[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ. ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակն է, որ Մինսկի խումբն արդիականացնի Մադրիդյան սկզբունքներն  ու Ստեփանակերտին ներգրավի բանակցություններում

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների առջև, անդրադարձել է լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։ ՙՄիայն պայմանավորվել, այլ ուղի չկա,- ասել է նախարարը։¬ Զանազան ձևեր ստացած բանակցային գործընթացի երկարատև ժամանակահատվածում պայմանավորվածությունները բազմիցս մոտ են եղել, նույնիսկ պարզած ձեռքի հեռավորության վրա, բայց հետո գործում էր անվստահության ինչ-որ բնազդ՝ մեկ այս, մեկ մյուս կողմից, բայց աշխատանքը պետք է շարունակել՚։ 

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաև  ընդգծել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում արդեն մշակվել է սկզբունքների հավաքածու, ՙանհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք բարդ դետալներ, որոնք վերաբերում են շատ նրբանկատ հարցերի, այդ թվում՝ ներքաղաքական։ Բայց մենք չենք դադարում ջանալ: Ռուսաստանը, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ միասին, ինչպես գիտեք, ԵԱՀԿ ՄԽ  համանախագահող երկրներից է, որի կազմում մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք կողմերի հետ, ու մենք այսուհետ ևս այդ եռյակի շրջանակում մտածելու ենք այն մասին, թե ինչպես հաղթահարենք մանր, բայց շատ լուրջ դետալները, որոնք դեռ համաձայնեցված չեն՚։ Հայտարարությունն այս ուշագրավ է հետևյալ պատճառներով։ Առաջին՝ Լավրովն օգտագործում է ՙդիվանագիտական լեզու՚, որը սպեցիֆիկ է այնպես, ինչպես բժշկի կամ իրավաբանի ծածկալեզուն։ Նման հնարքն օգտագործվում է այն դեպքում, երբ դիվանագիտությունն ամենից առաջ կարևորում է զսպվածությունն ու զգուշավորությունը, ազդանշաններ է ուղարկում ՙիրազեկներին՚ ու դաշնակիցներին։ Փորձագետներն ստիպված են լինում մանրամասն վերծանել օգտագործվող ՙդիվանագիտական լեզվի՚ արտահայտությունները։ Նման պարագայում տարաբնույթ քաղաքական կոնստրուկցիաներ կազմելը խիստ պայմանական բնույթ է կրում։ Այդուհանդերձ, որքան էլ այս հարցում դիվանագիտությունը հմտանա, այն ի վիճակի չէ քողարկելու որոշ նրբերանգներ, նոր իմաստներ։ 

Չէ՞ որ Լավրովն առաջին անգամ չի ասում, որ հակամարտող Բաքուն ու Երևանը բազմիցս մոտ էին իրար, ՙանգամ պարզված ձեռքի հեռավորության վրա՚՝ համաձայնության հասնելու ճանապարհին, բայց հետո աշխատեց ՙանվստահության ինչ-որ բնազդ՝ մեկ այս, մեկ՝ մյուս կողմից՚։ Թեև, ՙաշխատանքը պետք է շարունակել՚։ Ռուսաստանի ԱԳն ղեկավարը չի կոնկրետացնում՝ այդ երբ են Բաքուն ու Երևանը մոտ եղել իրար։ Փորձագետների կարծիքով, նման բան տեղի է ունեցել Կազանյան փաստաթղթի քննարկման ժամանակ, որին հակամարտող կողմերը կարծես թե վերադարձան 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Ամեն դեպքում, վերջերս հանդես գալով խորհրդարանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ թեև այդ փաստաթուղթը ՙչի ընդունվել Ադրբեջանի կողմից, բայց և ի պահ չի հանձնվել ԵԱՀԿ-ին, և մնում է վերջին աշխատանքային փաստաթուղթը՚։ 

Բայց այն ժամանակ, ինչպես ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ՙհակամարտության խաղաղ կարգավորման շանսերն ավելի շատ էին, քան նախկինում՚։  Ի՞նչը խանգարեց կողմերին գալ  փոխադարձ համաձայնության գալ։ Դժվար է ասել, թեև, եթե դատենք որոշ նախանշաններից, աշխատեց, այսպես կոչված, ներքին գործոնը։ Կամ, Լավրովի խոսքով` ՙանվստահության բնազդը՝ մեկ այս, մեկ՝ մյուս կողմից՚։ Ղարաբաղի հարցով բանակցությունները, որոնք անցան նախ Վիեննայում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, ապա Սանկտ Պետերբուրգում՝  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, բերեցին նրան, որ ի հայտ եկավ ևս մի համաձայնագիր, որը նախատեսում է հակամարտող կողմերի շփման գծում մոնիտորինգի համակարգի և միջազգային միջնորդների առկայություն։ Սակայն գործընթացը, մեղմ ասած, տեղապտույտ է տալիս։ Քննարկումները նախկինի պես անցնում են փակ ռեժիմով՝ առանց նկատելի արդյունքների, իսկ հակամարտող կողմերը, ինչպես և միջնորդ երկրները, շարունակում են հանդես գալ հայտարարություննեով՝ ՙդիվանագիտական լեզվի՚ ոճաբանությամբ։ 

Այժմ մատնանշենք Լավրովի հայտարարության հանդեպ մեր ուշադրության ևս մեկ պատճառ։ Նա, թերևս, առաջին անգամ հայտարարեց, որ թեև բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունքների հավաքածու, ՙանհրաժեշտ է համաձայնեցնել մի ամբողջ շարք շատ բարդ դետալներ, որոնք վերաբերում են շատ նրբանկատ հարցերի, այդ թվում՝ ներքաղաքական՚։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ՙԼեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդիրը Բաքվի ներքին գործը չէ՚։ Իսկ նշանակում է՝ Երևանինը նույնպես։ Սա, մեր կարծիքով, շատ կարևոր քաղաքական-դիվանագիտական տարանջատում է։ Մի կողմից, լեռնայինղարաբաղյան հակամարտությունն առավելագույնս միջազգայնացված է, աշխատում է Մինսկի խումբը, որը մշակել է Մադրիդյան սկզբունքները, որոնք հակամարտող կողմերն ընդունել են որպես բանակցային գործընթացի հիմք։ Մյուս կողմից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարում են, որ Բաքուն ու Երևանը նախևառաջ իրենք պետք է համաձայնության գան իրար հետ։ 

Սակայն խնդիրը հենց նրանում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի ու Հայաստանի համար ազգային գաղափար է՝ բառի լայն իմաստով։ Իսկ նեղ իմաստով՝ ակնհայտ գործիք որոշակի ներքաղաքական խնդիրների լուծման համար, հատկապես՝ իշխանության շուրջ հասարակության համախմբման մասով։ Նման պարագայում պետք է ՙոսկե միջին՚, որը բավականին բարդ է որոշել։ Քանի որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի՝ իրար ընդառաջելու ցանկացած անզգույշ քայլը կարող է բերել ֆորսմաժորային իրավիճակի այդ երկրների ներսում, ինչը խիստ անցանկալի է։ Բացի այդ, մեր պատկերացմամբ, հայկական և ադրբեջանական ղեկավարները մտադիր չեն հատել ՙկարմիր գիծը՚՝ նախընտրելով քաղաքական-դիվանագիտական բարդ մանևրներ, գտնվելով զինված հակամարտության պոռթկման սահմանագծին։ 

Մինչդեռ ոմանք հակառակը կցանկանային։ Արևմուտքում որոշակի ուժեր մեքենայորեն հրատարակում են զեկույցներ ու, այսպես կոչված, վերլուծական գրառումներ՝ ՙԱդրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի անխուսափելիության՚ մասին եզրակացություններով։ Սա նկատելի քաղաքական լարվածություն է ստեղծում տարածաշրջանում։ Նման իրավիճակում, համարում է Լավրովը, ՙպետք է շարունակել բանակցությունները՚։ Իսկ Ադրբեջանում ԱՄն նախկին դեսպան, Հարավային Կովկասի հարցով պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան կարծում է, որ հակամարտող կողմերն իրար ընդառաջ կգնան ազգային անվտանգության հետ կապված ընդհանուր խնդիրների առկայության դեպքում։ Երբ ի հայտ գան ՙվստահության քայլեր՚, որոնք ունակ կլինեն ՙերկու երկրների միջև փոխգործակցության հիմք ստեղծել՚։ Կա և այլ առաջարկություն, որի համաձայն անհրաժեշտ է արդիականացնել շրջանակային համաձայնագիրը՝ Մադրիդյան փաստաթուղթը, այսինքն բանակցային գործընթացում ներգրավել Ստեփանակերտին։ Այսպես թե այնպես՝ Բաքու-Երևան երկխոսության ձևաչափի ռեսուրսը, այնուամենայնիվ, սպառել է իրեն, այժմ  ճեղքում է հարկավոր։ 

 

REGNUM   տեղեկատվական 

գործակալություն