[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՎՀԱՐ ԱՂԱՅԻ ՄԶԿԻԹԸ

Շուշի քաղաքում ավարտվեցին Վերին մզկիթի տարածքում իրականացվող պեղումները. մզկիթը հայտնի է Գյովհար Աղայի անվանմամբ։ Հնարավոր դարձավ վերականգնողական աշխատանքներ սկսել։ 2016թ. դեկտեմբերին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունն ու իրանական Part Saman jahan Co. ընկերությունը կնքել են պայմանագիր Գյովհար Աղայի մզկիթի վերականգնման նախագծային աշխատանքների վերաբերյալ։

Մզկիթը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահպանության ներքո։ Գեոտեխնիկական, կառուցվածքային և արդյունաբերական օբյեկտների ոլորտում իրանցի մասնագետները ճարտարապետ Սաիդ Նահավանդիի գլխավորությամբ իրականացրել են մզկիթի դիզայնի նախագիծը` Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում գործող  Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատվերով։ Նախագծի ֆինանսավորումն ստանձնել է հայկական ՙԱրևելյան պատմական ժառանգության վերածնունդ՚ հիմնադրամը։ Իրենց մասնագիտական ծառայություններն են Ստեփանակերտին առաջարկել տարբեր ընկերություններ, սակայն որպես կապալառու ընտրվել է հենց իրանական ընկերությունը, որն առաջիններից մեկն արձագանքեց մզկիթի վերականգնման հարցում օգնելու ղարաբաղյան կողմի խնդրանքին։ Ընտրությունն այդ պատահական չէ, այն նաև խորհրդանշական է, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական հուշարձանները պատկանում են հենց իրանական մշակութային ժառանգությանն ու վկայում են Հարավային Կովկասի,  մասնավորապես` Արցախի հետ Պարսկական կայսրության ունեցած պատմական կապերի մասին։

Իրանցի ճարտարապետներն ու պատմաբաններն իրենց աշխատանքը կատարել են պատմական փաստերի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ՝ ուսումնասիրելով աշխարհով մեկ տարածված բոլոր գոյություն ունեցող արխիվային նյութերը, արդյունքում վերջնական պատկերացում կազմելով ոչ միայն մզկիթի, այլև ողջ Շուշի քաղաքի մասին՝ մինչև թուրք բարբարոսների կողմից նրա ոչնչացումը։ 

Բացի իր աշխարհագրական բացառիկ դիրքից (քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1300-1500մ բարձրության վրա), Շուշին հարուստ է մշակութային ու պատմական հուշարձաններով։ Հնագիտական տվյալների համաձայն, Շուշիի ամրոցը միջին դարերից սկսած ռազմական ամրություն է ծառայել Վարանդայի մելիքության համար։ Ամրոցի մասին հիշատակումներ կարելի է հանդիպել 9-14-րդ դդ. պարսկական ու արաբական հեղինակների աշխատություններում, որտեղ այն հանդիպվում է որպես Կարկառ։ Քաղաքի տարածքում ու նրա արվարձաններում հայտնաբերված մի շարք գտածոներ վկայում են Ուրարտու հնագույն պետության (մ.թ.ա 9-6-րդ դդ.) հետ ամրոցի բնակիչների ունեցած կապերի մասին։ Այն մասին, որ քաղաքը պատկանում է հայկական մշակույթին, վկայում են բազմաթիվ խաչքարեր, որոնց թվագրումն սկսվում է 10-րդ դարից։ Երևանում գտնվող հնագույն ձեռագրերի թանգարանում՝ Մատենադարանում, պահպանվում է 15-րդ դ. Ավետարանը, որն արտագրվել է Շուշիում։ Քաղաքի տարածքում տեղակայված են նաև հայկական գերեզմանոցներ։ 

Իրանական մշակույթն Արցախի տարածք է ներթափանցել Արևելյան Հայաստանում Պարսկական կայսրության իշխանության հաստատման հետ։ Ղարաբաղում շարունակում էին գոյություն ունենալ ոչ մեծ մելիքություններ, որոնց կառավարիչները՝ մելիքները, լայն լիազորություններով էին օժտված։ Ինչպես հայ անվանի գրող Րաֆֆին է գրում իր ՙԽամսայի մելիքությունները՚ գրքում, Ղարաբաղի մելիքներին հզորությամբ ու հարստությամբ կարելի էր համեմատել թագավորների հետ` իրենց տիրություններում։ 

Նադիր շահ Աֆշարի կառավարման օրոք Ղարաբաղի մելիքությունները միավորվեցին Խամսայի մելիքությունների (Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Գյուլիստան և Դիզակ) մեջ, իսկ մելիքներն իրենք սերտ կապերի մեջ էին շահի ընտանիքի հետ։ Դիզակի մելիքության մելիք Եգանը նույնիսկ խանի տիտղոս է ստացել Նադիր շահից ու նրա մերձավոր շրջապատում էր։ 

Ընդհանուր պետության կազմում դարավոր համակեցությունը բերեց նրան, որ Իրանը զգալիորեն ազդեց Հարավային Կովկասի ժողովուրդների մշակույթի ու կենցաղի վրա։ Դա դրսևորվում է մի շարք սովորույթներում, ծեսերում, նիստուկացում և, իհարկե, լեզվում։ ԼՂՀ տարածքի վրա իրանական ազդեցության նյութական վկայություններ կարելի է գտնել և այսօր։ Արցախում հանդիպվում է տնային սպասք՝ պարսկական գեղագրերով, ձեռագրեր, մետաղադրամներ։ 

Ղարաբաղը զավթելու փորձեր Կովկասի թուրքական ցեղերը բազմիցս են ձեռնարկել։ Սակայն միայն Ջիվանշիր ցեղին՝ Իրանից փախած Փանահ Ալիի գլխավորությամբ, հաջողվեց նվաճել Ղարաբաղը՝  օգտվելով  Խամսայի մելիքների միջև ծագած տարաձայնություններից։ Փանահ խանը հռչակեց Ղարաբաղի խանության ստեղծումը, որը գոյատևեց մոտ կես դար։ 1813թ. ռուս-պարսկական պատերազմից հետո կնքված Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղի խանությունն ընդգրկվեց ռուսական կայսրության կազմում ու ստացավ ՙՂարաբաղյան նահանգ՚ անվանումը։ Գյուլիստանի պայմանագիրը մինչ օրս հանդիսանում է Իրանի պատմության զգայուն ու ցավալի էջերից մեկը։ 

Ռուսական կայսրության կազմում Շուշին սկսեց ակտիվորեն զարգանալ՝ քաղաքի կարգավիճակ ստանալով 1847թ.։ Ակտիվ առևտուրը, արհեստների ու մշակութային կյանքի ծաղկումը բերեցին նրան, որ քաղաք սկսեց տեղափոխվել նաև Հարավային Կովկասի իսլամական բնակչությունը։ Այդուհանդերձ, քաղաքի 15-հազարանոց բնակչության 55 տոկոսը կազմում էին հայեր։ Շիա մահմեդականներն ստեղծեցին իրենց համայնքը, նրանք բնակեցված էին քաղաքի ստորին մասում՝ կառուցելով մզկիթներ, մեդրեսեներ (իսլամական ուսումնական հաստատություններ), իսլամական տարբեր հաստատություններ։ Քաղաքը բաժանվեց քրիստոնեական կամ հայկական և մուսուլմանական մասերի։

1883թ. կառուցվեց և Գյովհար Աղայի կամ Վերին մզկիթը։ Ճարտարապետն իրանցի Քերբելի Սեմֆի խանն էր։ Վերականգնողական աշխատանքների շնորհիվ մզկիթը մի շարք փոփոխություններ կրեց։ Մասնավորապես, վերականգնումը կատարվեց պարսիկ շահ Ֆարխ Ալի շահ Քաջարայի կնոջ՝ նույն ինքը Փանահ խանի թոռնուհի Գյովհարի կամ Գովխարի խնդրանքով, ում պատվին էլ մզկիթն ստացավ իր անվանումը։ Մզկիթի տարածքում կար մեդրեսե, որը նույնպես կվերականգնվի առաջիկա  վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Մզկիթի պատերին ու դրանց կից շիրմաքարերին արված բոլոր գրությունները ֆարսի լեզվով են, ինչը նույնպես վկայում է, որ դրանք պատկանում են իրանական մշակույթին։ XX դարասկիզբը նշանավորվեց քաղաքի հայազգի և մահմեդական բնակչության միջև առճակատման սրացմամբ։ 1905թ. օգոստոսին հակամարտությունը թեժացավ։ Զոհվեցին հարյուրավոր հայեր, իսկ  քաղաքի հայկական մասը վառվեց։ Նրանք, ովքեր ողջ մնացին, ստիպված էին լքել քաղաքը։ 

1918թ. Ղարաբաղը դարձավ Անդրկովկասյան ժողովրդավարական Ֆեդերատիվ Հանրապետության մի մասը։ Այդ շրջանում հայերն ու քաղաքն ինքը ենթարկվեցին նոր կողոպուտների ու ջարդերի։ Խորհրդային իշխանության հաստատումից ու Ղարաբաղը նորահռչակ ԱդրԽՍՀ կազմ մտցնելուց հետո վարչական կենտրոնը Շուշիից տեղափոխվեց այն ժամանակվա Վարարակն (Ստեփանակերտ)՝ Շուշիի դերը համահարթելու նպատակով։ Ադրբեջանի խորհրդային իշխանությունը հրամայեց քանդել քաղաքի հայկական մասի ավերակները։ Հայերը նոր իշխանությանն ընդդիմանալու փորձ ձեռնարկեցին 1920թ., սակայն ապստամբությունն ավարտվեց Շուշիի հայտնի ջարդով։ 

Խորհրդային աթեիզմի շրջանում մզկիթներն ու եկեղեցիները զրկված էին իրենց կրոնական նշանակությունից։ Դրանց մեծ մասը դադարեց գործել՝ պահպանվելով որպես ճարտարապետական հուշարձաններ։ 1988թ., երբ Ղարաբաղում սկիզբ առավ Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանի հետ վերամիավորվելու շարժումը, Ստեփանակերտից ու նրա շրջակայքից շատ ադրբեջանցիներ տեղափոխվեցին Շուշի ու այնտեղ կենտրոնացրին իրենց ուժերը։ Քաղաքի հայերն ստիպված էին լքել իրենց տները։ Շուշիի եկեղեցիները թալանվում ու պղծվում էին։ 

1992թ. մայիսի 9-ին հայկական զինված ուժերն ազատագրեցին Շուշին։ Ադրբեջանական բնակչությունը բանակի հետ միասին փախավ քաղաքից։ Շուշիի ազատագրման ՙՀարսանիք լեռներում՚ ռազմագործողության ընթացքում քաղաքի ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցվեց։ Ավերածությունները չշրջանցեցին թե՜ եկեղեցիները, թե՜ մզկիթները։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հետպատերազմական տարիներին հատուկ ուշադրություն էին դարձնում Շուշի քաղաքի նախկին դիմագծի ու նշանակության վերականգնմանը։ Այսօր քաղաքում վերականգնված են ոչ միայն շատ բնակելի տներ ու եկեղեցիներ, այլև կառուցվել են մի քանի թանգարաններ, կերպարվեստի ցուցասրահը, ուսումնական հաստատություններ և անգամ Մշակույթի նախարարությունն է մայրաքաղաքից տեղափոխվել Շուշի։ Քաղաքի մզկիթներից մեկն արդեն վերանորոգված է։ Գյովհար աղայի մզկիթը գտնվում է պետության պահպանության ներքո, սակայն նրա վերականգնումը պահանջում էր մեծ ծախսեր ու մասնագետների օգնություն։ 

Ադրբեջանի իշխանություններն այս անգամ էլ առիթը բաց չթողեցին քաղաքականացնելու այս գործընթացը։ ԻԻՀ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն կանչվեց Ադրբեջանի ԱԳՆ, ում հավակնություններ ներկայացրին` կապված, իրենց մեկնակերպի համաձայն, ՙօկուպացված՚ Ղարաբաղում իրանական ընկերության գործունեության հետ։ Կրոնական կառույցների հետ աշխատանքների պետական կոմիտեի փոխնախագահ Գյունդուզ Աղաևը հայկական կողմին մեղադրեց իսլամական հուշարձանների ոչնչացման մեջ, իսկ ԼՂՀ¬ում իրանական ընկերության գործունեությունն անվանեց ՙանմարդկային և ոչ իսլամական՚։

Նախագծի հեղինակ ճարտարապետ Սաիդ Նահավանդին ինքը հիասթափություն է հայտնել այն առնչությամբ, որ նրա աշխատանքը փորձում են շահարկել որպես քաղաքական խաղաթուղթ։ ՙՄենք ոչ մի քաղաքական խաղ չենք խաղում։ Մենք միայն մեր մասնագիտական աշխատանքն ենք կատարում, և նշանակություն չունի՝ որ երկրում։ Գուցե մի օր Ադրբեջանում, Բաքվում իրանական ինչ¬որ շինություն վերանորոգման կարիք ունենա, և ես կմեկնեմ այնտեղ մասնագետի իմ գործն անելու։ Ես ճարտարապետ եմ և ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարաբերությունների մեջ են պետություններն իրար հետ։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր մշակույթը՝ իրանական մշակույթը՚,¬ նշել է ճարտարապետը։ 

Սաիդ Նահավանդին պատմեց նաև աղբյուրների հետ տարված աշխատանքի մասին։ Նա անձամբ է  համեմատել մզկիթի վերաբերյալ պատմական տեղեկություններն այլևայլ աղբյուրներում։ ՙԴժվար էր վեր հանել ճշմարտությունը,¬ ասում է Նահավանդին։ ¬ Միայն Հայաստանում ու Ղարաբաղում եղած աղբյուրները բավական չէին, այդ իսկ պատճառով հարկ եղավ օգտագործել նյութեր ԱՄՆ¬ից, Մոսկվայից, Վրաստանից, Իրանից ու Ադրբեջանից։  Այս աշխատանքի ընթացքում շատ ջանքեր ենք ներդրել։ Պետք է պահպանել սեփական մշակույթը, որպեսզի այն փոխանցենք մեր երեխաներին՚։

Հայաստանն ու Արցախը միակ երկրները չեն, որոնք ՙմշակութային ահաբեկչության՚ են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Ինչպես հայտնի է, հենց իր անունն այդ հանրապետությունը փոխառել է Արևելյան և Արևմտյան Ադրբեջան (Ատրպատական) իրանական հյուսիս¬արևելյան նահանգներից՝ հավակնելով այդ տարածքներին։ Իրանի մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները չեն սահմանափակվում տարածքային հավակնություններով: Իրանական  միջնադարյան գրականության հսկաներից մեկը՝ Նիզամի Գյանջևին՝ ՙԼեյլի և Մեջնուն՚¬ի հեղինակը, հռչակված է որպես ադրբեջանական բանաստեղծ։ Իշխանությունների հրամանով մեծ բանաստեղծի շիրմաքարի պարսկական գրությունները փոխարինվում են ադրբեջանականով։ Ադրբեջանը ձգտում է նաև որպես իր մշակութային ժառանգություն ներկայացնել իրանական ավանդական խաղ չովղան¬բազին (պոլո), երաժշտական գործիքները և այլն։ 

Չնայած նրան, որ Արցախի Հանրապետությունում իսլամի ներկայացուցիչներ չեն ապրում, այդուհանդերձ, մզկիթը կծառայի իր գլխավոր նշանակությանը։ Մահմեդականները՝ զբոսաշրջիկներն ու հանրապետության հյուրերը, կարող են ազատ այցելել մզկիթ։ Միաժամանակ մզկիթը կարող է դառնալ իսլամական մշակույթի գլխավոր թանգարան։ 

Այդպիսով, ԼՂՀ¬ն ապացուցել է, որ հավատարիմ է մնում հնագիտական ժառանգության պահպանման ու ճարտարապետական ժառանգության պաշտպանության վերաբերյալ եվրոպական կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին՝ անկախ հայկական մշակույթին դրանց պատկանելիությունից։

Իդա ՍԱՐԳՍՅԱՆ

mostga.am