[ARM]     [RUS]     [ENG]

Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանը մշտապես հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից

altՂարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության պատճառն այն է, որ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից: Այդ մասին, այսօր` մարտի 16-ին, հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեսթերվելլեի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Արտգործնախարարը հիշեցրել է, որ Սոչիում հունվարի 23-ին տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ վերջին հանդիպման ընթացքում կարեւոր հայտարարություն է արվել այն մասին, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեին մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունում առաջընթացի ձեռքբերման առումով: Նախարարի խոսքով, նման հայտարարությունները բազմիցս են արվել, սակայն երբեք չեն իրագործվել:
«Ինչո՞ւ: Որովհետեւ Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից: Սոչիում պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը արել է ամեն ինչ, որպեսզի նման մեխանիզմ չստեղծվիե,-ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշել է, որ համապատասխան առաջարկ համանախագահները ներկայացրել են դեռ 2011-ի ապրիլին, եւ Հայաստանը պատասխանել է դրան: Երկրորդ անգամ հոկտեմբերին Հայաստանը եւս դրական պատասխան է տվել համանախագահների կողմից ներկայացված նախաձեռնությանը: Ադրբեջանը մինչ օրս նման պատասխան չի տվել, իսկ դեկտեմբերին` ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ, երբ քննարկվում էր կազմակերպության ընդհանուր բյուջեն, Ադրբեջանը նույնիսկ սպառնացել է վետո դնել, եթե գումար հատկացվի այդ մեխանիզմի ստեղծման համար: «Դա այն օրինակներից մեկն է, թե ինչու մենք առաջընթաց չեն կարողանում գրանցել: Քանի որ մի հարցի շուրջ պայմանավորվում ենք, իսկ Ադրբեջանը այնուհետեւ հրաժարվում է իր բառերիցե,-ասել է Նալբանդյանը:
Նա հիշեցրել է, որ նախագահների բոլոր հանդիպումներին նախորդել է ԱԳՆ ղեկավարների աշխատանքը, այդպես է եղել Կազանի, Սոչիի, Աստրախանի, Սանկտ-Պետերբուրգի եւ մյուս հանդիպումների ժամանակ: Այդ նախապատրաստական աշխատանքն ուղղված է որոշ սկզբունքների շուրջ պայմանավորվածության ձեռքբերմանը: «Ամեն անգամ, երբ մենք որոշակի համաձայնության ենք եկել, Ադրբեջանը հանդիպման ժամանակ հայտարարել է` ես կարող եմ համաձայնել, բայց մոտ 10 փոփոխություն ունեմ անելու: Այսինքն, Ադրբեջանն ուղղակի հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից: Դրա հետեւանքով էլ բանակցային գործընթացում առաջընթաց չի նկատվումե,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, խնդիրն այն չէ, որ համանախագահները բավարար ջանքեր չեն գործադրում հակամարտության կարգավորման գործում, ընդհակառակը նրանք հսկայական աշխատանք են կատարում, նման գործ է անում նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Այդ ջանքների շնորհիվ վերջին 2-3 տարվա ընթացքում կայացել են տասնյակ հանդիպումներ նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով, համանախագահները բազմիցս այցելել են տարածաշրջան, եղել են Ստեփանակերտում, Բաքվում եւ Երեւանում, եւ այդ պատճառով Սոչիում կայացած վերջին հանդիպման ժամանակ բարձր գնահատական է տրվել համանախագահների աշխատանքին, նույնիսկ Ադրբեջանի նախագահի կողմից:
Նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հույս են հայտնել, որ համանախագահները կշարունակեն ջանքեր գործադրել այնքան ժամանակ, մինչեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Բայց դրանից մի քանի օր անց ադրբեջանական կողմը տարբեր մակարդակներով սկսեց քննադատություն հնչեցնել համանախագահների հասցեին: «Այդ ցուցակը կարելի է շատ երկար շարունակելե,-եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը: