[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴՆԵԼ ՈՐԱԿԱԿԱՆ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆԻ ՎՐԱ

Սա է լիարժեք քաղաքական համակարգ ունենալու հրամայականը 

 Երկու հայկական հանրապետություններն ընթացիկ տարում սահմանադրական լուրջ փոփոխությունների գործընթաց են իրականացրել։ Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջան, որում աշխարհաքաղաքական գործոնը բացառիկ նշանակություն է ձեռք բերել՝ իր ներգործությունն ունենալով թե՜ միջազգային հարաբերությունների և թե՜ հայկական քաղաքական գործընթացների վրա։ Եվ ժամանակի թելադրանքով անհրաժեշտ է  պատասխանել մի հարցի՝ ի՞նչ պիտի անեն կուսակցությունները։  Քաղաքական նոր համակարգում կուսակցություններն ունեն իրենց դերն ու անելիքները։ Սա Հայկական կուսակցությունների 3-րդ  համաժողովի առանցքային թեմաներից մեկն էր, որի վերաբերյալ զեկույց էր ներկայացրել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ Տիգրան  ԹՈՐՈՍՅԱՆԸ։ Հարկ ենք համարում նրա զեկույցի մի քանի շեշտադրումներ ներկայացնել ընթերցողի ուշադրությանը։

Կուսակցությունները նախևառաջ պետք է արդյունավետ  աշխատեն։ Խոսքը վերաբերում է ինչպես  քաղաքական դաշտին, այնպես էլ փորձագիտական շրջանակներին։ Այս երկուսի միաժամանակյա  աշխատանքի արդյունքում հնարավոր է երկրում ձևավորել լիարժեք քաղաքական համակարգ։ Դրանցից մեկի բացակայության դեպքում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, կարելի է ասել՝ այնպիսի իրավիճակ, որում հայտնվել է Հայաստանը արդեն տևական մի ժամանակահատված։  

Առհասարակ, անվտանգության խնդիրը ենթադրում է բազմաթիվ գործոններ, որոնք ընդգրկում են մեր կյանքի բոլոր ոլորտները՝ տնտեսականից մինչև կրթություն ու գիտություն։  Փորձագետի խոսքով՝ բազմակուսակցական համակարգն ունի բացառիկ նշանակություն, քանի որ այն իր բնույթով համակարգաստեղծ է. դրանից ծնվում են իշխանությունները, ընդդիմությունը, որոնցից էլ ծնունդ են առնում մյուս բոլոր քաղաքական կառույցներն ու մարմինները։ 

Կայացած ժողովրդավարությունն ունի երեք բաղադրիչ՝ սահմանադրական, արժեքային և վարքային։ Սահմանադրական բաղադրիչին, բնականաբար,  շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում, մինչդեռ արժեքայինն ու վարքայինը պակաս կարևոր չեն։ Դրանք առաջին հերթին վերաբերում են կուսակցություններին, որոնք երկրում ձևավորում են քաղաքական համակարգ։ Երկու բաղադրիչներն, անշուշտ, սահմանադրականի համադրմամբ, կանխորոշում են երկրի զարգացման ուղղությունը։ Ժողովրդավարության կայացումը մի խնդիր է, որն առկա է հետխորհրդային բոլոր, անգամ այն  պետություններում, որոնք  ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտնվեցին Եվրամիության շրջանակներում։ Այն առավելապես իրեն զգացնել է տալիս այն երկրներում, որոնք դեռևս գտնվում են վճռական որոշումների և գործընթացների փուլում։ Բանախոսը նկատի ուներ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։ Նրա խոսքով՝ եթե ժամանակին՝ 90-ականների կեսերին, տեսական հարթությունում ձևակերպված էր, որ ժողովրդավարացման գործընթացում առանցքային նշանակություն ունեն ընտրությունները, ապա ավելի ուշ նման դերակատարություն վերապահվեց բազմակուսակցական համակարգին։        

Հայկական իրականության մասին խոսելիս հարկ է ընդգծել, որ կուսակցությունները կայացման անհրաժեշտություն ունեն։ Սա  ճշմարտություն է, որից քաղաքական ուժերը չպիտի վիրավորվեն։ Մեր իրականության մեջ  դավանվող  արժեքներն ու սկզբունքները հաճախ հարցեր են դնում հանրության առջև, մասնավորապես՝ ինչպե՞ս պիտի սահմանադրությունը լուծի այս կամ այն խնդիրը։ Սահմանադրությունը կարող է ստեղծել ինչ-ինչ հնարավորություններ, բայց կարող է և չստեղծել, որովհետև, ի վերջո, կան երկրներ, որոնց հիմնական օրենքներն ավելի լավը չեն՝ զուտ որպես իրավական փաստաթուղթ, քան ՀՀ Սահմանադրությունն է։ Մյուս կողմից էլ՝ այդ երկրներն ունեն քաղաքական մշակույթ և ավանդույթներ, կայացած բազմակուսակցական համակարգ։ Այդ ամենի արդյունքում են նրանք ունեցել ձեռքբերումներ։ 

Ուշագրավ էր նաև Տ. Թորոսյանի այն շեշտադրումը, որը վերաբերում էր քաղաքական ոլորտի խնդիրների նկատմամբ առկա  մոտեցումներին։  Վերջին շրջանում ցավալիորեն նկատվում է մի բան. քաղաքական ասպարեզում, կարծես, կրկնվում են 90-ականներին հատուկ մոտեցումները, ինչը պետք է տագնապ հարուցի մեր հասարակության մեջ։ Այս իրավիճակը պետք է հաղթահարենք, հակառակ դեպքում հետընթաց կունենանք, ասաց բանախոսը։ Այժմ լրատվամիջոցներով ու զանազան քննարկումների միջոցով շրջանառության մեջ է դրվել մի մոտեցում, որը գոյություն ուներ խորհրդային պետության փլուզումից  առաջ և հետո. ասում էին, թե մտավորականները պետք է առաջարկեն քաղաքական ասպարեզում առկա խնդիրների լուծումները։ Տեսակետներ կարելի է արտահայտել, գնահատականներ կարելի է տալ, բայց բացառվում է առհասարակ մտավորականների կողմից  այդ կարգի խնդիրների լուծումը։ Որևէ երկրում նման բան չի եղել։ Այդ ոլորտի հարցերով պետք է զբաղվեն նրանք, ովքեր ունեն համապատասխան փորձ և գիտելիքներ։ Դրա  կարիքը մեզ մոտ շատ է զգացվում, շեշտեց բանախոսը՝  կրթության և գիտության զարգացումը բնորոշելով որպես առաջնային նշանակության խնդիր, որը պետք է մտահոգի  մեր հանրությանը։ Առանց այդ ոլորտի զարգացման՝ այսօր անհնար է երկրում ունենալ բարձրորակ մասնագետներ, հետևաբար, անհնար է օգնել կուսակցություններին ու նաև ապահովել պետական տարբեր կառույցների արդյունավետ աշխատանքը։  Քաղաքական գործընթացների վերլուծության և առկա հիմնահարցերի բացահայտման համար անհրաժեշտ են որակյալ մասնագետներ։ Մենք ունենք բազում խնդիրներ, որոնցից առաջնայինը մրցունակ գիտության և կրթության ապահովումն է։ Դա  հատկապես իրեն զգացնել է տալիս հասարակական գիտությունների ոլորտում։ 

Անդրադառնալով կուսակցությունների գործունեությանը՝ փորձագետն ընդգծեց նրանց գաղափարական ուղղվածությունը, որդեգրած արժեքներն ու սկզբունքները։ Մեր քաղաքական կյանքում բաժանումներն ու դասակարգումները դուրս են դասական ձևակերպումների հարթությունից։ Գաղափարական բաժանումների մասին խոսելիս, սովորաբար, աչքի առաջ են ունենում կուսակցությունների ռուսամետությունն ու արևմտամետությունը։ Իրականում մենք չունենք  ո՜չ մեկի, ո՜չ էլ մյուսի կարիքը, ուստի, առաջին հերթին պետք է խոսել նրանց գաղափարական ուղղվածության մասին։ Տ. Թորոսյանի խոսքով՝ շատ հաճախ կուսակցական գործիչները ներկայանում են որպես ժողովրդավարներ կամ լիբերալներ, բայց երբ խորամուխ ենք լինում նրանց պատկերացումների և սկզբունքների մեջ, պարզվում է, որ նրանք բավականաչափ հեռու են նշված ուղղություններից։  

Կայացած բազմակուսակցական համակարգի մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե առնվազն առկա է  կուսակցական ժողովրդավարությունը։ Այս հարթությունում լուրջ անելիքներ կան։ Ընտրությունները կուսակցության ներսում  շատ հաճախ  ձևական բնույթ են կրում։ ՀՀ-ում անցկացվող յուրաքանչյուր ընտրությունից հետո քաղաքական ուժերի ուշադրությունը կենտրոնանում է այն բանի վրա, թե ով ինչ պաշտոն պիտի ստանա, կամ ինչ դիրք կգրավի։ Մինչդեռ կայացած կուսակցություններում այս խնդիրները լուծվում են ի սկզբանե։ Եթե կուսակցությունը խորհրդարանական մեծամասնության մաս է կազմում, ստանում է պաշտոնների որոշակի ցուցակ՝ լինի խորհրդարանում, թե գործադիրում։ Կայացած կուսակցական համակարգ ունեցող երկրներում սա դյուրին ընթացք է ունենում, ինչը նշանակում է, որ  կուսակցական ցուցակները պետք է կազմվեն ըստ  նրա անդամների արժանիքների։ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները հակասում են այս տրամաբանությանը, ինչի հետևանքով երկրում ստեղծվում է անիմաստ լարվածություն։ Ի հայտ են գալիս հարաբերություններ, որոնք հատուկ չեն կայացած բազմակուսակցական համակարգին։  Շատ հաճախ էլ քաղաքական գործընթացներում հայտնվում են մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն քաղաքական կամ կուսակցական գործունեության հետ։ 

Կ. Թորոսյանն անդրադարձավ նաև միջկուսակցական ժողովրդավարության հարցին։ Քաղաքական ուժերը, բնականաբար, չեն կարող խուսափել միմյանց քննադատելուց։ Պիտակներ կպցնելը, վիրավորելը տեղ չպիտի ունենան մեր իրականությունում։  Պատահականություն չի կարելի համարել այն, որ հետխորհրդային երկրներում կուսակցությունները  լիակատար դերակատարություն չունեն քաղաքական գործընթացներում։ Կան խմբեր, որոնք սահմանադրությամբ կամ օրենքներով բոլորովին չունեն որևէ լիազորություն, սակայն փորձում են դառնալ գլխավոր դերակատարներ։ Սա խաթարում է ամբողջ քաղաքական գործընթացը, որովհետև քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Ժամանակ առ ժամանակ կարելի է նկատել մարդկանց, ովքեր ոչ մի իրական մասնակցություն չունեն երկրի քաղաքական կյանքին, բայց լուրջ ազդեցություն ունեն տարբեր որոշումների ընդունման վրա։ Սա էլ էապես նվազեցնում է քաղաքական համակարգում որոշումների կայացման համար պատասխանատվությունը։ Մի խոսքով՝ դերակատարների գործունեությունը պետք է համապատասխանեցվի ընտրած կուսակցական համակարգին։  

Կուսակցությունները պետք է կարողանան հստակ տեսնել իրենց անելիքները, շարունակեց բանախոսը։ Առհասարակ, Հայաստանի ընտրական գործընթացներում առկա է բացասական մի երևույթ. ընտրողներին հաճախ են ասում՝ փողը վերցրեք և քվեարկեք  ձեր խղճի կամ մտքի թելադրանքով։  Բարոյազրկել մեկին և ուղարկել բարոյական ընտրության, ուղղակի անընդունելի է։ Մոտեցումների մեջ պետք է լինեն հստակ սկզբունքներ և կանոններ։ 

Կուսակցությունները պետք է իրենց ներսը նայեն՝ ի՞նչը չեն այնպես անում։  Նրանց աշխատանքի որակը պետք է փոխվի, որովհետև նրանք  ունեն չափազանց մեծ դերակատարություն և, միաժամանակ, չափազանց մեծ անելիք՝ փոխելու այն, ինչից դժգոհում է հասարակությունը, եզրակացրեց բանախոսը։ 

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ