[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

1992 թվական։ Ամառ։ Արցախը լարել էր վերջին ճիգերը։ Արցախից ամեն օր հուսահատական լուրեր էին հասնում Հայաստան։  Շահումյանը հայաթափ էր եղել։ Ընկել էր Մարտակերտը։ Մարտնչող լեռնաշխարհին  անհապաղ օգնություն էր պետք։

 Օգոստոսի 15-ի երեկոյան հանրապետական հեռուստատեսությունը սփռեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ելույթը, որն ավելի ճիշտ  մարտակոչ էր. ՙՈւզում եմ խոսքս ավարտել՝ կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից՝ հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանել հայ ժողովրդին, հայոց սահմանները, մեր երկրի անձեռնմխելիությունը: Քաղաքական հոսանքները կգան և կգնան, ոչ մի հոսանքի հետ գործ մի ունեցեք, դա կարող է կործանման տանել մեզ։  Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ՝ թշնամուն թողած, ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, աջակիցների մեջ դավաճանների մի՜ փնտրեք։ Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, թող Հայաստանի յուրաքանչյուր շրջանից, յուրաքանչյուր քաղաքից ընդամենը 10-15 տղա գա, և մենք կունենանք 500-հոգանոց մահապարտների զորագունդ։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղերում, ուր ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոս է 50 տոկոսի նկատմամբ։ Միասին գնալու ենք կռվի ամենածանր ճակատը, ու հաղթելու ենք։ Թշնամին նույն թշնամին է, որը ձեր առջևից փախչում էր, մենք էլ նույնն ենք։ Ուղղակի խաթարվել է մեր  հավատը մեր  ուժերի նկատմամբ, հիմա հարկավոր է արթնացում, ցնցում, և այդ ցնցումը պետք է իրագործենք դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը գոտեպնդվի։ Վաղը չէ մյուս օրը եթե մենք հավաքվեցինք և կարողացանք 500-հոգանոց մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք,  դեռ կռվելու ենք, հաղթելու ենք՚։ 

Նախարարի ելույթը, որը կրկնվեց մի քանի անգամ, ալեկոծեց հանրապետությունը։ 

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի վկայությամբ` հենց հաջորդ օրը, վաղ առավոտից սկսեցին կենտրոնական շտաբ հասնել առանձին ազատամարտիկներ, հատուկ ջոկատներով ներկայացան Շենգավիթի շրջանի, Արամ Մանուկյանի անվան ջոկատները, ապա Նաիրիի, Նոր Հաճնի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Փարպիի, Թումանյանի, Մասիսի կամավորականները, որոնց ընդհանուր քանակն անկնկալվածից անհամեմատ մեծ էր։ Սակայն հենց առաջին հանդիպման ժամանակ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ ցանկացած բնակավայրի մահապարտների թիվը 15-ից չպետք է անցնի,  սահմանամերձ շրջաններից ընդհանրապես ոչ մի երկրապահ  Արցախ չի մեկնի։  

Հաջորդեցին լարված զինավարժությունները։ Տեսական պարապմունքներն անց էին կացվում  պետական համալսարանի ռազմագիտության ամբիոնում, գործնականները՝ Նորաշենի, Արմավիրի զորավարժարանում, որտեղ մահապարտներին ձեռքի գնդացիրներից, Կալաշնիկովի,  Դրագունովի դիպուկազարկից կրակել էին սովորեցնում նախկին խորհրդային բանակի փորձված հայ սպաները՝ Յուրա Մկրտչյանը, Լեռնիկ Ղազարյանը և այլք։ Ի վերջո, մայրաքաղաքի զորավանում, որտեղ տեղակայված էր գումարտակը, ստեղծվեց շտաբ` հետևյալ կազմով. Վազգեն Սարգսյան (գլխավոր հրամանատար), Աստվածատուր Պետրոսյան (ընդհանուր համակարգող), Հովսեփ Հովսեփյան (գումարտակի հրամանատար)։ Փոխհրամանատարներ դարձան Սեյրան Անթանեսյանը, Վոլոդյա Ավետիսյանը, հետագայում շտաբի կազմում ընդգրկվեցին Չլդրանի ճակատի հրամանատար Հայկազ Բաղմանյանն ու Վաղուհասի ճակատի հրամանատար Արթուր Ալեքսանյանը,  ովքեր այդ օրհասական պահին մի բուռ արցախցի կամավորներով մեծագույն զոհողություններով պահել էին ռազմավարական կարևորագույն դիրքերը։ 

Վաղուհասի, Վանքի, Նարիշտարի,  Հոռաթաղի ջոկատները, որոնցից յուրաքանչյուրի կազմում հազիվ 10-20  երկրապահ էր մնացել, մարտնչել էին` իրենց հողը մինչև մահ պաշտպանելու, ոսոխին չհանձնելու վճռականությամբ։ Մեկնելուց առաջ, վերջին վճռորոշ նիստում, շտաբը հինգ հարյուրից ավելի ազատամարտիկներից ընտրեց երեք հարյուր յոթանասունհինգ լավագույններին, որոնք ընդգրկվեցին տասնհինգ դասակում։ 

Մահապարտները ճանապարհ ընկան օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 10-ին։  Հայաստանի բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում նրանց  ավանդական աղ ու հացով էին դիմավորում, կորով, հաղթական վերադարձ ցանկանում։ 

Գանձասարում իրավիճակը  երբեք այդքան հուսահատական չէր եղել։ Վանահայրը՝ Տեր Հովհաննեսը, երեցկինը, նրա ծեր ծնողներն ինքնաձիգները  ձեռքներին հսկում էին եկեղեցու մատույցներն ու բարձունքից դատարկվող Վանք  գյուղին նայում։ Թշնամին ընդամենը 4 կիլոմետր էր հեռու։ Անսպասելիորեն գյուղամիջում  իրարանցում սկսվեց։ Մեկը մյուսի հետևից  հայաստանյան  համարանիշներով բեռնատարներ հայտնվեցին,  որոնց թափքերից ցատկող ազատամարտիկներն արագ-արագ զինամթերք, ինքնաձիգներ ու հրանոթներ, տարբեր զենքեր էին իջեցնում։ Ու չնայած մահապարտները չափազանց հոգնած էին, չքնեցին, տեղափոխվեցին մարտադաշտ, ուշ գիշերով խրամատներ փորեցին, տեղավորեցին ՙՖագոտները՚, ծանր հրետանին ու դիրքավորվեցին։ 

Պետք էր անհապաղ փակել Կոճողոտ, Դրմբոն, Չլդրան հատվածների ճեղքվածքը։ Մահապարտները երկու վաշտի բաժանվեցին։ 

Ցավոք, նրանք  ծանոթ չէին տեղանքին, սկզբնական շրջանում, հետախուզական արշավանքների ժամանակ ծանր կորուստներ ունեցան։ Այնուամենայնիվ, ոսոխն զգացել էր, որ հայկական դիրքերն ամրապնդվել են, լրացուցիչ ուժեր, զենքի նոր տեսակներ են հայտնվել։ Ուժեղացրեց ճնշումը։  Չնայած ուժերի անհավասարությանը, Չլդրանի, Վաղուհասի, Դրմբոնի, մյուս ռազմաճակատներում մահապարտներն ամրապնդում էին իրենց դիրքերը։ Շատ բնակավայրեր ամեն օր, հաճախ օրը մի քանի անգամ  ձեռքից-ձեռք էին անցնում։ Այդ դաժան, անզիջում, գրեթե չդադարող  մարտերի ընթացքում մահապարտները, ճիշտ է, տեղի չտվեցին, բայց չափազանց ծանր կորուստներ ունեցան։  

Մեկ ամիս անց ՙԱրծիվ-մահապարտներ՚ գումարտակը Հայաստան վերադարձավ,  բայց նրանց հաջորդեցին ՙԱրծիվ-2՚,  ՙԱրծիվ-3՚, ընդհուպ  ՙԱրծիվ 33՚-ի կամավորականները։ Մահապարտներն աննախադեպ դեր խաղացին Արցախյան գոյամարտում։ 

Այդ դժնդակ տարիներին ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ (ներկայում`  ՀՀ նախագահ) Սերժ Սարգսյանը, տարիներ հետո վերհիշելով մահապարտների սխրագործությունները, ՙՄահապարտները՚ գրքի առաջաբանում պիտի գրեր. ՙԱնհնար է մոռանալ 1992 թվականի օգոստոսի 31-ի գիշերը։ Մահապարտների գումարտակը հասել էր Վանք, տեղավորվել ատաղձագործարանի մասնաշենքերում, բայց  քնելու, հանգստի մասին չէր մտածում։ Կեսգիշերն արդեն անցել էր՝ Վազգենն ու ես Գանձասար բարձրացանք։  Այն վանախցերից մեկում, որը Եսայի Հասան-Ջալալյան հայրապետը ազգային-ազատագրական շարժման  կենտրոնի էր  վերածել, տեղի ունեցավ Մահապարտների գումարտակի, Արցախի պաշտպանական ուժերի  այդ հատվածի հրամանատարների առաջին  համատեղ նիստը։  Այն մինչև լուսաբաց շարունակվեց ու, կարծում եմ, շատ առումներով խորհրդանշական եղավ, կանխորոշեց մահապարտների հետագա մարտավարությունը։ 

Ինքնապաշտպանական կոմիտեն ըստ արժանվույն  էր գնահատում մահապարտների նվիրումը։ Մահապարտներն ինքնակամ եկել էին արցախցիների հետ, արցախցիների կողքին  կռվելու հաղթելու կամ մեռնելու։ Նրանք ոչ միայն  փայլուն հաջողությամբ կատարեցին իրենց մարտական առաջադրանքները, այլև նպատակների ու ոգու միասնականության ամենախոսուն հաղթանակը տարան։ Հենց  դրանով էլ ընդմիշտ մնացին ազգային-ազատագրական  հերոսական պայքարի էջերում՚։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ