Վլադիմիր ԵՎՍԵԵՎ. ՄԻԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՆ ԱՐԴԵՆ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման հնարավոր բեմագրերի և տարածաշրջանի պետությունների քաղաքականության մասին ՙՆոյեվ Կովչեգ՚-ին պատմել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ ու տնօրենի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր ԵՎՍԵԵՎԸ։

 -Վլադիմիր Վալերևիչ, որքանո՞վ է հնարավոր ղարաբաղյան հակամարտության ռազմական սցենարը։

-Վերջին ժամանակներս` սկսած 2017թ. փետրվարից, հստակ զգացողություն է առաջացել, որ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմն անխուսափելի է։ Ու այդ պատերազմի նախաձեռնողը կդառնա ադրբեջանական կողմը։ Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի շփման  գոտու տարածքների մի մասը, և անհրաժեշտ է այն վերադարձնել։ Իհարկե, կարելի է սկսել կռվել այդ տարածքն ազատագրելու համար։ Բայց էապես ավելի լավ է տարածքների փոխանակում կատարել հայկական զորքերի՝ ծավալների առումով սահմանափակ հարձակողական ռազմագործողությունից հետո։ Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողություններ առաջինը կարող է սկսել Ադրբեջանը։ Ինչո՞ւ։ Քանի որ Ադրբեջանում համարում են, որ տարածքներ ՙպոկելու՚ քաղաքականությունն իրադարձությունների զարգացման ամենահաջող տարբերակն է, որի պարագայում նա աստիճանաբար վերահսկողության տակ կվերադարձնի ոչ միայն որևէ գոտի, այլ նաև ողջ Ղարաբաղը։

Ինչպե՞ս Հայաստանը պատասխանի տարածքներ ՙպոկելու՚ քաղաքականությանը։ Միայն պաշտպանողական գործողություններով սահմանափակվելն արդեն բավարար չէ։ Ինչպես արդեն ավելի վաղ մատնանշվել է, հնարավոր են ադրբեջանական կողմի զինված գործողություններին պատասխանելու երկու բեմագրեր: Առաջին՝ կանգնեցնել հարձակումը և փորձել վերադարձնել այն տարածքները, որոնք գրավվել են անցյալ տարվա ապրիլին։ Նման մոտեցումը, իմ կարծիքով, ռազմական տեսանկյունից՝ արդարացված չէ։ Ստիպված կլինեն մի քանի բարձունք վերցնել, ինչը կհանգեցնի զգալի կորուստների հայկական կողմից։ Իրադարձությունների զարգացման ավելի խելամիտ տարբերակ կա, երբ` ելնելով ռազմաճակատի առանձին հատվածներում մարտավարական գերազանցությունից, հայկական զինվորականները տեղայնացված հարձակողական  ռազմագործողություն կանցկացնեն ու կգրավեն ադրբեջանական տարածքի ինչ-որ մի մասը։ Այն բանից հետո, երբ մարտական գործողությունները դադարեն, տեղի կունենա տարածքների փոխանակում, ու այդ դեպքում Արցախի Հանրապետությունը կվերադարձնի այն հողերը, որոնք Ադրբեջանի կողմից օկուպացվել են անցյալ տարի։ Իրադարձությունների հենց նման զարգացումն է  առավել բարեհաջող Երևանի ու Ստեփանակերտի համար, ինչպես նաև տալիս է հնարավորություն՝ կայունացնելու իրավիճակը ճակատային գծում։

-Ինչպե՞ս է Ադրբեջանը սրում իրադրությունը։ Դուք հստակ համոզվա՞ծ եք, որ ռազմական գործողությունները կսկսվեն մոտ ժամանակներս։

-Կան բազում անուղղակի նախանշաններ այն բանի, որ մարտական գործողություններ կարող են սկսվել։ Կային մտավախություններ, որ դրանք կսկսվեն այս ամռանը, հատկապես այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա մայիսին ադրբեջանական կողմը կիրառեց իսրայելական արտադրության ՙSpike՚ հակատանկային հրթիռային համալիր՝ ՙՕսա՚ զենիթահրթիռային համալիրի լիցքավորող մեքենային հարվածելու համար։ Դրանից շատ չանցած, հաստոցավոր ականանետի հարվածից զոհվեցին հայ զինծառայողներ, ինչպես նաև այլ գործողություններ ձեռնարկվեցին Ստեփանակերտի դեմ: Նոր պատերազմի շուրջ տեղեկատվության ապահովում կարող էին դառնալ սադրանքների կազմակերպմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները։ Ինչու՞մ էր կայանում սադրանքը: Սեփական բնակավայրի տարածքում տեղակայվեց թուրքական արտադրության ՙRoketsan TR-107՚ համազարկային կրակի 107-միլիմետրանոց հրթիռային համակարգը։ Այդ բնակավայրից իրականացվում էր հայկական տարածքների արկակոծություն։ Երբ հայերը պատասխան հարված հասցրին, սպանվեցին կին ու երեխա։ Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից նրանց մահը ներկայացվում էր որպես հայկական կողմի անթույլատրելի գործողությունների օրինակ, որը, ինչպես պնդում էին, պահանջում էր պատասխան միջոցներ։ Այսինքն, փաստացի ընթանում էր մարտական գործողությունների սկզբի տեղեկատվական ապահովման գործընթացը։ 

Ի՞նչը խոչընդոտեց նման բեմագրի զարգացմանը։ Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը Սոչիում։ Այդ այցի ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, կրկին Լեռնային Ղարաբաղի գոտում հակամարտությունը դադարեցնելու շուրջ պարտավորություն ստանձնեց։ Ավելի վաղ նման բան արվել էր, երբ այնտեղ 2016թ. ապրիլին դադարեցրին մարտական գործողությունները։ Ըստ երևույթին, ադրբեջանական առաջնորդը որոշ պարտավորություններ է ստանձնել։ Դրանից հետո, մտածում եմ, պատերազմի հնարավորությունը փոքր-ինչ նվազել է, բայց չի անհետացել։ Եվ նման իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև Բաքվում չհասկանան, որ տարածքներ ՙպոկելու՚ քաղաքականությունը ոչ միայն չի օգնի առաջադրված նպատակներին հասնելուն, այլև կհանգեցնի մեծ կորուստների` ադրբեջանական կողմից։ Ենթադրում եմ, առայժմ Բաքվում որոշ ուժեր հանդես են գալիս տարածքներ ՙպոկելու՚ քաղաքականության շարունակման օգտին։ Ցանկանալով կանխել նոր պատերազմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը հայտարարություն է արել առ այն, որ հայերը պատրաստ են հարձակողական ռազմական գործողությունների անցկացմանը` Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի դեպքում։ 

-Դուք համարում եք, որ ռազմական գործողությունները կունենան լոկալ, այլ ոչ թե լայնածավալ բնո՞ւյթ:

-Ենթադրում եմ, որ նոր պատերազմը կարող է տարբեր ծավալներ ունենալ։ Ամեն ինչ կորոշի ձեռք բերած ռազմական հաջողությունը։ Եթե 2016թ. ապրիլին ադրբեջանական կողմին հաջողվեր առաջ շարժվել Աղդամի կողմով, ապա նրանց զորքերը կարող էին մտնել Ստեփանակերտ։ Եվ դա չէր բացառվում։ Ու այս կապակցությամբ իրադարձությունների հետագա զարգացման տարբեր բեմագրեր են քննարկվում` սկսած մարտով հետախուզությունից, մինչև զանգվածային մարտական գործողություններ, եթե պարզվի, որ մարտով հետախուզությունը հաջող է։ Արդյունքում հնարավոր է, որ հակամարտության գոտին ընդլայնվի՝ ընդհուպ մինչև Ստեփանակերտին սպառնացող ուղիղ վտանգի ստեղծում։ Իրադարձությունների նման բացասական զարգացումը ևս հնարավոր է՝ չնայած այն բանին, որ կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը և որակապես վերականգնվել է ուժերի հավասարակշռությունը ճակատային գծում։ 

-Ենթադրենք, թե Ադրբեջանը կկարողանա մտնել Ստեփանակերտ, և ողջ աշխարհը՝ այդ թվում նաև Ռուսաստանը, հանգիստ կնայե՞ն դրան։

-Որպես ռազմական փորձագետ, համարում եմ, որ դա տեղի չի ունենա։ Բայց Ադրբեջանում իրադարձությունների նման զարգացումը չեն բացառում։ Լոկալ հակամարտությունը կարող է ընդլայնվել այն պարագայում, եթե ռազմական հաջողություն ձեռք բերվի։

-Ինչպիսի՞ն են Ռուսաստանի գործողությունները։

-Ռուսաստանը կենտրոնացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղի գոտում հակամարտության սառեցման վրա, փորձում է Իլհամ Ալիևին համոզել անցած տարվա ապրիլյան իրադարձությունների կրկնության անթույլատրելիության մեջ։ Ըստ երևույթին, նրան հասցվում է տեղեկատվություն այն մասին, որ ռուսական ռազմական վերլուծաբանների գնահատմամբ՝ հայկական կողմն ունակ է անցկացնել լոկալ հարձակողական գործողություններ։ Բայց, դժբախտաբար, սա չի բացառում 2016թ.  ապրիլյան իրադարձությունների կրկնվելու հնարավորությունն իսկ։ Ուստի, եթե ռազմական հակամարտություն, այնուամենայնիվ, սկսվի, ապա հայկական կողմը պետք է պատրաստ լինի ոչ միայն պաշտպանողական, այլև լոկալ հարձակողական գործողությունների՝ վերադարձնելու օկուպացված տարածքները։

-Ձեր կարծիքով, ի՞նչ դիրքորոշում կունենա Իրանը ռազմական գործողությունների սկսման պարագայում։ 

-Եթե մարտական գործողություններն սկսվեն 2016թ. ապրիլյան պատերազմի ծավալով, ապա Իրանը կսահմանափակվի դրանց զարգացմանը հետևելով։ Եթե ռազմական գործողություններն ավելի լայն բնույթ ունենան, և դրանց մասնակցի Թուրքիան, Իրանը կարող է առնվազն հանդես գալ քաղաքական հայտարարությամբ, լրացուցիչ ռազմական հավաքակազմ ծավալել իրանա¬ադրբեջանական սահմանի երկայնքով և Ադրբեջանի վրա ճնշում գործադրել։

-Իսկ առավելագույնն ի՞նչ կանի։ 

-Իրանը կարող է Ադրբեջանին նախազգուշացնել մարտական գործողությունների պայմաններում համագործակցության, հայ-իրանական պայմանագիրը գործի դնելու հնարավորության մասին։ Սա նշանակում է, որ դրա շրջանակներում Թեհրանը կարող է Երևանին ռազմական աջակցություն ցուցաբերել, օրինակ՝ սպառազինության մատակարարման առումով։ Իրանը կարող է նաև հարց բարձրացնել Նախիջևանի շրջափակման մասին, ինչի գոյությունն ապահովվում է իրանական տարածքի միջով։ Մասնավորապես, Իրանը կարող է խնդիրներ ստեղծել Նախիջևան տանող տրանսպորտային միջանցքի համար՝ ընդհուպ մինչև դրա փակումը պատերազմի ժամանակամիջոցում։ Վերջինս չափազանց կվնասի Նախիջևանին, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն գործի դնել Թուրքիայի հետ միջանցքը, որի հնարավորությունները բավականին սահմանափակ են։ Արդյունքում այնտեղ կծագեն տնտեսական դժվարություններ։ Պատերազմական պայմաններում տրանսպորտային միջանցքի փակումը կարող է դառնալ Իրանի կողմից արված ուժեղ քայլ, իսկ նման քայլի հնարավորությունը Բաքվի համար կունենա սթափեցնող ներգործություն։ 

Զրուցեց Գրիգորի ԱՆԻՍՈՆՅԱՆԸ

ՙՆոյեվ Կովչեգ՚ թերթ

ք. Մոսկվա