[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐՑԵՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Ազգային ժողովի հունիսի 28-ի լիագումար նիստի օրակարգով նախատեսված օրենսդիր-գործադիր   հարցուպատասխանին կառավարության անդամները՝ վարչապետ  Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ներկայացան ավանդական ժամին՝ 13.00-ին։  

Դա 6-րդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի վերջին հարցուպատասխանն էր։ 

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հարցը մտահոգում էր  ՙԴաշնակցություն՚ խմբակցությանը, որն արձանագրել է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքների ղեկավարների և ավագանիների ընտրություններին վերաբերող օրենքի կոպիտ խախտում։  Խորհրդարանականները վերջերս ծանուցում են ստացել այն մասին, թե կոնկրետ որ օրենքի նախագիծ երբ է ներկայացվելու օրենսդիր իշխանությանը։ Տեղական ինքնակառավարման մասին օրինագիծը, Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև վարչատարածքային բաժանումների մասին օրենքը քննարկվելու են 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։  2016-17 թվականներին, ըստ  ԿԸՀ-ի ներկայացրած ցուցակի, 64 համայնքներում ղեկավարներ չեն ընտրվել, 15-ում  չեն անցկացվել ավագանու ընտրություններ։ Թողնել այսպես անկարելի է, քանի որ ոտնահարվում են ընտրողի և ընտրվողի իրավունքները, ասաց  Ա. Գաբրիելյանը՝ հարցի պարզաբանումն ակնկալելով գործադիրից։

Հարցին պատասխանեց ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։ Դա կարևորագույն հարցերից մեկն է, ասաց նախարարը՝  հիշեցնելով, որ  սահմանադրության հայեցակարգի մշակման ժամանակ հատուկ գլուխ էր նվիրվել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նախատեսվել էր տեղական ինքնակառավարման համակարգը սահմանադրությանը համապատասխանեցնել 5 տարվա ընթացքում։ Նախարարի խոսքով՝ այդքան սպասելը ճիշտ չէր լինի. անցած  ամիսների ընթացքում այդ համակարգին վերաբերող  բազմաթիվ քննարկումներ են տեղի  ունեցել կառավարությունում։ Մեր հանրապետության յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունները, դրա հետ կապված աշխատանքներն էլ ոչ այնքան հրապարակային են ընթանում։ Ա. Դանիելյանն իր վրա  որոշակի պատասխանատվություն վերցնելով` հայտարարեց, որ մինչև տարվա վերջ տեղական ինքնակառավարման մասին օրենքի վերաբերյալ ընդհանուր պատկեր կունենանք։

Լեռնիկ Հովհաննիսյանի երկու հարցերն էլ վերաբերում էին Քաշաթաղի շրջանին։ Բերձոր քաղաքում երկու բազմաբնակարան շենք կա՝  նախատեսված հիմնականում երիտասարդ ընտանիքների համար։ Դրանցից մեկում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են սկսվել, իսկ մյուսում՝ ոչ։ Ե՞րբ է վերանորոգվելու երկրորդ շենքը, հարցրեց պատգամավորը՝ վկայակոչելով մոտ 130 դիմումատուներին, որոնցից 100-ի ետևում  երիտասարդ ընտանիքներ են։  Պատգամավորը կարևորեց վերաբնակեցվող շրջանում  երիտասարդ ընտանիքների բնակարանային հարցի լուծումը՝ այն որակելով  բավականին հրատապ խնդիր։ Նրա երկրորդ հարցը բուժսպասարկմանն էր առնչվում։ Քաշաթաղի շրջանի բուժմիավորումը  չի օգտվում ո՜չ ծառայողական բնակարաններից և ո՜չ էլ հավելավճարից, բացառությամբ Կովսականի շրջանային հիվանդանոցի։ Այդ պատճառով էլ չեն կարողանում բժիշկ հրավիրել՝ բուժսպասարկման մակարդակն ինչ-որ չափով բարելավելու նպատակով։  Շրջանում որակյալ բժիշկների պակաս է զգացվում, ինչը բացատրվում է  գլխավորապես ծառայողական բնակարանների բացակայությամբ։ Արդյո՞ք հարցի լուծումն այդքան էլ անհնարին է։ 

Պատգամավորի առաջին հարցին ի պատասխան՝  քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ասաց, որ  հանրապետության բոլոր շրջաններում բնակիչներին բնակարանով ապահովելը օրախնդիր թեմա է։ Բնակարանների վերանորոգման և նորերի կառուցման հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել։ Բերձորում  սկսվել են  մեկ բնակելի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Նախատեսվում է 2018թ. ավարտել այն, որից հետո անցնել երկրորդին։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով հնարավոր չէ երկու օբյեկտներում միաժամանակ շինարարական աշխատանքներ իրականացնել։ 

Կ. Շահրամանյանի պատասխանը երկրորդ հարցին փաստորեն հավաստիացում էր առ այն, որ նախարարությունն աշխատելու է լուծում տալ Բերձորի բնակիչների բուժսպասարկման վերաբերող խնդրին։ 

Հանրապետության տարածքում տեղակայված հակակարկտային կայանների աշխատանքն անարդյունավետ է։ Ամեն տարի կարկտահարությունից տուժում են զգայի տարածքներ, կառավարությունն էլ միջոցներ է ձեռնարկում՝ փոխհատուցելու  վնասի մի մասը։ Ժամանա՞կը չէ, արդյոք, ներդնել այլ մեխանիզմներ, մասնավորապես կիրառել ապահովագրության համակարգը, հարցրեց պատգամավոր Վիլեն Սաֆարյանը։ Նրա երկրորդ հարցը վերաբերում էր գյուղական համայնքների կողմից ներկայացված հայտերին՝ կապված արտեզյան ջրհորների տեղի ու դիրքի որոշման հետ։ Մեզ մոտ հաշվի՞ են առնվում տեղանքի հիդրոերկրաբանական պայմանները, առհասարակ ի՞նչ սկզբունքով են որոշվում  արտեզյան ջրհորների տեղն ու դիրքը։

Հարցերին պատասխանեց վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Այսօր պատրաստ չենք անցնել ապահովագրական համակարգին, ասաց վարչապետը, եթե հող մշակողների ծախսերի գերակշիռ մասը պետական աջակցության շրջանակներում է կատարվում, ապա  ինչպե՞ս այդ նույն հողօգտագործողից առանձին  ապահովագրական վճար պահանջենք։ Այսօր մեր հողագործները պատրաստ չեն ապահովագրական վճարներ կատարելու։ Իսկ եթե վճարումներն իրականացվեն, հարկ կլինի լրացուցիչ  ավելացնել պետական աջակցությունը։  Դա նշանակում է պետական ապահովագրական համակարգի ստեղծում, որի ուղղությամբ այսօր գործադիրն աշխատում է։  Ա. Հարությունյանի իրազեկմամբ՝ քննարկվում են  վնասների փոխհատուցման, հողօգտագործողների  հետագա գործունեության կազմակերպման հետ կապված խնդիրները։  Գործադիրն առաջնորդվում է հանրապետության նախագահի հանձնարարականով։     Վարչապետը զարգացած պետական ապահովագրության համակարգի կողմնակից է, սակայն, նրա խոսքով, աշխարհում չկա  գյուղատնտեսության բնագավառի մի մոդել, որը հնարավոր լիներ ընդօրինակել։ Ուսումնասիրվել է բազմաթիվ երկրների փորձը։ Պետական ապահովագրության համակարգի հայեցակարգը քննարկման փուլում է, որն իր մեջ պարունակում է ապահովագրական մեխանիզմ,  ինչն էլ թույլ կտա պետությանը ապահովագրելու վնասները։ Խոսքը մեխանիզմի մասին է, ոչ թե ապահովագրական ինստիտուտի։ 

Ինչ վերաբերում է արտեզյան ջրհորներին, հայտերը ստանում են շրջանների վարչակազմերից։ Մինչ այսօր տեղակայված ջրհորները սեփականաշնորհված տարածքներում են, կամ գտնվում են համայնքային պահուստային ֆոնդերում, որոնցից հավասարապես օգտվում են գյուղաբնակները։ Պետությունը չի արգելում առանձին մարդկանց՝ հայտեր ներկայացնելու։ Նրանց  աջակցում է  և ընդամենը պահանջում է  պահպանել արտեզյան ջրհորների օգտագործման դիմաց էլեկտրաէներգիայի փոխհատուցման գործող կարգը։ 

Պատգամավոր Դավիթ Իշխանյանի կողմից բարձրացվեց հանրությանը մտահոգող մի հարց. հանրապետության դպրոցներում վերջին զանգի ծախսատար արարողությունը քննարկման թեմա է դարձել ծնողների շրջանում։  Նախարարը տեղյա՞կ է, արդյոք, թե ինչ մթնոլորտ է տիրում դպրոցներում, և ինչպե՞ս է նա  գնահատում իրավիճակը։ 

Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ասաց, որ, ընդհանրապես, դպրոցներում դրամահավաք  ենթադրող միջոցառումների նկատմամբ նախարարությունն իր վերաբերմունքն արտահայտել է. նախկինում և այժմ էլ կան հրամաններ, որոնցով արգելվում են դրամահավաքները։  Վերջին զանգի արարողություններն անց են կացվում ծնողների նախաձեռնությամբ։ Նախարարի խոսքով՝ տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներում մշտապես խոսվում է այն մասին, որ ամեն ինչ պետք է արվի չափի սահմաններում։ Նախարարությունը չի կարող արգելել կամ սահմանափակում մտցնել, նախաձեռնողներն ու պատասխանատուները ծնողներն են։

Դ. Իշխանյանը նախարարի ուշադրությունը սևեռեց գործադիրի անցյալ տարվա օգոստոսյան խորհրդակցության վրա՝ ասելով, որ այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն, որովհետև իրավիճակն առավել քան մտահոգիչ է։ 

2017-18 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունների ընթացքում տեխնիկական առարկաներից, հատկապես ֆիզիկայից, գրանցվել են ոչ բավարար արդյունքներ։ Պատգամավոր Գագիկ Բաղունցի որակմամբ՝ նման իրավիճակը վկայում է մեր դպրոցներում համապատասխան գիտելիքների բացակայության մասին։ Այս մասով ի՞նչ ծրագրեր ունի նախարարությունը։ 

Ս. Ասրյանը նշեց, որ  վերջին տարիներին բնագիտական առարկաների հետ կապված խնդիր կա, հատկապես ֆիզիկայի գծով մեզ մոտ չկա լիարժեք ուսուցում։ Պարզ է, եթե դպրոցում  առարկայի դրվածքը  լավ չէ, դա իրեն զգացնել է տալիս  քննությունների արդյունքներում։ Նախարարը նշեց մի հանգամանք. առայսօր չի հաջողվում ընտրել գոնե մեկ ֆիզիկայի մասնագետ, ով ի վիճակի կլինի մասնակցել Ստեփանակերտի թիվ 11 հիմնական դպրոցում հայտարարված բակալավրյան ծրագրին, որպեսզի մրցույթին մասնակցելուց հետո առարկան դասավանդի աշակերտներին։ Ս. Ասրյանի խոսքով՝  նույն խնդիրն առկա է Հայաստանում, և խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկային, այլև բնագիտական մյուս առարկաներին։ Սա պահանջում է հասարակական ու պետական մոտեցում։ Հիմքը պետք է դպրոցում դնել։ 

Գործադիր իշխանության որոշման համաձայն՝ Արցախի պետական համալսարանում սովորող սպաների զավակների ուսման վճարը լիովին փոխհատուցվում է պետության կողմից։ Պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի խոսքով՝ այս տարի ՀՀ բուհերում կամ կտրուկ վերանայվել է պետպատվերը, կամ էլ նվազեցվել է հատկացվող գումարի չափը։ Նրան հետաքրքրում էր, թե հայաստանյան և արցախյան բուհերի միջև, արդյո՞ք, տարբերակում լինելու է։ Խոսքն այս պարագայում ոչ թե բուհի սուբսիդավորման, այլ կոնկրետ սոցիալական խմբի է վերաբերում։ Եվ ինչո՞ւ զորացրված սպաների երեխաները կարող են անվճար ուսում ստանալ, իսկ, օրինակ, Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամի երեխան զուրկ է նման հնարավորությունից։ Զորացրված սպաների համար աշխատանք միշտ գտնվում է, իսկ երկրորդ կարգի հաշմանդամներից շատերը աշխատանք  չունեն։    

Կրթության, գիտության և սպորտի նախարարի իրազեկմամբ՝ ՀՀ պետական բուհերում նախատեսված է 60 անվճար տեղ, որոնք բաշխված են կառավարության որոշմամբ։ Այս տարի ԱՀ կառավարության նիստում վարչապետի առաջարկությամբ հարց բարձրացվեց հետևյալի մասին. տեղեր չնախատեսել այն մասնագիտությունների գծով, որոնք  ուսուցանվում են մեր բուհերում։ Նախարարությունն առաջնորդվել է այդ սկզբունքով, բացի այդ, հաշվի է առնվել այն, որ մեր հանրապետությունում բժիշկների սուր կարիք է զգացվում, ինչից ելնելով` այդ ոլորտին հատկացվել է 17 անվճար տեղ։       

Ինչ վերաբերում է գործադիրի այն որոշմանը, ըստ որի՝ միայն սպաների երեխաների ուսման վճարն է լիովին փոխհատուցվում, նախարարն ասաց, որ ժամանակին հարցը քննարկվել է։ Նաև ուսումնասիրություն է իրականացվել, ինչից պարզվել է, որ անվճար սովորելը բացասաբար է անդրադառնում սպաների երեխաների ուսման որակի վրա։  Իմանալով, որ  պետությունը բոլոր դեպքերում իրենց աջակցելու է, ջանքեր չեն թափում՝ ավելի լավ սովորելու։ Իրերի նման դրվածքը վնասում է կրթության գործին։ Նախարարի խոսքով՝ այս պարագայում ճիշտ կլինի ինչ-որ շեմ սահմանել, որը հաղթահարելու դեպքում միայն սպայի երեխան կկարողանա օգտվել պետականորեն նախատեսված փոխհատուցումից։ Երկրորդ կարգի հաշմանդամների երեխաների համար բուհի կողմից սահմանված զեղչեր են գործում, հավելեց նախարարը։  

Վահրամ Բալայանի հարցը վերաբերում էր Գարեգին Նժդեհի փողոցի,  գլխավորապես դեպի մայրաքաղաքի գերեզմանոց տանող հատվածի բարեկարգմանը։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ 

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հավաստմամբ՝ մայրաքաղաքաի փողոցների բարեկարգման գործընթացը շաունակվում է, ընթացիկ տարում ևս աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ։ Գ. Նժդեհի փողոցի բարեկարգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն առկա են, աշխատանքներն իրականացվում են ըստ հաջորդականության։

Պատգամավոր Արզիկ Մխիթարյանը կառավարության ղեկավարին, քաղաքաշինության նախարարին և շինարարական կազմակերպություններին փոխանցեց մայրաքաղաքի վերջերս բարեկարգված՝ Հակոբյանի,  Պողոսյանի, Կասպարովի, Շիրվանզադեի, Մխիթար Սպարապետի փողոցների բնակիչների  երախտիքի խոսքը։ Նա, միաժամանակ, մատնացույց արեց Ստեփանակերտի ծայրամասային մի շարք փողոցներում տիրող անմխիթար վիճակը։ Լազարևի փողոցի բնակիչները պատգամավորին խնդրել էին կառավարությանը փոխանցել իրենց՝ փողոցն ասֆալտապատելու և կարգի բերելու խնդրանքը։ 

Ա. Մխիթարյանի երկրորդ հարցը հետևյալ բովանդակությունն ուներ. նա այցելել է Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղ, որը զգալիորեն տուժել էր Արցախյան պատերազմից։ Բավականին մեծ թվով երեխաներ զուրկ են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։ Գործադիրի ծրագրերում նախատեսվա՞ծ է գյուղում նախադպրոցական հաստատության ստեղծում։

Պատասխանելով մայրաքաղաքի ծայրամասային փողոցներին առնչվող հարցին՝ Կ. Շահրամանյանն ասաց, որ ամեն տարի որոշ աշխատանքներ արվում են. երթևեկությունը պահպանելու նպատակով  դրանք առնվազն  խճապատվում են՝ մինչև հիմնանորոգման աշխատանքների իրականացումը։ Նախարարն իրազեկեց, որ ներկա դրությամբ ՙԱրցախուղի՚ ընկերության մեկ աշխատանքային խումբ Ստեփանակերտի շրջանցիկ ճանապարհն է կառուցում։ Մարտական գործողությունների ժամանակ մեր ռազմական տեխնիկան տեղափոխվում էր Ստեփանակերտի կենտրոնական փողոցով։ Դրանից խուսափելու համար գործադիրը շրջանցիկ ճանապարհի կառուցում է նախաձեռնել, որն արդեն ավարտական փուլում է։ Դրանից հետո նշված խումբը ձեռնամուխ կլինի ծայրամասային փողոցների բարեկարգման աշխատանքների իրականացմանը, հավաստիացրեց նախարարը։ 

Պատգամավորի երկրորդ հարցին ի պատասխան՝ նախարարը խոստացավ քննարկել այն և լուծում գտնել։             

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ