[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՍԿԱՆԴԱԼ, կամ՝ Ո՞վ էր կամիկաձե ԱԹՍ-ները փորձարկում Արցախում

Օգոստոսի կեսին ամառային նիրհուն մեդիատարածությունը բառացիորեն ցնցեցին իսրայելական Maariv և Haaretz թերթերում հրապարակված հոդվածները։

Հրապարակումների համաձայն` իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությանը, որն անօդաչու սարքեր է մատակարարում Ադրբեջանին, առաջարկել են նոր կամիկաձե անօդաչու սարքերը ՙփորձարկել՚ հայկական դիրքերի վրա։ Ընկերության օպերատորները հրաժարվել են անել դա, սակայն պատվիրակության ղեկավարներն իրենք են հարված հասցրել։ Ընկերությունը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, թե անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) կառավարում էին գնորդի՝ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանություններից՝ հայտարարելով, թե հետաքննություն է սկսվել, ասվում էր հոդվածներում։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի առաջին տասնօրյակում, հայտնում են հեղինակները՝ նշելով, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծրագրում էր նկարահանել այդ հարձակումը՝ ՙադրբեջանական բանակի հնարավորությունները ցուցադրելու համար՚։ Եվ հավելում են, որ Իսրայելի պաշտպանության նախարարության օրենքները սպառազինության մատակարարներին արգելում են ուրիշ երկրների տարածքում ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցել մարտական գործողություններին, եթե չկա պաշտպանության նախարարության հատուկ կարգադրությունը, ինչը շատ հազվադեպ է տրվում։ 

Հայաստանյան Razm.info կայքն այս կապակցությամբ հիշեցրեց Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արմեն Գյոզալյանի հարցազրույցի մասին, ում խոսքով՝ հուլիսի 7-ին Ադրբեջանը կիրառել է ՙհարվածային անօդաչու սարքեր ու փորձել վնաս հասցնել դիրքերից մեկին, սակայն նրան չի հաջողվել անել դա՚։ Գյոզալյանի մատնանշած ամսաթիվը համընկնում է իսրայելական աղբյուրներում հայտարարված փորձարկումների անցկացման ժամանակի հետ, և չի բացառվում, որ խոսքը միևնույն դեպքի մասին է, գրում է կայքը։ Հոդվածում մատնանշվում է, որ 2011 թվականից Ադրբեջանում գործում է ադրբեջանաիսրայելական Azad Systems ձեռնարկությունը, որտեղ հավաքում են Aeronautics Defense Systems ընկերության ԱԹՍ-ները, մասնավորապես, Orbiter 1K անօդաչու սարքերը, և 2016թ. ներկայացվեց այդ ԱԹՍ-ի բեկորաականառումբային մարտագլխիկ ունեցող տարբերակը։ Եթե դեռևս 2016թ. Բաքուն ցույց տվեց Orbiter 1K ԱԹՍ-ների փորձարկումները, որոնք հավաքում են տեղում ու պատրաստվում մատակարարել  զորքին, ապա ինչո՞ւ է մեկ տարի անց պայմանագիր կնքվում Իսրայելից այդ նույն անօդաչու սարքերի ձեռքբերման համար։ Պատճառը, փորձագետների կարծիքով, կարող է լինել այն, որ Ադրբեջանում չեն հասցնում արտադրել բավարար քանակությամբ սարքեր կամ արտադրության հետ կապված խնդիրներ ունեն։ ՙԵթե 2008 թվականից Ադրբեջանում կիրառում, իսկ 2011 թվականից համատեղ հավաքում են այդ սարքի հետախուզական տարբերակները, մի՞թե այդ ժամանակաընթացքում այնտեղ չկարողացան սեփական մասնագետներ պատրաստել։ Եթե ոչ, ապա ո՞վ և ինչպե՞ս է ղեկավարում ադրբեջանական անօդաչու սարքերի համակազմը։ Եթե ունեն որակյալ  կադրեր, ապա ո՞րն է իսրայելացիներին մարտական գործողությունների մեջ ներքաշելու իմաստը՚,-նման հարցեր է առաջադրում Razm.info-ն։ 

Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին հերքեց իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունները՝ այն վերապահումով, որ տեղեկատվությունը ստուգվում է։ Վերջերս հայ-իսրայելական հարաբերությունների բարելավման ակտիվ ջատագով դարձած հրապարակախոս Ավգիդոր Էսկինը հայտարարեց, որ Իսրայելը ոչ մի կերպ չի ցանկանում ներքաշվել ղարաբաղյան հակամարտության մեջ։ Հաստատելով, որ կա օրենք, որն արգելում է մասնակցություն ունենալ նման գործողություններին` առանց իսրայելական իշխանությունների հատուկ թույլտվության, նա նշեց, որ արգելվում է ոչ միայն նման զենք կիրառել այլ երկրներում, այլև անգամ ուղղել դիրքերի վրա։ 

Իսրայելական արտադրության զենքի նշանառության ուսուցանումը երկրում իսկ համարվում է քրեական հանցագործություն, ասաց Էսկինը՝ հավելելով, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կտրականապես հայտարարել է նման գործողությունների հակաօրինական լինելու մասին ու այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու թույլտվություն չէր տրվել։  

Մինչդեռ Բաքվում այդ հրապարակումներն առաջացրին ակնհայտ զայրույթ ու խուճապ։ Բնականաբար, դրանցում տեսան ՙհայկական հետք՚՝ ՙԱդրբեջանի ու Իսրայելի միջև հարաբերությունները փչացնելու՚  նպատակով։  Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն հայտարարեց, որ ՙիսրայելական ԶԼՄ-ներում հակաադրբեջանական սադրիչ  արտանետումները վճարվում են հայերի ու նրանց տերերի կողմից՚։ Նման ոչ ադեկվատ արձագանքն առավել ևս սպասելի էր, քանի որ մի քանի օր ավելի վաղ Haaretz-ը հրապարակել էր հոդված, որն ադրբեջանական վերնախավին իսկական շոկի մեջ գցեց։ 

Թերթը հայտնում էր Իսրայելում անշարժ գույքի ու բիզնեսի մեջ Ալիևների ընտանիքի ունեցած հսկայական ներդրումների մասին՝ նշելով 600 միլիոն դոլար արժողությամբ գումար և, ընդ որում` վկայակոչելով մշակույթի նախարարին, ներքին անվտանգության գործող նախարար Յարիվ Լևինին։

Դեռ ավելին, Լևինը շոշափեց նաև ալիևյան ընտանիքի ՙսրբություն սրբոցը՚՝ տեղեկացնելով, որ Հեյդար Ալիև կրտսերը տառապում է ծանր հիվանդությամբ ու մի քանի ամիս գտնվում էր իսրայելցի փորձառու բժիշկների հսկողության տակ` լիովին բուժվելով այդ ժամանակի ընթացքում։ Հոդվածում նաև հիշատակվում էր Դուբայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում և Ստամբուլում ժառանգի ունեցած հսկայական սեփականությունների մասին։ Թել-Ավիվում և Բաքվում իսկույն հերքեցին բոլոր այդ փաստերը, սակայն անօդաչու սարքերի փորձարկման մասին ուշագրավ նոր հոդվածների հայտնվելը հանգեցնում է նման զուգադիպումների ոչ պատահական լինելու մասին մտքին։ Ու եզրակացության այն մասին, որ Ադրբեջանի ու Իսրայելի, կարծես թե, անխռով հարաբերություններում ի հայտ են եկել լուրջ խնդիրներ։ 

Պաշտոնական Երևանի կողմից արձագանք չհետևեց, սակայն փորձագետները հիշեցրին այն մասին, որ նախկինում էլ կասկածներ կային Արցախի դեմ ագրեսիվ գործողություններում իսրայելական մասնագետների մասնակցության վերաբերյալ։ Ինչպես հայտարարել է ՙՄոդուս վիվենդի՚ վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ՙմենք նախկինում էլ էինք ենթադրում, որ իսրայելցիները մասնակցում էին ապրիլյան իրադարձություններին՚։ Նշելով, որ դա միջազգային լուրջ սկանդալ է, նա ընդգծեց, որ Իսրայելի քաղաքացու մասնակցությունը նման համատեքստում հետապնդվում է երկրի օրենսդրությամբ։ 

ՙԿան հստակ ապացույցներ, որ Իսրայելն Ադրբեջանի կողմից մասնակցել է 2016թ. ապրիլյան պատերազմին՚,- հայտարարեց տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ այդ հարցը կարող է բարձրացվել մոտ ժամանակներս, ուստի Իսրայելում փորձում են մեղմացնել այդ հանգամանքը։ ՙԻսրայելը հասկանում է, որ Ադրբեջանի կողմից նման խաղերը կարող են իրեն լրջորեն վնասել, և նրանք փորձում են մեղմել քաղաքական ռիսկերը, վտանգները, որոնք եղել են Ադրբեջանի հետ երկար ՙսիրախաղի՚ ընթացքում՚,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ 2016թ. ապրիլին հայկական կողմը համոզվեց նրանում, որ Ադրբեջանի տարածքից անօդաչու թռչող միջոցները կառավարում են բավականին փորձառու մասնագետներ, ընդ որում, կիրառվող զինատեսակների որոշ մոդելներ արտադրվել են բոլորովին վերջերս։ ՙՀնարավոր չէ, որ Ադրբեջանում այդքան կարճ ժամանակահատվածում յուրացնեին դրանց կիրառման հմտությունները՚,- համարում է Կ. Վարդանյանը։ 

Մինչդեռ ապրիլյան սրացման մեջ Իսրայելի ներկայացուցիչների մասնակցության փաստը խոստովանել են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այսպես, Բաքվի minval.az կայքում հրապարակված ՙԹշնամին նշանառության տակ է վերցրել ադրբեջանաիսրայելական բարեկամությունը` նենգ ծրագիր՚ բազմանշանակալից խորագրի ներքո հոդվածում ասվում է հետևյալը. ՙԲնականաբար, երկկողմ կապերի դինամիկ վերընթաց զարգացումը, որը դրսևորվեց Ղարաբաղում անցյալ տարվա քառօրյա պատերազմի ընթացքում ագրեսորին հարվածներ հասցնելու ժամանակ, չի կարող Հայաստանի մոտ անհանգստություն չհարուցել՚։ 

Հայ-իսրայելական կապերի ակտիվացմանը տանող վերջին ժամանակներս նախանշված միտման համապատկերին մամուլում նման հրապարակումների ի հայտ գալն իսկապես կարող է թվալ Իսրայելի կողմից արված որոշակի ազդանշան։ Մյուս կողմից՝ չի կարելի բացառել հավանականությունն այն բանի, որ Թել-Ավիվը Հայաստանի հետ հարաբերություններն օգտագործում է Բաքվի վրա ճնշում գործադրելու համար՝ որոշակի նպատակներով։ Ցանկացած դեպքում հայկական կողմը պարտավոր է բոլոր այդ քայլերն ընկալել մեծ զգուշավորությամբ ու փորձել դրանք օգտագործել իր օգտին: Իսկ եթե Իսրայելն ինքն է օրակարգում ներառել Արցախի դեմ ագրեսիային իր մասնագետների մասնակցություն ունենալու հարցը և պաշտոնապես հայտարարել հետաքննության անցկացման մասին, ապա անհրաժեշտ է հետևողականորեն բարձրացնել այդ հարցն ու թույլ չտալ, որ այն արգելակեն։ Այլ խոսքով՝ պահանջել հետաքննության արդյունքների հրապարակում, առավել ևս, որ այն տեղավորվում է հենց Իսրայելի օրենքների պահպանման ընթացքի մեջ։ 

 

www.golosarmenii.am