչել արքունիքից և հայտնվել Ղարաբաղում։ Այդ ավազակապետի և խաբեբայի համար ճակատագիրն արժանի մահ էր նախապատրաստել. Շիրազում նրան սպանել ու որովայնն էլ քարով լցրել են զուտ խորամանկելու համար։   

Աղա Մահամադ շահ Ղաջարն իր մերձավոր սպասավորների` Սափարազի բեկի և Աբաս բեկի կողմից սպանվել, գլխատվել ու թալանվել է Շուշիում։ 

Իբրահիմ խանը, ով հոգևոր պատվիրակ էր ուղարկել Թուրքիա, որպեսզի հարձակվեն ու ցարական Ռուսաստանից անջատեն Ղարաբաղը, սպանվել է Շուշիում տեղակայված ցարական N6 սահմանապահ գնդի  կազակների մի ջոկատի կողմից (այդ միջոցառման անմիջական  հրամանատարը եղել է գնդի հրամանատար Լիսանևիչը, ով հայտնի էր ՙԴալի մայոր՚ մականունով)։

Արցախյան ազգային-ազատագրական շարժման ժամանակ իր աշխատասենյակում սպանվել է Շուշիի շրջգործկոմի նախագահ Գյոզալովը։ Ղարաբաղի հողը նշվածներից ոչ մեկի դիակը չի ընդունել։ Ուսումնասիրությունները նաև վկայում են, որ Արցախ մտած անկոչ հյուրերն իրենց կյանքից հեռացել են ոչ բնական մահով։ 

Այսօր էլ նույն պատկերն է. հարևան երկրի ղեկավարությունը սեփական ժողովրդին ապակողմնորոշում է կեղծիքի, խորամանկության միջոցով, որի բուն նպատակը սեփական իշխանության պահպանումն է։ Ղեկավար կոչեցյալները չեն ուզում հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ ժողովուրդը մի օր`  վաղ թե ուշ, հաշվետվություն է պահանջելու։

 

Հրաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ