Logo
Print this page

ՆՈՐԶԵԼԱՆԴԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ. ԱՐՑԱԽՈՒՄ ԴԵՌ ՆԿԱՏԵԼԻ ԵՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ԴԱԺԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹՈՂԱԾ ՍՊԻՆԵՐԸ

Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեռ նկատելի են 1989-1994թթ. ընթացքում անկախության համար մղված դաժան պատերազմի սպիները:

Սակայն մեր վերջին այցելության ժամանակ իրավիճակը տարածաշրջանում համեմատաբար հանգիստ էր` հակառակ հակամարտության գոտում 2016թ. տեղի ունեցած սրացման: Այս մասին գրում է նորզելանդացի լրագրող Դեյվիդ Ժոսլանդը ՙOtago Daily Times՚-ի կայքում:

Այսպես, երկու անգամ Արցախ այցելած լրագրողը գրում է, որ  մայրաքաղաք Ստեփանակերտն անվանվել է բոլշևիկյան առաջնորդներից մեկի` Ստեփան Շահումյանի պատվին: Լինելով Բաքվի կոմունայի ղեկավար` նա պաշտպանում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն թուրքական զորքերի առաջխաղացումից, բայց երբ 1918թ. բոլշևիկները կորցրին իրենց իշխանությունը տարածաշրջանում, Շահումյանին ու ևս 25 կոմիսարների մահապատժի ենթարկեցին: 1920-ականներին Արցախի տարածքում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որը բոլշևիկների կողմից հանձնվեց խորհրդային Ադրբեջանին: Տասնամյակներ անց` սկսած 1989թ., երբ ԼՂԻՄ-ը հայտարարեց անկախություն ձեռք բերելու իր մտադրության մասին, Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի աջակցությամբ սկսեցին ուժ կիրառել Արցախի բնակչության նկատմամբ: Այդկերպ սկիզբ դրվեց ղարաբաղյան հակամարտությանը, որին հաջորդեցին էթնիկ զտումները և զանգվածային ջարդերը` մասնավորապես Ադրբեջանի հայերի (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ - խմբ.) նկատմամբ: Ադրբեջանի իշխանությունները հայերի դեմ պատերազմի ընթացքում գործի էին դրել վարձկանների` աֆղանական մոջահեդների, չեչենական մարտիկների ու թուրք զինվորների, որոնք կռվում էին պաշտոնական Բաքվի կողմից:

Ինչպես նշում է հեղինակը, սովորաբար պատերազմի բեռը քաղաքացիական խաղաղ բնակչության ուսերին է: ՙՄի երիտասարդ կին, ով մեր հյուրանոցում էր աշխատում, ժպիտի տակ  թաքցնում էր անձնական ողբերգության պատմությունը: Մենք տեղեկացանք, որ նրա եղբայրը զոհվել է պատերազմում, իսկ նրա մահվանից շատ չանցած հայրը նույնպես սպանվել էր ադրբեջանցի զինվորի կողմից ընտանի կենդանիներին խնամելու ժամանակ: Այդ դեպքերից հետո կինը, ինչպես մեզ ասացին, ինքը զենքը ձեռքն առավ, որ Ղարաբաղը պաշտպանի՚,- նշում է Ժոսլանդը:

Նրա խոսքով` Արցախի պատմաերկրագիտական ոչ մեծ թանգարանում կան 1990-ականների սկզբների ղարաբաղյան պատերազմի հերոսներին նվիրված բազմաթիվ նմուշներ: ՙՄերձակա Եղբայրական գերեզմանոցում, դեպի ծագող արևն ուղղված շիրմաքարերին պատկերված են զինվորներ` զինվորական համազգեստով, Կալաշնիկովի ինքնաձիգներով ու այլ ինքնաշեն զենքերով: Կողք կողքի հանգչում են տղամարդիկ ու կանայք, ու սև գրանիտի վրա նրանց դեմքերը ուրվականներ են հիշեցնում՚,- գրում է ճանապարհորդը:

Այնուհետև լրագրողը պատմում է հինավուրց Տիգրանակերտ քաղաքի մասին, դեպի քաղաք տանող ճանապարհն անցնում է Ասկերանի բերդի միջով, որի աշտարակներն ու պատերը մեծ մասամբ պահպանվել են:

Բարձրաբերձ լեռներում է գտնվում նաև Վանք գյուղը, որը բարեկարգվել է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի հովանավորությամբ: Այստեղ նա կառուցել է զվարճությունների զբոսայգի, որի մեջ մտնում է ՙՏիտանիկ՚ նավի տեսքով կառուցված հյուրանոցը: Այնտեղ է գտնվում Արցախում միակ չինական ռեստորանը, իսկ շրջակայքը զարդարված է սյուրռեալիստական բազմազան քանդակներով: Ինչպես նշում է նորզելանդացի լրագրողը` բոլոր քանդակներից ամենաբացառիկը ժայռակերտ առյուծի գլուխն է:

Վանք գյուղի միջով կարելի է հասնել Գանձասարի հայտնի վանքը, որը կառուցվել է 13-րդ դարում: Այն  գյուղից վերև գտնվող բարձունքի վրա է, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի անտառապատ լեռներն ու հովիտը: 

Նա նաև նշում է, որ Տիգրանակերտ հասնելու համար պետք է անցնել Աղդամ (Ակնա) քաղաքի կողքով: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերն այնտեղից սկսել էին նաև հրթիռային արկակոծության ենթարկել Ստեփանակերտը: Բայց շուտով հայկական զորքերը հակառակորդին դիմադրություն ցուցաբերեցին ու ազատագրեցին քաղաքն ադրբեջանական ԶՈւ-ից, որպեսզի պաշտպանեն մայրաքաղաքի խաղաղ բնակիչներին:

Տիգրանակերտը հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հնագիտական ու պատմական օբյեկտ է: Այս հինավուրց քաղաքը վկայում է Արցախի հայկական պատկանելության մասին, քանի որ հիմնադրվել է Մեծ Հայքի արքա Տիգրանի կողմից: 1989-1994թ. ղարաբաղյան պատերազմի հետքերը կարելի է տեսնել գրեթե ամենուր: Այսպես, օրինակ` Շուշի քաղաքը, որը Ստեփանակերտից ավելի բարձր դիրքի վրա է, նույնպես տուժել է պատերազմի ժամանակ: Ադրբեջանական ԶՈՒ-ի համար այն ծառայում էր որպես յուրօրինակ միջնաբերդ: Մասնավորապես` գեներալ Ռահիմ Գազիևի հրամանատարության ներքո ադրբեջանական զորքերը Շուշի քաղաքից հրետանային ու հրթիռային արկակոծության էին ենթարկում Ստեփանակերտն ու նրա բնակիչներին:

Ինչպես ընդգծում է նյութի հեղինակը` պատերազմի ժամանակ ամենահերոսական իրադարձությունն ադրբեջանական զավթիչներից 1992թ. մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայ զինվորականների կողմից Շուշիի ազատագրումն էր: 

Այսօր Շուշիի բերդի պատերը, ինչպես և քաղաքի մեծ մասը, վերականգնված են: Քաղաքում վերականգնվել է նաև Ղազանչեցոց Մայր տաճարը, որը թվագրվում է 1887 թվականով:

 

panorama.am

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.