[ARM]     [RUS]     [ENG]

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՀՍԿԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՏԱՀՈՍՔԸ

Մեր ժամանակաշրջանին բնորոշ գլոբալ մարտահրավերների, աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրացման և որպես հետևանք՝ առավել մեծ թափով տեղեկատվական պատերազմների ծավալումն իրենց հետ բերում են նոր խնդիրներ ու անելիքներ։

Ադրբեջանա-արցախյան հակամարտության դեպքում տեղեկատվական-քարոզչական պատերազմը շատ ավելի սուր բովանդակություն ունի, որի պատճառները պետք է փնտրել պաշտոնական Բաքվի՝ միջազգային ասպարեզում արցախյան խնդրի պատմաքաղաքական, իրավական ու բարոյական հիմքերը գլխիվայր ներկայացնելու քաղաքականության մեջ։ Ստի, կեղծիքի տարածման, արտերկրի քաղաքական ու հասարակական գործիչներին կաշառելու գործում մասնագիտացած մեր հարևանները մոռանում են մի կարևոր հանգամանք. այսօր Արցախի Հանրապետությունը միջազգային հանրության ընկալումներում ներկայանում է որպես կենսունակ պետություն, որը հաջողությամբ գոյատևում է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում։ Նման ընկալումն ի հայտ է եկել արտասահմանյան բազմաթիվ քաղաքական ու հասարակական գործիչների, իրավապաշտպանների՝ մեր հանրապետություն կատարած այցի արդյունքում։ Անշուշտ, իր առանձնահատուկ դերն է խաղացել նաև Արցախ այցելած լրագրողների կողմից հակամարտությանն առնչվող ստույգ տեղեկատվության տարածումն ու ընթացիկ իրադարձությունների անկողմնակալ մեկնաբանումը

Փաստն այն է, որ միջազգային հայտնի և ազդեցիկ լրատվամիջոցները նախընտրում են փաստերն արձանագրել հենց Արցախում, այդ մասին պատմել իրենց հաղորդումներում՝ հետաքրքրություն առաջացնելով ավելի ու ավելի շատ մարդկանց մոտ։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել CNN հեռուստաալիքը։ Վերջերս նրա հունական ծառայության՝ CNN Greek-ի կողմից պատրաստված հաղորդումը Արցախի Հանրապետության մասին, մեղմ ասած, գլխացավանք պատճառեց ալիևյան վարչակազմին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը զայրույթով արձագանքեց լրատվամիջոցին, ավելի ճիշտ՝  մատ թափ տվեց նրա վրա՝ այդ ինչպե՞ս եք համարձակվել նկարահանումներ անել ՙմեր տիրույթում՚։ Մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն այդ առնչությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ՝ ասելով, որ հաղորդումը միանշանակ կողմնակալ բնույթ է կրում և ծառայում է Հայաստանի կողմից օկուպացված ապօրինի վարչակարգի քարոզմանը։ Ըստ Հաջիևի՝ լրատվամիջոցի հաղորդումը կատարվել է պատվերով և քաղաքական գովազդի բնույթ է կրել։ Հաջիևը տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել CNN-ին։ 

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարի խոսքից երևում է, որ հաղորդումը ոչ միայն զայրացրել, այլև մեծ ցավ է պատճառել մեր հարևաններին։ Նախ՝ դա  փաստագրական ֆիլմ էր, որում ներկայացված էին ինքնորոշված ժողովրդի ներկան և ապագային ուղղված նրա պարզ ու հասկանալի ձգտումները, ինչպես նաև հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը։  Հատուկ կարևորություն է տրվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խոսքին։ Ֆիլմի հեղինակները եղել են առաջնագծում, մասնավորապես Մարտակերտի ուղղությունում, ներկայացրել հակառակորդին խաղաղություն պարտադրող հայ զինծառայողներին։ Հեռուստաալիքին հարցազրույցներ են տվել ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարները։ Նրանք  միջազգային հանրության ուշադրությունը սևեռել են այն հանգամանքին, որ չնայած քաղաքական փորձագետների կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտությունը բնորոշվում է որպես սառեցված, սակայն 2016-ի ապրիլին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում, որը տարեգրության մեջ է մտել որպես Քառօրյա պատերազմ։ ՀՀ պաշտպանության նախարարը հեռուստաալիքի համար մեկնաբանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993 թվականին ընդունված  չորս բանաձևերի բովանդակությունը։

Փաստագրական ֆիլմի ցուցադրումից հետո մեր հարևանները, անկասկած, մի բան պիտի մտմտային։ Խոսքը լրատվամիջոցին հասցեագրված բողոքի մասին չէ։ Հաջիևի մեկնաբանությունն ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցը հրապարակեց նոյեմբերի 6-ին, իսկ երկու օր անց նույն լրատվամիջոցը տարածեց մեկ այլ տեղեկատվություն այն մասին, որ CNN-ը Բաքվի Հեյդար Ալիևի անվան կենտրոնը ներառել է աշխարհի ՙտպավորիչ մշակութային տարածքների տասնյակում՚։ Սա համարենք մեծ ձեռքբերում  մեր հարևանների համար, քանի որ հեռուստաալիքն այս դեպքում նպատակ չի ունեցել խորանալու Հ. Ալիևի կենսագրության և անցյալի մեջ՝ Արևմուտքին հասկանալ տալու, թե ում գեներն է իր մեջ կրում մեր ժամանակների տխրահռչակ բռնապետը։ 

Միջազգային տեղեկատվական դաշտի՝ Արցախին առնչվող կարևոր նորություններից մեկն էլ Ֆրանսիայի Նանտեր շրջանի դատարանի վճիռն էր ֆրանսիացի երկու լրագրողների՝ Էլիզ Լյուսյեի և Լորան Ռիշարի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված հայցի վերաբերյալ, որն ազատ մամուլի հանդեպ ժողովրդավարական պետության վերաբերմունքի դասական օրինակ է։ Դատական քննության առանցքում ՙբռնապետական ռեժիմ՚ հասկացությունն էր, որը հնչել է CASH Investigation (Կանխիկի հետաքննություն) հաղորդաշարի ընթացքում։ Այն եթեր էր հեռարձակվել 2015-ի սեպտեմբերին France 2 հեռուստաալիքով։ Հիշյալ լրագրողների կողմից պատրաստված ՙԻմ նախագահը պաշտոնական գործուղման մեջ է՚ վերտառությամբ երկժամանոց հաղորդում-հետաքննությունը պատմում է ֆրանսիացի քաղաքական գործիչների և ադրբեջանական իշխանությունների անդրկուլիսյան հարաբերությունների մասին։ Մի խոսքով՝ ֆրանսիացի լրագրողներին հաջողվել է միջազգային հանրությանն ի ցույց դնել կոռումպացված ադրբեջանական իշխանությունների խավիարային դիվանագիտությունը։ Ռիշարն ու Լյուսյեն հաղորդման ընթացքում մի քանի անգամ Ի. Ալիևի ռեժիմն անվանել են բռնապետական՝ շեշտելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի դիվանագիտական նամակագրության մեջ Ադրբեջանի նախագահը պիտակավորվել է որպես ՙկնքահայր՚, ով երկիրը ղեկավարում է Դոն Կոռլեոնեի նման։ Նախագահի վարչակազմի շահերը ներկայացնող փաստաբան Օլիվիե Պարդոն  զրպարտության մեղադրանքով լրագրողների դեմ հայց է ներկայացրել։ Դատարանն էլ նոյեմբերի 7-ին վճռել է, որ հայցն անընդունելի է։ Լ. Ռիշարը հայտարարել է, որ գոհ է դատարանի որոշումից, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող գրաքննություն սահմանել երկրի սահմաններից դուրս, ինչը ևս մեկ անգամ վերահաստատվեց։

Ալիևյան վարչակազմի համար անցանկալի անձ է նաև CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը, ով արդեն իր տեղն է զբաղեցրել ՙսև ցուցակում՚՝ Արցախի Հանրապետություն այցելելու համար։ Անցած ամսում Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ, Շուշիում հարցազրույցներ անցկացրել տեղի բնակիչների հետ, ճաշակել ժենգյալով հաց, արցախյան թթի օղի և այլ բարիքներ։ 

Ավելի վաղ միջազգային հանրությունն իրազեկ դարձավ բուլղարացի հետաքննող լրագրողուհի Դիլյանա Գայթանջիևայի բացահայտումներին. ՙՏրուդ՚ թերթում տպագրված նրա հոդվածը հանրության դատին է ներկայացրել ցնցող փաստեր այն մասին, որ ադրբեջանական դեսպանություններն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Սոֆիայում, իրենց դիվանագիտական իրավասությունն օգտագործել են իսլամիստ ահաբեկիչներին զինելու համար։  Ադրբեջանական Silk Way Airlines պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ զենքն ու զինամթերքն անօրինական ճանապարհով հասցվել են Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո։  Ակնհայտ դարձավ, որ  ապշերոնյան հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, կոխկրտելով միջազգային օրենքները, զենքի և զինամթերքի անօրինական վաճառք է իրականացնում։ Գայթանջիևայի հետաքննության արդյունքում պարզվել է, որ Բաքվի, բուլղարական սևծովյան Բուրգաս նավահանգստի և Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ ու Ջեդա քաղաքների միջև իրականացվել են մոտ 350 դիվանագիտական չվերթներ։ Զենքն ու զինամթերքը հայտնվել էին ՙԱլ Քաիդայի՚ մասնաճյուղ համարվող ՙԱն նուսրա՚  ճակատի գրոհայինների, նաև աֆղան թալիբների ձեռքում։

Ադրբեջանական բռնապետական վարչակարգի էությունը միջազգային հանրության սեփականությունը դարձավ նաև հեղինակավոր լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ։ Այցելելով հակամարտության գոտի՝ ազատ ու անկաշկանդ լրագրողները ներկայացնում են իրականությունը, այս դեպքում՝ Արցախի ինքնորոշված ժողովրդի առօրյան, ապագայի հանդեպ վստահությունն ու նաև խնդիրները։ Ներկայացնում են այնպես, ինչպես որ կա. ստեղծագործ աշխատանքով ապրող ժողովուրդ, ով միաժամանակ զենքը ձեռքին կարողանում է պաշտպանել իր անկախությունը։    

Ալիևյան կլանն ամենամեծ ցանկության դեպքում չի կարող խոչընդոտել լրատվամիջոցների միջազգայնորեն երաշխավորված՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքին, առավել ևս, չի կարող վերահսկողություն սահմանել տեղեկատվական արտահոսքերի նկատմամբ։ Այդ վարչակարգը կարող է բավարարվել միայն հիստերիկ արձագանքներով։  

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ