[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱՐԱՎՈՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ՙԵթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, մեզ համար դա դժբախտություն կլինի պատերազմի առաջին երկու օրերին, իսկ Ադրբեջանի համար՝ մահացու վճիռ՚,- ՙԳոլոս Արմենիի՚-ին տված հարցազրույցում հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ 

 -Արկադի Իվանովիչ, սահմանում դարձյալ անհանգիստ է։ Օրերս Ադրբեջանը հարձակման փորձ ձեռնարկեց շփման գծի հարավ-արևելյան և արևելյան ուղղություններով, և փորձագետները խոսեցին ագրեսորի կողմից լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման հավանականության մասին։ Դուք նույնպե՞ս չեք բացառում նման հավանականությունը։ 

-Բացառում եմ։ Ադրբեջանը ցուցադրում է տարիներով մշակված քաղաքականություն ռազմաքաղաքական և ռազմական առումով, որը կայանում է նրանում, որ սահմանում լարվածությունը պահպանվի և ժամանակ առ ժամանակ այդ լարվածությունը հասցվի բարձրակետի։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ եթե նա գնա լայնամասշտաբ ռազմական արկածախնդրության, ապա տանուլ կտա։ Այդ իսկ պատճառով երբեք չի գնա այդ քայլին, որքան էլ որ իրադարձությունների նման զարգացում կանխատեսեն մեր փորձագետներն ու քաղաքագետները։ Ադրբեջանում գիտեն, որ իրենց մոտ պայթունավտանգ նավթային գործարանների ու այլ օբյեկտների առկայությունը, որոնց հասցեները չեմ ուզում բարձրաձայնել, բայց որոնց մասին մեր զինվորականները շատ լավ գիտեն, խոցելի կետ է։ Եթե պատերազմ սկսի, այդ օբյեկտներին ուղղված հարվածը չի ուշանա։ Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական արկածախնդրության պարագայում այդ նավթային և այլ օբյեկտներն անմիջապես կարող են ոչնչացվել, ինչը կբերի հակառակորդի մարտունակության լիակատար կորստի։ Այո, մենք ունենք ատոմակայան, բայց եթե դրա հետ մի բան կատարվի, ավելի շատ կտուժի Թուրքիան, և Ադրբեջանը դա նույնպես հրաշալի գիտակցում է։ Բացի այդ, Ադրբեջանում տեղակայված են շատ ավելի պայթունավտանգ ու հզոր օբյեկտներ, քան մեր ատոմակայանն է։ Իհարկե, Ադրբեջանը, որը միլիոններ է ծախսում ռազմական տեխնիկա գնելու համար, իր զինանոցում ժամանակակից շատ սպառազինություն ունի, ինչը նրան սկզբնական ռազմական հաջողություն կապահովի, բայց պատասխան հարվածն այնքան լուրջ կլինի, որ նա չի հասցնի անգամ զգալ այդ հաջողությունը։ Այնքան լուրջ, որ դրանից հետո արդեն ուշքի չեն գա։ 

-Հայկական կողմի մոտ ՙԻսկանդերների՚ և այլ գերժամանակակից մարտական տեխնիկայի առկայությունը նույնպե՞ս մի գործոն է, որն ունակ է զսպել ագրեսորի ռազմական մոլուցքը։ 

-Անկասկած։ Այսօր շատ խոսակցություններ կան Ադրբեջանի կողմից ՙԵրկաթե գմբեթ՚ հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման շուրջ։ Բայց պետք է հիշել, որ ՙԵրկաթե գմբեթը՚ չի կարող հակակշռել ՙԻսկանդերներին՚, և, ընդհանրապես, վերջին հաշվով ամեն ինչ որոշում է ոչ թե սպառազինությունը, այլ մարդկային գործոնը։ Գիտեք, ապրիլյան պատերազմի իրադարձությունները մինչ օրս լրիվությամբ հասկանալի չեն, ինչպես և հայ մարտիկի հերոսության ֆենոմենը։ Իսկ իրականում ինչո՞ւմ է կայանում այդ հերոսությունը։ Նրանում, որ մեր հասարակ զինվորն իր հրամանատարի հետ հակադարձեց թուրք մասնագետների կողմից լրջորեն պլանավորված ու պատրաստված ռազմական ագրեսիան։ Ապրիլյան պատերազմին Ադրբեջանը պատրաստվել էր, զորավարժություններն ընթանում էին հարձակումից մեկ ամիս առաջ, այդուհանդերձ, նրան չհաջողվեց հասնել իր ուզածին։ Ու անկախ սպառազինության քանակից, նավթադոլարներից, հրամցված կեղծիքի չափաբաժնից, ինչում, իհարկե, Ադրբեջանին հավասարը չկա, մարդկային գործոնը մնում է ամենագլխավորը։ Եվ ողջ հարցը նրանում է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, մեզ համար դա դժբախտություն կլինի պատերազմի առաջին երկու օրերին, իսկ Ադրբեջանի համար նման պատերազմը ողբերգություն ու մահացու վճիռ կդառնա։ 

Ես միշտ հետևում եմ ու գիտեմ՝ ինչ է կատարվում հակառակորդի երկրում, որքան սպառազինություն են նրանք գնում, որտեղից և ինչպես։ Ընդ որում, ես հասկանում եմ՝ ինչ էլ որ գնի Ադրբեջանը, մենք ունենք մի զենք, որը նրան ոչ ոք չի վաճառի։ Վերջին վառ օրինակը հայկական կողմի մոտ ամերիկացիների կողմից փոխանցված C4ISR հետախուզական համակարգի վերջին մոդելի առկայությունն է։ Այսօր շատ են խոսում այն մասին, որ մենք մինչև հիմա չգիտենք, թե ով է իրականում մեր դաշնակիցը, իսկ ով՝ ոչ։ Հասկանում եմ, որ դրա հետ կապված որոշակի խնդիրներ, իրոք, կան։ Բայց ես միշտ զգույշ եմ լինում սահմանի հարցում և համարում եմ, որ կարևոր է այն պահել ու չանցնել՝ պնդելով, թե ՀԱՊԿ-ն կամ Բելառուսը մեզ պետք չեն։ Այո, հակասություններ կան և երբեմն բավականին լուրջ, ինչպես, ասենք, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին այնպիսի զենքի վաճառքը, որն այնուհետև կրակում է մեր դեմ, և հակասությունները պետք է լուծել, բայց որ ՀԱՊԿ-ն ունի ապագա, չեմ կասկածում, առավել ևս՝ համարում եմ, որ այդ կառույցը գնալով ավելի կամրապնդվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին մոտ ապագայում, մասնավորապես՝ ապրիլի նախաշեմին, համոզված եմ, կրկնեմ, որևէ ակտիվ ռազմական գործողությունների նա չի գնա։ Այո, կլինեն դիվերսիաներ, հրետանու կիրառում և այլն, բայց լայնամասշտաբ հարձակում, ինչի մասին խոսում են մեր քաղաքագետները, չի լինի։ 

-Լապշինի միջադեպին Դուք արձագանքեցիք Բելառուսի ԴՕՍԱԱՖ-ի ներկայացուցչին հասցեագրված նամակով, թե չեք կարող ընդունել Բելառուսի Հանրապետության ԴՕՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակի կապակցությամբ միջոցառումներին մասնակցելու հրավերը։ ՙԵլնելով նրանից, որ ես եղել եմ Ղարաբաղում, չեմ կարող մասնակցել 90-ամյակի առթիվ միջոցառումներին՚՝ գրել եք Դուք։ Պատասխան հետևե՞լ է։ 

-Ոչ։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լիներ պատասխանը։ Այնտեղ բոլորն իմ բելառուսցի հին ընկերներն են, դօսաաֆցիները. նրանք ամեն ինչ հասկացան առանց ավելորդ բառերի։ Այդ նամակը բավական էր...

 www.golosarmenii.am

Զառա ԳԵՎՈՐԳՅԱՆ