[ARM]     [RUS]     [ENG]

ՑԻՆԻԶՄԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Ի՞նչ ՙխաղաղություն՚ է սպառնում քաղաքակիրթ աշխարհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Փոլադ Բյուլբյուլօղլուի ընտրվելու դեպքում

 Անցյալ տարվա ամռանը OCCRP-ն (Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի բացահայտմանն ուղղված նախագիծ) գրել է այն մասին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան մտադիր է պայքարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, իսկ որպես իրեն փոխարինող ակտիվորեն սատարում է Ադրբեջանի ներկայացուցչին։ Մինչև ողնուծուծը կոռումպացված տիկին Բոկովայի մոտ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում, ինչպես հայտնի է, ոչինչ չստացվեց։ Բայց ահա փոխարինողի հարցում ամեն ինչ ավելի լուրջ էր. օրերս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունն Ադրբեջանի կողմից պաշտոնապես ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի քննարկմանը՝ ի թիվս 9 այլ թեկնածուների։ Գաղտնի քվեարկության հիմունքով ընտրությունները կկայանան նոյեմբերին։Հաղորդագրությունն այն մասին, որ Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրվում է մի երկրի ներկայացուցիչ, որը, թվում է, լիովին վարկաբեկել է իրեն ժողովրդավարության նորմերի ու մարդու իրավունքների մասշտաբային խախտումներով, աղմուկ հանել բազմաթիվ կոռումպացված գործարքներով, բազմիցս մերկացվել վանդալիզմի մեջ և արժանացել կտրուկ քննադատության, այդ թվում և հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, քննադատության չի դիմանում և շատ հեռու է ողջամտության ու բարոյականության սահմաններից։ Առաջ է քաշվում մի անձնավորություն, ով հայտնի է ոչ թե պարզապես իր արյունարբու ռազմաշունչ կոչերով, այլ մինչ օրս աչքի չի ընկել համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը, կրթությանն ու գիտությանն ուղղված որևէ գործունեությամբ։ Բյուլբյուլօղլուն ընդամենը ԽՍՀՄ բնակչության որոշակի շերտերի շրջանում հայտնի երգիչ է, ով Ադրբեջանի անկախության տարիներին անուն է հանել գուցե միայն ավտորիտար ռեժիմին իր անձնուրաց ծառայությամբ։ Այժմ  ռեժիմը որոշել է երախտահատույց լինել նրան, միաժամանակ և ամրապնդել սեփական դիրքերն աշխարհում՝ իր համար գնելով միջազգային մասշտաբի բարձր պաշտոն։

Հիշենք՝ Փոլադ Բյուլբյուլօղլուն, լինելով դիվանագետ, բազմիցս է հանդես եկել ղարաբաղյան հարցն Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի ճանապարհով լուծելու բացահայտ կոչերով։ 2007-ին, ապա և 2009-ին նա հայտարարել է զենքը ձեռքին Ղարաբաղ ներխուժելու իր պատրաստակամության մասին։ Իսկ 2016թ. ապրիլին, երբ նրա ցեղակիցներն Արցախում հրեշավոր հանցագործություններ էին կատարում, սպանում երեխաներին, կանանց ու ծերերին, ծաղրուծանակի ենթարկում նրանց մարմինները, գլխատում հայ զինծառայողներին, անդամատում ողջերին ու մեռածներին, ՙսոխակի որդին՚ ոչ միայն չէր հորդորում կանգնեցնել արյունահեղությունը, այլև հայտարարում էր հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։ ՙՏղամարդկանց ու կանանց գիտակցության մեջ խաղաղություն բերելու՚ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարգախոսի լույսի ներքո գլխավոր քարտուղարի թեկնածուի վայրենի բնազդները ոչ թե պարզապես անհամարժեք են թվում, այլ հնչում են որպես իսկական մարտահրավեր՝ ինչպես հենց կազմակերպության արժեքներին ու նպատակներին, այնպես էլ քաղաքակիրթ աշխարհի հոգևոր ուղենիշներին։ 

Ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել։ Կանգ առնենք, սակայն, միայն այն հարցերի վրա, որոնք առնչվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոլորտներին՝ գիտությանը, կրթությանը և մշակույթին։

Մի կողմ թողնենք պատմական գիտության աղճատումն ու տարածաշրջանի իր հարևանների` հայկական, վրացական, պարսկական մշակութային ժառանգության աննախադեպ յուրացման բազմաթիվ փորձերը։ Մի կողմ թողնենք խայտառակ դասագրքերն ու գիտական հրապարակումները, որտեղ պատմությունը գրված է երկրի քաղաքական ղեկավարության թելադրանքով։

Դառնանք մարդկության պատմամշակութային ժառանգության ոլորտում Ադրբեջանի ամենամասշտաբային ու աղմկահարույց հանցագործությանը, որը փաստագրված է, ապացուցված ու քննադատվել է բազում գիտնականների ու քաղաքական գործիչների կողմից։ 

Խոսքը Նախիջևանում տեղի ունեցած վանդալիզմի մասին է, որտեղ մի քանի տարվա ընթացքում՝ սկսած 1998-ից, իշխանությունների ուղղակի ցուցումով ոչնչացվում էին Հին Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերը։ Հանցագործություն, որը վերջին ակորդը դարձավ հայկական Նախիջևանի ընդհանուր առմամբ խիստ արժեքավոր մշակութային ժառանգության ոչնչացման մեջ։ Ու եթե դեռ 1987-ին գիտնականները խոսում էին երկրամասում 27000 հայկական վանքերի, եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի մասին, այսօր՝ 30 տարի անց, այնտեղ վերջին հաշվով ոչինչ չի մնացել։ Այսպիսին է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող երկրի վերաբերմունքը մեկ այլ ժողովրդի մշակույթի ու արվեստի հանդեպ` բոլոր հնարավոր միջոցներով անխղճորեն ու լկտիաբար ոչնչացնել դրանք քաղաքական նկատառումներով։

1998թ. նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անմիջական միջամտությամբ Հին Ջուղայի գերեզմանոցի տարածքում անց է կացվել միջազգային հետաքննություն, որն օգնեց դադարեցնելու խաչքարերի ոչնչացումը։ Սակայն 2005թ. դեկտեմբերին համացանցում հայտնվեցին տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինվորները կռաններով ու բուլդոզերներով ավերում, ապա Արաքսի ջրերը նետում հոյակերտ խաչքարերի մնացորդները։ Միջազգային գիտական ու կրոնական հանրությունները ՄԱԿ-ից ու ՅՈՒՆԵԿՕ-ից պահանջել են գնահատական տալ այդ հանցագործությանը, համապատասխան բանաձևով հանդես է եկել Եվրախորհրդարանը, քննադատությամբ հանդես է եկել ԻԿՕՄՕՍ-ի (Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) ղեկավարը։ Անգլիացի եվրախորհրդարանական Չարլզ Տաննոկը դեռ այն ժամանակ Ադրբեջանի գործողությունները համեմատել է ահաբեկիչների հանցանքների հետ՝ հայտարարելով, թե ՙդա նման է թալիբների կողմից Բուդդայի արձանի ավերմանը՚։ Ու հավելել. ՙԵթե նրանք թաքցնելու ոչինչ չունեն, պետք է թույլ տան մեզ նայել այդ տեղանքը՚։ Սակայն ո՜չ այն ժամանակ, ո՜չ հետագա տարիներին Բաքվի իշխանությունները որևէ փորձագիտական առաքելության թույլ չեն տվել այցելել Նախիջևան։ Ինչո՞ւ է լռել Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով այսօր հավակնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին` հարցն, իհարկե, հռետորական է։ Ինչո՞ւ է նա լռել, երբ Ադրբեջանում պետական մակարդակով հալածանքներ էին իրականացնում գրող Աքրամ Այլիսլիի դեմ, ով համարձակվել է ճշմարտությունը գրել Նախիջևանի հայերի մասին, նույնպես հռետորական հարց է։ Աշխարհում մշակույթի ջատագովի թեկնածուն բերանը ջուր է առել և այն ժամանակ, երբ Ադրբեջանում վառում էին Այլիսլիի գրքերը, ճիշտ այնպես, ինչպես ֆաշիստական Գերմանիայում... Արդյո՞ք այդ մասին գիտեն նրանք, ովքեր կքննարկեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված թեկնածությունները։ Այսպիսին է ընդհանուր առմամբ այն երկրի դիմագիծը, որը գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Սրան կարելի է ավելացնել և հայկական հուշարձանների, ինչպես և տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգության ոչնչացումը ողջ Ադրբեջանում, Բաքվում հայկական եկեղեցին վառելը և Շուշիում Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարը զենք ու զինամթերքի պահեստ դարձնելը, և որտե՞ղ էր այն ժամանակ ՙսոխակի որդին՚, ով զօրուգիշեր ողբում է Շուշիի համար։ Որտե՞ղ էր նա, երբ Բաքվում ավերում էին քրիստոնեական (Մոնտինյան) գերեզմանոցը, որպեսզի բառացիորեն մարդկային ոսկորների վրայով ավտոճանապարհ հարթեն։ 

Այդուհանդերձ, անգամ այդքան ճչացող քրեական համապատկերին Բյուլբյուլօղլուի ընտրությունն ամենևին էլ անհավանական չէ։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ ձայների ապահովման համար անհրաժեշտ աշխատանքն արդեն արված է։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց են աշխատում ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեփականաշնորհելու ուղղությամբ, բոլորովին պատահական չէ, որ 2005թ. այդ կազմակերպությունը մատը մատին չխփեց խաչքարերի ոչնչացման առնչությամբ։ Իսկ կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան նշանակումից անմիջապես հետո դարձավ Ալիև զույգի մոտիկ ընկերուհին, ինչից հետո հանկարծ կտրուկ հարստացավ (բուլղարացի լրագրողները մի քանի հետաքննություններ են վարել այս թեմայով), այնուհետև սկսեց ջանադրաբար աշխատել իր պաշտոնում Ադրբեջանի ներկայացուցիչ նշանակելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի խոշոր նվիրատուների կողմից ֆինանսավորումը դադարեցնելու մասին հայտարարությունների խորապատկերին նա հեշտությամբ կարող էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարկանիշից ու հեղինակությունից ավելի գերադասել մեծ փողերը՝ թող որ ոչ միայն նավթի, այլև քրեականության ու արյան հոտ ունեցող։ Իսկ գինը վճարելու համար Բաքվում, իհարկե, ոչինչ չեն խնայի` անգամ սուր ճգնաժամի պայմաններում։

Նման պարագայում առանձնահատուկ նշանակություն է ստանում հայկական կողմի աշխատանքը բոլոր մակարդակներում, ամենից առաջ՝ դիվանագիտական։ Դժբախտաբար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Շառլ Ազնավուրի գլխավորած հայկական ներկայացուցչության ակտիվ գործողությունների հետ հույսեր կապել չարժե։ Այնուամենայնիվ, պետք է աշխատել` միջազգային հանրությանը ներկայացնելով ոչ միայն Ադրբեջանի, այլև հենց Բյուլբյուլօղլուի իրական դեմքը՝ որպես հանցագործ պետության ու նրա կառավարիչների՝ սուլթանի ու սուլթանուհու արժանի ներկայացուցիչ։

Հ.Գ.  Մարտի 15-ին, երբ ՀՀ նախագահը գտնվում էր Մոսկվայում և հանդիպել էր ՌԴ նախագահի հետ, Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հանկարծ հայտարարեց Բյուլբյուլօղլուի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Պատահականությո՞ւն է սա, թե՞, հնարավոր է, բացառապես սեփական մոտեցում։ 

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

(Տպագրվում է որոշ կրճատումներով)

ՙԳոլոս Արմենիի՚