[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել խաղաղ կարգավորման գործընթացը

 Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է մեկ տարի։ Ադրբեջանի ձեռնարկած  ռազմական ագրեսիայի և նրա հետևանքների մասին համապատասխան հետևություններ են արել ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, այնպես էլ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն ստանձնած գերտերությունները։ Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը, թերևս, այն էր, որ միանգամից հօդս ցնդեցին հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու ադրբեջանական պատրանքները, դրա հետ միասին՝ համաշխարհային ուժային կենտրոնների՝ Ադրբեջանը՝ որպես խաղաքարտ  օգտագործելու  ծրագրերը։  

Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիան հետ մղվեց հայ զինվորի մարտական բարձր ոգու շնորհիվ։  Առաջնագծի իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղություն պարտադրողը շարունակում է մնալ Պաշտպանության բանակը։ Հետապրիլյան գլխավոր իրադարձությունները միջնորդների նախաձեռնությամբ մայիս-հունիս ամիսներին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կազմակերպված Սարգսյան¬Ալիև հանդիպումներն էին։ Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպումն անց է կացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ, իսկ Ռուսաստանում այն եղել է եռակողմ՝ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև։ Դրանց կարևորությունը կայանում է նրանում, որ շեշտը դրվել է 1994-95 թվականների զինադադարի և նրա ամրապնդման մասին համաձայնագրերի իրագործման վրա։  Այդ նպատակով շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի ընդլայնումը դիտվել են որպես հրատապ խնդիր։

Մեկ տարի շարունակ հայկական կողմը խոսում էր նման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին, ինչը համահունչ էր Մինսկի խմբի մոտեցումներին, մինչդեռ ադրբեջանական կողմն անընդհատ խոչընդոտում էր դրան՝ հրաժարվելով իր միջազգային պարտավորություններից։  

Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի նախօրեին՝ մարտի վերջին տարածաշրջան ժամանեցին Մինսկի խմբի համանախագահները՝ վերահաստատելու, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։  Ըստ ընդունված ժամանակացույցի՝ նրանք այցելել են նաև  Ստեփանակերտ և հանդիպում ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ։ Քննարկվող հարցերից մեկը Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնմանն էր վերաբերում։ Այս մասին տեղեկացրել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։ Նա  իրազեկել է նաև ապրիլին Վիեննայում նախատեսված  ևս մեկ հանդիպման մասին։ 

ԱՀ Նախագահը համանախագահների հետ ունեցած զրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը, չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից։ 

Մարտի 28-ին, երբ Ստեփանակերտն ընդունում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայողը։  Միջնորդներն առանց երկմտանքի պետք է   արձանագրեն, որ այդ կրակոցն ուղղված էր ոչ միայն Արցախի,  այլև  հակամարտության խաղաղ կարգավորման  գործընթացի ու նաև միջնորդական առաքելություն իրականացնողների դեմ։  

Հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել նաև ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ օրերս Երևանում  լրագրողների հետ ունեցած զրույցի  և նրա  շեշտադրումների վրա։ Նա իրազեկել է, որ համանախագահները ցանկանում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, և այդ նպատակով նախ  որոշել են կազմակերպել արտգործնախարարների հանդիպում։ Ռ. Հոգլանդը խոսել է  բանակցային սեղանին դրված մի փաստաթղթի մասին, որը, նրա բնորոշմամբ, կարգավորման փոխադարձ ընդունելի տարբերակ է։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք այդ ծրագիրը նախաձեռնել է Ռուսաստանը, ամերիկացի միջնորդն ասել է, որ դժվարանում է պատասխանել։ Այժմ սեղանին դրված ծրագիրը ոչնչով չի տարբերվում նախկինում եղածներից։  Ըստ ամերիկացի համանախագահի՝ այդ ծրագիրը շատ լավն է և հավանության է արժանացել միջազգային հանրության կողմից։ ԵԱՀԿ համանախագահները և նրանց ներկայացրած երկրների  կառավարությունները դրան հավանություն են տվել։  

Ամերիկացի համանախագահի խոսքից հետևում է, որ գոյություն ունեցող տարբերակն ընդունելի է միջնորդների համար, սակայն պարզ չէ, թե ինչպես են դրան վերաբերվում հակամարտող կողմերը։ Այսինքն՝ միջնորդներն ունեն կոնկրետ տարբերակ, որի վերաբերյալ չեն ստացել կողմերի համաձայնությունը։ Չմոռանանք, որ միջնորդները տարբեր առիթներով  մշտապես ընդգծել են այն միտքը, որ իրենց առաքելությունը կողմերին առաջարկելն է և նրանց դիրքորոշումներն իրար մոտեցնելը։ Նրանք չեն կարող որևէ լուծում պարտադրել։ Եվ երկրորդ՝ միջազգային հանրություն ասելով ո՞ւմ է նկատի ունեցել Ռ. Հոգլանդը՝ հատուկ շեշտելով այս արտահայտությունը։ Միջնորդները լավ տեղեկացված են հակամարտության կարգավորման ադրբեջանական մոտեցումներին, որոնք երբեք չեն փոխվում։ Դա  այն է, ինչի մասին նրանց հետ խոսել է Արցախի Հանրապետության Նախագահը։  

Վերը շարադրվածի ընդհանուր համատեքստում պետք է դիտարկել մարտի կեսերին Փարիզում նախագահներ Ֆ. Օլանդի և Ի. Ալիևի հանդիպումը։ Ադրբեջանի նախագահն իր ելույթը կառուցել է ֆրանսիացի գործընկերոջ արտահայտած այն մտքի վրա, ըստ որի՝ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է։ Ի. Ալիևը, շարունակելով Ֆրանսիայի նախագահին՝ ասել է, թե ադրբեջանցիները նույն բանն են ասում՝ ստատուս քվոյի շուտափույթ փոփոխություն և ՙօկուպացված տարածքների՚ ու  ադրբեջանցի փախստականների վերադարձի ապահովում։  

Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրատվամիջոցը փարիզյան այցը մեկնաբանել է միանգամայն ինքնատիպ լեզվով՝ գրելով, որ պաշտոնական Բաքվի  դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարի դիրքորոշմանը.  առկա իրավիճակն այլևս անընդունելի է, հետևաբար, այն պետք է փոխվի։ Ադրբեջանական քարոզչամիջոցն, ի վերջո, եզրակացրել է՝ եթե Ադրբեջանն օգտվի իրեն վերապահված իրավունքից՝ ռազմական ճանապարհով վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, նրա նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվի։ 

Ոչ դիվանագիտական մակարդակով ասվել է այն, ինչ չէր կարող ասել Ադրբեջանի նախագահը համանախագահող պետությունում հյուրընկալության ժամանակ։ Միանգամայն պարզ լեզվով Ադրբեջանից իրազեկում են հետագա  սադրանքների և մի նոր  արկածախնդրության նախապատրաստման մասին։   

Անշուշտ, կարևոր հարց է, թե ստատուս քվոյի փոփոխությունն ինչպե՞ս է մեկնաբանվում Ադրբեջանի կողմից և ինչպե՞ս է դրան վերաբերվում պաշտոնական Ստեփանակերտը։ Ամեն ինչ հանգում է ՙտարածքների հանձնման՚ չարչրկված թեմային, որի առնչությամբ մի քանի անգամ արցախյան կողմը հանդես է եկել հստակ մեկնաբանությամբ։ Թե Արցախի ժողովրդի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածքների հանձնումը, պարզեցրել է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։ Ստեփանակերտում էլ դեմ չեն ստատուս քվոյի փոփոխության, ասել է նա, բոլոր ողջամիտ մարդկանց համար ստատուս քվոյի փոփոխություն նշանակում է մոտեցումների փոփոխություն։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ հետևանքներ կունենա ստատուս քվոյի փոփոխությունը։ Դ. Բաբայանի խոսքով՝ այն, ինչ այսօր կա, հետևանք է այն ստատուս քվոյի, որն ադրբեջանցիների գլխում գոյություն ուներ 70-80 տարի առաջ։ Դա Արցախի հայաթափումն է, արցախահայության ֆիզիկական բնաջնջումը։ Այդ ստատուս քվոն նրանց գլխում չի փոխվել։ Մենք ինչի՞ մասին կարող ենք խոսել, եթե Ադրբեջանը չի թաքցնում, որ  ուզում է  մեզ ոչնչացնել։ Նաև չի կարելի մոռանալ, որ արցախյան կողմի համար դրանք ազատագրված տարածքներ են։

 Այսպիսով, եթե Ադրբեջանի մոտ որևէ մեկը տեսնում է մոտեցումների փոփոխություն, կարող է մատնացույց անել և բարձրաձայնել այդ մասին։ Մեզ համար համոզիչ են փաստերն ու ալիևյան կլանի անփոփոխ վարքագիծը։  Մեր ժողովրդի՝ անկախ և ինքնիշխան պետություն ստեղծելու ձգտմանը Ադրբեջանը պատասխանեց պատերազմով։ Վերջինիս  արդյունքում արցախյան զինված ուժերն ազատագրեցին հայկական պատմական տարածքները։  Արցախն Ադրբեջանին չի խնդրել հարձակվել իր վրա։ 1994-ին հաստատված հրադադարը խախտվեց  անցյալ տարվա ապրիլին, երբ Ադրբեջանը երկրորդ ռազմական ագրեսիան  ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ։ Պաշտպանության բանակը երկրորդ անգամ հակահարված հասցրեց Ադրբեջանին՝ վերստին նրան պարտադրելով  խաղաղություն։ Ըստ ամենայնի, Իլհամ Ալիևը նախապատրաստում է  հերթական արկածախնդրությունը։ Արցախյան կողմն, ի գիտություն միջազգային հանրության և միջնորդների, ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ ադրբեջանական ոտնձգություններին պատասխանելու է ժամանակակից զենքով։ 

Ադրբեջանական դիվանագիտությունը մշտապես հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ ագրեսորի պիտակ կպցնել հայկական կողմին՝ մի կողմ դնելով իր ձեռնարկած ռազմական ագրեսիաները։ Նման դիվանագիտությունը նրան հաջողություն չի խոստանում։ Միջնորդական դիվանագիտությանն Արցախը արձագանքում է համարժեքորեն՝ ցույց տալով իր հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման հայեցակարգին և միջազգայնորեն ընդունված ձևաչափին։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ