[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԻՑ՝ ՆՐԱ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

ՙՈղջ միջազգային հանրությունը պետք է համախմբվի ղարաբաղյան հիմնահարցի լուծման շուրջ՚,¬ հայտարարել է ամերիկյան դիվանագետ Էդվարդ ՋԵՐԵՋՅԱՆԸ ՙԳոլոս Արմենիի՚¬ին տված բացառիկ հարցազրույցում։

Մայիսի 23-ին Երևանում` ՙԳաֆեսչյան՚ արվեստի կենտրոնում, մեկնարկել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված ՙԱնցման ավարտ. Հայաստանը 25 տարեկան է, հետո ի՞նչ՚  խորագրի ներքո համաժողով։ Նշենք, որ վերոնշյալ հանդիպումը, որի մասնակիցները դարձան պատմաբաններ, հայտնի դիվանագետներ, ինչպիսիք են ԽՍՀՄ¬ում ԱՄՆ վերջին դեսպան Ջեք Մեթլոկը և Իսրայելում ու Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպան Էդվարդ Ջերեջյանը, արտասահմանյան լրագրողներ, միջազգային հարաբերությունների հարցերով մասնագետներ, տնտեսագետներ և այլոք ԱՄՆ¬ից, Մեծ Բրիտանիայից, Շոտլանդիայից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Իրանից, Հունգարիայից, Գերմանիայից և, իհարկե, Հայաստանից, դարձավ շարունակությունը, ավելի ճշգրիտ, տրամաբանական եզրափակումը մեկ այլ երկօրյա համաժողովի, որ կայացել է այս տարվա ապրիլի 9-10¬ը Լոս Անջելեսում։

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց մի մարդու հետ, ով հազիվ թե կարիք ունենա մանրամասն  ներկայացման։ Մեր զրուցակիցն ամերիկյան ականավոր դիվանագետ, Սիրիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան (1989¬1991թթ.), Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ (1991-1993թթ.), Իսրայելում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան (1993 ¬1994թթ.), 1994թ. Ռայսի համալսարանին կից Ջեյմս Բեյքերի անվան հասարակական քաղաքագիտության ինստիտուտի տնօրեն (ԱՄՆ, Տեխաս նահանգ), ՙՌիսկեր և հնարավորություններ: Ամերիկյան դեսպանի ճանապարհորդությունը Մերձավոր Արևելքով՚ գրքի հեղինակ Էդվարդ Ջերեջյանն է։-Պրն Ջերեջյան, համաժողովի անվանման հիմքում ընկած է ՙանցման ավարտ՚ (end of transition) սահմանումը։ Դուք համարում եք, որ հայտնի անցումային շրջանն ավարտվե՞լ է, և այսօր խոսելով դրա մասին՝ կարող ենք վերջակետ դնել, այլ ոչ թե բազմակե՞տ։

-Բնավ այդպես չէ։ Հայաստանը, ինչպես և հետխորհրդային շատ այլ երկրներ, դեռ գտնվում է անցումային շրջանում։ Դա երկար ճանապարհ է։ Մյուս կողմից՝ երկար ճանապարհն արդեն իսկ անցյալում է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում որոշակի արդյունքների հասնելու նպատակով։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ փոփոխություններն իրագործվեին ավելի արագ տեմպերով։ Բայց արձանագրենք. Հայաստանն ապրում է շատ վտանգավոր շրջապատում, և հաճախ երկրի ներսում տեղի ունեցող փոփոխությունները և դրանց հետևանքները կախված են այն բանից, թե որքանով է ապահովված Հայաստանի շուրջ անվտանգությունը։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարևան լինելը, մեղմ ասած, հանգստություն չի ներշնչում։ Ինչ վերաբերում է Իրանին՝ այն նույնպես իր խնդիրներն ունի։ Ռուսաստանի հաշվով, որը հանդիսանում է Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերը, ամեն ինչ նույնպես միանշանակ չէ։ Ճիշտ է, Ռուսաստանը բարեկամ է, բայց նա էլ բազմաթիվ խնդիրներ ունի, և, բացի այդ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելը չի կարող անհանգստություն չառաջացնել՝ ինչ դրդապատճառներով ու որքանով էլ համոզիչ կերպով այն բացատրվեր։ Ու ահա այստեղ Հայաստանի բարգավաճման առանցքային գործոններից մեկը դառնում է ոչ միայն երկրի ներսում տնտեսական, քաղաքացիական, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման վրա աշխատելու անհրաժեշտությունը, դա արդեն արվում է, բայց նախևառաջ անհրաժեշտությունը միջազգային հանրության համար՝ իրական օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը:

-Ի՞նչ է նշանակում իրական։ Կոնկրետ ինչպե՞ս։

-Կարծում եմ՝ պետք է հակամարտության կառավարման արմատացած փորձից անցնենք դրա հանգուցալուծման փորձին։ Ի՞նչ  է դրա տակ հասկացվում։ Հենց որ շփման գծում իրադրությունը դառնում է ծայրաստիճան շիկացած, միջազգային հանրությունը ներքաշվում է իրավիճակի մեջ՝ փորձելով կանխել աղետը, հասնել կրակի դադարեցմանը։ Հենց որ կրկին վերականգնվում է փխրուն խաղաղությանը նման ինչ¬որ իրավիճակ, ամեն ինչ վերադառնում է նույն կետին։ Մինչդեռ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի վրա պետք է մշտապես աշխատել, ինչն առաջին հերթին պահանջում է լուրջ քաղաքական կամք։ Հասկանալի է, որ վերջնական արդյունքում կարգավորման հիմնական գործոն են հանդիսանում հայկական և ադրբեջանական կողմերի միջև պայմանավորվածությունները, բայց համարում եմ, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ ԱՄՆ¬ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, պետք է ավելի ակտիվ դիրքորոշում ունենան։

-Այսինքն՝ բոլորը պետք է համախմբվե՞ն ղարաբաղյան հիմնահարցի լուծման շուրջ։

-Դրանում է կայանում էությունը։ Իմ հիմնական հույսը, որը կապված է Հայաստանում անցումային շրջանի եզրափակման ու զարգացման նոր փուլ մուտք գործելու հետ, հենց դա է: Հայաստանը պետք է շարունակի առաջընթաց ապահովել երկրի ներսում՝  կառուցելով իր տնտեսությունը, գիտությունը, բարձրացնելով  բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակը, զարգացնելով ժողովրդավարական ինստիտուտները, բայց, կրկնում եմ, առաջին հերթին անհրաժեշտ է սկսել իսկապես լուծել ղարաբաղյան հիմնահարցը, ու այստեղ Հայաստանի դերը, որը  գործում է միջազգային հանրության հետ համատեղ, շատ մեծ է։ Այսօր ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է գտնվել ՙսառեցվածի՚ կարգավիճակում, թեև այդ սահմանումը ևս նրան չի համապատասխանում։ Բայց եթե այն պայթի, աղետալի հետևանքներ կունենա բոլոր կողմերի համար։ Մենք ի՞նչ ունենք։ Լուծումը գտնվում է երկու հիմնական սկզբունքների հարթության վրա։ Ինքնորոշման իրավունք Արցախի ժողովրդի համար ու տարածքային ամբողջականություն՝ միջազգային հանրությունը ստիպված է գործ ունենալ այս երկու հիմնական սկզբունքների հետ։ Հայկական կողմը բանակցություններում առավելություններ ունի` Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները, ու այստեղ հիմքում դրված է փոխզիջումների համար հնարավորություն, քանի որ գլխավորը՝ Արցախի ինքնորոշումը, քննարկման ենթակա չէ։ 

-Բայց Ադրբեջանը չի ցանկանում փոխզիջումների գնալ, իսկ ագրեսորի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմը դրա լավագույն ապացույցն է։ Դրան գումարած՝ մշտական սադրանքները սահմանին, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ բոլորովին վերջերս` մայիսի 15-ին, երբ գործի էին դրվել ՙՍպայկները՚։

-Համաձայն եմ ձեզ հետ։ Ադրբեջանցիները համառորեն պաշտպանում են իրենց դիրքորոշումը, նրանք մի կաթիլ անգամ ճկունություն չունեն, հենց այդ պատճառով այդքան կարևոր է միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշումը։ Եվ, իհարկե, այս համատեքստում կարևոր են գլոբալ խաղացողների միջև փոխհարաբերությունները: Եթե (հուսով եմ, որ դա այդպես է) ԱՄՆ¬ն և Ռուսաստանը կարողանան վերստին իրենց հարաբերությունները կառուցել ավելի արդյունավետ հունով, քան եղել է մինչ օրս, դա բարեհաջող կերպով կանդրադառնա ոչ միայն աշխարհի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակի, այլև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա՝ նրա առավել կայուն լինելու տեսանկյունից։ Համոզված եմ, որ դա կօգնի ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը։ 

-Դուք ոչինչ չասացիք Իրանի ու ԱՄՆ¬ի հետ նրա փոխհարաբերությունների մասին, որոնք սրընթաց կերպով վատթարանում են, նույնիսկ ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Չէ՞ որ Իրանը Հայաստանի համար շատ կարևոր հարևան է՝ չխոսելով արդեն տարածաշրջանում նրա դերակատարության մասին։ 

-Միանշանակ, դժվար է գերագնահատել Իրանի դերը։ Իրանում կայացել են նախագահական ընտրություններ, Ռուհանին վերընտրվել է, ես դա լավ նշան եմ համարում։ Կոնկրետ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, գտնում եմ, Իրանը ևս կարող է իր ներդրումն  ունենալ։ Իրադրությունն այնպիսին է, որ Հայաստանը հայտնվել է, այսպես ասած, մի հարևանության էպիկենտրոնում, որը խաղաղության չի տրամադրում, ու պետք է արդյունավետ, աշխատող, իրատեսական փոխհարաբերություններ կառուցի բոլոր հարևանների ու գլոբալ խաղացողների հետ։ Հայկական դիվանագիտության համար սա լուրջ առաջադրանք է, բայց, համոզված եմ, որ այն լուծելի է։ Չմոռանանք այն մասին, որ հայերն աշխարհի ամենախելացի, ամենատաղանդավոր ժողովուրդներից մեկն են, որը բազմադարյան պատմության ընթացքում ոչ մեկ անգամ ապացուցել է, որ ունակ է ոչ միայն հարատևել ծանրագույն պայմաններում, այլև զարգանալ։ Այսօրվա հայկական անկախ պետականությունը դրա ապացույցն է։ 

-25 տարի է անցել Հայաստանի անկախության ձեռքբերումից։ Ինչպիսի՞ն եք տեսնում երկիրը հաջորդ 25 տարիներն անց։ 

-Դա կրկին շատ առումներով կախված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումից։ Եվ ես հուսով եմ, որ իրավիճակը տարածաշրջանում Հայաստանին թույլ կտա արդյունավետ կապեր ստեղծել հարևանների հետ, այդ թվում նաև՝ Թուրքիայի։ Այսօր թուրքերը հասկանում են, որ Հայաստանի ուղղությամբ արված ցանկացած քայլը հղի է Ադրբեջանում բարձրացվող հիստերիայով։ Համարում եմ, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցը կարող է լուծվել, բայց միայն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման դեպքում։ Թուրքիան, ի վերջո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց դա տեղի կունենա ոչ թե Սփյուռքի շնորհիվ, թող ներեն ինձ հասարակական համակրանք չվայելող արտահայտություններիս համար, այլ, կրկնեմ, երկու պետությունների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների համատեքստում։ 

 ՙԳոլոս Արմենիի՚

Զառա ԳԵՎՈՐԳՅԱՆ