[ARM]     [RUS]     [ENG]

Ամերիկացի կոնգրեսականները ներկայացրել են ցեղասպանությունների կանխման մասին բանաձև՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Թրոթն ու Ադամ Շիֆը, միանալով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներին, ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում  Միացյալ Նահանգների իշխանություններին դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից և կանխել այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնությունները:

 Ինչպես հայտնում է Asbarez-ը՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղումով, փաստաթղթի հեղինակների կարծիքով՝  Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումն էապես կնպաստեն միջազգային հանրության կողմից մերօրյա ցեղասպանությունների կանխմանը:

ANCA-ի գլխավոր գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել ամերիկացի կոնգրեսականներին ներկայացված բանաձևի համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախորդ տարի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունել են բանաձև, որով դատապարտել են Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քրիստոնյա, եզդի և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունները: