[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ՚

Բելգիացի խորհրդարանականների հերթական այցը

 Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի Շրջանային խորհրդարանների մի խումբ պատգամավորներ, ովքեր ներկայացնում էին Դեմոկրատ ֆեդերալիստ և Հումանիտար ժողովրդական կենտրոն խմբերը, Արցախ էին այցելել Հայ Դատի եվրոպական հանձնախմբի նախաձեռնությամբ։ Մարտի 21-ին նրանք մամլո ասուլիս անցկացրին արցախյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։  

Հայ Դատի եվրոպական հանձնախմբի նախագահ  Գասպար Կարապետյանը ներկայացրեց հյուրերին. Անդրե դե Բյուս դե Վարնաֆ, Էմանուել դե Բոկ, Պիեռ Կոմպանի։ 

Ա. դը Բյուս դե Վարնաֆը երրորդ անգամ է այցելում Արցախ։ Շատ հաճելի և հետաքրքիր այս  տարածաշրջանում նա բացահայտել է միանգամայն նոր իրականություն։ Նա նշեց, որ իր  գործընկերներից շատերը տեղյակ չեն, թե որտեղ է գտնվում Արցախը և ինչ երկիր է այն։ Երբ բելգիացիներին բացատրում է, որ Արցախն աշխարհաքաղաքական առումով ազդեցիկ գործոն է Հարավային Կովկասում, նրանց հետաքրքրությունն աճում է։ Շատերի համար պարզ է դառնում, որ Արցախում կա իրական ժողովրդավարություն, որտեղ մարդիկ պայքարում են իրենց դավանած արժեքները պահպանելու համար։ Եվրոպայում խոսքի ազատության և, առհասարակ, ժողովրդավարության հետ կապված հարցերը շատ կարևոր են։ Հերթական այցին պարոն դե Բյուս դե Վարնաֆը նկատել է, որ Արցախն առաջ է ընթանում բավականին արագ տեմպերով։ Այցը նաև երկկողմ կապերի խորացման նպատակ է հետապնդում, հատկապես առողջապահության, մշակույթի, կրթության և տուրիզմի ոլորտներում։ Նրա խոսքով՝ Ֆրանսախոսությունը հնարավորություն է տալիս գտնել համագործակցության նոր եզրեր։ 

Էմանուել դե Բոկն առաջին անգամ է այցելում Հայաստան և Արցախ։ Շփումն արցախցիների հետ թույլ տվեց ավելի լավ հասկանալ իրականությունը։ Նա արձանագրել է, որ Արցախի ժողովրդի  հայացքն ուղղված է Եվրոպային, հետևաբար, հույժ կարևոր է արժեքների փոխանակումը, ինչն օգտակար կլինի երկու կողմերի համար։ Դուք այստեղ առաջին գծում եք, և եթե այսօր մենք չհետաքրքրվենք ձեր խնդրով, վաղը նույն խնդիրը մեր առջև կլինի, ընդգծեց Է. դը Բոկը, և ապա հավաստիացրեց, որ իրենք կանգնել են արցախցիների կողքին՝  համատեղ ուժերով պաշտպանելու երկուստեք ընդունելի արժեքները։  Եվ իրենց առաքելությունը ոչ թե ինչ-որ հանդիպում անցկացնելն է, այլ համագործակցության ուղիներն ուրվագծելը։ Մտքերի փոխանակում պետք է լինի կոնկրետ հարցերի շուրջ, հատկապես հարկ է ուշադրություն դարձնել երիտասարդների միջև կապերի հաստատմանը։ Այդ ամենի իրագործման համար պետք է գործի դնել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները։ Խոսքը վերաբերում է ինչպես բարձր տեխնոլոգիաներին, այնպես էլ մշակութային ոլորտին, որոնք միայն նպաստելու են Արցախի լիարժեք ճանաչմանը։ 

Պիեռ Կոմպանին ծագումով Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունից է։ Մեծ ուրախությամբ է այցելել Արցախ։ Այն, ինչ տեսել ու լսել է Արցախում, կարող է նպաստել  սեփական փորձի հարստացմանը։ Նա իրեն համարում է բելգիացի, մի երկրի քաղաքացի, որը կարելի է անվանել ժողովրդավարության լաբորատորիա։ Կոնգոն Բելգիայից ավելի քան 8 հազար կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այն շատ հարուստ է բնական ռեսուրսներով, բայց միաժամանակ այդ հարուստ երկիրն առանձնանում է աղքատության բարձր ցուցանիշով։ Դրա  պատճառն աշխարհաքաղաքականությունն է և տնտեսական խնդիրները։ Նրան շատ են հետաքրքրում Արցախում  ծավալված գործընթացները, համոզված է, որ արցախցին պայքարում է ազգային արժեքների համար։ Ցավով նշեց, որ ազատության համար այստեղ մեծ գին են վճարում, բայց իրականում ազատությունն անգին է։  Գիտի, որ արցախցիներն իրենց հայրենակիցներին միանալու համար շատ են պայքարել և մեծ կորուստներ կրել։ Նա իր հերթին հավաստիացրեց, որ այս դժվար իրավիճակում սատարում է արցախցիներին։  

Խորհրդարանականները ելույթներից հետո պատասխանեցին լրագրողների հարցերին։    

Բելգիայում Արցախ կատարած այցն ինչպե՞ս են ներկայացնելու իրենց գործընկերներին և հայրենակիցներին։  Պատասխանելով հարցին՝ Ա. դե Բյուս դե Վարնաֆն ասաց, որ, երրորդ անգամ գտնվելով Արցախում, հասցրել է ամբողջացնել արցախցու կերպարը։ Տպավորիչը մարդկանց լավատեսությունն է, լարված իրավիճակը հստակ գնահատելու կարողությունը, աներեր կամքն ու ձգտումը դեպի խաղաղություն։ Նա մեծ հարգանք ունի հայ ժողովրդի նկատմամբ, նույն կերպ է վերաբերվում նաև ադրբեջանական հասարակ ընտանիքներին։ Ամենից առաջ պետք է գնահատել ժողովուրդների՝ խաղաղության ձգտելու ցանկությունը։ Նա հույս հայտնեց, որ հետագա այցերին կկարողանա ավելի շատ շփվել մեր քաղաքացիների հետ։ 

Պ. Կոմպանին, շարունակելով գործընկերոջը, ասաց, որ իր կարճատև այցի ընթացքում առաջին հերթին նկատել է արցախցու կենսասիրությունը, նրան նույնիսկ զարմացրել է նման լարված իրավիճակում ժողովրդի հանգիստ պահվածքը։ Մարդիկ կարողանում են լավ աշխատել և  նույնքան լավ կազմակերպել իրենց հանգիստը։ Հասկացել է, որ ընտանիքն այստեղ մեծ արժեք է, սերը և ուշադրությունը երեխաների հանդեպ՝ մեծ պարտականություն։ Իսկ դա լավ նշան է։ 

Մեր հարցն ուղղել ենք Էմանուել դե Բոկին՝ կապված նրա այն մտքի հետ, որ Արցախը գտնվում է արժեքների պաշտպանության առաջնագծում։ Արդյո՞ք իրենք այն կարծիքին չեն, որ այդ առաջնագիծն արդեն  տեղափոխվում է Եվրոպա, ինչի մասին են վկայում Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ եվրոպական երկրներին ուղղված սպառնալիքները, թուրք-գերմանական, թուրք- նիդեռլանդական հակասությունների խորացումը։ Բացի այդ, ի՞նչ հետևություններ են արվել Եվրոպայում անցյալ տարվա ապրիլին, երբ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ ռազմական ագրեսիա ծավալեց Արցախի Հանրապետության դեմ։   

Պարոն դե Բոկը, նախքան հարցին պատասխանելը, անհրաժեշտ համարեց ընդգծել, որ Արցախում իրեն հիացմունք է պատճառել ֆրանսախոսությունը, որի մեջ պետք է տեսնել ազատության գաղափարն ու ոգին։ Որպես ուշագրավ նորություն, նա մատնանշեց արցախյան իշխանությունների՝ ֆրանսախոս երկրների ձևաչափում երկիրն ընդգրկելու պատրաստակամությունը։ Հաջորդ տարի Երևանում կայանալիք ֆրանսախոս երկրների գագաթնաժողովին Արցախի մասնակցությունը հնարավորություն կընձեռի գտնել ավելի շատ գործընկերներ։   

Անդրադառնալով ՙԱԱ՚-ի հարցին՝ նա ասաց, որ, իսկապես, Եվրոպան վտանգված է։ Ներքին լարվածությունն ավելի է սրվում։ Եվրոպական ծրագիրը ձևափոխության է ենթարկվել և բավականաչափ տարբերվում է իր սկզբնական ձևից։ Աչքի առաջ պետք է ունենալ  բրիտանական բրեքսիտը. այդ երկրի դուրս գալը Եվրոպական միությունից մտահոգությունների տեղիք է տալիս։ Եվրոպայի վրա արտաքին ճնշումներ կան ոչ միայն Թուրքիայի, այլև Ռուսաստանի կողմից։ Միջազգային քաղաքականության մեջ ծանր կշիռ ունեցող Ռուսաստանի մոտեցումները շատ դեպքերում տարբերվում են եվրոպականից։ Նույնը վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին, որտեղ իշխանության է եկել Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի վաղվա օրը և  նրա դիրքորոշումը դարձել են անկանխատեսելի։ Է. դե Բոկի կարծիքով՝ Եվրամիությունը չպիտի հետաձգի իր անելիքները. նա ստիպված կլինի ռեսուրսներ գտնել, ինչպես նաև նոր դաշինք ստեղծել, որպեսզի կարողանա տնօրինել սեփական ճակատագիրը։ Իսկ Թուրքիան, որ մշտապես ծեծել է Եվրամիության դռները՝ այդ կառույցին անդամակցելու հույսով, որը նաև գործընկեր էր Եվրոպայի համար, այժմ արդեն կանգնած է փակ դռների առաջ։ Վերջին շաբաթներին Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի հայտարարությունները դժվարությամբ են ՙհասնում՚ եվրոպացիներին, իսկ դա նշանակում է, որ Եվրոպան պետք է փոխի իր դիվանագիտությունը՝ մի կողմ դնելով սիրալիրությունը, հստակեցնելով դիրոքորոշումը։ Եթե խոսքը հիմնարար արժեքների մասին է, եվրոպական քաղաքականությունը պետք է լինի հստակ և կոշտ, համոզված է պարոն դե Բոկը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա էլ վախենում է արցախյան ժողովրդավարությունից։ Բելգիացի խորհրդարանականը վկայակոչեց իր գործընկերներից մեկի միտքն այն մասին, որ Արցախը պետք է ուժեղ ինստիտուցիոնալ կառույցներ ունենա։ 

Մեր երկրորդ հարցը վերաբերում էր երկկողմ համագործակցության ընդլայնմանը. արդյո՞ք այսօր այդ հարթությունում կարելի է խոսել կոնկրետ ծրագրերի մասին։ Ի պատասխան հարցի՝ Ա. դե Բյուս դե Վարնաֆը նշեց, որ քաղաքականության մեջ անհնար է միայնակ գործել։ Կարելի է շատ լավ ծրագիր ներկայացնել Արցախի խորհրդարանին, բայց արդյունքի չհասնել, եթե բելգիական խորհրդարանում ինքն այդ ծրագրի միակ ջատագովը լինի։ Առհասարակ, որևէ ծրագիր կյանքի կոչելու համար պետք է ստեղծել համախոհների ցանց։ Նրա խոսքով՝ աստիճանաբար հաջողվում է մոտենալ այդ բաղձալի կետին։ Ներկա դրությամբ Բելգիայի ավելի քան երկու տասնյակ խորհրդարանականներ ծանոթ են արցախյան խնդրին անձամբ Արցախ այցելելու շնորհիվ։ Նա կարևորեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Բելգիա, որտեղ նրա պատվին տրվել է ընթրիք, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Սա կարևոր իրողություն էր ինչպես Արցախի, այնպես էլ Բրյուսելի համար։ 

Այսպես շարունակելով՝ կարելի է կյանքի կոչել շատ ծրագրեր։                    

 Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ