Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Դենիս ԴՎՈՐՆԻԿՈՎ. ՙԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԱՆՄՏՈՒԹՅԱՆ՚

Ադրբեջանական զինված ուժերի սադրանքը, որ տեղի ունեցավ Հայաստանի հետ սահմանին՝ հանրապետության Տավուշի մարզում, ագրեսիայի դրսևորում էր ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի նկատմամբ...

 Բառացիորեն նախօրեին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին, բավականին անհարմար իրավիճակ էր ստեղծվել։ Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատումը, որը պետք է դառնար Հայաստանի ներկայացուցիչը, տեղափոխվեց մինչև 2017թ. ապրիլ։ Այս իրադարձությունը խիստ հիվանդագին ընդունվեց Հայաստանում, քանի որ անզեն աչքով նկատելի էր, որ ՀԱՊԿ այնպիսի անդամներ, ինչպիսիք են Ղազախստանն ու Բելառուսը, բացեիբաց գործում են հօգուտ Ադրբեջանի։ Մի երկրի, որը պայմանագրում ընդգրկված չէ։Իրոք, Մոսկվայի ու Երևանի համագործակցությունը, այդ թվում և` ՀԱՊԿ-ի շրջանակներում, ադրբեջանական ղեկավարության համար վաղուց է գլխացավանք դարձել։ ՙԻսկանդեր Մ՚ համակարգի մատակարարումը, 200 մլն դոլարի սպառազինության վարկավորումը, զորքերի միավորված խմբավորումը և, իհարկե, ռազմական բազան Գյումրիում` այս ամենի հանրագումարը զրոյացնում է ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ։

Բաքվի ռազմավարական խնդիրն է ցանկացած գնով Հայաստանին պոկել Ռուսաստանից։ Ու ներկա դրությամբ ամենաակնհայտ միջոցը ՀԱՊԿ-ի վարկաբեկումն է։ ՀԱՊԿ-ն թույլ օղակ է, որը հայտնվել է Ալիևի ուշադրության կենտրոնում։ Հենց այդ պատճառով է, որ Բաքուն ձեռնարկեց երկու քայլից բաղկացած՝ միանգամայն նկատելի հնարանք։ Առաջին քայլը Հայաստանի ներկայացուցչի թեկնածության արգելափակումն էր, որն առաջ կբերի հայերի դժգոհությունը։ Երկրորդ քայլը Հայաստանի Հանրապետության՝ ՀԱՊԿ լիիրավ անդամ երկրի սահմանին անմիջապես սադրանք կազմակերպելն էր, ինչի հետ կապված արձագանքի բացակայությունը երաշխավորված էր։ Այս փուլը նոր տարվա նախօրեին հասարակության դժգոհությունն արդեն պետք է հասցներ լիակատար նյարդայնացման, ամրապնդեր հայերի նողկանքն այնպիսի կառույցի նկատմամբ, ինչպիսին ՀԱՊԿ-ն է։ Այս արդյունքին նրանք հասան, ուստի ադրբեջանական դիվերսիան, ըստ էության, կարելի է հաջողված համարել։ 

 Ալիևի հավանական ՙպլանի՚ հաջորդ փուլը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ հայերի զանգվածային ընդվզումների համար պայմաններ ստեղծելն է` այսպես կոչված ՙմայդանի՚ ձևաչափով։ 

Հայաստանի դեպքում ՙմայդանը՚ երկսայրի գործիք է։ Ռուսաստանի ու նրա փորձագիտական հանրության համար ՙմայդան՚ հասկացությունն իսկ արդեն վանող, ագրեսիվ հռետորաբանություն ու հայրենասիրական մոլուցք հրահրող երևույթ է։ Հայկական հասարակության համար ևս մեկ-երկու դեպք, որտեղ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը անողնաշար մոտեցում ցուցաբերեն ադրբեջանական բացահայտ ագրեսիայի նկատմամբ՝ զինվորների ու խաղաղ բնակչության կորուստների հետ, և լուրջ բողոքների դուռ կբացվի, որոնք իներցիայով կուղղվեն Ռուսաստանի հետ համագործակցության բոլոր ինստիտուտների՝ ներառյալ դեսպանատան ու խոշոր ընկերությունների դեմ։ Ամբոխի տրամադրությունը կղեկավարեն որոշ ԶԼՄ-ներ, որոնց մի մասն արդեն այսօր իր բովանդակությունը ստանում է թուրքական ու ադրբեջանական հովանավորներից՝ եվրոպական խողովակներով։ Կներգրավվեն ցանցում ակտիվ բազմաթիվ գործիչներ։ Այդ թվում և նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են, որ բարի գործ են անում երկրի համար, բայց փաստորեն խաղում են Ալիևի օգտին։ Անտարբեր չեն մնա և ռուսաստանյան գործիչները, որոնց վաղուց արդեն ՙմշակում են՚ Բաքվի գործակալները։ Շատերին հայտնի փորձագետներ ու պաշտոնյաներ կրակի վրա յուղ կլցնեն՝ շողոքորթելով ադրբեջանական ՙբազմադարյա՚ գործընկերներին և դժգոհ հայերին մեղադրելով հակառուսական հռետորաբանության մեջ։ Մի շաբաթվա ընթացքում ճոճանիվը կարելի կլինի շրջել դեպի անդառնալի հետևանքների կողմը։ 

Տվյալ բեմագիրը չափազանց հավանական է։ Պետք է պատրաստ լինել, որ այն կարող է իրագործվել ամառային շրջանում։ Այդ սպառնալիքը պետք է հաշվի առնեն և՜ Երևանում, և՜ Մոսկվայում։ Հակառակ դեպքում հետևանքները, իրոք, ճակատագրական կլինեն։

Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ¬ն համախմբող ինստիտուտից վերածվում է անհաշտության կենտրոնի, Ռուսաստանը պետք է ամենալուրջ հետևություններն անի։

Առաջին` ռազմական լուրջ նախագծի մեջ արժե՞ ներքաշել նրանց, ովքեր պատրաստ չեն լիովին կիսել քո արժեքային կողմնորոշիչներն ու աշխարհի տեսլականը։ Միգուցե պետք է գործել երկկողմ ձևաչափով։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամի հետ առանձին Ռուսաստանը միանգամայն կկարողանար համագործակցության եզրեր գտնել։ Ու՝ չափազանց արդյունավետ։

Երկրորդ՝ պետք է վերջապես ընդունել ակնհայտը։ Ադրբեջանին հարձակողական ծանր սպառազինություն վաճառելը, ըստ էության, դառնում է հավանական հակառակորդին սպառազինել։ Կարելի է որքան ասես կրկնել ՙԿասպիայում մեր ֆորպոստի՚ վերաբերյալ հմայախոսքը, բայց դեռ երեկ զոհվեցին երեք տղաներ՝ ՀԱՊԿ անդամ երկրի բանակի զինծառայողներ։ Զոհվեցին ադրբեջանական գնդակներից ու արկերից։ Ստացվում է, որ Ադրբեջանի համար Մոսկվան իր ներկա քաղաքական վիճակով այնպիսի գործընկեր չէ, որի հեղինակությունը բարձր գնահատելն իմաստ ունի։  Այդ դեպքում Մոսկվային պե՞տք են նման գործընկերներ, ովքեր իր թիկունքում կարող են անել ամեն բան, ինչը կցանկանա Ալիևի ձախ ոտքը։ 

Այո, տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանին պարզապես վտանգավոր է բաց թողնել ռուսաստանյան ազդեցության դաշտից։  Բայց նման խնդրահարույց գործընկերության համար կան այլ մեթոդներ՝ առևտուր, մաքսային հարցեր, սփյուռքի հետ կապված աշխատանք, բիզնես-նախագծեր, համագործակցություն Կասպիայում։ Դրանց համար, սակայն, պետք է աշխատեցնել ուղեղն ու կամքը։ 5 մլրդ դոլարի խորհրդային թնդանոթներ վաճառելու համար շատ խելք պետք չէ։ Բայց ահա այդ միլիարդներով կարելի է հեշտությամբ կորցնել ողջ Անդրկովկասը, գումարած Ռուսաստանի հարավը։

                                                                             REGNUM