[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱԼԹԱՅԻ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԱԼԻևՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Շարունակելով վերջերս հրապարակված հոդվածների շարքը Ադրբեջանում տիրող կոռուպցիայի մասին, այժմ ցանկանում ենք բացահայտել լրացուցիչ սկանդալային մանրամասներ Մալթայի բանկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների գումարների մասին։

 Հետաքրքիր է, որ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտնվել է Ադրբեջանի ֆինանսական սկանդալների կենտրոնում։ Լոնդոնի ՙԳարդիան՚ թերթն տեղեկացրել է, որ Մուսկատի կինը՝ Միշելը, խոշոր գումարներ է ստացել նախագահ Ալիևի դուստր Լեյլա Ալիևայի կողմից։ 

 Մալթայի հետաքննող լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան բացահայտել է ՙմի շարք վճարումներ վարկերի ձևով, որոնք ուղարկվել են ՙԷգրանտ՚ (Պանամայում գրանցված գաղտնի ընկերություն, որը պատկանում է Մալթայի վարչապետի տիկնոջը)։ Ամենամեծ գումարը՝ 1,07 միլիոն դոլար, ենթադրվում է, որ փոխանցվել է անցյալ տարվա մարտին։ Ըստ պնդումների՝ դրանք փոխանցվել են Pilatus-ի բանկային հաշվից, որը պատկանում է Al Sahra FZCO-ին։ Ենթադրվում է, որ Al Sahra-ի սեփականատերը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի դուստրն է՚, գրում է ՙԳարդիանը՚։ Մուսկատը և նրա կինը հերքում են, որ իրենք վճարումներ են ստացել ՙԷգրանտի՚ հետ կապված։ 

Հատկանշական է, որ Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերերից մեկը Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է։ Pilatus բանկի հաշիվներից մեկը Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցիի անունով է, իսկ մյուսը՝ նախագահ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի։ Միցին և Մալթայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Քիթ Շեմբրին ՙՊանամայում գրանցված երկու ընկերություններ են հիմնել  2013թ. պաշտոն ստանձնելուց չորս ամիս անց։ Երրորդ կեղծ ընկերությունը՝ ՙԷգրանտը՚, ստեղծվել է նույն ժամանակ մալթացի միևնույն հաշվապահի կողմից՚։ Վարչապետ Մուսկատը և նրա տիկինը հյուրընկալել են Ալիևներին 2014թ. Մալթա կատարած իրենց այցի ժամանակ։ 

2005թ. նախագահ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը վերջերս իր ամուսնու կողմից նշանակվեց Ադրբեջանի փոխնախագահ, ճանաչվել է որպես Պանամայի UF Universe հիմնադրամի երկու ղեկավարներից մեկը, ըստ ՙՊանամայի փաստաթղթերի՚, որոնք հրապարակվել էին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից (ICIJ)։ ՙUF Universe հիմնադրամն ամբողջական վերահսկողություն ուներ խոշոր ադրբեջանական AtaHolding կոնգլոմերատի վրա։ 2005 թ. նախագահ Ալիևի երեք երեխաները, ի լրումն Ադրբեջանի հարկային ծառայության բարձրաստիճան անդամների, ճանաչվեցին որպես շահառուներ… Բացի այդ, Ալիևի դուստրերը վերահսկում են Պանամայում գրանցված մի ընկերություն և երկու այլ ընկերություններ բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Պանամական ընկերությունն զգալի բաժնեմաս ունի ընկերությունների կոնսորցիումում, որն զբաղվում է ոսկու հանքերի շահագործմամբ Ադրբեջանում։ Ալիևի քույրը միակ բաժնետերն ու սեփականատերն է բրիտանական Վիրջինյան կղզիներում 2005թ. դեկտեմբերին գրանցված մի ընկերության։ Գրանցման փաստաթղթերում նրա հասցեն  նշված է Լոնդոնի արևմտյան շրջանում, որտեղ տների միջին գինը հասնում է  9 միլիոն դոլարի՚։

 2017թ. մայիսի 9-ին հրապարակված հոդվածում ՙԳարդիանը՚ նաև տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ՙբացահայտորեն պահանջել են [վարչապետ Մուսկատի] հեռացումը աճող կոռուպցիոն սկանդալի, նրա կնոջ ներգրավվածության, պանամական գաղտնի ընկերության և Ադրբեջանի նախագահի դստեր կողմից ենթադրյալ վճարումների պատճառով։ Եվրախորհրդարանի հետաքննության հանձնաժողովը Մուսկատին հրավիրել է Ստրասբուրգի նստավայրը՝ իր դեմ ուղղված մեղադրանքների վերաբերյալ ցուցմունք տալու, սակայն Մուսկատը մերժել է հրավերը՚։

 Հետաքննող լրագրող Գալիցիան տեղեկացրել է՝ մի կին, որն աշխատել է որպես Pilatus բանկի սեփականատիրոջ Սեյիդ Ալի Սադր Հաշեմինեջադի օգնական, չհրկիզվող պահարանում հայտնաբերել և պատճենահանել է Միշել Մուսկատի անունով գրանցված բանկային հաշվի ձևակերպման փաստաթղթերը։ Օգնականը հայտնել է թղթակցին, որ ՙնրան տվել են ընկերությունների մի ցանկ, միգուցե ութ կամ տասը անուն, և ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնի դրանց վճարման գործարքներին։ Դրանց  թվում էին Willerby Inc.-ը, Tillgate Inc.-ը, Hearnville Inc.-ը, Egrant Inc.-ը և Al Sahra FZCO-ը՚, մի ընկերություն, որը պատկանում է Լեյլա Ալիևային՝ նախագահ Ալիևի դստերը՝ ըստ Times of Malta-ի։ Օգնականն ասել է, որ նա տեսել է բանկային հաշիվներ բացելու պաշտոնաթղթերը։ ՙAl Sahra FZCO-ից հարյուրհազարավոր դոլարների վճարումները մշտապես նշվել են որպես վարկային վճարումներ և չեն փոխանցվել նրանց հաշիվներին Pilatus բանկում, այլ նրանց ունեցած հաշիվներին Դուբայում... Մի անգամ, ասել է նա, բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ղանբարին հրահանգներ է ստացել Հաշեմինեջադից՝ մոտ 400 հազար դոլարի գումար փոխանցելու մի մալթացի կնոջ, որն ապրում է Նյու Յորքում և ունի ոսկերչական բիզնես։ Այն պետք է նշվեր որպես վարկային վճարում՚։

 Օգնականը խոստովանել է, որ նա բանկի իր պատճենած փաստաթղթերը հանձնել է Մալթայի իշխանություններին, քանի որ ՙես այլևս չէի կարող հանդուրժել կարդալ այդ կեղծիքները, ժխտումները և կիսաճշմարտությունները։ Դա չափազանց շատ էր…՚։

Հարութ Սասունյան 

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի հրատարակիչ և խմբագիր