[ARM]     [RUS]     [ENG]

Ա.ՆՈՍԻԿ. ՙԻՄ ԱՅՑՆ ԱՐՑԱԽ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է՚

 

 

 

Ռուսաստանյան հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը Ղարաբաղում է Բլոգերների միջազգային ֆորումի շրջանակներում։ ՙՆովոստի-Արմենիա՚ գործակալությանը տված հարցազրույցում Նոսիկը պատմել է, թե ինչու է որոշել Արցախ գալ, նշել այդ այցի հետ կապված Ադրբեջանի արձագանքին իր մոտեցումը, ինչպես նաև կիսվել իր կարծիքով այն մասին, թե ինչ ավարտ կունենա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի` Բաքվում կալանավորման պատմությունը։ 

 

-Երբ Ձեզ առաջարկեցին գալ Արցախ, մտավախություններ չո՞ւնեցաք՝ հաշվի առնելով Ալեքսանդր Լապշինի ձերբակալման հետ կապված միջադեպը։ 

-Հենց Լապշինի դեպքից հետո էր, որ մտածեցի, թե պետք է, այնուամենայնիվ, գնալ այնտեղ, եթե դա այդքան գլոբալ հարց է՝ խոսքի ազատության առճակատումը տոտալիտար բռնապետության հետ։ Ընդհանուր առմամբ, եթե նախկինում դա անձնական հետաքրքրության հարց էր, հիմա` յուրատեսակ քաղաքական կարևոր հայտարարություն է։ 

-Վտանգ կա՞, որ Ձեր նկատմամբ նույնպես կձեռնարկվեն համանման գործողություններ, ինչպես Լապշինի  դեպքում էր։ Նկատի առնելով ոչ միայն Ադրբեջանի, այլև  որոշ այլ երկրների յուրովի մոտեցումը մարդու ազատ տեղաշարժման իրավունքին։ 

-Իմ սկզբունքային դիրքորոշումն է գրգռել հակառակորդի բարկությունը։ Խոսքի ազատության հետ  կապված` Ռուսաստանի իշխանությունների հետ նույնպես որոշակի խնդիրներ ունեմ։ Ռուսաստանում էլ, ինչպես գիտեք, ինձ դատել են ծայրահեղականության հոդվածով, և ես բողոքարկում եմ դա ռուսաստանյան դատարաններում։ Արդեն բողոքարկել եմ Մոսկվայի քաղդատարանում, Գերագույն դատարանում, Սահմանադրական դատարանում, այնուհետև կդիմեմ Եվրոպական դատարան։ Ես պայքարում եմ և անհնար եմ համարում այս հարցերում փոխզիջումների գնալը։ 

-Օրերս մենք տեսանք Ձեր ֆեյսբուքյան գրառումն Ադրբեջանում Արցախ կատարած Ձեր այցին որոշ մարդկանց նյարդային արձագանքի վերաբերյալ։ Կցանկանայինք իմանալ Ձեր  դիրքորոշումն այդ արձագանքի առնչությամբ։ Ի՞նչ խորհուրդ կտայիք բոլոր այն երկրների բնակիչներին, ովքեր տարածքային խնդիրներ ունեն։ 

-Ղարաբաղ այցելելու պատճառով նման արձագանքը կենդանաբանության ինչ-որ մակարդակ է։ Ես Իսրայելի քաղաքացի եմ։ Գիտեք, երկրներ կան, որոնց հետ մեր երկիրը պատերազմի մեջ է։ Կա Իրանը, որը փորձում է ատոմային ռումբ ստեղծել, որպեսզի այն օգտագործի Իսրայելի դեմ։ Բայց իմ մտքով բոլորովին չի անցնում ուշադրություն դարձնել նրանց վրա, ովքեր այցելել են Իրան, Սիրիա, Լիբանան, ովքեր եղել են Իսրայելի համար թշնամական երկրներում ու այդ մարդկանց մահը ցանկանալ։ Ինձ համար դա բացարձակ վայրենություն է։ 

Ու երբ ուկրաինացիներն այդպես են արձագանքում այն բանին, որ ինչ-որ մեկն այցելել է Ղրիմ, ու պահանջում են նրան պատասխանատվության կանչել, դա նույնպես ինձ համար խիստ խորհրդային նողկալի մտածելակերպի արդյունք է:

Ինձ թվում է՝ աշխարհով մեկ մարդկանց տեղաշարժի հարցում գոյություն ունի քաղաքակիրթ մոտեցում։ Թե ով որտեղ է գնացել, յուրաքանչյուրի անձնական գործն է։ Երբ դրանից քաղաքական հարց են սարքում, բոլորովին կարևոր չէ, թե նշված մտածելակերպ ունեցողներն ովքեր են՝ ադրբեջանցիները, ուկրաինացիները, թե՞ անգամ իսրայելացիները։  Փառք Աստծո, Իսրայելում դա ընդունված չէ։ 

Չեմ կարծում, որ Հայաստանում դուք խիստ անհանգաստանում եք ու հաշիվ պահում, թե ով է Ադրբեջան կամ Արևմտյան Հայաստան, Թուրքիա այցելել։ Հավանաբար, Հայաստանը նույնպես կարող էր թշնամի հայտարարել նրանց։  Հայաստան այցելելիս կյանքում ինձ չեն հարցրել՝ եղե՞լ եմ Ադրբեջանում կամ Թուրքիայում, և ի՞նչ եմ արել այնտեղ։ 

-Վերադառնանք Լապշինի պատմությանը։ Ռուսաստանի արձագանքը բոլորս տեսանք։ Եվ, ըստ Ձեզ, ինչո՞վ կավարտվի այս պատմությունը։ 

Միանգամայն համոզված եմ, որ Իսրայելը միջոց կգտնի Լապշինին ազատելու համար։ Թեև նա կարծես այդքան էլ, այսպես ասած, չի շահարկում իր իսրայելական քաղաքացիությունը, բայց Իսրայելը, այդուհանդերձ, նրան  դիտում է որպես իր քաղաքացի։ Իսրայելը միակն է երեք երկրներից (Ալեքսանդր Լապշինը հանդիսանում է ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի-խմբ.), որը, իրոք, անտարբեր չէ։  Իսկ Իսրայելն այն երկիրն է, որի մասին միտքն այսօրվա դրությամբ զսպում է Բաքվի արյան ծարավը։ 

-Ռուսաստանյան ԶԼՄ-ները ՌԴ քաղաքացի Լապշինի ձերբակալմանը գործնականում չանդրադարձան։ Իսկ Իսրայելում ԶԼՄ-ներն ինչպե՞ս արձագանքեցին Իսրայելի քաղաքացու ձերբակալմանը։ 

-Գիտեք, Իսրայելում ապրում են մարդիկ, ովքեր հասկանում են, թե նման իրավիճակում ի՞նչ պետք է ձեռնարկեն պետական մարմինները և ինչպես են դրանք վարվել համանման այլ դեպքերում։ Ուստի Իսրայելի ներսում այդ մասին բարձրաձայնելն իմաստ չունի։ Մնում էր հաջողություն մաղթել մեր  Արտգործնախարարությանը` այս հարցով նրա անդրկուլիսյան ու ոչ հրապարակային բանակցություններում։ Իսրայելում աղմուկ կբարձրանար, եթե հիմքեր լինեին մտածելու, որ ԱԳՆ-ն ոչինչ չի անում։ Բայց քանի որ նման տվյալներ չկան, աղմուկ էլ չկա։ 

-Դուք արդեն կարողացաք գնահատել սպասարկման ու անվտանգության բարձր մակարդակն  Ստեփանակերտում։ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որպեսզի մարդկանց մոտ Արցախն ասոցացվի ոչ թե չլուծված հակամարտության, վտանգի, այլ  զբոսաշրջության համար հետաքրքիր ուղղության հետ։ 

-Յուրաքանչյուր գործընթացի համար կա այդ գործընթացի համար պատասխանատու անձնավորություն (կորպորատիվ կառավարման մեջ կա այսպիսի արտահայտություն՝ process owner)։ Երբ ինչ-որ գործընթացի համար պատասխանատու է պետությունը, այդ գործից հույս չկա: Դա պետք է լինի անհատ անձ, ով իր առջև որևէ նպատակ է դրել։ Օրինակ, ինչպես Ռուբեն  Կառլենովիչը (Վարդանյան), ով իր առջև նպատակ դրեց Սյունիքում տնտեսությունը զարգացնել և կառուցեց Տաթևը (ՙՏաԹևեր ճոպանուղին՚- խմբ.)։ Կամ Դավիթ Եվգենևիչը (Յան), որ զբաղվեց համակարգչային կրթությամբ՝ ստեղծեց ՙԱյբ՚ դպրոցը։ 

Երբ կա մեկը, ով գիտի՝ ինչպես լուծել խնդիրը և լուծում է, ահա այդ ժամանակ էլ ստացվում է։ Իսկ քանի դեռ դրանով զբաղվում են պետական պաշտոնյաները, ովքեր ժամանակավոր են զբաղեցնում այդ պաշտոնը, կապված են քաղաքական կուսակցությունների, ինչ-որ շահերի հետ, ապա այդ ամենը, բնականաբար, տեղում դոփում է։ Այն ամենը, ինչը պետության հետ է կապված, միշտ անարդյունավետ է։ 

 

ՙՆովոստի Արմենիա՚

(Տպագրվում է 

մասնակի կրճատումներով)