ԱՐՑԱԽՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ԲԱՅՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Արցախում գտնվող միջազգային բլոգերներն այցի վերջին օրը առաջնագծում են եղել եւ ապրիլյան պատերազմից ամենաշատը տուժած արցախյան բնակավայրում՝ Թալիշում:
Տպավորություններին եւ դրանց արձագանքներին կարող ենք սպասել առաջիկա օրերին: Միանշանակ է մի բան. Ացախ այցելությունը բոլորն էլ հաջողված են համարում, շատերը անհատական այցով Արցախում լինելու ծրագրեր ունեն:
Արցախ ժամանած միջազգային բլոգերները նաեւ առաջնագծում են եղել: Մինչ այդ զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում եռուզեռով են զարմացել, այն ինչ թույլատրելի է՝ նկարահանել ու հարցրել: Բլոգերների կարճ կանգառը միայն դրա համար չէր: Անվտանգության միջոցառումներն են ձեռք առնվում, զինվում սաղավարտներով ու զրահաբաճկոններով: Հարմարավետ միկրոավտոբուսին փոխարինում են կոշտ, բայց ամենակարող ամենագնացները, եւ առաջ՝ դեպի խրամատներ: Զրահաբաճկոնով ու սաղավարտով՝ ուկրաինացի լրագրողը խաղաղության մասին է խոսում: Մարդիկ Արցախում խաղաղություն են ուզում. սա իր հերթական այցից ստացած տպավորությունն է: ՙՁեր կոնֆլիկտը արդեն 25 տարեկան է: Ամենաարյունոտ վերքերն արդեն փակվում են: Այստեղ նոր սերունդ է հասակ առնում, որը ապագայի իր ծրագրերն ունի: Ապագա, որտեղ պատերազմ չկա՚,- տպավորություններն է ամբողջացնում Իրինա Կովալչուկը:
Որոշ ժամանակ անց՝ բլոգերները խրամատում են: Այստեղ էլ արձանագրում են՝ Արցախում խաղաղություն ցանկանում, բայց պատերազմին էլ պատրաստ են: Ասենք, պատերազմը չի էլ դադարում: Դիտակետից դիմացի խրամատներն են երեւում: Դիրքապահներից են տեղեկանում, որ գիշերը հակառակորդը էլի կրակել է: Այցելության այս հատվածը թույլ կտա Արցախից ստացած տպավորություններն ամբողջացնել: ՙԱռաջին անգամ եմ Ղարաբաղում: Ցավոք, հիմնականում Ստեփանակերտում էի: Շատ բան չտեսա: Բայց դա էլ բավական է, որ որոշեմ կրկին գալ, ամեն ինչ ավելի հանգիստ ու մանրամասն տեսնելու համար՚,- նշում է Ռուսաստանից ժամանած բլոգեր Անտոն Մերկուրովը: Գրեթե նույն գնահատականն ու ծրագիրը ունի Անտոն Նոսիկը. ՙՇատ բան տեսա: Ավելի շատ ծրագրեր կան: Կցանկանայի նորից գալ, տեսնել: Դա երկար պատմություն է լինելու: Շատ բան կա տեսնելու՝ ե՜ւ պատմական հուշարձաններ, ե՜ւ ժամանակակից զարգացումներ, ե՜ւ մարդիկ, ում հետ կցանկանայի զրուցել՚: Բլոգերները գիտեն, որ Արցախ գալով, առավել եւս ճշմարտությունը պատմելով, Բաքվի սեւ ցուցակում են հայտնվելու: Անտոն Մերկուրովի անունը դեռ նախորդ օրվանից էր լրահոսում: Արցախում ոչ միայն մուտքի արտոնագիր է ստացել, այլեւ պնդել, որ այն իր անձնագրում դրոշմվի: ՙԻնձ թվում է՝ դա պարտադիր էր: Եվ Ղարաբաղ գալը, եւ դա արձանագրելը՚,-վստահեցնում է նա: Գիտի, որ դրա համար կարող է խնդիր ունենալ Բաքվի հետ: Բայց դրանից ավելի կարեւոր է համարում խոսքի եւ ազատ տեղաշարժի իր իրավունքին տեր կանգնելը: Այս ոգով՝ արդեն հայտարարություն են տարածել Արցախ ժամանած միջազգային բլոգերները: ՙՄենք բոլորս էլ ազատության կողմնակիցն ենք, ազատ տեղաշարժվելու եւ ազատ արտահայտվելու: Եվ հերթական անգամ այդ մասին հայտարարեցինք՚,- ընդհանուր կածիքն է ամբողջացնում Անտոն Մերկուրովը: Բլոգերները բոլորին կոչ են անում գոնե մեկ անգամ Արցախում լինել: Հիմնավորումները որոշ դեպքերում կրկնվում են, որոշ դեպքերում՝ տարբերվում: Անտոն Նոսիկը ցածր գներն է ընդգծում, Անտոն Մերկուրովը՝ ավանդական խոհանոցը, մշակույթը, ճարտարապետությունն ու բնությունը, իսկ Ալժիրից ժամանած Թարիկ Հաֆիդը՝ ժողովրդի հետ շփումը. ՙՇատ հյուրասեր ժողովուրդ է այստեղ ապրում: Մի կողմից պայքարի կամք ունի, մյուս կողմից՝ շատ խաղաղասեր է՚,- ընդգծում է ալժիրցի բլոգերը:
Հետդարձի ճանապարհը Թալիշով էր անցնում: Այստեղ օբյեկտիվում եւ ավերակներ էին հայտնվում, եւ նորակառույցներ: Թալիշի հուշահամալիրում խմբանկարը հրաժեշտի խորհուրդն ուներ: Զրահաբաճկոններն ու սաղավարտները զորամասում թողեցին: Իրենց հետ հիշողությունները տարան, որոնք շուտով հարյուր հազարավորների դատին են ներկայացնելու:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ