[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՆԱ ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ

Այսօր քառորդդարյա հեռավորությունից առավել տեսանելի են դառնում ու պարզորոշվում  այն մարդկանց անունները, ում քիչ է նվիրյալներ կոչելը։

Նրանց թվում կային անհատականություններ, ովքեր  ոչ միայն երդվյալ  ֆիդայի, ազատամարտիկներ  էին։ Նրանց նորարարական միտքը, որոնումները պարզապես հրաշքներ գործեցին։  Գաղտնիք չէ, որ մենք գրեթե  անզեն էինք կանգնած նենգ թշնամու դեմ-հանդիման, իսկ զինվել պետք էր, բայց ինչպե՞ս...Հենց այդ օրախնդիր ՙինչպես՚-ն  էլ ստիպեց ոսկի ձեռքեր ունեցող մեր տղաներին, ովքեր կամավոր ստանձնել էին երկրի պաշտպանի դերը, գործի դնել նաև ... ուղեղը։

Յուրի Պողոսյան, Լեոնիդ Ազգալդյան, Վալերի Քոչարյան, Ալեքսանդր Թամանյան, Առնո Մկրտչյան, իսկ քանի՛-քանիսի անունը դեռևս անհայտ է մնում:  Այսօր մենք պատմելու ենք նրանցից մեկի՝ Գարսևան ՊՈՂՈՍՅԱՆԻ մասին։ Ծնվել է Ստեփանակերտում, 1965 թվականի օգոստոսի 5-ին, արցախյան բազմանդամ ընտանիքում։ Լուսահոգի հայրը ստեփանակերտցիներին քաջ հայտնի լուսանկարիչ  Սաշա (Ալեքսանդր) Պողոսյանն է, մայրը՝ վրացուհի Ռոզա Լոկունդարիձեն, ով կյանք է շնորհել 5 արու զավակի և 1 դստեր։1983թ. Գարսևանը զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել է Վիլնյուսում։ Եղել է բրիգադի հրամանատարի և՜ վարորդը, և՜ թիկնապահը։ Ծառայության ընթացքում  քիմպաշտպանությունից  մի քանի փոքրիկ հայտնագործություններ է կատարել և դրամական խրախուսանքի  ու պատվոգրի արժանացել։ Երբ ավարտել է  ծառայությունը,  չէին ուզում բաց թողնել, եղբայրը  գնաց  հետևից, թե՝ պիտի վերադառնաս, ծնողներիդ տիրություն անես, տան  փոքրը դու ես։ Անսալով  եղբոր խոսքին՝  տուն է վերադարձել։ Դեռ փոքրուց  սիրում էր երկաթի, թիթեղի  հետ գործ ունենալ, 8-րդ դասարանում էր սովորում, երբ սկսեց ավտոմեքենաներ նորոգել։ Ոսկի ձեռքեր ունի, ասում էին ճանաչողները,  տպագրական մեքենա ձեռք բերեց, հետո պոլիէթիլենե թաղանթ  էր արտադրում, ապա՝ պլաստմասսայե իրերի  արտադրություն բացեց ընկերոջ՝ Վիտյա Սարգսյանի հետ։ Երբ սկսվեց Շարժումը, և ժողովուրդը ծովացել էր հրապարակում ու գիշեր-ցերեկ այնտեղ էր, նա հազարավոր  մետրերով պոլիէթիլենե թաղանթ տրամադրեց, որ միտինգավորները քամուց ու ցրտից պատսպարվեն, ապա սկսեցին անձրևանոցներ կարել։ Դիմակայել են և՜ թուրքին, և՜ օմօնին։ 

-Ես այն հաստոցներն ու զոդման ապարատն եմ ունեցել, որ Ղարաբաղում  հազվագյուտ մարդիկ են ունեցել,-ասում է Գարսևանն ու ատրճանակի վրա  ցույց տալիս քառակուսի խողովակները, որ հանել է հին դպրոցական նստարաններից։ 

Առաջին զենքը փորձարկել են Ստեփանակերտի արտադրական կոմբինատում, նրանց արտադրամասի հարեւանությամբ  պահեստներ են եղել, մինչև փորձարկելն այդ մասին ոչ ոք չի իմացել,  անգամ ծնողները։ Միայն Վիտյան գիտեր այդ մասին, փորձարկմանը ներկա էր շարժման ակտիվիստ քեռի Վարդանը՝ արտադրական կոմբինատի պահեստապետը։ Ռուսները նոր էին եկել, իրենց հարեւանությամբ ՙՋրմուղ-կոյուղու՚ հիմնարկում էին բազավորված։ ՙՔեռի Վարդանին որպես դիտորդ դրեցինք, որ դարպասի մոտից հետևի անցնող-դարձողին,-վերհիշում է Գարսևանը։- Փորձարկում էինք  հրացան՝ ինքնաձիգի պահունակով,  45 փամփուշտով՚։ Առաջիններից մեկը տվեց  քեռու տղային՝ Լոկունդարիձե Ռոբերտին, ով էլեկտրատեխնիկական գործարանում  ատաղձագործ էր աշխատում, հետագայում զոհվել է։ Ի դեպ, մորական պապը՝ Լոկունդարիձե Անդրանիկը, Մեծ Հայրենականում է զոհվել: Ատրճանակ¬գնդացրի  հեղինակն  ինքն էր. այդ մասին գիտեին Վազգեն Սարգսյանը, Վալերի Քոչարյանը։ Վալերին ասում էր` գնամ Երևան¬ վերադառնամ, ողջ բանակի համար այս ատրճանակ-գնդացրից պիտի սարքենք։ Գնաց ու չեկավ: Վալերան նույնիսկ մեկը վերաձևել՝  լազերային նշանառությամբ էր սարքել։ 

-1989թ. Շարժումն սկսած՝ ընտանիքով գնացել ենք Հարավսլավիա,-կրկին հուշերին է տրվում Գարսևանը,- մի 40 հոգի էինք տուրիստական խմբում։ Մարդիկ  հեռուստացույց, մագնիտոֆոն էին գնում, իսկ ես այնտեղից բերել եմ  2 ռացիա (մեկ կիլոմետրի վրա է բռնում), ինձ հարցնում էին. ինչի համար ես տանում, դե արի ու բան հասկացրու։ 3 հատ էլ լազերային նշանոցով եմ բերել: Ռացիաներից մեկը Նորագյուղի խաչմերուկում ռուսները ձեռքիցս վերցրել են, ինձ էլ պիտի բանտարկեին, ասել եմ՝ երեխայինս է, նրանք, իհարկե, միամիտ չէին։ Բանակցելուց հետո մեզ բաց են թողել, նրանք  մեզ լավություն շատ են արել։

Մի քանի անգամ ինձ բռնեցին ու բաց թողեցին: Իմ ավտոտնակում զենքեր էի պատրաստում, փակում էի ու գործիս անցնում, քանիցս փորձել են ինձ բռնացնել, բայց ամեն անգամ որևէ ձևով  խույս էի տալիս  դրանից։ Շատերը գիտեին՝ ինչով եմ զբաղված, նույնիսկ ինձ շատ մոտիկ, մտերիմ մարդիկ իրար հետ այդ  մասին չէին խոսում, գիտեին բռնվելու դեպքում վերջն ինչ է լինելու։ Փոքր մատնություններ եղել են, բայց այդ մասին խոսել չեմ ուզում։ Մի օր օմօնականները եկան ու ավտոտնակում սկսեցին պոլիէթիլենի հումքը փչացնել, դանակով պարկերը պատռում էին, գետնին թափում. չգտան այն, ինչ փնտրում էին (իհարկ, զենք, պահեստամասեր), թաքցրել էի պոլիեթիլենի հումքի ամենավերջին  պարկերի տակ։  Դրանց  մի մասն Ասկոլկան էր բերել։ Փնտրողների մեջ լավ մարդիկ էլ են եղել։ Մտերմացանք նրանց հետ, մտերմացանք, որ գործենք քթների տակ։  Նույնիսկ մեզ ցինկով  փամփուշտներ էին տալիս։ ԿՊՇ-ից մի ենթասպայի մի օր լավ պատիվ տվեցինք, մի ցինկ փամփուշտ բերեց ու գնալիս ասաց. ՙՄենք իրար չենք ճանաչում՚։ Զինել ենք ջոկատներին (Կրկժան, Մարաղա)։  Զենքեր սարքելն ավելի հեշտ էր, քան այն տանել, տեղ հասցնելը։   Նորագյուղի խաչմերուկում նկատել են, որ այդ ճանապարհով շատ եմ գնում-գալիս ու սկսել են ավելի ուշադիր հետևել ինձ։ Գործել եմ՝ դաշնակ Ագոյի (Արկադի Կարապետյան), Ասկոլկայի (Աշոտ Ղուլյան), Շոշի Ագոյի (Արգամ Հարությունյան) հետ համագործակցելով։ 

Ինքնաշեն զենքերի պատրաստումը միշտ էլ  քիչ քննարկվող թեմաներից է եղել, գաղտնիքը բացվել է ընդամենը յոթ ամիս առաջ  Ռոդրիգես ազգանունով լրագրողն է շատ հետաքրքրվում:

Գարսևանն իր սարքած զենքերը ճանաչել է համացանցից. ընդհանուր առմամբ՝ 28 միավոր զենք է պատրաստել, այլ զենքեր ձևափոխել, բազմաթիվ սվին-դանակներ պատրաստել, 9 միավոր հրացանից 4-ի փողի ներքևի մասն ազդանշանային հրթիռ էր խփում։ ՙԻմ զենքերը կճանաչեմ հարյուր մետրից,-ասում է Գ. Պողոսյանը,- նրանք իմ հարազատ զավակներն են, բացի խելքից ու քրտինքից ես նրանց մեջ ներդրել եմ իմ հոգին, շունչը, ես եմ նրանց կյանք տվել՚։

 Մի երկու օրինակ իր համար պահել էր, տեսավ, որ ուր թաքցնում է, երեխաները գտնում են,  քանդեց ու թափեց, կարելի էր  փակաղակը հանել ու պահել, ափսոսում է, բայց արդեն ուշ է։ Երկու անգամ ծանր վիրավորվել է, մի  անգամ Մեհմանայում, հաջորդ անգամ Աղդամում։ Երբ հարցրի մարտական ուղու մասին, համեստորեն լռեց, չէր ուզում գլուխ գովել:

Գարսևանը միայն 3 անգամ Ստեփանակերտում է վիրահատվել, 2 անգամ էլ Մոսկվայում, ոտքը պիտի հեռացնեին, բայց փրկվեց ընկերների հոգատարության շնորհիվ։ 2 տարի մնացել է Մոսկվայում, 67-րդ հիվանդանոցում։ Իսկ սիրտը Երևանում են վիրահատել. վերհիշում ու հետն էլ բարձրաձայն մտորում է. ՙԵս ճիշտ եմ ապրել, թե՞ ոչ։ Հպարտանում եմ, և դրա հիմքերը կան, չէ՞ որ նաև իմ  ստեղծած  զենքով ենք կռել հաղթանակը։ Առաջին անգամ եմ այս մասին խոսում. իմ հենակը զենքի եմ վերածել, որը և ՙՏոզ՚ է խփում և փոխում ես՝ հրթիռ  ու  նաև` ՙՄակար՚, Աստված գիտի՝ հիմա որտեղ է։ 1993 թվականին եմ սարքել, վիրավոր վիճակում և, որ ամենակարևորն է, ես այդ հենակով ինքնաթիռով  Մոսկվա վիրահատության եմ գնացել ու վերադարձել՚: 

Հայրենիքին ազնվորեն ծառայելու, նվիրումի ու խիզախության համար Գարսևան Պողոսյանն արժանացել է ԼՂՀ ՙՄարտական ծառայություն՚ մեդալի, ՙՄարշալ Բաղրամյան՚ և այլ գերատեսչական մեդալների, պատվոգրերի։

ՙԻնքնաշեն զենքերը, որով կռվել են Ղարաբաղում՚ վերտառությամբ հոդվածին Գարսևանը վերջերս  է   համացանցում հանդիպել ու նկարներից պարզել, որ նրանցից մի քանիսն իր ձեռքի գործն են։ Դրանք տեղադրված են ՙՀայաստան՚ և ՙՎարդանանք՚ ինտերնետ¬ֆորումներում, ռուսական եւ ուկրաինական velrogi.ru, gunmag.com.ua կայքերում: 

ՙԻնչ ես տվել հայրենիքիդ և ինչ ես պահանջում նրանից. հաճախ եմ հարցնում ինքս ինձ: Հայրենիքիս տվել եմ առողջությունս, լավագույն տարիներս ու ձեռք եմ բերել հպարտություն ու արժանապատվություն՚,-մեր զրույցն այսպես եզրափակեց Ազատամարտի վետերան Գարսևան Պողոսյանը։