[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Արցախի Ճարտար եւ Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջեւ դրվում են բարեկամության հիմքերը:

Երկու քաղաքների միջեւ գործընկերությունը մեկնարկում է կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրան շրջել է Ճարտարում, ծանոթացել քաղաքի հնարավորություններին: Գործընկերները համոզված են` համագործակցությունը հաջողվելու է, եւ առաջիկա տարիներին արդյունքները տեսանելի կլինեն:

Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքի պատվիրակությանը Ճարտարում դիմավորել են հայկական հյուրընկալությամբ՝ զուռնա-դհոլով, աղուհացով: Դեսինի քաղաքապետը տեղյակ է Հայաստանի պատմությանն ու հայերի ազգային-ազատագրական պայքարին, նաեւ՝ Արցախյան գոյապայքարին: Լորանս Ֆոտրանը Ճարտարի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակին: Քաղաքապետի այցով մեկնարկում է Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին քաղաքների միջև բարեկամությունը: ՙԵրեք տարի է՝ Դեսինի քաղաքապետն եմ: Այդքան տարի պետք եղավ, որ հասնեմ այստեղ: Դեսինի բնակչության 40 տոկոսը հայեր են: Հայկական մեծ համայնք ունենք, եւ ես Հայաստանի պատմությանը նրանց միջոցով եմ ծանոթացել՚,- պատմում է Լորանս Ֆոտրան:

Ֆրանսիացիների հետ բարեկամությունը Ճարտարում տարիների պատմություն ունի: Քաղաքի համար 1 մանկապարտեզի շենքը 2011-ին կառուցվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի խողովակներով` մի խումբ ֆրանսահայերի եւ ֆրանսիացիների հովանավորությամբ: Լորանս Ֆոտրան այցելել եւ ծանոթացել է մանկապարտեզի հնարավորություններին ու մանկապարտեզ հաճախող փոքրիկներին: Դեսինի քաղաքապետի տեղակալը, ով, ի դեպ, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հարազատ եղբայրն է, խոստանում է՝ նպաստելու է, որ Դեսինն ու Ճարտարը համատեղ հաջողություններ գրանցեն մշակույթի և սպորտի ոլորտներում: ՙԻմ երակներում հայկական արյուն է հոսում, եւ ես հպարտ եմ դրա համար: Իհարկե, Դեսինի բոլոր հայերն էլ ցանկանում էին այցելել Արցախ, բայց պատվիրակությունն այդ դեպքում շատ մեծ կլիներ: Շատերը ցանկանում էին բարեկամության հռչակագիրը ստորագրել Շուշիի, Ստեփանակերտի հետ: Բայց ես, փետրվարին գալով եւ շրջելով Արցախում, առաջարկեցի Ճարտարը: Առաջարկս ընդունվեց՚,- նախապատմությունն է հիշում Դենիս Ջորկաեֆը:

Ոչ միայն մշակույթի և սպորտի, այլ նաև կրթական ոլորտում են սկսում համագործակցել Դեսինն ու Ճարտարը: Բոլոր հարցերի մանրամասները քաղաքային իշխանությունների ղեկավարները քննարկել են  աշխատանքային սեղանի շուրջ: Ճարտարի քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը համագործակցությունից մեծ հույսեր ունի: 

Արցախի Ճարտար եւ Ֆրանսիայի Դեսին քաղաքների միջեւ բարեկամական կապերն ամրագրվել են համագործակցության հուշագրով՝ ստորագրված քաղաքապետեր Ֆոտրանի եւ Աղաբեկյանի կողմից: Կողմերը վստահ են՝ հաջորդ հանդիպմանը նաեւ համագործակցության արդյունքներից խոսելու առիթ կլինի: Գուցե Ճարտարում, գուցե՝ Դեսինում. հանդիպման վայրը դեռ չեն որոշել:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ