Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐԱԲԱՂ. ՌԱԶՄԱԿԱՆ ՍՐԱՑՄԱՆ ԶՍՊՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՆ ԱՆՑՅԱԼԻ ՊՐԻԶՄԱՅՈՎ

Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ

 25-ամյա վաղեմության իրադարձություններն ու դրանց հեռահար հետևանքները հիշելը, մեր պատկերացմամբ, առավել քան երբևէ կարևոր է ու հրատապ։ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ջոկատների կողմից Շուշի քաղաքի ազատագրումը (1992թ. մայիսի կեսին դրան հետևած Լաչինի միջանցքի բացմամբ), որը հսկայական ռազմաքաղաքական ու  խորհրդանշական  նշանակություն ունեցավ, միաժամանակ բերեց որոշ ինքնահանգստացման, տարբեր կուսակցությունների ու խմբերի ներկայացուցիչների միջև հարաբերություններ պարզելու ավելորդ տարվածության։ Որոշ չափով դա բացասաբար անդրադարձավ նույն 1992թ. ամռանը, երբ ադրբեջանական բանակը գրավեց Շահումյանի ու Մարտակերտի շրջանի մեծ մասը։ Հիշեցնենք, 1992թ. մայիսին Մոսկվա էր ժամանել Թուրքիայի նախկին վարչապետ, ապագա նախագահ Սուլեյման Դեմիրելը, ինչն անմիջականորեն կապված էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նշանակալի քանակի զենք ու զինամթերք փոխանցելու հետ (ինչպես հայտնի է, թուրքական գործոնը որոշակի դեր խաղաց և 2016թ. ապրիլին, այսօր էլ ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրվում են մի շարք հակասություններով)։1992թ. ամռանը հակառակորդի ՀՕՊ ուժերն անընդմեջ ռմբակոծում էին Ստեփանակերտն ու Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր՝ ակնհայտորեն հույս ունենալով, որ մարդիկ Լաչինի ճանապարհով կփախչեն Հայաստան։ Երբ պարզ դարձավ, որ դա չի կատարվի, հոկտեմբերից սկսած ադրբեջանական կազմավորումները համառորեն փորձում էին փակել Լաչինի միջանցքը՝ հետագայում Շուշին հետ գրավելու ու 1991թ. սեպտեմբերին հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչնչացնելու նպատակով։ 

1993թ. փետրվար-ապրիլ ամիսներին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերը ձեռնարկեցին մի շարք ռազմական գործողություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, գրավվեց Քելբաջար շրջկենտրոնը, ինչը  թելադրվում էր Լաչինի միջանցքը հյուսիսից եկող  սպառնալիքից պաշտպանելու խիստ անհրաժեշտությամբ։

1993թ. երկրորդ կեսին ռազմական գործողությունները գնալով սաստկանում էին և, ընդհանուր առմամբ, հաջող էին հայկական կողմի համար, որն ակտիվ պաշտպանության մարտավարություն էր օգտագործում։ 

Միայն 1993թ. ամռանը կրած ծանր պարտությունները Հ. Ալիևին ստիպեցին գնալ ուղղակի բանակցությունների Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ու հրապարակավ բարձրաձայնել ՙժամանակն է վերջ տալ այս պատերազմին՚ միտքը։ 1993թ. վերջին և 1994թ. սկզբին օտարերկրյա վարձկաններով  համալրված ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկվեց Ղարաբաղը կամ նրա նշանակալի մասը զավթելու անփառունակ ավարտ ունեցած ևս մի փորձ, որից հետո ռուսական միջնորդական առաքելության կողմից ձեռք բերվեց բավականին խախուտ հրադադար, որի ամրությունը միշտ փորձության է ենթարկվում։

Ինչպես հայտնի է, այսօր էլ նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս գտնվող վերը նշված շրջանները հիշատակվում են լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ առաջարկներում, որոնք պասիվ ընթացող քննարկումների առարկա են հանդիսանում (որոնց էության վերաբերյալ տեղեկատվությունը շատ առումներով փակ է)։ Քարոզչական փորձեր են ձեռնարկվում և վիճարկելու Շուշիի կարգավիճակը, որը մինչև 1920-ական թթ. սկիզբը երկհամայնք քաղաք էր (Անդրկովկասում մեծությամբ երրորդը), իսկ նախապատերազմական տարիներին, հայտնի հանգամանքների բերումով, առավելապես  ադրբեջանական էր։ Թեև շատ ավելի հրատապ է հրադադարի ամրապնդման շուրջ գործող  համաձայնագրերի կենսագործումը, ինչը հետևողականորեն տորպեդահարում է կողմերից մեկը։

Դժբախտաբար, Հեյդար Ալիևի կառավարման վերջին շրջանում վստահության միջոցներ ու  ՙհանրային երկխոսությանը՚ մոտ ինչ-որ բան ձեռնարկելու անվստահ ու երկչոտ փորձերը վճռականորեն ճնշվեցին նրա ժառանգորդի կողմից, ով սխալմամբ կողմնորոշվեց դեպի ռազմական ճնշման, տնտեսական հակազդեցության ու ռազմատենչ մոլուցքի կողմը՝ ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից  դուրս։ Ղարաբաղյան պաշտպանության ՙամրությունը՚ ստուգելու ապրիլյան (2016թ.) փորձը, ինչպես գիտենք, հաջողություն չունեցավ, սակայն այն պատճառ դարձավ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերն ավելի աչալուրջ լինեն: Դրական փոփոխություններն այստեղ ակներև են, ինչպես այդ մասին վկայում է 2017թ. առաջին ամիսներին ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ մի շարք դիվերսիոն-ահաբեկչական ներթափանցումների կանխումը։ 

Դրա հետ մեկտեղ լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքը տարածաշրջանի իրավիճակի վրա ազդող երկարաժամկետ գործոն է։ 2017թ. ապրիլի 5-ին մասշտաբային զորավարժություններ սկսելուց 11 օր առաջ նախագահ Իլհամ Ալիևն ստորագրել է հրամանագիր ՙՌազմական դրության մասին՚` դեռևս փետրվարի կեսին ընդունված օրենքի կիրառման վերաբերյալ։ Փաստաթղթում ներկայացվում են ռազմական դրության ռեժիմի ապահովման կանոնները, խոսվում է ռազմական դրության պայմաններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների ապահովման, ինչպես նաև  քաղաքացիական ու տարածքային պաշտպանության, շփման գծի երկայնքով տեղակայված զորամասերի գործողությունների բնույթի, ճակատամերձ գոտում քարոզչություն վարելու մասին։ ՙՌազմական դրության մասին՚ օրենքը ենթադրում է ռազմական գրախոսության  կիրառում՝ ԶԼՄ¬ների կողմից հաղորդագրությունների ու նյութերի նախապես համաձայնեցում զինվորական կառավարման օրգանների ու պետական մարմինների, պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև նամակագրության, հեռուստաթողարկումների, հեռախոսա¬ռադիոխոսակցությունների վերահսկողության իրականացում՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը թույլ չտալու նպատակով։ 

Ապրիլի 16-21-ն Ադրբեջանում անցկացվեցին լայնամասշտաբ զորավարժություններ զորքերի մարտական պատրաստականությունն ստուգելու նպատակով։ Զորավարժություններում ներգրավված էին անձնակազմի 30 հազար զինծառայողներ, ավելի քան 250 միավոր տանկ ու զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային ռեակտիվ համակարգեր ու ականանետներ, տարբեր նշանակության մարտական ավիացիայի 25 միավոր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ ու անօդաչու թռչող սարքեր։ Սա արդեն ադրբեջանական բանակի երկրորդ մասշտաբային զորավարժությունն է այս տարվա ընթացքում։ 

Միաժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում Ադրբեջանի ԶՈՒ զորավարժություններն սկսվելուց քիչ ավելի վաղ կազմակերպվել էին եռօրյա հավաքներ` կապված ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմին անցնելու հետ։

Ավելի վաղ` ապրիլին, Հայաստանի կառավարությունը հաստատել է զինված հարձակման կամ արտակարգ դրության դեպքում տագնապ հայտարարելու կարգը։ Այդ նպատակով կօգտագործվեն կապի բոլոր միջոցները։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կազմակերպեն բնակչության տարհանումը հատկացված թաքստոցներ։ Հանրապետական մասշտաբի արտակարգ դրության դեպքում տագնապ հայտարարելու որոշումը կայացնում է վարչապետը, իսկ Հայաստանի վրա հարձակման դեպքում կամ երբ այն հայտնվում է անմիջական վտանգի տակ` լիազոր մարմնի օպերատիվ ծառայությունը՝ Պաշտպանության բանակի տվյալների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղում անց է կացվել սահմանադրական հանրաքվե՝ ուղղված գործադիր իշխանության ամրապնդմանը։ 

Ակնհայտ է, որ Բաքվում, Երևանում ու Ստեփանակերտում օրենսդրական բազան համապատասխանեցվում է իրողությունների հետ՝ ինտենսիվացնելով ֆորս¬մաժորային իրավիճակներում հնարավոր գործողություններին ուժային կառույցների պատրաստվածությունը։  Այդ նախապատրաստություններն անմիջապես առնչվում են ինչպես ռազմական, այնպես էլ պետական ու քաղաքացիական կառույցներին։ 

Ընդհանուր առմամբ, ուժերի հավասարակշռության պահպանումն այսուհետ ևս կզսպի հակամարտության լայնամասշտաբ սրացման սպառնալիքը՝ որոշ չափով նպաստելով 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնագրերի կատարմանը։ Այստեղ պարտադիր պայման է հանդիսանում մաքսիմալիստական մոտեցումներից ու հարցի ուժային լուծման փորձերից հրաժարվելը։ Այս առումով ես կառանձնացնեի Բաքու այցելած ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի այն արտահայտությունը, թե Ռուսաստանի ներկայիս ղեկավարության օրոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծումն սկզբունքայնորեն  անհնար է։

Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը տևական ժամանակի ընթացքում կմնա բարդ ու լարված։ Սիրիայի հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ¬ի միջև անհամաձայնությունների աճը հազիվ թե նպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ գործունեությանը։ Հակամարտությունների ռազմականացման բարձր մակարդակը ու չկարգավորվածությունը բավականին բարդ պատկեր են ստեղծում։ Սրացման սպառնալիքն այստեղ զսպվում է հավասարակշռումների ու հակակշռումների բարդ համակարգով, որոնց ձևավորման մեջ վճռորոշ  դերը դեռևս ռուսական կողմին է պատկանում։ Այդ հանգամանքն ամրապնդում է Մոսկվայի` որպես տարածաշրջանում պոտենցիալ միջնորդի դիրքերը նաև հակամարտությունների կարգավորման հարցում, ամենից առաջ՝ լեռնայինղարաբաղյան։ 

 

www.regnum.ru

(Տպագրվում է 

մասնակի կրճատումներով)

Անդրեյ ԱՐԵՇԵՎ