[ARM]     [RUS]     [ENG]

ԿՎԵՐԱԾՎԻ՞, ԱՐԴՅՈՔ, ՎՈՒԱՄԸ ՎՈՒԲԱՄ-Ի

Ադրբեջանի հետ Արցախի ու Հայաստանի սահմանին լարվածությունն աճի միտում է դրսևորում։

Ադրբեջանի կողմից լարվածության էսկալացիան, այնուամենայնիվ, մեդալի միայն մի կողմն է։ Զուգահեռաբար Բաքուն, ձեռք բերելով դաշնակիցներ՝ ի դեմս Կիևի և Մինսկի, դիվանագիտական դաշտում քայքայիչ աշխատանք է տանում:

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել են թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքների մուտքն իրենց երկրներ` առանց պաշտոնական մարմինների թույլտվության։ Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն հայտնել է, որ նախագահների հանձնարարականով երկու երկրների մաքսային կառույցների ղեկավարները մշակել են մեխանիզմ, որի համաձայն այդ տարածքներից ապրանքներ կարող են ներմուծվել այն դեպքում, եթե արտոնագրված են Կիևի և Բաքվի կենտրոնական իշխանությունների կողմից։ Դիվանագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն Բաքվի թույլտվությամբ։ Համանման սխեմա է կիրառում Ադրբեջանը Դոնբասից մատակարարվող ապրանքների նկատմամբ. ՙՕրինակ, եթե շամպայնի պիտակի վրա գրված է Ուկրաինա, Արտեմովսկի գործարան (Դոնբաս), նշանակում է` ամեն ինչ կարգին է։ Իսկ եթե  Նովոռոսիա կամ այդ ոգով ինչ¬որ բան, ապա, բնականաբար, Ադրբեջանը դրանք չի ընդունի։ Նման մոտեցում կիրառվում է նաև Լեռնային Ղարաբաղից ստացվող ապրանքների նկատմամբ՚։ 

ՙԿանոնները և շրջաբերականներն սկսել են գործել անմիջապես այն բանից հետո, երբ նախագահները տվել են հանձնարարականներ։ Այս հարցում ինչ¬որ միջպետական համաձայնագրեր ստորագրելու կարիք չկա։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են մաքսային կառույցների ղեկավարները՚,- ՙԻնտերֆաքսը՚ մեջբերում է դեսպանին։ 

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը նշել է, որ Ստեփանակերտում չեն անհանգստանում այդ կապակցությամբ. ՙՄեր տնտեսությունը զարգանում է բավականին դինամիկ, և մենք ուրիշ շուկաներ կգտնենք՚։ Իսկ Կիևի որոշումը նա անվանել է ՙքաղաքական առումով ծախու գործարք, որն ընդհանուր ոչինչ չունի տնտեսության հետ՚` Ուկրաինայի` Ադրբեջանից նավթ ու գազ գնելու ձգտման պատճառով: Ի դեպ, Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն բացեիբաց հայտարարել է, որ ՙԱդրբեջանը ռազմավարական կարևորություն ունի Ուկրաինայի համար` ադրբեջանական գազը ռուսականով փոխարինելու նախագծի իրականացման շրջանակներում՚։

Գաղտնիք չէ, որ Բաքուն և Կիևը սերտ հարաբերություններ ունեն ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև ռազմատեխնիկական ոլորտում։ Ուկրաինան ամենևին էլ վերջին երկիրը չէ, որն Ադրբեջանին զենք է մատակարարում։ Այժմ Բաքուն և Կիևը դիտարկում են երկկողմ ռազմատեխնիկական փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այս մասին հայտնել է պաշտպանական ոլորտի աղբյուրը ՙԻնտերֆաքս-Ուկրաինա՚ գործակալությանը։ Ուկրաինական կողմի ավելի վաղ հնչեցրած տվյալների համաձայն՝ նոր փուլում քննարկվում է, այդ թվում նաև գերճշգրիտ սպառազինության համատեղ արտադրության ստեղծման հնարավորությունը՝ մասնավորապես հակատանկային հրթիռային համալիրներ և Ադրբեջանում առկա հնարավորություններով հրթիռներ։ Կիևը շահագրգռված է նաև Ադրբեջանում որոշ զինատեսակների գնմամբ։ Կարծես թե բացառիկ ոչինչ չկա, այնուամենայնիվ, հատկանշական է կա՜մ գործակալության, կա՜մ իր աղբյուրի կողմից արված հետևյալ արտահայտությունը. ՙՆոր աշխարհաքաղաքական պայմաններում կողմերը գործընկերության ընդլայնման ծրագրեր են մշակում՚։

Այստեղ, իհարկե, հնարավոր չէ չնշել, որ ադրբեջանա-ուկրաինական գործընկերության ընդլայնման ծրագրերը մշակվում են, ի թիվս այլոց, 2016թ. դեկտեմբերի վերջին Լեհաստանի ԱԳՆ¬ի հրապարակած մտադրությունների խորապատկերին՝ ՙվերադառնալ Արևմտյան գործընկերության հայեցակարգին՝ ուղղված Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու ԵՄ¬ի հետ փոխհարաբերությունների ամրապնդմանը՚։ 

Փետրվարի 7-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վարշավա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ դեռ վաղ է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը մնում է անբավարար, իսկ Մինսկի համաձայնությունների պայմանները չեն իրագործվում։ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն աջակցել է Բեռլինի այդ դիրքորշմանը, հայտնում է Deutsche Welle¬ն ու հիշեցրել է նաև Վարշավայի դժգոհության մասին` կապված ՙՀյուսիսային հոսք-2՚ նախագծի հետ, որով ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով պետք է հասնի Եվրոպա։ 

Հենց այդ օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել է այցելում ՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր պայմանագրի պայմանները քննարկելու համար։ 2015թ. Բաքուն հրաժարվեց ստորագրել ԵՄ¬ի հետ ասոցացման համաձայնագիրը՝ փաստաթղթում ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականության՚ մասին հարցի բացակայության պատճառով։ Նոր պայմանագրի մանրամասները հայտնի չեն, սակայն հատկանշական է այն, որ Ալիևի Բրյուսելում գտնվելու ժամանակ Ադրբեջանի կառավարության, ՙՀարավային գազային միջանցք՚ ՓԲԸ-ի և ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկի միջև պայմանագիր է ստորագրվում` ՙԱնդրանատոլիական խողովակաշար՚ նախագծի ֆինանսավորման համար վարկ տրամադրելու մասին, որի նպատակներն են հանդիսանում Հարավկովկասյան խողովակաշարի ընդլայնումը և գազի ներկրումը Թուրքիա և Հարավային Եվրոպա TANAP (Անդրանատոլիական գազատար) և TAP (Անդրադրիատիկ գազատար) խողովոկաշարերի միջոցով։ Սա միայն մի փոքր մասն է աշխարհաքաղաքական գործընթացների երկար շարքից, որոնք հիշեցնում են 1997թ. ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) դաշինքի ստեղծման մասին` ադրբեջանական ածխաջրածնով հետաքրքրված Կիևի և Թբիլիսիի նախաձեռնությամբ։ Դաշինքն ստեղծվել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանին հակազդելու համար, բայց, ի վերջո, պարզվեց, որ չի գործում։ Սակայն օրերս տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ փետրվարի 27-ին Կիևում նախանշված է ՎՈՒԱՄ¬ի անդամ պետությունների վարչապետերի նիստ։

Չեմ զարմանա, եթե Բելառուսի վարչապետը նույնպես այնտեղ լինի, քանի որ իրադարձությունները՝ կապված Բաքվի հարցմամբ Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալման (իբր, առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության Արցախ այցելության համար) ու Ադրբեջանին հետագա արտահանձնման հետ, լիովին տեղավորվում են վերոնշյալ աշխարհաքաղաքական զարգացումների առանցքում։ Ի դեպ, ըստ Regnum տեղեկատվական գործակալության աղբյուրների հաղորդագրությունների՝ Բելառուսն արդեն հասկացրել է, որ կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ¬ի կազմից։ Այդ մասին 1in.am կայքին հայտնած Regnum տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, ով Լապշինի արտահանձնումն անվանել է ՙՌուսաստանին հասցված ապտակ՚, այն ուղղակիորեն կապում է Ալիևի և Լուկաշենկոյի միջև գործարքի ու Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների սրացման հետ։ Նրա խոսքով՝ ՙԸստ երևույթին, Բաքվում Լուկաշենկոն ինչ¬որ պարտավորություններ է վերցրել իր վրա ու կատարել է դրանք, սակայն այդ պարտավորությունները հիմնովին հակասում են Ռուսաստան-Բելառուս դաշինքի սկզբունքներին, և այս գործողությունը ցույց է տալիս, որ Մինսկը, Բելառուսը, Լուկաշենկոն փաստացի դուրս են եկել Եվրասիական միությունից և ՀԱՊԿ¬ից։ 

Կվերածվի՞ արդյոք ՎՈՒԱՄ¬ը  ՎՈՒԲԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Մոլդովա), ցույց կտա ժամանակը։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ խնդիրն ամենևին էլ ո՜չ Լապշինն է և ո՜չ էլ արցախյան արտադրանքը, այլ հետխորհրդային տարածքում նոր աշխարհաքաղաքական պայմաններում սկսված համաշխարհային գերտերությունների աշխարհաքաղաքական խաղը։ Խաղ, որում Ադրբեջանը և նրա համախոհները փորձում են լուծել սեփական խնդիրները։ Հարց է ծագում` ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ¬ի, ավելի ճիշտ՝ Թրամփի դիրքորոշումը։

Fox News¬ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հստակ տեղեկատվություն չունի այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում։

Տեղյա՞կ է արդյոք Թրամփը, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, Հայաստանում, Արցախում, ընդհանրապես Հարավային Կովկասում։ Փորձագետ Ջեֆրի Մանկոֆի խոսքով՝ նոր վարչակազմը դեռ հետաքրքրություն չի ցուցաբերել այդ տարածաշրջանի նկատմամբ, հայտնում է ՙԱմերիկայի ձայնը՚։ Փորձագետը համարում է, որ տվյալ հարցի շուրջ հնարավոր է երկու տարբերակ. ՙԵթե վարչակազմը որոշի հակաքաղաքականություն վարել Իրանի նկատմամբ, ապա այն կխորացնի նաև ներգրավվածությունը տարածաշրջանային հարցերում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղում։ Բայց, մյուս կողմից՝ հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ վարչակազմի ունեցած հետաքրքրությունը, չի բացառվում, որ ԱՄՆ¬ն որոշի մի փոքր հեռու մնալ, քանի որ այդ տարածաշրջանը գտնվում է Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում։ 

Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին հայտարարել է այն մասին, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն փոխգործակցում են տարբեր ոլորտներում, ուստի հակաքաղաքականությունը պետք է վերանայել, բայց ոչ թե ՙՌուսաստանի զավթողական քաղաքականությունը՚ հանդուրժելու հաշվին։  Դեռ անհասկանալի է, թե ինչ հարաբերություններ կհաստատի Թրամփը Պուտինի հետ, և որոնք կլինեն ԱՄՆ առաջնորդի առաջնահերթություններն այդ հարաբերություններում՚,- ասել է նա:

ra.am

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ 

(Տպագրվում է որոշ 

կրճատումներով)