[ARM]     [RUS]     [ENG]

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ՙԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԴԵՆ ԶԶՎԵՑՐԵԼ Է ԲՈԼՈՐԻՆ՚

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության  գլխավոր վարչության պետ Դավիթ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

 – Պարոն Բաբայան, վերջին օրերին ու շաբաթներին լարվածությունն արցախա-ադրբեջանական շփման գծում աճել է։ Հայկական կողմն անգամ ստիպված եղավ պատժիչ գործողությունների դիմել։ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելացումը հատկապես այս փուլում։

– Հիմնական պատճառը եղել և մնում է Ադրբեջան պետության էությունը։ Քանի որ Ադրբեջանն էությամբ ահաբեկչական, բռնապետական, հանցագործ պետություն է, դա դրսևորվում է բոլոր ոլորտներում՝ շփման գծի երկայնքով նրա պահվածքով, ներքին քաղաքական ասպարեզում, մենք տեսնում ենք, թե ինչպիսի հալածանքների են ենթարկվում ընդդիմադիր ուժերը, այլակարծությունը, վերջերս ընդհանրապես փակվել են մի շարք հեռուստակայաններ, ռադիոկայաններ. երևույթն այդպիսին է։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենց երկրում եղած ագրեսիան փորձում արտահանել այլ պետություններ, օրինակ՝ այն խայտառակ երևույթը, որը տեղի ունեցավ մայիսի 9-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, երբ ՙԱնմահ գունդ՚ երթի ժամանակ ադրբեջանցիները հարձակվեցին հայերի վրա։ Սա ընդհանրապես ոչ մի բարոյական նորմի մեջ չի տեղավորվում։

Այսինքն՝ նման աննորմալ պահվածքն ամեն օր է դրսևորվում։ Այս ամենն Ադրբեջան պետության էությունից է։ Իհարկե, կան որոշ հանգամանքներ, որոնք խթանում են ագրեսորի այսպիսի պահվածքը։ Դա, առաջին հերթին, վատթարացող սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակն է Ադրբեջանի ներսում, և ալիևյան կլանն իր իշխանությունը պահելու համար դիմում է նաև արդեն փորձված մեթոդին. փորձում է շեղել բնակչության ուշադրությունը՝ արտաքին թշնամու կերպար ստեղծելով, հայատյաց քաղաքականություն վարելով։

Սրան գումարենք նաև մայիս ամսվա նշանակությունը հայ ժողովրդի համար, որի ընթացքում ունեցել ենք մի շարք մեծ հաղթանակներ, իսկ իրենք՝ մեծ պարտություններ։ Դրա համար այս օրերին ընդգծված ապակառուցողական պահվածք են ցուցաբերում։

– Տևական ժամանակ կարծիքներ էին հնչում, որ Ադրբեջանն այս տարվա ապրիլին փորձելու է կրկնել 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների սցենարը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչը ստիպեց Ադրբեջանին ձեռնպահ մնալ դրանից։

– Գիտեք՝ այդ կարծիքները եղել են սպեկուլյատիվ բնույթի։ Այսինքն՝ տարբեր մարդիկ, մի մասը՝ հատուկ, որպեսզի հասարակությանը նյարդայնացած պահի, կամ տարբեր պատճառներով՝ նման կարծիք էր արտահայտում, մի մասն էլ ուղղակի այդպես էր մտածում։ Բայց էլի եմ ասել՝ ինչո՞ւ պետք է հենց ապրիլը լինի, իմաստը ո՞րն է։ Այսինքն՝ նման կարծիք հայտնողները կամ պրոֆեսիոնալիզմի պակաս ունեին, կամ այլ նպատակներ էին հետապնդում, որովհետև նման օրինաչափություն չկա, ոչ էլ տրամաբանական բացատրություն, թե ինչու պետք է ապրիլ ամսին կամ ընդհանրապես սկսեին հարձակումը։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը նպաստող երկու հիմնական գործոն կա. մեկն Արցախի և Հայաստանի Զինված ուժերն են, նրանց մարտական պատրաստվածությունը,  և սա ամենակարևոր գործոններից մեկն է։ Մյուս կարևորագույն գործոնը միջազգային հանրության կոնսոլիդացված, համատեղ կարծիքն է, որ պատերազմն անթույլատրելի է։ Հատկապես 2016թ. ապրիլից հետո ավելի լուրջ են վերաբերվում այդ հարցերին։ Հետևաբար՝ այս գործոնները, բնականաբար, նպաստել են։

Եվ, իհարկե, այն, որ 22 տարի պատրաստվելուց հետո Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին։ Հիմա ի՞նչ, այդ պարտությունից մեկ տարի չանցած՝ նորի՞ց պետք է դիմեն այդ քայլին։ Ցանկացած ագրեսոր երբևէ չի պատրաստվում երկարատև պատերազմի, չեն կարող հասարակությանը համոզել, որ 20 տարի պետք է կռվեք, միլիոնավոր զոհեր տաք այն դեպքում, երբ չգիտեն՝ հետո ինչ է լինելու։

Բոլորն ուզում են հեշտ, քիչ արյունով, արագ հաղթել կռիվը։ 22 տարի պատրաստվել են՝ չի ստացվել, հիմա նորից սկսել, երբ այդ պարտության վերքերը թարմ են, չեմ կարծում, որ իրատեսական է։ Բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր վայրկյան պատրաստ ենք կասեցնել թշնամու  ցանկացած ոտնձգություն։

– Պարոն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան, ըստ էության, աննախադեպ հայտարարությամբ՝ թերևս առաջին անգամ հասցեական դատապարտելով Ադրբեջանին՝ շփման գծում հրադադարի խախտման համար։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը։ Ի՞նչը ստիպեց համանախագահներին վերջապես ընդհանրական, երկու կողմերին դատապարտող ու հավասարության նշան դնող հայտարարություններից անցնել հասցեական հայտարարության։

– Իհարկե, ստիպեց Ադրբեջանի պահվածքը, որովհետև Ադրբեջանն արդեն զզվեցրել է բոլորին, և նրա լկտի պահվածքն արդեն վիրավորական է գերտերությունների համար։ Մենք միշտ ընդգծում էինք, որ անհրաժեշտ է հասցեական կոշտ հայտարարություն ագրեսորին, բայց նաև հասկանալի էր ՄԽ համանախագահների պահվածքը. նրանք փորձում էին էլ ավելի չվատթարացնել իրավիճակը, հատկապես որ Ադրբեջանը դրան սպասում էր, որպեսզի կրկին աննորմալ քայլերի դիմի։

Բայց, ըստ երևույթին, այլ հնարավորություն այլևս չկար, և պետք է հասցեական լիներ։ Ադրբեջանը փակել է տվել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը, մի կազմակերպություն, որի հովանու ներքո ընթանում է խաղաղ կարգավորման գործընթացը։ Դա անթույլատրելի է։ Ադրբեջանը փորձում է խարխլել Ռուսաստանի ներքին վիճակը՝ այդ նույն ՙԱնմահ գնդի՚ միջոցառման ընթացքում հարձակվելով հայերի վրա և այդպիսով փորձելով հարամ անել այդ միջոցառումը։

Իհարկե, սա նրանց դուր չի գալիս, և այդ սադրանքների կազմակերպիչներից եղել է տխրահռչակ Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսը. մաֆիոզ մի կազմակերպություն, որը փողերի լվացմամբ էր զբաղվում և ինչ-որ հանցագործություններով ու ազգամիջյան ատելության քարոզչությամբ. սա անթույլատրելի է։

Մենք տեսնում ենք, թե Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ ինչպիսի կարծիքներ էին հնչեցնում բոլոր թեկնածուները, այդ թվում նաև ներկայիս նախագահ Մակրոնը, Արցախի ապագայի, հարցի կարգավորման, մեր ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, կամ Հայաստանի հետ վերամիավորման մասին։ Որովհետև արդեն հոգնել են այդ ամենից։ Ադրբեջանը սերտ կապեր ունի ահաբեկչական կառույցների հետ, ինչը ևս անհանդուրժելի էր արդեն։ Դեռևս նման հայտարարությունն առաջինն է, հասցեական է, կոշտություն կա, բայց մյուս կողմից՝ ավելին պետք է լիներ, և ակնկալում ենք, որ նման ոճով էլ կշարունակվի։

– Ի դեպ, նույնաբովանդակ՝ Ադրբեջանին հասցեական դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

– Այո, քանի որ բոլորին են զզվեցրել։ Երբ ասում ենք, որ պետք է լինի խաղաղ կարգավորում, դա ոչ միայն համամարդկային շահերից է բխում, այլև այդ պետությունների ազգային շահերից։ Հիմա Ադրբեջանն ուզում է դա խարխլել, և բոլորի համար պարզ է, որ եթե այստեղ լայնածավալ պատերազմ սկսվի, կամա թե ակամա, դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան և այլք։ Սա կարող է երրորդ համաշխարհայինի սկիզբ դառնալ, ինչն անթույլատրելի է։

Հետո, կրկնում եմ՝ խայտառակ ապտակ էր Ռուսաստանին, երբ մայիսի 9-ին իրենց կարևոր միջոցառման ժամանակ նման լկտի և աննորմալ պահվածք են ցուցաբերել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները։ Թրամփն էլ հատուկ մոտեցում և հստակ դիրքորոշում ունի ահաբեկչության և ծայրահեղության դեմ պայքարում, իսկ Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան ծայրահեղ գաղափարներ քարոզող երկիր։ Այս ամենը կոմպենսացվում է, և նոր զարգացումներ են լինում։

– Այս վերջին լարվածությունը համընկավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարության հետ, թե վերջին 12 տարիներին բանակցային գործընթացում քննարկվում է ՙՏարածքներ՝ խաղաղության դիմաց՚ սկզբունքը։ Արդյո՞ք այսպիսով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ չի դադարեցնի պատերազմական գործողությունները՝ մինչև Հայաստանը չհամաձայնի տարածքների վերադարձին։

– Դա Ադրբեջանի բացատրությունն է, որն անտրամաբանական է, որը պարզապես սուտ է. չի կարող քննարկվել ՙՏարածքներ՝ խաղաղության դիմաց՚ գաղափարը։ Սա աննորմալ, շեղված գաղափար է։ Ցանկացած հակամարտության կարգավորման ժամանակ պետք է գոնե առողջ տրամաբանություն լինի։ Ի՞նչ է նշանակում՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց։

Դրանք համարժե՞ք են։ Այսինքն՝ մենք հանձնում ենք մեր երկրի տարածքի 65%-ը, Ադրբեջանը դրա դիմաց ավելացնում է իր երկրի տարածքը 4-5%-ով, երկրորդ՝ պարզապես տալիս է խոստում, որից վաղը կարող է հրաժարվել և սկսել պատերազմը։ Մենք ինչպե՞ս ենք վերականգնելու մեր անվտանգության համակարգը, ինչպե՞ս ենք այդ տարածքները վերադարձնելու, ի՞նչ գնով։ Հո մենք աննորմա՞լ չենք, ո՞ւմ պետք է հավատանք՝ Ալիևի՞ն, որը հերոսացնում է քնած հայ սպային կացնահարած մի մոլագարի և դարձնում ազգի հերոս, կաշառում է Հունգարիային և եվրոպական կառույցների ներկայացուցիչներին, բերում-հասցնում է Ադրբեջան և դարձնում հերոս, անձամբ պարգևատրում նրան, ով գլխատել էր մեր զինծառայող Քյարամ Սլոյանին, ում ղեկավարությունը հայտարարում է, որ կխոցեն Ստեփանակերտ-Երևան քաղաքացիական չվերթ իրականացնող ինքնաթիռը։

Ո՞ւմ պետք է հավատանք։ Եվ սա ի՞նչ մոտեցում է։ Սա նշանակում է, որ այդ երկիրը քողարկված ձևով ասում է՝ մենք պատրաստվում ենք ձեզ սպանել, մորթել։

Ընդհանրապես, Արցախի համար չկա վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով, որովհետև հենց այդ սահմաններն են եղել գայթակղիչ թշնամու համար՝ հարձակվել և հարցը մեկընդմիշտ կարգավորել, որովհետև ըստ նրանց՝ մեզ նման երկիրն ի վիճակի չէր լինի պաշտպանվել։

Մի ժողովուրդ, որը վերջին 25-30 տարվա ընթացքում մի քանի ցեղասպանություն է տեսել (Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, Արցախյան առաջին պատերազմում, Հյուսիսային Արցախի բռնազավթում և կոտորածներ, վերջապես՝ ապրիլյան պատերազմն ու զինադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները), մեզ ո՞ւմ տեղն են դնում։ Ավելի շուտ՝ իրենք իրենց ինչի՞ տեղ են դնում։ Մենք գիտենք՝ իրենք ով են, բայց նման աննորմալ կարծիքներ թող իրենց տներում կամ իրենց հեռուստատեսությամբ հայտնեն և դրանով ինքնաբավարարվեն։

 

168.am