[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻՑ՝ ՌԵՎԵՐԱՆՍՆԵՐԻ

Վերջին ամիսների ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հետ շփման գծում Ադրբեջանի սադրանքների թիվը քիչ-ինչ նվազել է։ Ճիշտ է, տարբեր զինատեսակներից քաոսային կրակոցները, գումարած` դիպուկահարային կրակը, շարունակվում են, սակայն պոտենցյալ դիվերսիոն խմբերի խանդավառությունը փոքր-ինչ մարել է։ 

 Ակնհայտ է, որ դա ամենևին էլ Ադրբեջանի բարի կամքի հետ չի կապված։ Փորձագետները նշում են, որ վերջին տարվա ընթացքում շփման գիծը հայկական կողմից լրջորեն ամրացվել է, այն հագեցած է վերահսկման ժամանակակից տեխնիկական միջոցներով ու որակյալ սպառազինությամբ։ Ադրբեջանի վերջին՝ փետրվարյան դիվերսիան, ձախողվեց. դիվերսիոն խումբն ամբողջությամբ ոչնչացվեց, հայկական կողմից զոհեր չկային։ ՙՇեհիդների պուրակը՚ համալրել ցանկացողների թվի նվազումն Ադրբեջանի ռազմաքաղաքական  ղեկավարությանն ստիպեց որոշակի փոփոխություններ մտցնել լեռնայինղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի իր մարտավարության մեջ։ Նախկինում բանակցային գործընթացում Բաքվի գլխավոր փաստարկը ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով շանտաժն էր։ Ընդ որում, շանտաժն այդ ուղղված էր ոչ այնքան Հայաստանի, որքան միջնորդների դեմ, ովքեր շահագրգռված էին տարածաշրջանում կայունության պահպանման մեջ։ 

Այսօր Ալիևն սկսել է առավել հաճախակի խոսել խաղաղ կարգավորման հարցում իր պատրաստակամության մասին։ Հատկանշական է, որ Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում Ալիևն ընդունում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ճիշտ է, վկայակոչելով ոչ թե ԼՂՀ պաշտպանության բանակի մարտունակությունը, այլ այն, որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես լայնածավալ ռազմական գործողություններ չվերսկսելու երաշխավոր. դե, առանց Ռուսաստանին շողոքորթելու չի լինի։ 

Սակայն բանակցային գործընթացում կառուցողական քայլերի ու հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցում իր հանձնառությունների կատարման փոխարեն Ալիևը նախկինի պես ապավինում է միջնորդների թույլ կողմերին։ Պատահական չէ, որ Ալիևի հետ զրույցի արդյունքներով նույն Սոլովյովը մեկ անգամ չէ, որ հիշատակում է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության ու Ադրբեջանի ղեկավարի մոլի հակաամերիկյան դիրքորոշման մասին։ Ալիևը, ըստ երևույթին, հույս ունի, որ Բաքվի կողմից ԵԱՏՄ անդամակցությունը չբացառելու վերաբերյալ ակնարկներով ու տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականության մասին իր  հայտարարություններով կկարողանա շահել Մոսկվայի բարեհաճությունը, և վերջինս բանակցային գործընթացի ժամանակ ճնշում կգործադրի Երևանի վրա արդյունքում։ Աղոտ հույս է, բայց այնուամենայնիվ...

Աշխարհաքաղաքական ներկա առճակատման պայմաններում նման զրույցները Կրեմլի համար իրոք կարող են հաճելի լինել, բայց այնտեղ հասկանում են, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության զուտ հիպոթետիկ հնարավորությունը ոչ մի կերպ չի կարող հիմք լինել բանակցային գործընթացում Երևանի ու Ստեփանակերտի միակողմանի զիջումների, ներկայում գործող ստատուս քվոն Ադրբեջանի համար ռազմական ու ռազմավարական առումով առավել շահավետի հետ փոխելու համաձայնության համար։ Չխոսելով արդեն տարրական ճշմարտությունների մասին՝ Հայաստանի ռազմաքաղաքական դիրքերի թուլացումը չի նպաստում տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը։ 

Դարձյալ զուտ հիպոթետիկ առումով Մոսկվայի համար լավագույն  տարբերակը կլիներ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը` անկախ  լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորումից։ Արդյո՞ք դա հնարավոր է։ Հայաստանի ու Արցախի պաշտպանական ներուժի ակնհայտ ամրապնդման, նման միտման հետևողական շարունակման պայմաններում Ալիևը, ըստ էության, նման տարբերակ կարող է դիտարկել։ Այն հաշվարկով, որ ԵԱՏՄ-ում նա կունենա հուսալի դաշնակիցներ` ի դեմս Բելառուսի ու Ղազախստանի, և Բաքուն կարող է հնարավորություն ստանալ, լինելով Հայաստանի հետ միևնույն տնտեսական միության անդամ, տորպեդահարել ԵԱՏՄ-ի այն պոտենցյալ քայլերը, որոնք կարող են ծառայել Հայաստանի տնտեսության ամրապնդմանը։ 

Սակայն այս հարցում Ալիևի տրամադրվածությունը չափազանց քիչ է։ Ինչպես վերջերս հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը, եթե ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը դիտարկվի զուտ տեսական դատողությունների ոլորտից դուրս, Երևանը կունենա իր պայմանները։ Եվ դա, իսկապես, միանշանակ է, քանի որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունն անհնար է այն քաղաքականության շարունակման դեպքում, որն ուղղված է Հայաստանի ու Արցախի տնտեսական մեկուսացմանը. միության բնույթն իսկ ենթադրում է ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժ։ Բայց այդ դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցելն Ադրբեջանի համար ընդհանրապես իմաստազրկվում է: Ադրբեջանի համար արտաքին քաղաքականության ողջ հայեցակարգը հանգում է մեկ բանի՝ խոչընդոտել Հայաստանի շահերին։ Ցանկացած շահերին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային։ Բաքուն բազմիցս է դա ի ցույց դրել պրակտիկայում։ 

 Այստեղ տեղին է ևս մեկ անգամ նշել, որ Երևանի ու Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգերն սկզբունքայնորեն տարբերվում են իրարից։ Երևանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության մեջ և վարում է փոխլրացման քաղաքականություն՝ ձգտելով հարթել տարածաշրջանում ուժի կենտրոնների հակասությունները, պահպանել կառուցողական հարաբերություններ ոչ միայն Մոսկվայի, այլև ԵՄ-ի ու Վաշինգտոնի հետ։ Իսկ Բաքուն ամեն կերպ շահագրգռված է անկայունության մեջ և ջանում է շահարկել Ռուսաստանի և ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակասությունները։ Սա Ալիևին դեռևս տեսանելի դիվիդենդներ չի բերել, չի էլ բերի։ Նախևառաջ նրա համար, որ Մոսկվայում հասկանում են՝ ինչով են բացատրվում Բաքվի ռևերանսները: Ալիևի համար Ռուսաստանին ամեն կերպ սիրաշահելու մարտավարությանը այլընտրանք չկա, նա պարզապես փորձում է իրեն հնարավորինս թանկ ծախել...

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՙԳոլոս Արմենիի՚