[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔ - ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՍՐՎՈՒՄ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Ստավրոս Դիմասը 2012թ. փետրվարի 16-ին ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել, որում ընդգծել է, որ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ¬ի շրջանակներում Հունաստանի առաջ ունեցած իր պարտավորությունները, իսկ դաշինքին Հունաստանի անդամակցությունը չի լուծում Աթենքի և Անկարայի միջև գոյություն ունեցող հիմնախնդիրները:Ս. Դիմասը նշել է. ՙՉի կարելի քամահրել այն մարտահրավերները, որոնց Հունաստանը բախվում է ազգային մակարդակով և որոնց, ցավոք, դաշինքին մեր անդամակցությունը պատասխան չտվեց՚:
Ս. Դիմասը  մատնանշել է Էգեյան ծովում սահմանազատման վերաբերյալ Թուրքիայի ապակառուցողական  քաղաքականությունը:ՙԵրեկ եղան նոր սպառնալիքներ (Թուրքիայի կողմից) Կիպրոսի վերաբերյալ:Նորից ռազմական ինքնաթիռների թռիչքներ եղան (հունական կղզիների երկնքում), Հունաստանի ինքնիշխան իրավունքներում կասկածներ հայտնվեցին:Դա դաշնակցի վարք չէ:Դա մի վարք է, որը հարկ է դադարեցնել՚:
Անտագոնիստական հակասություններն են պայմանավորում հունա¬թուրքական փոխհարաբերությունները Էգեյան ծովի տարածքային ջրերի, մայրցամաքային շելֆի, օդային տարածության, ազգային փոքրամասնությունների, Կիպրոսի հիմնախնդրի, Իմրոս և Թենեդոս կղզիների հարցերում:Բոլոր այդ  հակասություններն ավելի են խորանում Հունաստանի դեմ Թուրքիայի կողմից բազմիցս կատարված պատերազմի հրահրումներով:Վերջին տասնամյակներում Թուրքիան և Հունաստանը 7 անգամ (1974, 1976, 1987, 1993, 1994, 1996, 1997թթ.) հայտնվել են իրար հետ պատերազմի  շեմին: 
Մայրցամաքային շելֆի հիմնախնդիրը շոշափում է, առաջին հերթին, երկու երկրների տնտեսական շահերը:Էգեյան ծովում անցկացված երկրաբանահետախուզական հետազոտությունները 1973թ. այնտեղ հայտնաբերել են օգտակար հանածոների, ամենից առաջ` նավթի, զգալի պաշարների առկայությունը:Թուրքիայի կողմից այդ նավթը զավթելը նրան թույլ կտար հրաժարվել նավթի ներմուծումից:Ըստ որում,  Թուրքիայի ղեկավարությանը բացարձակապես չի անհանգստացնում Հունաստանի պետական ինքնիշխանության առկայությունը Էգեյան ծովի մայրցամաքային շելֆի նկատմամբ:Հարկ է հիշեցնել, որ Էգեյան ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև տարածքային սահմանազատումը որոշված է 1913թ. Լոնդոնի և Աթենքի պայմանագրերով, 1920թ. Սևրի պայմանագրով, Իտալիայի հետ 1947թ. հաշտության պայմանագրով, որոնց համապատասխան` Էգեյան ծովի կղզիները, բացառությամբ Թուրքիային առափնյա երեքմղոնանոց գոտում գտնվող մի քանի կղզիների, հունական են հանդիսանում:Այնուամենայնիվ, Թուրքիան պահանջում է ծովային շելֆը կիսել` առանց հաշվի առնելու 500 հունական կղզիները:Փաստորեն Թուրքիան հավակնում է Էգեյան ծովում Հունաստանի ազգային տարածքի կեսին: Հասարակական կարծիքի հարցման համաձայն` հույների 45 %¬ը գտնում է, որ Թուրքիայի նպատակն է Էգեյան ծովում լրիվ վերահսկողության հասնել հունական կղզիները զավթելու միջոցով:
Հունա-թուրքական մեկ ուրիշ հակասություն վերաբերում է տարածքային ջրերին:Ինչպես հայտնի է, Ծովային իրավունքի վերաբերյալ 1982թ. կոնվենցիայով միջազգային պրակտիկայի մեջ է մտցված տարածքային ջրերի 12-մղոնանոց գոտի:Հունաստանը լրիվությամբ  հավատարիմ է այդ կոնվենցիային:Չնայած դրան, Թուրքիան բազմիցս հանդես է եկել սպառնալիքներով, թե մինչև 12 մղոնը հունական տարածքային ջրերի ընդլայնումը դիտելու է որպես պատերազմի առիթ:
Ոչ պակաս սուր հիմնախնդիր է հանդիսանում Էգեյան ծովի օդային տարածությունը:Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների վերահսկողությունը Հունաստանի վրա է դրված ԻԿԱՕ¬ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) 1952 թ. Փարիզի տարածաշրջանային խորհրդաժողովի որոշման համապատասխան:Խորհրդաժողովում որոշվել է, որ Աթենքի կարգավարական (դիսպետչերական) ծառայության պատասխանատվության գոտին ներառում է Էգեյան ծովի օդային տարածությունը` ընդհուպ  մինչև Թուրքիայի տարածքային ջրերը, այսինքն` հունական տարածքային, ինչպես  նաև` միջազգային ջրերը:
1974 թվականին Կիպրոսի դեմ կատարված թուրքական անպատիժ ներխուժումից հետո Թուրքիան սկսել է հավակնել Էգեյան ծովի օդային զգալի տարածության նկատմամբ վերահսկողությանը:Թուրքական այդպիսի թաքնված էքսպանսիան Հունաստանը համարում է անընդունելի, քանի որ մայրցամաքային Հունաստանի և նրա կղզիների միջև օդային հաղորդակցությունը կդրվի նախնական տեղեկացման և, վերջին հաշվով,  ինքնաթիռների թռիչքներին թուրքական իշխանությունների կողմից հավանության անհրաժեշտության առաջ:Հունա¬թուրքական հակասությունները վերաբերում են նաև Էգեյան ծովի օդային տարածությունում ՆԱՏՕ¬ի ՌՕՈՒ¬ի թռիչքների նկատմամբ օպերատիվ վերահսկողության գոտիներին:
Թուրքիան ջանում է հրահրել Դոդեկանեզյան կղզիների հիմնախնդիրը: 1923 թ. Լոզանի հաշտության  խորհրդաժողովի որոշմամբ Թուրքիան Դոդեկանեզյան կղզիներից հրաժարվել է` հօգուտ Իտալիայի:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947թ. Փարիզի հաշտության պայմանագրի հիման վրա, Դոդեկանեզյան կղզիները վերադարձվել են Հունաստանին: Թուրքական դիվանագիտությունը փաստորեն չի ճանաչում Փարիզի հաշտության պայմանագիրը` դա հիմնավորելով նրանով, որ Թուրքիան չի մասնակցել պայմանագրի մշակմանը:Թուրքիան 1955 թ. հանդես է եկել այդ կղզիների վերաբերմամբ Հունաստանի հանդեպ տարածքային պահանջներով:1955 թ. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆ. Զոռլուն Կիպրոսի վերաբերյալ լոնդոնյան խորհրդաժողովում հայտարարել է. ՙԿղզիները կենսականորեն կարևոր են Թուրքիայի համար:Դրա հիմքն են հանդիսանում ռազմական անվտանգության նկատառումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ դրանք թուրքական մայրցամաքի անկապտելի  մասն են կազմում՚:Թուրքական այդպիսի տրամաբանությամբ` ՙռազմական անվտանգության՚ նպատակներով կարելի է հավակնել մոլորակի վրա գտնվող բոլոր կղզիներին և ցանկացած տարածք համարել Թուրքիայի ՙշարունակություն՚:
Թուրքիան վերջին ժամանակներս մեծացնում է թուրքական ՙԷգեյան բանակի՚ (շուրջ 160 հազ. մարդ) ռազմական ուժերն ու իջազորային  միջոցները հունական կղզիների անմիջական մոտերքում:Թուրքական ղեկավարությունը Էգեյան ծովի առափնյակում հունական կղզիներից անմիջականորեն մոտիկ խոշոր իջազորային միջոցներ է կենտրոնացրել` 120 նավ:
Առանձին հիմնախնդիր է հանդիսանում հույն բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը Թուրքիայում:3 հազար տարի ի վեր Փոքր Ասիայի  տարածքում հույներն են ապրել:1913-1923 թթ. Թուրքիայում հույն բնակչությունից, որը կազմում էր շուրջ 3 մլն մարդ, 950 հազար հույներ են սպանվել Թրակիայում, Փոքր Ասիայում և Էգեյան կղզիներում:Նրանցից 700 հազարը քեմալականների բանակն է կոտորել 1919-1923 թթ.:Հույն բնակչության, ինչպես նաև մյուս ժողովուրդների ոչնչացումը Թուրքիայում բարձրացված էր պետական քաղաքականության աստիճանի:
1955 թ. հույների զանգվածային ջարդեր են տեղի ունեցել Կոստանդնուպոլսում (Ստամբուլում):Թուրքական վիճակագրության տվյալներով, 1955 թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ոչնչացվել են 1004 հունական տուն, 26 դպրոց, 4348 խանութ, 27 դեղատուն, 21 ձեռնարկություն:Ամբոխը կողոպտել և ավերել է 73 եկեղեցի, որոնցից երկուսն իրենցից ներկայացնում էին 13-րդ դարի ճարտարապետության հուշարձաններ:Հունական թերթերի խմբագրություններն ու տպարանները հիմնահատակ ավերվել են, հունական երկու գերեզմանատուն` պղծվել:Նմանօրինակ ջարդեր են տեղի ունեցել մի շարք այլ քաղաքներում, այդ թվում Անկարայում և Իզմիրում:1960-ական թթ. կեսերին ընդունվել է ՙԹուրքիայում հելլենիզմի վերջնական վերացման՚ ծրագիր:Ցեղասպանության, ջարդերի, վտարման թուրքական քաղաքականության արդյունքում Թուրքիայում հունական համայնքը 70 տարում կրճատվել և 3 միլիոնից հասել է 50 հազար հոգու:Թուրքիայում պարբերաբար հնչում են Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու կոչեր: 
Հունաստանը փաստարկված կերպով Թուրքիային մեղադրում է Իմրոս և Թենեդոս կղզիներում էթնիկական զտումներ կատարելու մեջ:Այդ կղզիները Թուրքիան 1923 թվականին է բռնակցել Արևելյան Թրակիայի, Արևմտյան Ասիայի վաղեմի հունական տիրույթների` Իոնիայի (Սմիրնայի շրջան), Էոլիդայի, Թրոադայի, Միզիայի, Բիֆինիայի հետ միասին:Այժմ Իմրոս և Թենեդոս կղզիներից ակտիվորեն դուրս են մղում հույներին:Ինչպես գրում են հունական թերթերը, հենց այստեղ է Թուրքիան տասնամյակներ ի վեր իրագործել այն, ինչը հետագայում հայտնի է դարձել որպես էթնիկական զտումներ:1960-ական թվականներին այդ կղզիներում դպրոցական կրթության թուրքացում է անցկացվել:Անատոլիայի թուրք գաղութարարները զավթել են հույներին պատկանող հողերի 90 %¬ը:Թուրքական քաղաքականության արդյունքում կղզիների հունական համայնքը կրճատվել է 10 անգամ:
Միաժամանակ` թուրքական ղեկավարությունը, ըստ Բոսնիայի և Բուլղարիայի հանդեպ ավելի վաղ փորձարկված մոդելի, արհեստականորեն ուռճացնում է հունական Թրակիայի 90 հազար պոմակների հիմնախնդիրը:Պոմակները իսլամ ընդունած հույներն են:Այդուհանդերձ, Թուրքիան ջանում է պարտադրել  իբր նրանց թուրքական ծագման մասին հակագիտական տեսակետի ընդունումը:Դրանով իսկ Հունաստանի հանդեպ Թուրքիայի ևս մեկ տարածքային պահանջի հիմքերն են դրվում:Հունաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն` հույների 64 %¬ը համոզված է, որ Թուրքիայի նպատակն է զավթել հունական Թրակիան:
Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ
ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական,
պատմական գիտությունների թեկնածու

ՙՆովոյե Վոստոչնոյե օբոզրենիե՚ 
ինտերնետ-հանդես