[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃ

Դժբախտաբար, այսօր չենք կարող ասել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածությունը նվազել է: Ամեն օր ադրբեջանական կողմն այս կամ այն ինտենսիվությամբ պարբերաբար և հետևողականորեն գնդակոծության է ենթարկում հայկական դիրքերը` հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ կիրառելով նաև 60¬ և 82-միլիմետրանոց ականանետներ:

Դրան զուգահեռ ադրբեջանական քարոզչությունը ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն է տարածում առ այն, որ իբրև հայկական կողմն է խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Ազերպրոպը չի խորշում նույնիսկ ադրբեջանական զորամասերում ներքին միջադեպերի արդյունքում սպանված իր զինվորներին ներկայացնել որպես հայկական գնդակոծությունների զոհ: Վերջին նման փորձն արվեց անցած շաբաթվա սկզբին: Արցախի պաշտպանության նախարարությունը, հերքելով ադրբեջանցի զինծառայող Ֆիքրեթ Բաշիրովի մահվան մեջ ԼՂՀ ԶՈՒ-ի մեղսակցությունը, Բաքվին խորհուրդ տվեց ՙզինվորի մահվան պատճառները փնտրել ադրբեջանական բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններում՚:Ստեփանակերտը և Երևանը համարում են, որ միջազգային հանրությունը պարտավոր է հասցեական արձագանք տալ տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունների` միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, շուտափույթ իրագործման կարևորությունը: Փորձագետները և քաղաքագետները ընդ որում ոչ միայն հայկական, ամենևին էլ լավատես չեն ո՜չ միջազգային միջնորդների հնարավոր վճռական միջամտության, ո՜չ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի կայունացման հարցում: Փաստորեն նրանք միաձայն պնդում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում նոր բախումներ չեն բացառվում, և որ հայկական երկու կողմերը չպետք է պատրանքներ ունենան Ադրբեջանի դիրքորոշման հնարավոր փոփոխության առնչությամբ: Ի դեպ, ՙԱտլաս՚ քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից Ադրբեջանում անցկացված հարցման համաձայն` ադրբեջանցիների մեծամասնությունը հնարավոր է համարում պատերազմը 2017թ. Արցախում: Հինգ հարյուր հարցվածների 82%-ը ` հնարավո՞ր է պատերազմ ընթացիկ տարում հարցին, դրական պատասխան է տվել (անցյալ տարում՝ 56%-ի փոխարեն): Պատերազմի հավանականությունը ցածր է համարում միայն 11%-ը, իսկ 7%-ը դժվարացել է պատասխանել (անցյալ տարում, համապատասխանաբար` 23 և 21%-ը):                                          

       Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում Ադրբեջանի կողմից իրավիճակի լայնածավալ սրացում Արցախի հետ սահմանին: ՙՂարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լուրջ էսկալացիայի հավանականությունը, 2016թ. ապրիլի նման, բավականին բարձր է: Դա կախված է Ադրբեջանի ներքաղաքական և տնտեսական իրավիճակից, նավթի գներից՚,- ասել է նա լրագրողներին: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե հակամարտության կարգավորմամբ, այլ բռնության մակարդակը նվազեցնելու փորձերով, սակայն բռնությունը բացառելու լուրջ հնարավորություններ չկան: ՙԴիվերսիաներ անպայման կլինեն, բայց լայնածավալ պատերազմ չեմ ակնկալում: Ամեն դեպքում, Ադրբեջանի կողմից հակառակորդին (Հայաստան և Լեռնային Ղարաբաղ) ուժասպառ անելու ռազմավարությունը կարող է շարունակվել՚,- համարում է Ալեքսանդր Իսկանդարյանը:  

Քաղաքագետը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա կարող է ազդել նաև կովկասյան տարածաշրջանի նկատմամբ համաշխարհային հասարակայնության ուշադրության նվազեցումը: ՙԱյսօր համաշխարհային հանրությունը կենտրոնացված է Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի, Չինաստանի, ռուս-արևմտյան հարաբերությունների և այլ հիմնախնդիրների վրա: Մեր տարածաշրջանի նկատմամբ ուշադրությունը գնալով կնվազի: Մի կողմից` սա տալիս է գործելու փոքր- ինչ ավելի մեծ ազատություն, բայց մյուս կողմից` ազատություն է տալիս նաև Ադրբեջանին՚,- ասել է Իսկանդարյանը:                                                                                                                                    Ամերիկյան հետախուզությունն իր զեկույցում կանխատեսում է, որ առաջիկա հինգ տարիներին ներքին և արտաքին հակամարտությունների վտանգը կաճի` հասնելով այնպիսի մակարդակի, ինչպիսին չէր եղել ՙսառը պատերազմի՚ ժամանակներից ի վեր, զուգահեռ այն բանին, որ համաշխարհային տնտեսության աճը դանդաղում է, հետպատերազմյան աշխարհակարգը փոխվում է, իսկ հակագլոբալիստական տրամադրությունները նպաստում են ազգայնականության տարածմանը, հայտնում է ՙԱմերիկայի ձայնը՚: 

ՙԱյս միտումները կմիաձուլվեն աննախադեպ արագությամբ և կբարդացնեն պետությունների կառավարումը և փոխգործակցությունը նրանց միջև, ինչպես նաև կփոխեն իշխանության բնույթը և հիմնովին կվերաձևեն համաշխարհային առաջընթացը՚,- ասվում է ՙԳլոբալ միտումներ. առաջընթացի պարադոքս՚ խորագրով փաստաթղթի մեջ, որը չորս տարին մեկ անգամ պատրաստում է Ազգային հետախուզության խորհուրդը: Գործոնների թվում, որոնց պատճառով մոտ ապագան կլինի ՙմութ և դժվար՚, առանձնանում է Ռուսաստանի և Չինաստանի հետզհետե ավելի հաստատակամ դառնող վարքագիծը, տարածաշրջանային հակամարտությունները, ահաբեկչությունը, աճող սոցիալական բևեռացումը, կլիմայական փոփոխությունները և տնտեսության թույլ աճը: Զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվում այն համալիր խնդիրներին, որոնցով պետք է զբաղվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խոստումներն իրագործելու համար` բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, տնտեսական պայմաններով հավասարվել Չինաստանին, ԱՄՆ վերադարձնել աշխատատեղեր և հաղթել ահաբեկչության դեմ պայքարում: Հետազոտության մեջ նշվում է, որ առաջիկա տասնամյակներին ահաբեկչության սպառնալիքը կաճի` փոքր խմբերի և առանձին անհատների կողմից ՙնոր տեխնոլոգիաների, գաղափարների և հարաբերությունների յուրացմանը՚ զուգահեռ:

ԱՄՆ ապագայի նկատմամբ անորոշությունը ներքին խնդիրների վրա Արևմուտքի կենտրոնացվածության, ինչպես նաև մարդու իրավունքների և հակամարտությունների կանխման ոլորտում չափանիշների լղոզվածության հետ մեկտեղ, կդրդեն Չինաստանին և Ռուսաստանին ԱՄՆ ազդեցությանը մարտահրավեր նետել, համարում են զեկույցի հեղինակները: Նրանց կարծիքով` այդ խնդիրները չեն հասնի լայնածավալ պատերազմական մասշտաբների, բայց կառաջացնեն ՙսխալ հաշվարկների լուրջ ռիսկեր՚:

Ավելորդ համոզվածությունն այն բանում, որ նյութական կարողությունն ունակ է հաղթահարել էսկալացիան, կմեծացնի միջպետական հակամարտությունների վտանգը մի այնպիսի մակարդակի, ինչպիսին չէր եղել ՙսառը պատերազմի՚ ժամանակներից ի վեր: Եվ չնայած ՙթեժ պատերազմից՚ գուցե և կհաջողվի խուսափել, բայց  երկրների միջև արժեքների և շահերի տարբերությունը և տարածաշրջանին տիրելու ձգտումը ՙկհանգեցնեն նրան, որ աշխարհը կբաժանվի ազդեցության ոլորների՚:

Foreign Policy ամսագիրն իր հերթին 10 հակամարտություններից բաղկացած ցուցակ է ներկայացրել` այս տարվա առավել հրատապները: Սանդղակի առաջին տողում Սիրիան է: Դրան հաջորդում է Իրաքը, Թուրքիան, Եմենը, Կոնգոն, Հարավային Սուդանը և այլն: Պարբերականը ցուցակի 9-րդ տեղում զետեղել է Ուկրաինայի հակամարտությունը, որը տևում է համարյա 3 տարի և խլել է մոտավորապես 10 հազար կյանքեր: 

ra.am

 (տպագրվում է որոշ 

կրճատումներով)

 

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ