[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅՐ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Մարտի 18-ին Արցախի պետական համալսարանը հյուրընկալել էր Երևանի պետական համալսարանի պատվիրակությանը` ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:

Ինչպես միշտ, սկզբում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց  խորհրդանշական  հուշակոթողի մոտ: 

Այնուհետև  գիտխորհրդի նիստերի դահլիճում  իրականացվեց այցի գլխավոր նպատակը` երկու բուհերի միջև ստորագրվեց  համագործակցության հուշագիր: Ներկա էին  ԱՀ խորհրդարանի խոսնակ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

ԱրՊՀ ռեկտոր  Մանուշ  Մինասյանը, ողջունելով  ԵՊՀ պատվիրակության հերթական այցը, բարձր  գնահատեց երկու մայր բուհերի  համագործակցությունը, որը տարիների պատմություն ունի:  Ռեկտորի խոսքով`  ԱրՊՀ-ում ցանկացած փաստաթուղթ, նոր համակարգ ներդնելու ժամանակ բուհի ղեկավարությունն առաջին հերթին ուսումնասիրում է   ԵՊՀ փորձը: Մ. Մինասյանը  հատկապես կարևորեց ԵՊՀ¬ի ներդրումը  ԱրՊՀ-ի  համար կադրեր պատրաստելու առումով:

ԱրՊՀ ղեկավարը  շնորհակալություն հայտնեց   ԵՊՀ ռեկտորին` համագործակցության համար` նշելով նաև, որ  այն  զարգացնելու ճանապարհներ և  հարթություններ դեռ շատ կան, որոնցից մեկն էլ  օրվա միջոցառումն էր, որը  յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ   փորձ է արվում առանձին մասնագիտությունների գծով ավելի խոր և առավել առարկայական համագործակցություն ծավալել: Եվ դա` շնորհիվ  ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի, ով,  վերջերս այցելելով ԱրՊՀ,  տվել է գաղափարը և շատ կարճ ժամանակահատվածում մշակել և ներկայացրել փոխգործակցության  կոնկրետ ծրագիր՝ նեղ մասնագիտական ոլորտում: 

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, խոսելով   21-րդ դարում համալսարանական աշխարհի մեծ թափով  զարգացման մասին, նշեց, որ  ԵՊՀ-ն  ձգտում է անել ամեն ինչ` միջազգային ասպարեզում հանդես գալու որպես առաջատար բուհ  և հավասարը հավասարի հետ խոսելու միջազգային  գործընկերների հետ ամենատարբեր հարթակներում: Այս տեսակետից շատ կարևոր է նաև ցույց տալ աշխարհին, որ ԵՊՀ-ն մտածում է ունենալ գործընկերային հարաբերություններ  ոչ միայն երկրից դուրս, այլ նաև երկրի ներսում, այդ  թվում` Արցախի Հանրապետությունում:   Նրա խոսքով` հասել է պահը, երբ անհրաժեշտություն է առաջացել  ոչ միայն մեթոդական օգնությամբ, իրավական ակտերով բավարարվելու կամ Երևանում  ԱրՊՀ-ի համար կադրեր պատրասատելու համար, այլև արդեն օրակարգային է դարձել մասնագիտական բովանդակային հարցերում սերտ համագործակցությունը: Ահա թե ինչու ինքը`  որպես ԵՊՀ ռեկտոր, ողջունել է բուհի իրավաբանական ֆակուլտետի փոխգործակցության նախաձեռնությունը, որի նպատակն է ԱրՊՀ-ն դարձնել  իրավաբանական  ուժեղ կադրերի պատրաստման դարբնոց` շարունակելով ընդլայնել նաև կազմակերպական և նորմատիվ-իրավական գործունեության շրջանակները: Նա տեղեկացրեց, որ 2016-ից   գործողության մեջ է դրվել ԵՊՀ  զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, որում նշված են  ոչ միայն գործունեության թիրախները, այլ նաև կոնկրետ քայլերը,  հասցեատերերը, ֆինանսական միջոցները, թե ինչ պիտի արվի մինչև 2020 թվականը, որպեսզի ԵՊՀ-ն հետազոտական համալսարան  դառնալու ճանապարհին մի խոշոր քայլ ևս անի: Նրա կարծիքով` այստեղ ևս  կարող են օգտակար լինել ԱրՊՀ-ին։ 

Գաղափարի և նախաձեռնության հեղինակ, ԵՊՀ իրավաբանական ֆակուկտետի դեկան Գագիկ Ղազինյանը  նշեց նորանկախ պետության կայացման սկզբնական ճանապարհին, նաև զարգացման ընթացքում իրավագիտության դերը, որն առանց  լավ  իրավաբան  կադրերի հնարավոր չէ:  Հարցը հատկապես հասունացավ Արցախում սահմանադրական բարեփոխումների համապատկերին:  Հավակնոտ այս ծրագիրը   բովանդակային առումով  երկարաժամկետ  է (ամենասեղմ ժամկետը 5-6  տարի է` նկատի առնելով  ասպիրանտական ժամանակաշրջանում կադրեր պատրաստելը), իսկ  այն բավարարելու դեպքում`  կազմակերպական առումով  առանձին իրավաբանական ֆակուլտետ ստեղծելը, որն ավելի լայն հնարավորություններ կտա  և՜ համագործակցության, և՜ կադրեր պատրաստելու հարցում: 

Ծրագրի երաշխավորները բուհերի ղեկավարներն են, քանզի նրա իրականացման համար ֆինանսական ներդրումեր են պահանջվելու և, համագործակցության  փաստաթուղթը ստորագրեցին ինչպես  ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանն ու ԱրՊՀ իրավունքի ամբիոնի վարիչը, այնպես էլ երկու բուհերի ռեկտորները:

Կատարվածին իր գնահատականը տվեց ԱՀ խորհրդարանի ղեկավար ու ԱրՊՀ խորհրդի նախագահ Ա. Ղուլյանը: ՙՄենք շատ կարևոր մի քայլ ենք կատարում մեր երկու մայր բուհերի համագործակցության խորացման և ընդլայնման ճանապարհին: Դա նշանակում է, որ մենք նախկինում մեր բոլոր պարտականությունները,  բոլոր անելիքներն այսօր կարողացել ենք խմբավորել և դարձնել մի այնպիսի ուղեցույց, որ հաջորդ տարիների համար  կոնկրետ  ծրագիր է նշանակելու: Համոզված եմ`  համագործակցության այսպիսի խորությունը միայն  ու միայն բովանդակային նոր լիցք է տալու մեր հարաբերություններին՝ հատկապես գիտական հաստատությունների կտրվածքով՚,-ասաց նա` ընդգծելով, որ դա  նաև հանրագումար է պետականորեն անցած ճանապարհի. 25 տարվա պետականության համար շատ կարևոր են նաև քայլերի հաջորդականությունը  և  նաև ընթացքը, բովանդակությունը, թե հետագայում ինչպիսի կարևոր գործերով պետք  է արժևորել գիտական ու կրթական համակարգերում բարեփոխումները, զարգացումը:  

Հուշագրի ստորագրումից հետո երկու խմբի բաժանված`  բուհերի մասնակցությամբ տեղի ունեցան միջոցառումներ: Իրավագիտության  դասախոսներն ու ուսանողները  ավելի մոտիկից շփվեցին իրար հետ` քննարկումներ կատարելով: Մասնագիտական հարցերի շուրջ պարզաբանումներ տվեց դեկան Գ. Ղազինյանը: Իսկ մյուս խումբը մասնակցեց  ԱրՊՀ հայագիտական կենտրոնի և պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական ընթերցումներին` նվիրված Նիլոլ  Դումանի ծննդյան  150-ամյակին:  

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ