[ARM]     [RUS]     [ENG]

Այն օրը, երբ Ադրբեջանը զգաց, որ մկանները նորից ձգել է, պատերազմ կսկսվի, բայց առաջիկայում նման հավանականություն չկա,միայն շանտաժ է. Լևոն Շիրինյան

Օրերս լրացավ շփման գծում  մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղադրման շուրջ Վիեննայի պայմանավորվածությունների 1 տարին:

Քաղաքագետը շեշտեց, որ Ադրբեջանը մշտադիտարկման մեխանիզմներ չի տեղադրել, քանի որ դա ինչ-որ կերպ կնշանակի, որ նրանք ճանաչում են Արցախի սահմանները: Շիրինյանը շեշտեց՝ միջազգային հանրությունը հղպացրել է Ադրբեջանին, այդ իսկ պատճառով վերջին օրերին հասցեական գնահատականներ տվեց:

- Պարո՛ն Շիրինյան, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որ շփման գծում  մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ կտեղադրվեն: Բայց այս հարցում մինչ օրս որևէ առաջընթաց չկա, միակ առաջընթացը ԵԱՀԿ գրասենյակի ընդլայնումն էր: Ինչո՞ւ մեկ տարի անց որևէ տեղաշարժ չկա, ի՞նչ գործողություններ են հարկավոր արդյունավետության համար:

- Չկա, որովհետև Ադրբեջանի թուրքական պետականությունը մտադրությունը չի փոխում, որ պետք է ռազմական գործողություններով լուծել Արցախի հարցը, թեպետ այն իր ուժի բան չէ: Սակայն Ադրբեջանը սպառնալիքը միշտ պահում է. եթե մեխանիզմները տեղադրվեն, այդ սահմանային գոտով Ադրբեջանն այս կամ այն կերպ ճանաչում է Արցախի անկախությունը, հենց այս պատճառով  է խուսափում: Ինչո՞ւ այդ օրերին Ադրբեջանը գնաց Վիեննա, որովհետև  ակնհայտ է, որ ուժի պարտադրանքը ստիպեց նրանց գնալ հանդիպման, քանի որ իրենց կողմից թմբկահարվող հաջողությանն ապրիլին, իրականում  չկա:

- ԵԱՀԿ Մինսկի խումբն ինչ-որ քայլեր պետք է չանե՞ր, որ մեխանիզմները կյանքի կոչվեին:

- Մի բան պետք է հասկանանք, որ 200 տարի է մի գիտակցության մեջ ենք. միջազգային հանրության և նրա մեխանիզմների մասին հույսն ու հավատը չի դադարում՝ այն  իմաստով, որ մեզ թվում է, որ լուծումներ պետք է տան: Իրականում, նույն միջազգային հանրության վարքագիծը ցույց է տալիս, որ Արցախյան կոնֆլիկտի մասով նրանք հարցի լուծում չեն ցանկանում, պարզապես ցանկանում են հակամարտությունը կառավարելի տեսնել: Եթե լուծվի խնդիրն, ապա իրենց ազդեցության հնարավորությունները պարզապես կչքանան, հավանաբար, հաշիվներ ունեն, որ խնդիրը հենց այդպես էլ մնա: Պարզապես, երբեմն, ուժերի փոխհարաբերության հզորությունից կախված՝ մեկ Ադրբեջանի, մեկ Հայաստանի կողքին են կանգնում: Համակատարվող 2 կողմերի համար էլ ունեն բանաձևեր՝ Ադրբեջանի համար տարածքային ամբողջականություն, հայկական կողմի համար՝ ինքնորոշման իրավունք: Ակնհայտ է՝ այս երկու բանաձևերն իրար հետ զուգորդվել չեն կարող:

- Հայկական կողմը պարբերաբար հնչեցնում է, որ հենց Ադրբեջանն է մերժում  միջազգայնորեն ստանձնած պարտավորություններն իրականացնել: Ըստ Ձեզ՝ համանախագահությունում կա՞ այդ  գիտակցումը, որ պայմանավորվածությունները չեն կատարվում հենց Ադրբեջանի կողմից:

-  Իրենք, ըստ էության, Ադրբեջանի կողմնակից են, որովհետև այդ պետությունները դեռևս 90-ական թվականներին ճանաչել են ԽՍՀՄ լուծարման արդյունքով առաջացած 15 հանրապետությունների տարածքային  ամբողջականությանը, սակայն, որքան ես գիտեմ,  ՀՀ-ն էլ դա ճանաչել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Մեր տարբեր ժամանակների իշխանությունների անհետևողականությունը, ոչ հստակ դիրքորոշումը, սխալ ստորագրություններն այսօր արդյունքի մեջ գործում են: Այնպես որ, եթե համաշխարհային հանրություն կոչվածն այսօր քիչ, թե շատ Ադրբեջանի կողմն է, ուրեմն՝ մենք պետք է ձևաչափը, քննարկվող բանաձևը փոխենք: Մադրիդյան սկզբունքները պարբերաբար պատերազմ ծնող են, ինչը մենք տեսանք նաև ապրիլյան պատերազմի ժամանակ: Պետք է քաջություն ունենալ ու հրաժարվել այս բանաձևից, գնալ ազգային-ազատագրական պայքարի, ՄԱԿ-ի կանոնադրության և նրա ընդունած բանաձևի շրջանակ:

- Ռուս քաղաքագիտական, վերլուծական մակարդակում այլ կարծիքի են: Մասնավորապես, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը հայտարարել է, որՎիեննայի պայմանավորվածությունները չկատարվեցին ոչ այն պատճառով, որ ինչ-որ բան խոչընդոտեց դրան, այլ այն պատճառով, որ չկային այնպիսի առաջարկներ, որոնք հավելյալ հետարքրքություն կառաջացնեին կողմերի մոտ: Որքանո՞վ եք համակարծիք և ի՞նչ  մեխանիզմ պետք է մտցվի բանակցությունների մեջ, որ կողմերին հետաքրքիր լինի:

- Այստեղ պետք է նկատի  ունենաք, որ Դուբնովը ռուսաստանցի քաղաքագետ է, ամենևին էլ չմտադրված պաշտպանել հայ ժողովրդի կամ Հայաստանի շահերը: Նա հակամարտության մեջ պաշտպանում է Ադրբեջան-Հայաստան փոխհարաբերության քաղաքական գործընթացը, սակայն այնպես, ինչպես շահեկան կլինի ՌԴ-ին: Օտարների ասածը պետք է ի գիտություն ընդունել, բայց համարել առոչինչ, քանի որ առաջնային շահն իրենց պետությունն է: Հայկական կողմին շահեկան է պատասխանատվության մեխանիզմների  տեղադրումն, իսկ Ադրբեջանը ժխտում  է, որովհետև իրեն շահեկան չէ, քանի որ դժվար կլինի սահմանին լարվածություն առաջացնել, ինչն էլ կնշանակի, որ ռուսների միջամտության համար սահմանափակ հնարավորություն է ստեղծվում:

- Ձեր ասածից ստացվում է, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է դուրս մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից: Այդ դեպքում ի՞նչ ձևաչափով պետք է լինի քննարկումը՝ հաշվի առնելով մեր՝ փոքր պետություն լինելը, աշխարհաքաղաքական այլ խնդիրները:

-Այո՛, ես այդպես եմ կարծում: Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ կարելի է անել, ասեմ, որ 1960 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հատուկ քննել է գաղութացված ժողովուրդներին ու պետություններին անկախություն տրամադրելու հարցը՝ ընդունելով համապատասխան բանաձև: Սակայն հայկական կողմն այդ բանաձևով չի գրում, թե ինչու չի գնում, պետք է հարցնել  իշխանություններին, քանի որ այստեղ հայկական պետության փոքրությունը կապ չունի: Ենթադրում եմ, որ հայկական կողմը 15-20 տարի առաջ ինչ-որ կողմերի խոսք է տվել, որ ճշմարիտ ուղղությամբ չի գնալու:

- Մայիսի 16-ի միջադեպից հետո, երբ Ադրբեջանը կիրառեց հրթիռ՝ հայկական զինտեխնիկա խոցելու համար, կրկին սկսեց շրջանառվել լայնածավալ պատերազմի հնարավորությունը: Նման վտանգ կա՞, Ադրբեջանի վերոնշյալ քայլը պատերազմի ազդա՞կ է:

- Կարող եմ ասել, որ մենք պերմանենտ պատերազմի վիճակում ենք, այս պատերազմը կոչվում է ռեսուրսների սպառման պատերազմ, ինչն Ադրբեջանը կիրառում էր մինչև  ապրիլյան պատերազմ և դրանից հետո էլ շարունակում է: ՀՀ-ն այդ ռեսուրսները չունի, մենք գնալով ավելի անհավասար վիճակում կհայտնվենք: Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմի հնարավորությանը՝ ասեմ՝ ոչ,  քանի որ նրանց բանակը հայկական զինուժի կողմից ջախջախված է, և Ադրբեջանը հիմա պետք է իր ուժերը վերականգնի, սրան նաև պետք է պատրաստ լինի միջազգային հանրությունը: Այն օրը, երբ Ադրբեջանը զգաց, որ մկանները նորից ձգել է, պատերազմ կսկսվի, բայց առաջիկայում  նման հավանականություն չեմ տեսնում, իսկ շանտաժ տեսնում եմ: Այդ պատերազմի հիմքերն այսօր չկան:

- Հենց այս միջադեպից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց, հասցեական խոսեց նաև  ՌԴ-ն՝ առանձին՝ ի դեմս ՌԴ ԱԳ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի: Ինչո՞ւ այս անգամ հասցեական խոսեցին, ի՞նչ մեսիջներ կային ուղղված Ադրբեջանին:

- Համանախագահներն այնքան են հղպացրել Ադրբեջանին, որ արդեն չափն անցնում է ոչ միայն Արցախի հակամարտության բովադակության առումով, այլև ժողովրդավարության և այլնի զարգացման առումով: Սա քարոզչական հնարք է Ադրբեջանին ինչ-որ ձևով  կարգի հրավիրելու համար, որն, իրականում, ոչինչ չի տալու:

Tert.am