ԲԼՈԳԵՐՆԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ԿՈՉ ԵՆ ՈՒՂՂՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Ստեփանակերտի ՙԵվրոպա՚ հյուրանոցի կոնֆերանս դահլիճում մարտի 20-ին իր աշխատանքը շարունակեց բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցում էին բլոգերներ և լրագրողներ աշխարհի 11 երկրներից` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ալժիրից և այլն:
Ֆորումի աշխատանքը համակարգում էր համահայկական մեդիա դաշտի հայտնի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ներկաների ուշադրությանը ներկայացվեցին ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչ Արզումանյանի և ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի զեկույցները:
ՙԱշխարհ՚ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հրաչ Արզումանյանի զեկույցը վերաբերում էր Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը և անվտանգության խնդիրներին: Հասկանալու համար, թե ինչ է կատարվում այսօր այս տարածաշրջանում, պետք է նախևառաջ իմանալ, թե որտեղից է սկսվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Դրա սկիզբը դրվեց 1921 թվականի մարտին, երբ Մոսկվայում պայմանագիր ստորագրվեց Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև£ Թուրքական կողմի պայմաններից մեկը հայկական Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երրորդ` ադրբեջանական կողմին հանձնելն էր: ԽՍՀՄ-ի փլուզումը պատմական հնարավորություն տվեց արցախահայությանը` ազգային-ազատագրական շարժում ծավալելու և պաշտպանելու իր ոտնահարված իրավունքները: 1991-ին պարզ դարձավ, որ խաղաղ ճանապարհով հակամարտության լուծումն անհնարին է: Արցախի ժողովուրդը կարողացավ ծանր պայմաններում հաղթահարել պատերազմի դժվարությունները, ավելին` առանձին-առանձին կռվող խմբերից ստեղծեց Պաշտպանաության բանակը և գերազանցության հասավ հակառակորդի նկատմամբ:
Հակամարտության գոտում այսօր Ռուսաստանն ունի կայուն և համոզիչ ներկայություն, շեշտեց Հ. Արզումանյանը` հավելելով, որ տարիներ շարունակ Ադրբեջանին զենք վաճառելով, փաստորեն, ՌԴ-ն նրան թույլ է տվել 2016թ. ապրիլին վերսկսել պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ: Այդ պատերազմը ցույց տվեց, որ անկախության 25 տարիների ընթացքում այստեղ ձևավորվել է մի սերունդ, որը պատրաստ է զենքի ուժով պաշտպանել Արցախն ու Հայաստանը: Պարզ է դարձել նաև, որ արցախյան զինված ուժերը շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում, հետևաբար, պատերազմական գործողությունների շարունակումը տրամաբանական չի լինի, քանի որ այն Ադրբեջանին կանգնեցնելու է նոր կորուստների առաջ:
Զեկուցողի կողմից այնուհետև ընդգծվեց, որ սոցիալական ցանցերի, բլոգերների, առհասարակ բլոգոսֆերայի առկայությունը բավականին կարևոր գործոն է. տարածվող տեղեկատվությունը կարճ ժամանակահատվածում ինքնակազմակերպվելու հնարավորություն է ընձեռում: Ապրիլյան պատերազմի առաջին մի քանի ժամերի ընթացքում կոմունիկացիաների ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ շատ բան անել, այդ թվում օգնությունների կազմակերպումը: Ապրիլյան պատերազմից հետո Արցախի բնակչությունը եկավ այն եզրակացության, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունն անհնարին է:
Միջազգային հանրությունն ադրբեջանական հասարակությանը կարող է օգնել Ալիևների կլանին միջազգային դատարանին հանձնելով, մյուս ճանապարհն Ադրբեջանին ռազմական պարտության մատնելն է, եզրակացրեց զեկուցողը:
ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի ելույթում Արցախը ներկայացվեց որպես զբոսաշրջության համար մեծ գրավչություն ունեցող երկիր, որտեղ այցելում են Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Իրանից, եվրոպական երկրներից, տարբեր աշխարհամասերից: Զբոսաշրջիկներն իրենց տպավորությունները ներկայացնելիս առաջին հերթին նշում են արցախցիների հյուրընկալությունը, նրա ազգային ավանդույթներն ու մշակութային արժեքները: Ադրբեջանն իր հակահայկական քաղաքականությամբ ամեն կերպ խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը, որը ժողովրդական դիվանագիտության մի յուրօրինակ դրսևորում է: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, տեսնելով մեր երկիրը, մեր ձգտումները պետության կառուցման ճանապարհին, արտահայտվում է իր հայրենիքում` դրանով նպաստելով մեր երկրի բարի համբավի տարածմանը: Այսպես կոչված, ՙՍև ցուցակների՚ միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձում են վախեցնել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են այցելել Արցախ, իսկ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածը պարզապես անընդունելի է միջազգային իրավունքի տեսանկյունից:
Զեկույցների հրապարակումից հետո տեղի են ունեցել քննարկումներ: Արծարծված հարցերը վերաբերում էին ներկա դրությամբ շփման գծում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ կապված վտանգների ավելացմանը, համաշխարհային ուժային կենտրոնների քաղաքականությանը, գլոբալ մասշտաբով հասարակական կարծիքի ստեղծմանը և այդ նպատակով տարբեր միջոցների կիրառմանը:
Ֆորումի ավարտին մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: Նրանում, մասնավորապես, նշվում էր, որ ԱՀ-ում բլոգերների միջազգային համաժողովը լավագույն արձագանքն է այն քայլերին, որոնք ձեռնարկվում են` սահմանափակելու խոսքի ազատությունն ու ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ընդգծվել է վերջինիս նկատմամբ միջազգային հանրության գլոբալ պատասխանատվությունը: Կոչ է արվել միջազգային կառույցներին դատապարտել միջազգային իրավունքին հակասող գործողությունները, յուրաքանչյուր մասնակից պարտավորվել է իր ներդրումն ունենալ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի իրացման գործում:
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ