ԱՐՑԱԽԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՙԴաշնակցություն՚ խմբակցությունը մայիսի 5-ին ՙԱրմենիա՚ հյուրանոցի կոնֆերենց դահլիճում անցկացրեց կլոր սեղան՝ ՙԱշխարհաքաղաքական իրողությունները և Արցախին սպառնացող վտանգները՚ թեմայով, որին հրավիրված էին խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ։ 

 Տարածաշրջանային իրողությունների և գլոբալ մարտահրավերների պայմաններում Արցախի կուսակցությունների միասնական դիրքորոշումն առավելագույնս է կարևորվում։ Մեզ մոտ, առհասարակ, երկրի ապագային վերաբերող հարցերում կուսակցական տարաձայնություններ գոյություն չունեն։ Այդուհանդերձ, մշտապես անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ աշխարհաքաղաքական իրողությունները, Արցախին սպառնացող վտանգները և ձեռնարկել դրանցից բխող գործողություններ։ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն իր ելույթում նախևառաջ այս միտքն ընդգծեց՝ շեշտելով նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը։

Բանախոսն անդրադարձավ ռուս-թուրքական հերթական մերձեցմանը՝ վկայակոչելով պատմական այն իրողությունը, որ երկու երկրների հարաբերությունների յուրաքանչյուր նոր մակարդակը հետին պլան է մղում հայկական հարցը։ ԱՀ քաղաքական բոլոր ուժերն այս իրողությունը պետք է հաշվի առնեն և համապատասխան եզրահանգումներ անեն։ Խորհելու տեղիք է տալիս նաև ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի փակումը, ինչին կուսակցական գործիչը հորդորեց լուրջ վերաբերվել։ Բաքվի գրասենյակը, ինչպես հայտնի է, փակվել է ավելի վաղ։ Իրադարձությունների նման ընթացքը չի կարող իր ազդեցությունը չունենալ հայկական արտաքին քաղաքականության վրա։ Ստեղծված իրավիճակում կուսակցությունների առջև ծառանում է անելիքները հստակեցնելու, ինչպես նաև գործողությունների որոշակի ուղեցույց մշակելու խնդիրը։ 

Արցախի Արմենական կուսակցության նախագահ Բորիս Առուշանյանը վկայակոչեց մի կողմից տարածաշրջանային խոշոր խաղացողներ Թուրքիայի և Իրանի միջև առկա հակասությունները, մյուս կողմից՝ համաշխարհային ուժային կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև լարվածության խորացումը և դրանց անմիջական ազդեցությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վրա։ Հիմնական սպառնալիքը թուրք-ադրբեջանական տանդեմն է, որին գումարվում են ռուս-թուրքական մերձեցմամբ պայմանավորված վտանգները։ Պակաս կարևոր չէ տարածաշրջանային կարևոր դերակատար Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների և Իսրայելի վերաբերմունքը, ինչը չի բացառում ուժային մեթոդների կիրառման հնարավորությունը։ ՙԻսլամական պետության՚ գործոնն էլ իր հերթին ենթադրում է նոր մարտահրավերներ։ Արցախին սպառնացող վտանգները, ըստ կուսակցության ղեկավարի, կախված են ռուս-թուրքական մերձեցումից և Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից մշակվող քաղաքականությունից։ Մեր հույսը պետք է դնենք մեր ներուժի և Սփյուռքի օժանդակության վրա։ Ռազմական ներուժի բազմապատկում, քաղաքական հարթությունում՝ միասնական քայլերի ձեռնարկում, հայ մեծահարուստների անձնական միջոցների օգտագործում՝ հանուն համազգային նպատակների. հայ քաղաքական միտքը պետք է կենտրոնանա այս ուղղությունների վրա։ Ինչ վերաբերում է  ԱՄՆ-ի և ՌԴ-ի՝ Արցախի հանդեպ վարվող քաղաքականությանը, պատասխանը պետք է լինի կոշտ ու վճռական։ Եթե Ռուսաստանը Հայաստանին համարում է ռազմավարական դաշնակից և միաժամանակ հավասարության նշան դնում նրա և Ադրբեջանի միջև, ապա դա մեզ համար անընդունելի է։ Կուսակցության ղեկավարն ավելորդ չհամարեց հիշեցնել ռուսական կողմից մի քանի անգամ հնչեցված հայտարարությունը. հակամարտության գոտում նոր սրացման և ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՌԴ-ն Երևանին չի պաշտպանի։ Արդյո՞ք, սա չի ստիպում հայ հանրությանը ևս մեկ անգամ խորհելու դաշնակից կոչված պետության քաղաքականության շուրջ։ Ռուսաստանի ղեկավարության առջև կոնկրետ խնդիրներ պետք է դրվեն, մատնացույց արվեն դաշնակցային հարաբերություններին անհարիր նրա քայլերը։ 

Անհնար է Արցախի առջև ծառացած խնդիրներն առանձնացնել համահայկական խնդիրներից, կարծում է  Արցախի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արևիկ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ ներկա բարդ իրավիճակում առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում Հայաստանի տնտեսական զարգացումն ու ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործումը։ Նա շոշափեց նաև ռուս-թուրքական հարաբերությունները՝ ասելով, որ այսօրվա իրավիճակը գրեթե չի տարբերվում 20-րդ դարասկզբին ստեղծված իրադրությունից։ Թուրքիան և ՌԴ-ն դարձյալ իրենց շահերն առաջ են տանում Հայաստանի հաշվին։ Օրվա հրամայականը ՀՀ-ի տնտեսական ներուժի ուժեղացումն է և այդ նպատակով համահայկական բոլոր ռեսուրսների կենտրոնացումը։ 

Ռազմական փորձագետ, ՙԱշխարհ՚ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչ Արզումանյանը հռետորական հարց հնչեցրեց. ի՞նչ է ուզում Արցախը, ի՞նչ է ուզում Հայաստանը, և որո՞նք են համայն հայությանը մտահոգող գլոբալ խնդիրները։ Մեր իրականության մեջ հայտնի բոլոր կուսակցությունների գլխավոր նպատակը, նրա բնորոշմամբ, իշխանության մաս կազմելն է, մեզ համար այնքան էլ պարզ չեն դրանց գործունեության քաղաքական ու գաղափարական վեկտորները։ Գլոբալ փոփոխությունների և մարտահրավերների ժամանակաշրջանում դա անընդունելի երևույթ է։ Մերձավոր Արևելքում սկսվել է Սիրիայի տրոհման գործընթացը, մինչդեռ մեզ հայտնի է, որ Ռուսաստանը Բաշար ալ Ասադին խոստացել էր ամեն գնով պահպանել նրա իշխանությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։ Նույնպիսի խոստում Կրեմլը տվել էր նաև Դոնբասին, հետո էլ՝ մոռացել այդ մասին։ Զարմանալու բան չկա, քաղաքականություն է, ասաց փորձագետը՝ հավելելով, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր չեն թաքցնում Մեղրիի միջանցքով միավորվելու իրենց նկրտումները։ Այդպես են նրանք պատկերացնում իրենց ապագան, իսկ հայկական կողմը նման իրավիճակում խոսում է միայն ստատուս քվոյի պահպանման մասին։ Նախիջևանը երբեք չպիտի մոռացության մատնվի, Արցախը պիտի դառնա համահայկական գլոբալ խնդիրների քննարկման կենտրոն։ Այս գործընթացներում ՀՅԴ-ն՝ որպես ավանդական ազգային կուսակցություն, կրում է ավելի մեծ պատասխանատվություն։ Մինչդեռ Դաշնակցությունն այսօր կորցնում է իր հետաքրքրությունը հայ հանրության շրջանում, քանի որ չի կարողանում ձևավորել համահայկական քաղաքական օրակարգ, չի դնում համազգային խնդիրներ։ 

ԱԺ ՙՎերածնունդ՚ խմբակցության նախագահ Հայկ Խանումյանի կարծիքով՝ ներքին ու արտաքին խնդիրները չի կարելի առանձնացնել իրարից, քանի որ դրանց միջև անմիջական տրամաբանական կապ գոյություն ունի։ Այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, կանխատեսվել էր շատ ավելի վաղ։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բազմազգ, բազմակրոն, կենտրոնացված և կառավարման ճգնաժամ ապրող պետությունների կործանումն անխուսափելի է։ Տարածաշրջանին սպառնացող լուրջ վտանգ է անվերահսկելի, ռազմականացված այնպիսի միավորի ստեղծումը, ինչպիսին ՙԻսլամական պետությունն՚ է։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն Արցախի դեմ օգտագործում է ԻԼԻՊ-ի խմբավորումներում կռված իր քաղաքացիներին՝ նրանց ընդգրկելով դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումներում։ 

ՙժողովրդավարություն՚ խմբակցության անդամ Դավիթ Մելքումյանն իր կողմից նշեց Ադրբեջանի պես պետության հետ քաղաքական երկխոսության անհնարինությունը։ Թշնամու դեմ կանգնում են միասին, միասնական դիրքորոշումով ու նպատակներով։ Դ. Մելքումյանն այնուհետև  ուշադրություն հրավիրեց թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների վրա` ընդգծելով դրանց վտանգավորությունը։ Վտանգ է նաև միջազգային կառույցների հեղինակազրկումը, ուստի մեր հույսը պիտի դնենք առկա հնարավորությունների վրա։ Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Պաշտպանության բանակի հզորացումը, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իրեն համարել այս երկրի զինվորը։

ՙՀայրենիք՚ խմբակցությունը ներկայացնում էր Արպատ Ավանեսյանը։ Նրան մտահոգում էր Արցախի և Հայաստանի իշխանությունների երբեմն ոչ միասնական կեցվածքը։ Նա անընդունելի համարեց ՀՀ իշխանությունների հապաղումը Արցախի Հանրապետության ճանաչման հարցում։ Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, նրա առջև հարկ կլինի դնել կոնկրետ հարցեր և պահանջել պատասխաններ։ Ապրիլյան քառօրյա պատերազմից պետք է համապատասխան  հետևություններ անել։ 

Աշխարհաքաղաքական ներկա իրողությունների և Արցախին սպառնացող վտանգների առնչությամբ իրենց դիտարկումները ներկայացրին ՙԴաշնակցություն՚ խմբակցության անդամներ Վահրամ Բալայանը, Գեորգի Պետրոսյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Ռիտա Մնացականյանը, ՙՇարժում՚ խմբակցության անդամ Վիլեն Սաֆարյանը։

Կլոր սեղանի մասնակիցների տեսակետներն ու ելույթներն ընդհանրացրեց Ա. Սարգսյանը՝ մատնացույց անելով մեր համընդհանուր խնդիրները։ Դրանք են՝ ռազմավարական նպատակների հստակ գիտակցում և համահայկական ջանքերի համատեղում, Պաշտպանության բանակի հզորացում, Հայաստանի և Արցախի տնտեսական ներուժի բազմապատկում։ Նման պայմաններում է հնարավոր արտաքին քաղաքական խնդիրների լուծումը։ Մեր նպատակների իրագործման ճանապարհին չպիտի ենթարկվենք գերտերությունների թելադրանքին ու ճնշումներին։ 

Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակական դարձնել քննարկումները, խոսել ոչ միայն արտաքին քաղաքական, այլև մեզ սպառնացող տնտեսական ու այլ բնույթի մարտահրավերների մասին։   

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ