[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅԻՍԻ 15-ԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ, կամ՝ Շփման գծում` առանց փոփոխության

Օրերս (մայիսի 15-ին, 16-ին և 17-ին) շփման գծում, այն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին, ի խախտումն հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածության, Ադրբեջանի ԶՈՒ նախաձեռնությամբ (կարդա՝ մեղքով) ստեղծված իրարանցման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության վրա  թանաքը դեռ չէր հասցրել չորանալ, երբ բառացիորեն նույն օրը (մայիսի 18-ին) ադրբեջանական զինված ուժերը դարձյալ դիմեցին համանման սադրանքի։ 

  Հիմա եկեք այս բարդ համադասական նախադասությունը վերլուծենք մաս-մաս։ Ձևով՝ շարահյուսական, բովանդակությամբ` քաղաքական վերլուծություն։ Եվ այսպես...

Ըստ արտաբերման նպատակի` սա տեղեկատվական նախադասություն է։ Այն ընթերցողին հաղորդում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, իմանալով այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է Պաշտպանության բանակի մարտական տեխնիկայի երկու միավոր, որոնցից մեկը ՙՕսա՚ զենիթահրթիռային համալիրն էր, տեղյակ լինելով ղարաբաղյան զինված ուժերի կողմից պատասխան հակամիջոցներից, որոնք Արցախի պաշտպանության նախարարության կողմից ոչ այնքան ճշգրիտ որակվել են որպես կանխարգելիչ (քանի որ իրականում դա ոչ այլ ինչ է, քան` վրեժխնդրության ակտ, ինչը տեղին է բոլոր առումներով, նախևառաջ՝ ուժով գերազանցող համարժեք հարվածի առումով՝ հակառակորդի լկտիության ու անպատկառ մեծամտության համար, մտավախություն ունենալով, որ ՙերկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի նշանակալի խախտումներ են և տագնապ են հարուցում՚,

-կոչ են արել ՙհայկական ու ադրբեջանական կողմերին ձեռնպահ մնալ հակամարտության հետագա սրացումից՚։

Ըստ զգացմունքային երանգի՝ նախադասությունն արտահայտչականությունից զուրկ է։ Ավելին՝ գորշ, դժգույն կամ անգամ խամրած, ինչ¬որ տեղ՝ հպանցիկ։ Այդ ով չգիտի, որ ամեն անգամ, երբ շփման գծում (կարդա՝ սահմանում) տեղի են ունենում միջադեպեր (իսկ տրամաբանորեն դրանք անպայման տեղի են ունենում այս կամ այն կողմի մեղքով), Մինսկի խմբի համանախագահները զլանում են պարզել իսկական խախտողին։ Ի դեպ, այդ խախտողին միշտ հայկական կողմն է մատնանշում՝ լինի դա ամենատարբեր մակարդակի հանդիպումներում, կամ հոդվածներում ու մամուլի այլ մեկնաբանություններում։ Դա հասկանալի է, քանի որ հայկական (ղարաբաղյան) զինված ուժերի կողմից խախտումները նույն այդ կանխարգելիչ միջոցներն են՝ ոչ ճիշտ ձևակերպված։ Ինչը, ի դեպ, նկատել է Ռուսաստանի ԱԳՆ մեր հին ծանոթ Մարիա Զախարովան վերջին ճեպազրույցներից մեկի ժամանակ. ՙԼեռնային¬ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծում սրացումը նախաձեռնել է Ադրբեջանը՚,¬ հայտարարել է նա։ Թե համանախագահները հարցը բարձրացնելիս ինչու իրենց առջև խնդիր չեն դնում նման հստակություն որոնել, նույնպես, թվում է, հասկանալի է։ Նրանք այդ լիազորությունները չունեն, համենայն դեպս, դրանով նրանք հաճախ արդարանում են՝ աչքի առաջ ունենալով ներկայիս Ադրբեջանի աշխարհատնտեսական ինքնարժեքը։ Այդուհանդերձ, չնայած դրան, վիեննյան ու սանկտպետերբուրգյան հետապրիլյան (2016թ.)՝ մեկ ամսվա տարբերությամբ ձեռքբերված համաձայնությունները ևս մեկ անգամ փաստեցին 1994-1995թթ. փաստաթղթերի՝ մայիսի 5-ի այսպես կոչված Բիշքեկյան արձանագրության և հրադադարի մասին 1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի, ինչպես նաև 1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտած՝ կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի իրավաբանական ուժը։ Բայց` ոչ միայն. Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հաստատվել է հակամարտ կողմերի շփման գծում մոնիտորինգի համակարգի ներդրման և միջազգային դիտորդների առաքելության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ու թեև Ադրբեջանը չի ստորագրել այդ փաստաթղթերի տակ, Մինսկի խումբը, ինչպես 2017թ. փետրվարի 27-ի իր ՙՄեծ խաղ՚ հոդվածում Regnum¬ի ռուսաստանյան քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն է գրում, ՙգործել է Բաքվի վրա ճնշումն ավելացնելու մարտավարությամբ՝ համաձայնագրերին իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ հաղորդելու համար՚։ Գործել, բայց գործը գլուխ չի բերել։ Ստուգումից պարզվում է, որ հանդիպումներն իրենցից պարզապես դատարկաբանություն են ներկայացնում՝ առանց կոնկրետ իմաստի։ Ինչից էլ օգտվել է ադրբեջանական կողմը, որը շարունակում է խոչընդոտել ՙհրադադարի ռեժիմի վերսկսման արդյունավետ մեխանիզմի հաստատմանն ու հրաժարվում քննարկել առաջնագծում միջադեպերի հետաքննության  մեխանիզմի ստեղծման հարցը՚ (Մասիս Մայիլյան, ՙԽաղաղություն կամ հետաձգված պատերազմ՚, Կարաբախսկի էքսպրես N2 (64), 2017թ.)։ Թեև, համարվում է, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել բանակցությունների իրավական բազայի հարցում։ Ի՞նչ օգուտ։ Չէ՞ որ հայտարարությունները, ինչպես միշտ, գրվում են հավասարության հիմքի վրա։ Ուստի չպետք է գաղթակղվել նրանով, որ համանախագահներն այս անգամ, իբր, ճանաչեցին ադրբեջանական կողմի՝ հրադադարի ռեժիմը խախտելու մեղքը, ռեժիմ, որն արդեն վաղուց գոյություն չունի: Ճանաչեցին այն պատճառով, որ Բաքուն չի էլ հերքել իր հերթական լկտիությունը։ Թե ինչու չի հերքել, այլ թեմա է։

Նախադասության ստորոգելիական մասերի առումով իր բնութագրիչ բովանդակությամբ ուշադրության է արժանի վերջինը։ Այն երկրորդ անգամ կրկնված սադրանքի մասին է։ Սադրանքը, ինչպես արդեն ասվել է, ձեռնարկել է ադրբեջանական կողմը մայիսի 18-ին՝ միջնորդների հայտարարությունից հետո։ Իսկ հաջորդ օրը՝ մայիսի 19-ին, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, առանց երկար մտածելու, համանախագահների հայտարարությունն անվանել է ՙստանդարտ՚։ Ա՛յ քեզ հայտարարություն. ստացվում է՝ հավասարությունն էլ արդեն չի բավարարում կեղծիքի ու զեղծարարությունների Բաքվի ՙստրատեգներին՚։ Մինսկի խումբն ինչի մասին է խոսում, նրանք՝ ինչի։ Այսինքն՝ դարձյալ նույն մոտեցումը. համանախագահները, տեսեք¬տեսեք, ՙառաջին հերթին Հայաստանից պետք է պահանջեն դուրս բերել իր զորքերն ադրբեջանական օկուպացված տարածքներից՚։ Ընդ որում, առանց խղճի խայթի (թեև, ինչի՞ մասին է խոսքը), վկայակոչում են ՄԱԿ¬ի Անվտանգության խորհրդի 1993թ. բանաձևերը, որոնք հենց իրենք են առաջին հերթին խախտել (կարծում ենք, հայտնի դիվանագետ ու այդ թեմայի հեղինակավոր գիտակ, ֆունդամենտալ աշխատություն հանդիսացող ՙԽաղաղություն Ղարաբաղին՚ գրքի հեղինակ Վլադիմիր Նիկոլաևիչ Կազիմիրովի վկայությունը բավականին ծանրակշիռ փաստարկ է տվյալ հարցի համար)։

Բայց ծանրակշիռ՝ սթափ մտածող մարդկանց համար։ Իսկ ահա Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հաջիևը, սեփական կարևորությունն ավելի ընդգծելու համար ցուցամոլաբար օգտագործելով ՙսուբստանտիվ՚ (առարկայական) մոդայիկ բառը, կոչ է անում բանակցություններ վարել հենց այդ բանաձևերի հիման վրա։ Հասա՞ն իրենց ուզածին՝ նա ու Բաքվի մյուս՝ սատկած  էշի պոչ սիրողները։  Թե՞ նրանք կարծում են, որ միջազգային կառույցներում հիմարներ են նստած՝ չգիտեն ինչն ինչոց է։ Իսկ գուցե նրանց բոլորին այնտեղ՝ Բաքվում, հուզել է Հայաստանի նախագահի վերջին ելույթը երկրի նոր խորհրդարանի առա՞ջ։ Որը, կամ, սովորույթի համաձայն, չեն հասկացել, կամ, դարձյալ սովորույթի համաձայն, դրան այլ՝ իրենց ձեռնտու երանգ են հաղորդել՝ Հայաստանի նախագահին վերագրելով նրա ելույթի իրենց սեփական գնահատականները։ Իբր, նա հերքում է Մադրիդյան սկզբունքները։

 Թեև, եթե Հայաստանի նախագահն իրոք վերցներ ու հրաժարվեր նույն այդ սկզբունքներից, որոնք տաս տարի առաջ ծնվել են տորեադորների ու թուխ գեղեցկուհիների մայրաքաղաքում, ապա, իհարկե, շատ ավելի լավ կլիներ։ Գոնե նրա համար, որ մեռելածին այդ փաստաթուղթն այդպես էլ մեռելածին մնաց, որքան էլ այն փորձեն վերակենդանացնել, այսպես կոչված, ՙնորացված՚ խմբագրումներով։ Հայաստանի նախագահի ելույթում, սակայն, շեշտադրումն այլ փաստաթղթի վրա էր՝ Կազանյան։ Որը, պարզվում է, մինչ օրս ՙշարունակում է մնալ միակ փաստաթուղթը բանակցություններում՚։

Ինչի՞ մասին է աղմկում գետը՝ սիրում էր նման դեպքերում կրկնել ծանոթներիցս մեկը։ Սա՝ այն իմաստով, թե ինչ է տվյալ դեպքում իրենից ներկայացնում մեր նախադասության մասերից յուրաքանչյուրը։ Գետը, հասկանալի բան է, միշտ իրենն է երգում՝ լիրիկականը։ Շառաչող ջրի դյութիչ  երգի մասին, որ թավալգլոր հոսում է ստորգետնյա քարերով։ Ոչինչ անձնական՝ զուտ լիրիկական ու ռոմանտիկ։

 Այլ է իրավիճակը Հիքմեթ Հաջիևի ու ԱԳՆ¬ի նրա կեղծարարների մոտ։ Այնտեղ ահա համատարած ստորգետնյա քարուխութեր են։ Եվ ոչ մի ռոմանտիկա։ Միայն անձնական։ Ու այն՝ նույն այդ անձնականը, վաղուց է հայտնի՝ ՙԿարաբախ բիզիմդիր՚ (Ղարաբաղը մերն է), և ուրիշ ոչինչ։ Ողջ Ղարաբաղը. հետո՞ ինչ, որ Մադրիդյան սկզբունքներում խաբուսիկ շատ բան է խոստացված... Մանավանդ որ խոստացվածին նույնիսկ երեք տարի սպասելու հարկ չի լինի։ Ամեն ինչ միանգամից կավարտվի՝ հենց որ ազատագրված հողերը պաշտոնապես օկուպացված հայտարարվեն։ 

Տերմինների մասով՝ այլ հարց է։ Խոսքը հիմա այդ մասին չէ։ Այլ այն մասին, որ, եթե ոչ այդպես, ապա`  մի այլ կերպ  ու դրան ուղղված բոլոր ջանքերով, Ադրբեջանում ուզում են առաջ մղել իրենց համար այդքան կենսական ՙբիզիմդիրը՚։ Այստեղից էլ սահմանում ամենօրյա ռազմական սադրանքները։ ՈՒ դարձյալ` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամլո ծառայության ամենօրյա հաղորդագրությունները։

Եվ, վերջապես, նախադասության ստորոգելիական մասերի միջև իմաստային կապերի բնութագրման մասին, որտեղ հաղորդվում է, որ ՙմայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը մոտ 90 անգամ՚։ Կամ՝ ՙՀակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց՚։ Թվերը, բնականաբար, ըստ օրերի փոխվում են։ Չի փոխվում միայն Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը։ Նշանակում է` իրենց էությամբ չեն կարող փոխվել և Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրությունները. ՙՊաշտպանության բանակի ստորաբաժանումները լիակատար վերահսկում են իրավիճակն առաջնագծում՝ շարունակելով հուսալիորեն պաշտպանել մարտական դիրքերը՚։ Ըստ էության, հենց դրանում էլ կայանում է բանակցային գործընթացի անպաճույճ ճշմարտությունը։ Դրանում, ոչ թե Կազանյան, առավել ևս՝ Մադրիդյան սկզբունքներում։ Դրա վրա էլ պետք է կանգ առնել։ 

 

Կարեն ԶԱԽԱՐՅԱՆ