[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐ. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՑԱՆՑ, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱՎՏՈՐԻՏԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻՑ

ՙԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գոյության ողջ պատմության ընթացքում խոշորագույն սկանդալը ջրի երես դուրս չէր գա, եթե Միլանի բանկերից մեկն ուշադրություն չդարձներ կասկածելի փոխանցումների վրա։ Ֆինանսական գործողությունները, որոնցում հիշատակվում էին վեցանիշ գումարներ, իրականացվում էին Բալթյան երկրների ու Մարշալյան կղզիների բանկերի միջոցով:

Միլանի դատախազությունը հետաքննություն սկսեց։ Այն, ինչ քննիչներին հաջողվեց պարզել, պայթած ռումբի ազդեցություն ունեցավ։ 

Ընկերությունը, որի համար նախատեսված էին փողերը, պաշտոնապես պատկանում էր Եվրոպայի խորհրդում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի կնոջը։ 2012-2014թթ. ընկած ժամանակահատվածում Լուկա Վոլոնտեն ընդհանուր առմամբ ստացել է 2,39 միլիոն եվրո. ըստ քննիչների տեղեկությունների՝ գումարներն ստացվում էին ավտորիտար Ադրբեջանից։ 2017թ. ապրիլին Վոլոնտեն դատարանի առաջ կկանգնի` փողերի լվացման մեղադրանքով՚,- գրում է հրապարակման հեղինակ Կլաուդիա ֆոն Զալցենը։ Ինչպես նշում է լրագրողը՝ վերջին տարիներին Ադրբեջանն առավելագույն ջանքեր է գործադրել, որպեսզի խուսափի Եվրոպայի խորհրդի պաշտոնական բացասական վճռից՝ կապված մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի հետ։ 

ՙԱյդկերպ ադրբեջանական խորհրդարանականները կարող էին մի փոքր հաղթանակ տոնել, երբ 2013թ. հունվարին քվեարկության ժամանակ անսպասելիորեն տապալվեց Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին գերմանացի Քրիստոֆեր Շտրասերի զեկույցը։ Վերջին տարիներին գնալով ավելի շատ փաստեր են խոսում հօգուտ այն բանի, որ իրավիճակի նման զարգացման մեջ իր դերակատարությունն ունեցավ նաև, այսպես կոչված, ՙխավիարային դիվանագիտությունը՚։ Սակայն պատգամավոր Վոլոնտեի գործում խոսքը միայն խավիարի ու շքեղ գորգերի մասին չէ։ Նախկին խորհրդարանականը խոստովանել է, որ ստացել է 2,39 մլն եվրո, բայց հերքում է այդ գումարի ու Եվրոպայի խորհրդում իր գործունեության միջև ցանկացած կապ։ Նրա խոսքով՝ այդ փողերը ոչ այլ ինչ են, քան վարձատրություն այն խորհրդակցությունների համար, որոնք նա ցուցաբերել է Ադրբեջանի դեսպան Էլհան Սուլեյմանովին՚,- ընդգծվում է նյութում։ 

Նշվում է, որ Լուկա Վոլոնտեի հետ կապված այս պատմությունն սկսվել է 2011թ. հուլիսին Ադրբեջան կատարած նրա այցելությունից հետո։ Սուլեյմանովի հետ հանդիպումից հետո երկու պատգամավորները կապ էին պահպանում, ու շուտով Վոլոնտեն առաջարկեց Ադրբեջանի միջազգային հեղինակության բարելավմանն ուղղված հայեցակարգ։

Երբ 2012թ. մայիսին ՙԵվրոպական կայունության նախաձեռնություն՚ կազմակերպությունն առաջին անգամ սկսեց խոսել ՙխավիարային դիվանագիտության՚ մասին՝ դրանով իսկ անհանգստություն առաջացնելով Եվրոպայի խորհրդի ներսում, Վոլոնտեն ներքին գործածության փաստաթղթում հայտարարեց, որ ՙկոռուպցիոն բաղադրիչի ապացույցներ գոյություն չունեն՚։

2012թ. դեկտեմբերին՝ Շտրասերի զեկույցի շուրջ քվեարկությունից մի քանի շաբաթ առաջ, Վոլոնտեն ադրբեջանցի լոբբիստ Մուսլում Մամադովին հասցեագրված նամակում մանրամասն բացատրում է, թե որ ՙընկերները՚ պետք է ելույթ ունենան բանավեճերի ընթացքում։ Վոլոնտեն, գրում է հոդվածի հեղինակը, դիմում է իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտին, ով ներկայիս ԵԽԽՎ նախագահն է ու ցուցումներ տալիս, թե ինչպես պետք է քննադատել քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը։ Հենց դեկտեմբերին Վոլոնտեն ստանում է գումարային առաջին փոխանցումը: ՙՇտրասերի զեկույցի տապալումից հետո Վոլոնտեն սկսեց մտահոգվել` մտածելով թե վերջ կտրվի շահավետ բարեկամությանը։ Շուտով հենց Վոլոնտեն անսպասելիորեն դառնում է քաղբանտարկյալների վերաբերյալ նոր զեկույցի նախաձեռնող։ Բայց մեկ օր անց հետ է կանչում իր հարցումը։ ՙՔո յուրաքանչյուր ցանկությունն ինձ համար հրաման է՚,- գրում է նա իր ՙկապավոր՚ Մամադովին։ Մնացած բոլոր մանրամասները, ամենայն հավանականությամբ, քննարկվել են, երբ Բաքվում անձամբ հանդիպել է Սուլեյմանովի ու ռուս պատգամավոր Ալեքսեյ Պուշկովի հետ՚,- գրում է ՙTagesspiegel՚-ը։

Պարբերականի հաղորդագրությամբ՝ պատմությունը կարող էր այսքանով ավարտվել, եթե խոսքն իրականում ընդամենը մի պատգամավորի ենթադրյալ անօրինական գործողությունների մասին լիներ։ Սակայն ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության փոխնախագահ Ֆրանկ Շվաբեն մտավախություն ունի, որ սկանդալն ավելի մեծ ծավալների է։ ՙԿան կասկածներ, որ կոռուպցիայի ծավալներն ավելի մեծ են ու չեն սահմանափակվում միայն Լուկա Վոլոնտեի գործողություններով՚,-նշում է Շվաբեն։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ Վոլոնտեի հետ կապված սկանդալն ավելի խոշոր խարդախության մի մասն է միայն: Սխեմայում ներգրավված նենգամտորեն ստեղծված ընկերություններն ու քննչական փաստաթղթերում հիշատակվող գումարները թույլ են տալիս ենթադրել, որ խոսքը մի համակարգի մասին է, որը ծառայել է ոչ միայն իտալացի պատգամավորին վճարելու համար:

Սակայն, ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Եվրոպայի խորհրդում սկանդալի հանգամանքների հետաքննությունը դժվարությամբ է առաջ գնում։ Այսպես, ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը փորձել է նվազեցնել սկանդալի կարևորությունն ու հայտարարել ՙանձի պատվի ու հեղինակության հանդեպ անօրինական հարձակումների՚ մասին։ Իսկ ԵԽԽՎ նախագահությունը հետաձգել է որոշման կայացումն այն հարցի շուրջ` արդյոք պետք է սկսել անկախ հետաքննություն:

Ու խոսքն արդեն վաղուց միայն Ադրբեջանի մասին չէ։ ՙՆերկայումս Եվրոպայի խորհրդում գոյություն ունի մի ամբողջ ցանց, որը պաշտպանում է ավտորիտար  միտումներով պետությունները քննադատական գնահատականներից։ Այսպես, հունվարին միտումնավոր խոչընդոտներ էին ստեղծվել Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ բանավեճերի համար՚,- հավելել է Շվաբեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՙԵվրոպական կայունության նախաձեռնությունը՚ հրապարակել էր Ադրբեջանի վերաբերյալ հետաքննության երկրորդ մասը` ՙԽավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ՚ անվանմամբ, որում ներկայացվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաների աղաղակող փաստեր, որոնցում ներգրավված են եվրոպական բարձրաստիճան քաղաքական գործիչներ։ Հետազոտության մեջ նկարագրվում է իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեի հետ ադրբեջանական իշխանությունների կապը, ով շուրջ 3 մլն եվրո է ստացել Ադրբեջանից՝ ՙիր կեղտոտ լոբբիստական ծառայությունների դիմաց՚։ Հետքերը տանում են նաև դեպի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը, ով 2003, 2005, 2010 և 2013թթ. եղել է Ադրբեջանում՝ ընտրությունների ժամանակ որպես  դիտորդ ու միշտ պաշտպանում էր Բաքվին, երբ խոսք էր գնում այդ երկրում մարդու  իրավունքների խախտումների մասին։ 

panorama.am