[ARM]     [RUS]     [ENG]

Դավիթ Բաբայան. Մամեդյարովը սպեկուլյացիայի է ենթարկում

Սանկտ-Պետերբուրգում ձեռք են բերվել Արցախաադրբեջանական շփման գծում խաղաղության և կայունության պահպանման հարցերի շուրջ պայմանավորվածություններ, իսկ բանակցությունները շարունակ տապալում է ոչ թե հայկական կողմը, այլ Ադրբեջանը:

Անդրադառնալով ռուսական «Նիզավիսիմայա գազետա»-ում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեղինակած հոդվածի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տեսակետներին, նշել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ «Նեզավիսիմայա Գազետա»-ում հրապարակվել է հոդված Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հեղինակությամբ, որում վերջինս անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը նշել է, թե Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները «որոշակի հույսեր էին ներշնչել, որ հայկական զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու ձգձգվող հարցը դրական լուծում կստանա։ Սակայն, ցավոք սրտի, այդ հանդիպումից հետո Հայաստանը ամեն կերպ, տարբեր պատճառաբանություններով խուսափում է բանակցությունները շարունակելուց»։

«Նախ և առաջ և Սանկտ-Պետերբուրգում և Վիենայում նախագահների մակարդակով հանդիպումները եղել են ապրիլյան պատերազմից հետո: Այսինքն` հիմնական շեշտը չէր կարող դրվել կարևորագույն, բարդագույն այնպիսի հարցերի վրա, ինչպիսին սահմանների, զորքերի դուրս բերման, կամ կարգավիճակի հարցն է: Իսկ Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում, անմիջապես պատերազմից հետո հիմնական շեշտը դրվել է կոնկրետ խաղաղության և կայունության պահպանման և այդ առնչությամբ մեխանիզմների ներդրման վրա, մասնավորապես ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցն է, նրանց տեղակայման հետ կապված խնդիրներն են և այլն: Որևէ այլ հարց չի քննարկվել»,- նշեց Բաբայանը և ընդգծեց, որ Մամեդյարովը սպեկուլյացիայի է ենթարկում:

Բաբայանի խոսքով, Ադրբեջանն է տապալում բոլոր բանակցությունները:

«Այս առումով այդ տապալելը ոչ միայն բանակցություններից հրաժարվելն է, այլ նաև թեմաների խեղաթյուրումն է: Ինչը, որ իր հոդվածում արել է Մամեդյարովը: Սա համանախագահների և միջազգային հանրության համար պետք է վիրավորական լինի: Բոլորն էլ գիտեն, թե ով է իրականում տապալում բանակցությունները»,- նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ Մեհրիբան Ալիևայի հայտարարությանը՝ ուղղված հայ մայրերին, Բաբայանը նշեց, որ անգամ նման կերպ խաղաղության մասին խոսելիս Ադբեջանում չեն փոխում հայատյացության իրենց մոտեցումները, սա նշանակում է, որ նպատակը մեկն է նորից ցեղասպանություն իրականացնել:

«Բազմիցս հայտարարել ենք, որ չի կարող լինել վերադարձ անցյալին: Եթե այն ժամանակ Արցախյան հիմնախնդիրը գտնվում էր այն պայմաններում, որ սահմանների հարց չկար, մենք տեսանք, թե ինչեր արվեցին Ադրբեջանի կողմից Բաքվում, Սումգայիթում, ինչպես հայաթափվեցին Հարավային և Հյուսիսային Արցախը, մենք տեսանք 1991-94թթ. պատերազմ և վերջապես տեսանք ապրիլյան պատերազմ, մենք տեսանք հանցագործների և մոլագարների հերոսացում Ադրբեջանի կողմից, որոնք գլխատում էին մեր զինվորներին: Այս իրավիճակում խոսել այլ քայլերի մասին, ուղղակի, ճիշտ չէ»,- նշեց Բաբայանը: