Հասունանում է մի իրավիճակ, որ ԵԱՀԿ ՄԽ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ

Առաջին անգամն էր, որ եռանախագահները մատնանշեցին, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը, Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը հենց այն պատճառով, որպեսզի հնարավորություն չտա եռանախագահներին կամ համապատասխան մեխանիզմի մասնակիցներին մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում», - նշեց նա։

Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանն է բազմիցս հարցականի տակ դրել եռակողմ զինադադարի մասին համաձայնագրերը:

«Բայց եռանախագահող կողմերը վերահաստատեցին, որ եռակողմ զինադադարի մասին համաձայնագրերը անժամկետ են ու պետք է անհապաղ իրականացվեն Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից», - նշեց նա։

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը, սակայն, շարունակում է անտեսել այդ ամենը։

«Եվ սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը», - ասաց նա։
 
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ: