Logo
Print this page

Ռիչարդ ԱՆԱՆՅԱՆ. ՙԻՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՎԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷԻՆ ...՚

Սա  Ալֆորվիլն է, ֆրանսիական հայաշատ մի  քաղաք, որն իր կոլորիտով հիշեցնում է մեր Աշտարակ քաղաքը։ Համեմատությունս պատահական  չէր։

Եթե հիշում եք` Երևան-Աշտարակ ավտոբուս կար,101 համարի տակ, Ալֆորվիլում 103 համարն է, և կանգառներից մեկը կոչվում է Աշտարակ։ Այստեղ հայերը բնակություն են հաստատել Հայոց ցեղասպանության տարիներին...

Հայկական  ռադիոն, որտեղ ես աշխատում  եմ, գտնվում  է Ալֆորվիլում։ Նոր էի եկել  Ֆրանսիա, առաջին անգամ, երբ  ռադիոխմբագրություն եմ որոշել գնալ, մտահոգված  էի, թե ինչպես  պետք է գտնեմ այն, դեռ լեզվին լավ  չէի տիրապետում: Ամուսինս ասաց. ՙՀանգիստ եղիր, այստեղ շատ  հայեր կան, մեկին կհարցնես, ռադիոյի  տեղը ցույց կտա՚։ Անկեղծ  ասած` որպես կատակ ընդունեցի ամուսնուս խոսքը, բայց,  իրոք, այդպես  էլ եղավ...

...Եվ արդեն  քանի տարի աշխատանքի գնալիս ու վերադառնալիս, ականջս շոյվում է հայերեն բառեր լսելիս... 

Հին հայեր ու նոր  հայեր, խառն են իրենց բնույթով ու կեցվածքով... Ամեն  օր հայի մի կերպար եմ բացահայտում, կարևորն այն է, անկախ ամեն  ինչից, բոլորին տեսնում եմ հարազատի աչքերով, մտովի հյուսում նրանց  կյանքի պատմությունը, գիտակցում ամեն  դժվարություն։ 

Այսպես,  օրը-օրին, հասկացա, որ քաղաքը, ուր բնակվում են մեր հայերը, մի փոքրիկ Հայաստան է։

Ալֆորվիլի նախկին ու ներկա քաղաքապետները շատ  են սիրում (այո, այս բառը տեղին  եմ համարում)  իրենց հայ բնակիչներին։

Առաջինը` որ մենք  ունենք դարավոր մշակույթ, երկրորդ` մենք  ուրիշներից տարբերվում ենք  մեր բարձր  ճաշակով  ու մաքրամաքուր կենցաղով։ Բարձր  գիտակցություն և ոսկի ձեռքեր։ Այս երկու կարևոր հատկանիշներով հայն ամենուր իր կնիքն է թողել օտար երկրներում, արարել ու շենացրել իր օջախը, պահպանել իր լեզուն, իր ավանդույթները...

Հայ-ֆրանսիական բարեկամության,  հայերի գործունեության մասին է իմ հարցարույցը Ալֆորվիլի փոխքաղաքապետ 

Ռիչարդ ԱՆԱՆՅԱՆԻ հետ։

Ծնվել է 1948թ. Փարիզում։  1922թ. ծնողները Արևմտյան Հայաստանից գաղթել են Բուլղարիա, այնուհետև, 1925թ., տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել  Ալֆորվիլում։

Ստանալով շինարարի  կրթություն, Ռիչարդ Անանյանը զբաղվում է շինարարական աշխատանքներով, միաժամանակ լինելով ՙՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ՚-ի, այնուհետև`  ՀՅԴ-ի և Հայ մշակույթի  տան հանձնախմբի մեջ։

-Ե՞րբ եք սկսել աշխատել  Ալֆորվիլի քաղաքապետարանում։

-1989-ից`  որպես  խորհրդական և 2006-ից` փոխքաղաքապետ։

Ալֆորվիլ քաղաքի  բնակչության մոտավոր թիվը  45 հազար է,  հայերի թիվը հասնում է 7-8 հազարի։

Շատերն այստեղ հաստատվել են Հայոց ցեղասպանությունից հետո։

Տղաս` Սևանը, որ պատմության պրոֆեսոր է, գիրք է հրատարակել. ՙLes armeniens d’ Alfortville՚,   ՙՀայերն Ալֆորվիլում՚ (1918-1947 թթ.):

Երբ  Հայաստանն  անկախացավ, այդ տարիներից ի վեր նոր շրջան  սկսվեց, և շատ հայեր եկան ու հաստատվեցին Ալֆորվիլում:

-Ինչո՞վ էին զբաղվում հայերը, երբ նոր էին եկել (խոսքս 1915-1918թթ. մասին է)։

 -Եկավ աշխատասեր մի ժողովուրդ և սկսեց նոր կյանք։ Մարդկանց մեջ ապրելու և արարելու անսպառ եռանդ կար։ 

Տղամարդիկ ցերեկն աշխատում էին գործարաններում, երեկոյան իրենց կանանց օգնում տնային, ձեռագործ աշխատանքներում, այդպես աստիճանաբար դասավորեցին իրենց կյանքը, միաժամանակ լեզու սովորեցին, իրենց զավակների կրթությունն ապահովեցին, հայկական կազմակերպություններ ստեղծեցին, որպեսզի առնչվեն միմյանց հետ, այսպես ձևավորվեց ու դարձավ մեծ համայնք։

Ցավոք, այսօր էլ դեռ շարունակվում է արտագաղթը, ամեն երկրից էլ գալիս են, միայն հայերը չեն, այս առումով, Ալֆորվիլը բազմազգ քաղաք է։

Հային հայ պահելն է մեր խնդիրը, կարծում եմ, դեռ հաջողվում է։ Դրա վկայությունն է Ալֆորվիլում հայկական նոր դպրոցի կառուցումը։

Մշակութային կյանքը բավական աշխույժ է։

-Ե՞րբ ծնվեց Ալֆորվիլի և Օշականի քույր քաղաքների գաղափարը։

 -1993թ. Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Ռընե Ռուքեն ցանկություն հայտնեց Աշտարակի հետ դառնալ քույր քաղաքներ, ու քանի որ Ալֆորվիլում արդեն ունեինք Մեսրոպ Մաշտոցի անունը կրող կրթարան, որոշվեց քույր քաղաքներ դառնալ Օշականի հետ։ Առաջին մեր ծրագիրը, որ իրականացրինք, Օշականի դպրոցի վերանորոգումն էր։ Բայց ամեն ինչ այնքան հին էր ու ոչ պիտանի, կարելի է ասել, մի նոր դպրոց կառուցեցինք։

Մշակութային այլ ծրագրեր նույնպես կյանքի կոչեցինք, սերտ բարեկամությունը շարունակվում է։ Հիմա  Ալֆորվիլի քաղաքապետը Լուկ Կաղվունասն է, նա նույնպես հայանպաստ ծրագրերի ջատագով է։

-Ռընե Ռուքեն արդեն իսկ ճանաչված ու սիրված է հայ ժողովրդի կողմից։

Հայոց Ցեղասպանության ճանաչման և Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում նա բավականին աշխատանքներ է տարել, մի քանի անգամ եղել է Արցախում, վերջերս Դուք էլ էիք գնացել այդ խմբի հետ, ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունը։

-Նախ ասեմ, որ Ռընե Ռուքեն հայ ազգի լավագույն բարեկամներից է, որովհետև փոքր տարիքից շփումներ է ունեցել հայերի հետ և մոտիկից ծանոթ է մեր դարավոր մշակույթին ու պատմությանը։ Երբ Ռընե Ռուքեն գնում է Հայաստան, նրան ընդունում են այնպես, ինչպես Ֆրանսիայի նախագահին կընդունեն։ Լուկ Կաղվունասը  ծագումով հույն է, ընտանիքն արտագաղթել է Իզմիրից, բնակություն հաստատել Ալֆորվիլի հայաշատ թաղամասում, հայերի հետ շփումներն աստիճանաբար վերածվել են սերտ բարեկամության։ Գնահատում է մեր արժեքները, մեր մեծերին։

Իմ տպավորություններն Արցախում բավական հետաքրքիր էին, մտածում  ենք  Արցախի որևէ քաղաքի հետ մշակութային, բարեկամական ծրագրեր կազմել: Արցախն ավելի շատ ունի հայ ժողովրդի հոգածության կարիքը:  25 տարի է նորանկախ երկիրը պատերազմի մեջ է: Գրեթե ամեն  օր զինվոր է զոհվում: Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ միջազգայնորեն ճանաչվի Արցախի  անկախությունը:

-Պարոն Անանյան, կարծում եմ, մեկ հարցազրույցով անհնար է անդրադառնալ բոլոր ցավոտ կողմերին, այնուամենայնիվ, ամենամյա համահայկական դրամահավաքի մասին  կուզենայի իմանալ Ձեր կարծիքը, արդյո՞ք սփյուռքը չի հոգնել դրամ տալուց:

 -Անկեղծ ասած, երբ նման խոսք է լինում, ես բերում եմ հրեաների օրինակը: Նրանք երբեք չեն դադարում իրար օգնելուց: Նրանց տարեկան դրամահավաքը միլիարդի է հասնում, իսկ մենք մի քանի միլիոնով ուրախանում ու հպարտանում ենք: 

Մենք պետք է էլ ավելի հզորացնենք մեր ուժերը Հայաստանի և Արցախի տնտեսական ու մշակութային կապերն ամրապնդելու համար թե՜ նյութապես և թե՜ բարոյապես:

 

Անժելա ՍԱՀԱԿՅԱՆ

 Փարիզի հայկական ռադիոյի (AYP FM) մեկնաբան

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.