[ARM]     [RUS]     [ENG]

ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ

Արցախում օրերս անցկացված Բլոգերների միջազգային ֆորումին մասնակցում էին տասնյակից ավելի երկրներ ներկայացնող բլոգերներ ու լրագրողներ։ Օգտվելով արտահայտվելու ազատության և ազատ տեղաշարժի միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, ֆորումի մասնակիցներն իրենց տեսակետները ներկայացրին Արցախ կատարած այցի մասին։

 Ալեքսանդր ԳՈՅՇԻԿ (բլոգեր, Բելառուս). Ես Բելառուսի քաղաքացի եմ։ Շատ եմ կասկածում այն բանի վրա, որ Բելառուսի իշխանություններն իրենց քաղաքացուն կփոխեն նավթի հետ, ինչպես դա եղավ Ալեքսանդր Լապշինի պարագայում։ Կարծում եմ, որ նրան Ադրբեջանին հանձնելն անհաջող քայլ էր, որը ձեռնարկվեց Ռուսաստան-Բելառուս հակասությունների սրվածության համապատկերին։ Բելառուսն ակնկալիքներ ուներ Ադրբեջանից, ահա թե ինչու Լուկաշենկոն գնաց այդ քայլին։ Ինքս շատ եմ ճանապարհորդում և պատկերացնում եմ, թե ինչքան ծանր է աշխարհաքաղաքական մեծ խաղում խաղազինվոր դառնալը։ Ցավոք, այդ խաղը շատ վատ ազդեցություն ունեցավ մեր երկրի միջազգային վարկանիշի վրա։ Ի վերջո, պարզ դարձավ, որ անիմաստ որոշում է կայացվել, որովհետև դրա դիմաց մեր երկիրը ոչինչ չստացավ։ Մենք պարտություն կրեցինք բոլոր կողմերից։ Որպես բելառուս ժողովրդի ներկայացուցիչ՝ միայն կարող եմ ներողություն խնդրել Արցախից։ Հասկանալի է, որ նման հարցերը մենք չենք լուծում, բայցևայնպես, ուզում եմ ասել, որ բելառուսցիները միանշանակ դեմ էին իշխանությունների դիրքորոշմանը։ 

Կուզենայի հավելել, որ ես Ղարաբաղում երրորդ անգամ եմ։ Առաջին այցս տաս տարի առաջ էր։ Մեկ տարի առաջ էլ, երբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները, այստեղ էի։ Ես ռեպորտաժ պատրաստեցի իմ մայրենի լեզվով։ Այսօրվա իրողությունները համեմատելով նախկինի հետ, կասեմ, որ  շատ բան է փոխվել։ Բարեկարգվել են ճանապարհները, փոխվել է երկրի ընդհանուր վիճակը, մայրաքաղաքը նոր տեսք է ստացել։ Հաճելի է այդ ամենը տեսնել։ Հակառակ ռազմաքաղաքական դժվար իրավիճակին ու չճանաչվածությանը՝ ձեր երկիրը զարգանում է, ես էլ ուզում եմ մաղթել ձեզ խաղաղություն, բարգավաճում և զարգացում։ Մենք՝ բելառուսցիներս, գիտենք, թե ինչ ասել է պատերազմ, այդ պատճառով էլ գնահատում ենք խաղաղությունը։ Նաև ցանկանում եմ, որ ինձ նման ճանապարհորդները կարողանան հանգիստ գալ ձեզ մոտ՝ առանց մտածելու հետևանքների մասին։ 

Անտոն ՆՈՍԻԿ (բլոգեր, լրագրող, Ռուսաստան). Ինձ հրավիրել են՝ մասնակցելու այս ֆորումին։ Առաջին անգամ եմ  Արցախում, բայց իմ մեջ վաղուց էր նման ցանկություն առաջացել։ Շատ մարդիկ կան, որոնք երբեք այստեղ չեն եղել, բայց իրենց տեսակետն ունեն ադրբեջանա- արցախյան հակամարտության մասին։ Նրանք կարդացել են պատմությունը և անձնական պատկերացում կազմել իրադարձությունների մասին։ Ես ցանկություն եմ ունեցել տեսնել այն ամենը, ինչ կատարվում է Արցախում։ Իմ ընթերցողներին կասեմ այն, ինչ այստեղ տեսել եմ, իմ մտքերը կարտահայտեմ առանց որևէ մեկից վախենալու։ Կան երկրներ, որտեղ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ իրար կողքի ապրում են, ազատ  արտահայտվում և բանավիճում։ Կան երկրներ, որոնցում մարդուն կալանում են, դատում, աշխարհով մեկ հետապնդում այն բանի համար, որ արտահայտել է սեփական դիրքորոշումը։ Ոչինչ չես կարող անել։ Իմ աշխատանքն ազատ արտահայտվելու հետ է կապված։ Կան վարչակարգեր, որոնց համար նման աշխատանքն անընդունելի է։ Նման վարչակարգերի հետ ես չեմ կարող քայլել,  ես պատրաստ չեմ նրանց հետ հաշվի նստել, իսկ եթե որոշեն ինձ վախեցնել, ես կհակադրվեմ նրանց որոշմանը։ 

Արցախն իմ պատկերացումներում եղել է որպես չճանաչված հանրապետություն, որը չունի փող, բնական ռեսուրսներ, զուրկ է նույնիսկ նորմալ տրանսպորտային կապից։ Պատկերացրել եմ աղքատություն, ավերածություններ, պատերազմի հետևանքներ։ Բայց այցելելով Արցախ՝ տեսել եմ շատ կոկիկ, լավ խնամված մայրաքաղաք՝ մեծ թվով նորակառույցներով։ Դա ինձ զարմացրեց։ Ստեփանակերտն ավելի խնամված է, քան Երևանն ու Թբիլիսին։ 

Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին հանձնելու առնչությամբ կասեմ, որ դա հրեշավոր քայլ էր։ Ստացվում է, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացին պետք է ապրի ադրբեջանական օրենքներով։ Այդ դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ ո՜չ իրանական, հյուսիսկորեական, եթովպիական կամ էլ պապուասների օրենքներով։ Միջազգային իրավունքի տեսանկյունից տեղի ունեցածն ահավոր էր։ Պետք է նաև հասկանալ, որ Լուկաշենկոն ունի հետխորհրդային իրականությունում քաղաքականություն վարելու իր ՙնրբությունները՚, Բաքվի հետ ունի նավթային ու գազային հարաբերություններ։ Ինձ համար հասկանալի էր նաև Հունգարիայի վարքագիծը, որն Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որի գործողությունների հիմքում դարձյալ նավթային շահերն էին։ Ես Ալիևների կլանի հետ ոչ մի առնչություն չունեմ, որպեսզի մտածեմ նրանց ձգտումների, այնտեղ տիրող վարչակարգի և միջազգային քաղաքական օրակարգի վրա ազդելու նրանց ցանկությունների մասին։        

Ռոման Միելկարեկ (անկախ լրագրող, Ֆրանսիա). Զբաղվում եմ գլխավորապես հակամարտությունների և անվտանգության հարցերի լուսաբանմամբ։ Իմ դերն է ուսումնասիրել իրականությունը, հասկանալ իրադարձությունների ընթացքը, որպեսզի կարողանամ իրականությունը փոխանցել իմ ընթերցողներին։ Անցյալ տարի ֆրանսիական մամուլն անդրադարձավ հակամարտության այս գոտում վերսկսված ռազմական գործողություններին, բայց չէի ասի, թե առանձնակի մեծ լուսաբանում եղավ։ Ֆրանսիայում մի քանի լրատվամիջոց ուշադրություն դարձրեց Ղարաբաղի և Ադրբեջանի պատերազմին։ Տեղեկատվությունը հիմնականում գալիս էր այստեղից. քչերը ցանկություն հայտնեցին գնալ Ադրբեջան և այնտեղից հաղորդել տեղեկություններ։ Ադրբեջանցիները Ֆրանսիայում ուշադրություն են դարձնում քաղաքացիական հասարակության հետ տարվող աշխատանքին, կազմակերպում են լրագրողների այց  ադրբեջանական շրջաններ։ Տարբեր ձևերով ցանկանում են ազդել ֆրանսիական հասարակության վրա։  

Արցախում տեղի ունեցող Բլոգերների միջազգային ֆորումի մասին կարող եմ ասել, որ միայն այսօրվա հանդիպումը բավական չէ՝ միջազգային ասպարեզում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ճիշտ կարծիք ձևավորելու տեսանկյունից։ Իմ համոզմամբ՝ շատ կարևոր է նաև ֆորումին մասնակցած բլոգերների հետագա գործունեությունը, բացի այդ, կազմակերպիչները նույնպես պետք է կարողանան շարունակել այս գիծը։     

Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (մեդիա փորձագետ). Միջազգային  այս ֆորումին մասնակցելու ցանկություն են հայտնել բավականին հայտնի բլոգերներ ու լրագրողներ՝ շատ լավ հասկանալով, որ այլևս չեն կարող գնալ Ադրբեջան։ Անշուշտ, դա մեծ անհանգստություն պատճառեց հարևան երկրին, որի լրատվամիջոցներում արշավ  սկսվեց Արցախում կայանալիք միջոցառման նախօրեին։ Սոցիալական ցանցերում ադրբեջանցիներն առավել մեծ ակտիվություն ցուցաբերեցին։ 

Ֆորումի հիմնական նպատակը միջազգային հանրության կարծիքի վրա ազդելն է, որպեսզի  ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ ձևավորվի ճիշտ պատկերացում։ Իսկ դա ներկա դրությամբ դժվար է անել, քանի որ մեր հարևան հանրապետությունը բավականին մեծ գումարներ է ծախսում այդ ուղղությամբ։ Ծախսվող ռեսուրսների առումով Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնելը՝ հակադարձելու նրա քարոզչությունը, մեզ համար այնքան էլ նպատակահարմար չէ։ Սոցիալական մեդիաները և, մասնավորապես, բլոգները Արցախը ներկայացնելու տեսանկյունից շատ ավելի ազատ և հարմար հարթակներ են։ Ուստիև, ակտիվ աշխատանք պետք է տանել այդ ուղղությամբ։ Նման նախաձեռնություններ նախկինում էլ եղել են, սա ուղղակի մի քայլ է առաջ, որին պիտի հետևեն հերթական միջոցառումները։ 

Արցախում բլոգոսֆերայի զարգացման պոտենցիալ հնարավորություններ կան, առաջին հերթին պետք է ակտիվացնել արտաքին աշխարհի հետ շփումները։ Կարծում եմ, Արցախում առկա ներուժի չնչին մասն է միայն օգտագործվում։ 

 

     

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ