[ARM]     [RUS]     [ENG]

Ցեղասպանության օրինագծի սկանդալային մերժումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից

Ֆրանսիայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությունը չափազանց վրդովված էր Սահմանադրական խորհրդի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին ընդունած սկանդալային որոշմամբ:

Խորհրդարանն ու սենատը վերջերս ընդունեցին մի օրենք, որով նախատեսվում էր մեկ տարի ժամկետով ազատազրկում և 60,000 դոլարի չափով տուգանք այն անձանց համար, ովքեր կմերժեն Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչված ցեղասպանությունները: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հրեական հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը:

Թեև օրինագծում հատուկ չի նշվում Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի կառավարությունը Ֆրանսիայի դեմ պատերազմ հայտարարելուց բացի արեց ամեն ինչ, որպեսզի խոչընդոտի դրա ընդունումը, դրանով ցույց տալով, որ ինքն այս երկու ցեղասպանություններից մեկի իրագործողն է: Չկարողանալով խափանել Ֆրանսիայի գործադիր մարմնի երկու պալատներում օրինագծի ընդունումը` Թուրքիան և ցեղասպանության ժխտման հանցագործությունում իր կրտսեր գործընկեր Ադրբեջանը դիմեցին բոլոր հնարավոր քայլերին օրենքը հակասահմանադրական ճանաչել տալու համար:

Թուրքիան օգտագործեց Ֆրանսիայի գործադիր մարմնի վրա ճնշում գործադրելու բոլոր ձևերը` Սահմանադրական խորհրդում օրինագիծը բողոքարկելու համար անհրաժեշտ 60 կամ ավելի ստորագրությունները հավաքագրելու նպատակով: Զավեշտական է, որ մինչ Թուրքիայի կառավարությունը բոյկոտում էր ֆրանսիական ընկերությունները, թուրքական մի խումբ վարձում էր ֆրանսիական ազդեցիկ լոբբիստական ընկերություն, որն աջակցում էր իրենց ստորագրությունները որսալու հարցումԱդրբեջանը միացավ այս չարաբաստիկ լոբբիստական ջանքերին՝ հրավիրելով Ֆրանսիայի վեց սենատորներին Բաքու` բողոքարկումը ստորագրելու համար իրենց պարգևատրումները ստանալու համար: Այս կամ այն ձևով, Թուրքիայի իշխանություններին և նրանց ֆրանսիացի գործադիրներին հաջողվեց սիրաշահել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի 900 անդամներից 142-ին, ում շնորհիվ 2012 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական խորհուրդ բողոքարկում ներկայացրեցին:

Ակնհայտորեն, սա անընդունելի միջամտություն էր Ֆրանսիայի ներքին գործերին: Փոխանակ թողնելու, որ թուրք դեսպանը օրենսդիր մարմնի անդամների վրա ճնշում գործադրի Սահմանադրական խորհրդում օրինագիծը բողոքարկելու համար ստորագրելու հարցում, Ֆրանսիան պետք է վտարեր նրան իր դիվանագիտական լիազորությունը խախտելու համար: Չպետք է թույլ տային, որ Թուրքիան թելադրի ֆրանսիական օրենքները:

Սահմանադրական խորհրդի կազմում ներգրավված են տարբեր ոլորտների 11 թոշակի անցած անձինք, որոնց կազմում են Ֆրանսիայի երկու նախագահ, երկու դատավոր, երեք օրենսդիր, և չորս պետական պաշտոնյա: Խայտառակությունը սկսվեց այն բանից հետո, երբ ֆրանսիական մի թերթ բացահայտեց, որ Խորհրդի մի քանի անդամներ, ներառյալ` նախագահը, ունեն արդար որոշմանը հասնելու հարցում շահերի բախում: Ոմանք այս հարցի կապակցությամբ նախապաշարյալ հայտարարություններ էին արել նախկինում, ուրիշներն ունեն գործարար կապեր Թուրքիայի հետ, և որ ամենաահավորն է, նրանցից մեկը` Հյուբերտ Հենելը, «Բոսֆորուս ինստիտուտ» ֆրանսթուրքական գիտահետազոտական կազմակերպություն անդամ է, որը լոբբիստական գործողություններ էր իրականացնում ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի դեմ:

Նմանատիպ սկանդալային պայմաններում, Խորհրդի անդամներից շատերը պետք է այս հարցը քննելու գործով ինքնաբացարկ հայտարարեին: Այս ամոթալի բացահայտումներից հետո, Խորհրդի երկու անդամներ հրաժարվեցին այս օրինագծի քննարկմանը մասնակցելուց, իսկ նախկին նախագահ Ժակ Շիրակի համար, ասացին, թե չի կարող մասնակցել նիստին վատառողջ լինելու պատճառով:

Սահմանադրական խորհրդի մնացած ութ անդամները 2012 թվականի փետրվարի 28-ին կայացրեցին վճիռ և ճանաչեցին խորհրդարանի և սենատի կողմից հաստատված` ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական` գտնելով, որ այն խախտում է խոսքի ազատության վերաբերյալ ֆրանսիական օրենքները:

Սա ապշեցուցիչ որոշում էր երկու պատճառով` 1) Սահմանադրական խորհրդի որոշ անդամները հենց իրենք են խախտել օրենքը` վճիռ արձակելով մի հարցի շուրջ, որում նրանք ունեն ակնհայտ կողմակալություն կամ շահերի բախում և 2) նրանք վճիռ կայացրեցին ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հակասահմանադրական լինելու մասին` պատճառաբանելով, որ դա սահմանափակում է խոսքի ազատությունը, միևնույն ժամանակ ուժի մեջ թողնելով մեկ այլ օրենք, որը քրեականացնում է հոլոքոստի մերժումը: Խորհրդի անդամները չբացատրեցին, թե ինչով է Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը սահմանափակում խոսքի ազատությունր, իսկ Հրեական հոլոքոստը` ոչ: Ցեղասպանության բոլոր զոհերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքով: Չպետք է լինեն երկակի ստանդարտներ:

Ի տարբերություն Միացյալ Նահանգներին` Ֆրանսիան ունի մի քանի օրենք, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը: Ինչպե՞ս պատահեց, որ երբ հարցը հասավ Հայոց ցեղասպանության ժխտողներին պատժելուն, Խորհրդի անդամները հանկարծ դարձան ազատ խոսքի համառ պաշտպանները:

Ֆրանսիահայերը պետք է ձեռնարկեն բոլոր իրավական և քաղաքական միջոցները Խորհրդի անարդար և ոչ օրինաչափ որոշումը փոխելու համար: Նրանք կարող են հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Սահմանադրական խորհրդի, ինչպես նաև ներկայացնել նոր օրինագիծ Ֆրանսիայի օրենսդիր մարմին:

Քանի որ Ֆրանսիայի երկու գլխավոր նախագահի թեկնածուները խոստացել են գալիք ընտրություններից հետո նորից ընթացք տալ այս օրինագծին, այս հարցը չի վերանա, քանի դեռ չի ընդունվել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը: Չպետք է թույլ տալ Թուրքերին դեպի Եվրոպա արտահանել իրենց ժխտոողական քաղաքականությունը:

 Հարութ Սասունյան

«Կալիֆորինիա Կուրիերի» խմբագիր

ԹարգմանիչԿարինե Գևորգյան