Logo
Print this page

ՙՄարտական իրավիճակում գործելը մեր ծառայության համար անսովոր չէ...՚

ՙԱԱ՚-ի հյուրն է ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ գնդապետ Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆԸ 

 -Սենոր Ռաֆայելի, ապրիլյան պատերազմից անցել է շուրջ մեկ տարի... Դուք գլխավորում եք մի կառույց, որտեղ հավաքվում է համապարփակ տեղեկատվություն։ Ձեր կարծիքով` ապրիլյան պատերազմը փորձաքա՞ր էր մեզ համար, հնարավորությունների քննությո՞ւն, թե՞...

-Առաջին հերթին  ապրիլյան առճակատումը ես կորակեի որպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված սխալ հաշվարկների հետևանք, որը պարզորոշեց ոչ այնքան Արցախի զինված ուժերի հնարավորություններն ու պատրաստականության աստիճանը, որքան սեփական բանակի անճարակությունը։ Այլևս փաստ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած շուրջ մեկամսյա հրետանային ու զրահատանկային դիմակայության ընթացքում, եթե հակառակորդի կորպուսային միավորումները՝ ամենաժամանակակից սպառազինության և տեխնիկայի ներգրավմամբ, կարողացան իրականացնել սոսկ մեկ վաշտային ստորաբաժանման ծավալի  խնդիր, ապա Պաշտպանության բանակն, առանց իր հիմնական զորային և տեխնիկական հնարավորությունները կիրառելու, միայն մարտական հերթապահության ուժերով, կատարեց այն, ինչն ի վիճակի է կատարել գերազանց պատրաստված և իր պարտականություններին լավագույնս տիրապետող զինուժը։ Ի դեպ, սա ոչ թե իմ, այլև օտարերկրյա մի շարք ռազմական փորձագետների և վերլուծաբանների գնահատականն է։

-Դուք ամեն օր առաջնագծից թարմ տեղեկատվություն ունեք։ Ինչպե՞ս կգնահատեիք հասարակության` առաջնագծում տիրող իրավիճակի մասին իրազեկվածության աստիճանը:

-Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին ՊԲ մամուլի ծառայության կողմից պարբերաբար  տարածվող  հաղորդագրությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մեր հասարակության պահանջով, ինչը բնական է։ Մարդիկ հետաքրքրված են բոլոր այն զարգացումներով, որոնք տեղ են գտնում առաջնային գծում։ Կարծում եմ, որ տրամադրվող տեղեկությունները բավարար են այնքանով, որքանով հնարավոր է։ Իհարկե, հասարակությունը հակված է տեղեկանալու ավելիին, սակայն չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք մի ոլորտի հետ, որը ենթադրում է նաև գաղտնիություն։

-Ապրիլյան իրադարձությունները պարտադրեցին մի շարք սրբագրումներ կատարել ծառայողական այս կամ այն բնագավառում։ Այդ առումով ինչպիսի՞ նորամուծություններ են կատարվել Ձեր գլխավորած բաժնում։

-Նախ ասեմ, որ մարտական իրավիճակում գործելը մեր ծառայության համար անսովոր չէ, մանավանդ եթե փաստենք, որ այն ձևավորվել և ճանապարհ է անցել Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ Բայց դա չի նշանակում, որ ապրիլյան առճակատման օրերին մենք չունեցանք Ձեր նշած սրբագրումների անհրաժեշտությունը։ Դա առավելապես պայմանավորված էր նախ տեղեկատվության տարածման օպերատիվությունն ապահովելու հանգամանքով և, երկրորդ՝ այդ օրերին Արցախում գործող հայրենական և օտարերկրյա 100-ից ավելի լրատվամիջոցների աշխատանքը ճիշտ համակարգելու անհրաժեշտությամբ։ Ասեմ, որ այս և մյուս իրողությունները հաշվի առնելով, վերջերս ՊԲ-ում ստեղծվեց պահեստային տեղեկատվական կենտրոն, որը պատերազմի վերսկսման դեպքում կծառայի որպես լրագրողների ընդունելիության և վերջիններիս միջոցով հանրության շրջանում ռազմական տեղեկատվության օպերատիվ տարածման վայր։ 

-Պակաս պատասխանատու չէ նաև քարոզչական-տեղեկատվական  ճակատը։ Արտակարգ այդ իրավիճակում ինչպե՞ս կազմակերպեցիք բաժնի աշխատանքը, և ոչ միայն։ Փաստենք, որ ճիշտ ժամանակին ստեղծվեց Իրազեկման կենտրոնը։ Բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ այդ օրերին իրար հերթ չտալով շտապում էին առաջնագիծ։ Ինչպե՞ս համակարգվեց նրանց աշխատանքը։ 

-Այստեղ կցանկանայի հատուկ շեշտել ոչ միայն բանակի տեղեկատվության բաժնի, այլև Արցախի տարբեր գերատեսչությունների մամուլի ծառայությունների և, ընդհանրապես, տվյալ քարոզչա-տեղեկատվական ճակատում ներգրավված լրատվամիջոցների կատարածը։ Հենց բոլորիս միջև ստեղծված փոխըմբռնման և ներդաշնակ գործողության արդյունքում հնարավոր եղավ ապրիլյան առճակատման առաջին իսկ ժամերից նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը և տեղեկատվական ճակատում լինել թելադրողի դերում։ Իսկ դրա ամենավառ ապացույցն այն է, որ միջազգային հանրությունը հերթական անգամ համոզվեց ադրբեջանական շինծու քարոզչության մեջ, որը սկզբից ևեթ ճգնում էր կատարվածի, ասել է թե՝ մարտական գործողությունների վերսկսման մեղքը բարդել հայկական կողմի վրա, իսկ ապա նաև` սեփական հանրությանը ՙգոտեպնդելու՚ նպատակով, ստահոդ լուրեր տարածել մարտադաշտում ունեցած իր ռազմական ՙհաջողությունների՚, մասնավորապես՝ Թալիշ և Մատաղիս գյուղերի նկատմամբ իր վերահսկողությունը սահմանելու մասին։

-Որո՞նք էին այն հիմնական թերությունները, որոնք բացահայտվեցին ապրիլյան պատերազմի օրերին, ինչից անհրաժեշտ է դասեր քաղել ու հետևություններ անել։ Ի՞նչ անել, որ ժամանակն աշխատի մեր օգտին և պատրաստ լինել սպասվելիք փորձություններին։ 

-Յուրաքանչյուր պատերազմ ունի իր առանձնահատկությունը, իսկ մեր պատերազմը՝ առավել ևս, քանի որ մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որը ցանկացած պահի կարող է դրժել անգամ ամենաբարձր մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունը և թիկունքից հարվածել։ Ավելին, մենք գործ ունենք այն հակառակորդի հետ, որն իր ողջ գոյության ընթացքում սովոր է առաջնորդվել մռայլ միջնադարին հատուկ օրենքներով, ասել է թե՝ սպանել, իսկ ապա նաև՝ գլխատել... Այս իրողության պայմաններում մենք պարտավոր ենք ոչ միայն չոր պահել վառոդը, այլև մեր հնարավորություններով ու մասնագիտական ունակություններով (այդ թվում՝ լրագրողական) մշտապես պատրաստ լինել իրադրության ցանկացած զարգացումների։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.