Logo
Print this page

«Նացիստական գործելաոճ» ունի Հայոց ցեղասպանությունը չճանաչող Էրդողանի Թուրքիան, այլ ոչ Մերկելի Գերմանիան. The Independent

Գերմանիայի իշխանությունների գործելաոճը նացիստների գործողությունների հետ համեմատած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերում յուրահատուկ անպարկեշտություն կա, բրիտանական The Independent պարբերականում գրում է Ռոբերտ Ֆիսկը:

 Նա օրերս հայտարարել է, որ այն օրվանից, ինչ Բեռլինն արգելել է երկրի տարածքում թուրքական քաղաքական հանրահավաքների անցկացումը, Գերմանիան նացիստական գործելաոճ է վարում, մի բան, որ Էրդողանը պարբերաբար է անում իր երկրում՝ արգելելով հանրահավաքների անցկացումը: Բանն այն չէ, որ Գերմանիան ամեն օր ցավակցություն է հայտնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի հրեաների վերացման կապակցությամբ, ոչ էլ այն, որ Միջին Արևելքից փախստականներին իր երկիր թողնելու Մերկելի քաղաքականորեն խոցելի որոշումը Հիտլերի հանցագործությունների ապաշխարանքի ամենամեծ քայլն էր, այլ այն, որ Էրդողանի սեփական ժողովուրդը չեզոք է մնացել Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Նացիստները, որոնց Էրդողանը ձևացնում է, թե այդքան ատում է, բավականին սիրում էին Թուրքիան: Ոչ միայն Թուրքիան չեզոք դեր պահպանեց պատերազմում, այլև նացիստական թերթերը 1930-ականների սկզբից ի վեր պարբերաբար գովաբանում էին «թուրքացված» պետությունը, որն առաջացել էր Առաջին համաշխարհային պատերազմի ավերակներից: Սա նուրբ հղում էր 1915 թվականին իր քրիստոնյա փոքրամասնության մեկուկես միլիոն ներկայացուցչի ցեղասպանությունից հետո Օսմանյան Թուրքիայի «ռասայական մաքրությանը», հոլոքոստ, որը խորապես ազդել է Հիտլերի վրա Եվրոպայի հրեաներին ոչնչացնելու որոշումը կայացնելու ժամանակ:

Պատերազմից առաջ թերթերին տված մի քանի հարցազրույցներում Հիտլերն անդրադարձել է հայկական կոտորածների մասին Եվրոպայի սեփական մոռացությանը: Նա անգամ հարցրել է՝ «ո՞վ է այժմ հիշում դրանք» Լեհաստան 1939 թվականի ներխուժումից առաջ՝ որպես հրեաներին սպանելու բաց հրավեր:

Եվ մինչ Մերկելի Գերմանիան մշտապես զղջում է հայտնում հրեաների հոլոքոստի կապակցությամբ, Էրդողանն անգամ չի ընդունում 1915 թվականին իր հայ քաղաքացիների նկատմամբ Թուրքիայի իրականացրած հոլոքոստը: Ժամանակակից թուրքերը, ովքեր խոսել են ցեղասպանության այս սարսափելի նախադեպի մասին, հայտնվել են ազատազրկվելու սպառնալիքի տակ: Անգամ այսօր Գազիանթեփի հայկական մայր տաճարը գործում է որպես մզկիթ, մինչդեռ Մերկելի Գերմանիան վերականգնել է հրեական սինագոգները, որոնք նացիստները ոչնչացրել էին 1938 թվականի նոյեմբերին:

Բոլորովին պատահական կերպով, Միացյալ Նահանգներում այս ամռանն ուշագրավ գիրք է տպագրվելու թուրքական բանակում ծառայած երիտասարդ հայի՝ մինչ այս չլսված պատմության մասին. նա ծառայել է բանակի շարքերում այն ժամանակ, երբ այդ բանակի զինվորները սպանում էին իր սեփական ժողովրդին՝ մասնավորապես իր ընտանիքի անդամներին: Այն ներկայացնում է Երվանդ Ալեքսանյանի սեփական պատմությունը՝ բավականաչափ քանակությամբ անառարկելի փաստագրությամբ, որոնք թույլ չեն տա թուրք «ցեղասպանությունը հերքողներին» գիրքը կեղծիք անվանել, գրում է հեղինակը: Գրքի նախաբանը գրել է Իսրայելի գլխավոր ցեղասպանագետ Իսրայել Չարնին, իսկ խմբագրել է Երվանդի դուստրը՝ Ադրիան Ալեքսանյանը:

«Դա պատմություն է, որն Էրդողանը պետք է կարդա և բարձրաձայնի ու տարածի, քանի որ այն ներառում է շատ ավելի «նացիստական գործելակերպ», քան Ստամբուլի նոր սուլթանը երբևէ կցանկանար ընդունել»,- գրում է հեղինակը: Երվանդը, ով ողջ է մնացել և արտագաղթել ԱՄՆ, մի շարք նամակներ է հղել ամերիկացի կոնգրեսականներին իր ժողովրդի սպանությունը ճանաչելուց Թուրքիայի հրաժարվելու վերաբերյալ: Հայկական Հոլոքոստի մասին նրա պատմությունն է, որից պետք է ամաչի սուլթան Էրդողանը, եզրափակում է Ռոբերտ Ֆիսկը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.