[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Հարցուպատասխանի ժամ խորհրդարանում

 ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ օրենքի համաձայն՝ նոյեմբերի 30-ի լիագումար նիստի օրակարգով նախատեսվել էր հանրապետության Նախագահի և կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխանի ընթացակարգ։ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և կառավարության անդամները խորհրդարան ներկայացան ժամը 13.00-ին։ Հարցերի համար գրանցվեց 11 պատգամավոր, հնչեց 18 հարց։

Պղնձի գնի կտրուկ աճի պատճառով 2018 թվականի պետբյուջե կմուտքագրվի լրացուցիչ 4 միլիարդ դրամ։ Պատգամավոր Գագիկ Բաղունցին հետաքրքրում էր այդ գումարի ճակատագիրը։ Երկրորդ հարցը. ՀՀ-ում և  ԱՀ-ում արտադրվող 1 կՎտ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը գնահատվում է 15-20 դրամ, ինչը գործող սակագների պարագայում առիթ է տալիս խոսել գերշահույթի մասին։ Համակարգի օպտիմալացման քաղաքականության ֆոնին Էլեկտրացանցերի սեփականաշնորհումը հնարավորություն չի՞ ընձեռում  վերանայել սակագները։ 

Առաջին հարցի առնչությամբ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ 2017թ. պետբյուջեի սեփական եկամուտների կազմում ՙԲեյզ Մեթլս՚ ՓԲԸ-ի կողմից վճարվելիք հարկերը պլանավորվել են նախանշված չափերով։ Թանկացման հետ կապված՝ լրացուցիչ մուտքերը գնահատվում են շուրջ 1,5 միլիարդ դրամ, ինչն ուղղվելու է դեֆիցիտի լրացուցիչ ծածկմանը։ 4 միլիարդ դրամը վերաբերում է 2018թ. պետբյուջեին, խոսքը լրացուցիչ գումարների ավելացման մասին է։ Երկրորդ հարցին պատասխանեց Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը։ Նրա պարզաբանմամբ՝ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն իրականացնում է բաշխիչ ցանցերի գործունեություն, այսինքն՝ ձեռք է բերում էլեկտրաէներգիա տարբեր գեներատորներից և մատակարարում սպառողներին։ Սա էլ իր հերթին ենթադրում է ծախսեր։ Ներկա դրությամբ ունենք միջին կշռված սակագին՝ 19 դրամ, Հայաստանի ցանցերից ձեռքբերվող էլեկտրաէներգիայի գին՝ 25 դրամի շրջանակներում, և Արցախում արտադրվող էլեկտրաէներգիայի ձեռքբերման գներ՝ 19-23 դրամ, առանց ավելացված արժեքի հարկի։ Սակագների մասով գերշահույթ ընդհանրապես չի դիտարկվում։ Նախարարի խոսքով՝ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն մասնավորեցվել է ընթացիկ տարում, մասնավորեցման պայմաններում եղել է նաև մոտակա  5 տարում սակագների բարձրացման բացառումը, սահմանվել էին ներդրումների չափը և միջին աշխատավարձի ֆոնդը։ Ցանկացած բաշխիչ ցանց պետք է գնա վերազինման, որպեսզի նվազեցնի կորուստները և ավելացնի կա՜մ իր շահույթը, կա՜ մ էլ սակագինը։ Մինչև առաջին հաշվետու ժամանակաշրջանը կարող ենք դիտարկել կատարված ներդրումները և պարզել, թե որքանով են դրանք ազդել կորուստների նվազեցման վրա, ասաց Լ. Գրիգորյանը։ Այդ հարցին գործադիրը կանդրադառնա մեկ տարի հետո, երբ կատարված աշխատանքները գնահատելու հիմք կունենա։  

Հայկ Խանումյանի կողմից արծարծվեց թոշակների բարձրացման հարցը։ Նշվեց, որ  այս հարթությունում ՀՀ-ի հետ համաձայնեցված քաղաքականություն է տարվում, մինչդեռ վերջին տարիների տնտեսական աճի ցուցանիշները Հայաստանում և Արցախում միանգամայն տարբեր են։ Մեզ մոտ դրանք ավելի բարձր են։ Ինչո՞ւ սոցիալապես ամենաանապահով խավի եկամուտները չեն աճում։ Արդյո՞ք  հնարավոր չէ բանակցել ՀՀ-ի հետ՝  վերանայելու այս քաղաքականությունը, ի վերջո, Արցախում առաջնային նշանակության ապրանքներն ավելի թանկ են,  քան ՀՀ-ում։  

Հարցին պատասխանեց  ԱՀ աշխատանքի, սոցիալական և վերաբնակեցման հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը։ Թոշակների բարձրացման մեխանիզմները պարզ են, քանի որ դրանք հիմնականում քաղաքական որոշումներ են, որոնք ելնում են երկրի տնտեսության ընդհանուր վիճակից։  Մեր երկրում հաշվի են առնվել կյանքի դժվարությունները, երբ սահմանվել են տարբեր դրամական օգնություններ, լրացուցիչ վճարներ, որոնք այստեղ գոյություն ունեն, բայց չկան Հայաստանում։  Նախարարն այնուհետև նշեց, որ ԱՀ-ում ներդրվում է ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգ։ Մոտ օրերս 1170 ընտանիքի գնահատման արդյունքները կներկայացվեն հանրության ուշադրությանն ու քննարկմանը։  Բոլոր մտահոգիչ հարցերի պատասխանը չպիտի տեսնենք թոշակների բարձրացման մեջ. շատ կարևոր մեխանիզմ է ընտանիքների կարիքավորության  գնահատման համակարգը, ինչը թույլ է տալիս առկա ռեսուրսների շրջանակներում աջակցություն ցույց տալ  անապահով ընտանիքներին։  2019թ. հունվարի 1-ից ակնկալվում է կուտակային թոշակային համակարգի ներդրում, որը ևս կհամարվի բարձրացված հարցի լուծումներից մեկը, ընդհանրացրեց նախարարը։

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հարցը հանրապետության քրեակատարողական հիմնարկների մասին էր։ Ժողովրդավարական պետություններում, այդ թվում՝ ՀՀ-ում, համակարգը ներառված է արդարադատության նախարարության կազմում, բայց մեզ մոտ այն գտնվում է ոստիկանության համակարգում։ Այս մասով մեր իշխանություններն ունե՞ն համապատասխան ծրագիր։ Հարցն ուղղված էր հանրապետության Նախագահին։  

Բ. Սահակյանն իրազեկեց, որ հարցի շուրջ մի քանի քննարկումներ են եղել, հրավիրել են նաև հայաստանյան գործընկերներին։ Թե՜ ժողովրդավարական և թե՜ ինստիտուցիոնալ առումով ճիշտ կլիներ, որ քրեակատարողական հիմնարկները ներառված լինեին արդարադատության համակարգում։ Եկել են այն եզրահանգման, որ մեր հանրապետությունը պատրաստ չէ գնալ այդ քայլին։ Նախագահը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին Արցախում կլինեն ՀՀ դատախազության ներկայացուցիչները, նրանց հետ կայանալիք հանդիպմանն այդ հարցը ևս  կարծարծվի։ Խնդիրը, ի վերջո,  իր լուծումը կստանա, համոզմունք հայտնեց Նախագահը։ 

 Շուտով տոնելու ենք Արցախյան շարժման 30-ամյակը։ Գրեթե նույն ՙտարիքն՚ ունի փախստականների հարցը։ Տարբեր շրջաններում ընտրողների հետ անցկացվող հանդիպումների ժամանակ այս մասին լինում են հարցադրումներ։ Պատգամավոր Դավիթ Իշխանյանին հետաքրքրում էր ընդհանուր իրավիճակը, նաև այն հարցը, թե  կառավարությունը փախստականներին բնակարաններով ապահովելու վերաբերյալ ինչ ծրագրեր ունի։ 

Պատասխանելով հարցին՝ նախարար Ս. Ավանեսյանը նշեց, որ վերջին տարիներին վերանայվում են մոտեցումները։ Սոցիալական ծրագրերի հիմնադրամի միջոցով օժանդակություն է ցույց տրվում փախստականների բազմաթիվ ընտանիքների։ Վերաբնակեցման քաղաքականության վերանայման շրջանակներում նախատեսվել է լայնածավալ բնակարանաշինություն։ 2018թ. պետբյուջեի նախագծով նոր ծրագիր է նախատեսվել, այդ և մյուս ծրագրերի իրագործման համար հատկացվել է 600 միլիոն դրամ։ Գործում է բնակարանների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը, պետբյուջեի նախագծում գումարներն ավելացվել են։ Փախստականները նույնպես կօգտվեն այդ ծրագրից։  

Ռոմելա Դադայանը, նախքան հարցը հնչեցնելը, նշեց, որ  2018թ. պետբյուջեի նախագծով կապիտալ ներդրումների համար նախատեսված գումարը բացված տեսքով խորհրդարանը չի ստացել։ Պատգամավորին հետաքրքրում էր Հադրութ քաղաքի ճանապարհների վերանորոգման խնդիրը, ֆինանսներ հատկացվե՞լ են, թե՞ ոչ։ Բացի այդ, նշվեց, որ շրջանում տեղակայված զինավանում ապրող սպայական ընտանիքները բազմիցս դիմել են շենքերի շրջակայքի և փողոցների անբարեկարգ վիճակի հարցով։ Նորմալ ջրամատակարարում և էլեկտրամատակարարում  չեն իրականացվում, կոյուղագիծ չկա  և այդ ամենի արդյունքում լինում են դժբախտ պատահարներ։ Պատգամավորը խնդրեց պարզաբանել ևս մեկ հարց. հանրապետության տարածքի սպայական շենքերը Պաշտպանության բանակի՞, թե՞ համայնքի հաշվեկշռում են։ Այդ հարցով զբաղվելիս, սովորաբար, բախվում են տարակարծությունների և անորոշ պատասխանների։  

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ՝ ՙԱրցախուղի՚ ընկերությունը բաժանվել է շրջանների, որոնցում ստեղծվել են համապատասխան ընկերություններ։ Դրանք գտնվելու են շրջվարչակազմերի իրավասության տակ և հիմնականում զբաղվելու են շրջանների և գյուղական բնակավայրերի փողոցների բարեկարգման, սալապատման աշխատանքներով։ Նույնպիսի ընկերություն ստեղծվել է նաև Հադրութի շրջանում, որը ներկա դրությամբ աշխատանքներ է իրականացնում գյուղական բնակավայրերում։ Անցյալ տարի Հադրութի կենտրոնական փողոցը հիմնանորոգվել է, բարեկարգվել է  զինավանի բնակելի շենքերից մեկի տարածքը։ Այն արդեն ենթակա է շահագործման։ Ավարտին կհասցվեն նաև ծրագրով նախատեսված մյուս աշխատանքները։ Ինչ վերաբերում է զինավանի շենքերի ջրամատակարարման ու կոյուղագծի բացակայությանը, նախարարը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ աշխատում են։ Շենքերը հանվել են ՊԲ-ի հաշվեկշռից և մտցվել տվյալ համայնքի հաշվեկշիռ։ Դրանց սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են պետբյուջեով։ Սպայական որոշ շենքեր  ՊԲ-ի հաշվեկշռում են, որոշներն էլ՝ համայնքի։      

Պատգամավոր Արամ Գրիգորյանի առաջին հարցն ուղղված էր ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանին։ Երկու հայկական պետությունների առողջապահական համակարգերի միջև փոխգործակցությունն ակնառու է. հայաստանյան լավագույն մասնագետների կողմից մեր բնակչությանը մատուցվում է բարձրորակ և անվճար բուժսպասարկում։ Դրանով միաժամանակ լուծվում է լուրջ սոցիալական խնդիր, ինչը ողջունելի է։ Փաստ է նաև, որ մասնագետների ամեն մի այցից հետո մեր հանրապետության շրջաններից ստացվում են բազմաթիվ հեռախոսազանգեր այն մասին, որ գյուղաբնակների մի զգալի մասը բժշկական ծառայություններից չի օգտվում անտեղյակության պատճառով։ Ինչպե՞ս է նախարարը վերաբերվում  այս  իրողությանը։ Ա. Գրիգորյանը հնչեցրեց նաև երկրորդ հարցը՝ ուղղելով այն աշխատանքի, սոցիալական և վերաբնակեցման հարցերի նախարարին։ Գալիք  տարվա բյուջեի նախագծով  նախատեսվում է նոր ծրագիր աուտիզմով և ուղեղային կաթվածով տառապող երեխաների ցերեկային խնամքի ապահովման վերաբերյալ, որը կյանքի կկոչվի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում։ Բայց չմոռանանք, որ մեր հանրապետությունում ունենք նաև առաջին կարգի հաշմանդամներ, ովքեր  հոգատարության և խնամքի կարիք ունեն, սակայն չունեն խնամատար հարազատներ։ Նախատեսվո՞ւմ են, արդյոք, ինչ-որ ծրագիր կամ ֆինանսական հատկացումներ նման իրավիճակում հայտնված քաղաքացիների հարցերը լուծելու համար։ 

Առաջին հարցին ի պատասխան Կ. Աթայանը նշեց, որ անցնող տարում գրանցվել են ՀՀ մասնագետների ավելի քան վաթսուն այցելություններ, ՙԲաց դռների օրեր՚ հայտարարվել են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում։ Որպես կանոն, հայտարարություններ Առողջապահության նախարարության կայքում նախօրոք տեղադրվում են, որոնց մասին իրազեկվում են հանրապետության բոլոր բուժհիմնարկները, այդ թվում՝ շրջանային հիվանդանոցները։ Հայտարարությունները հնչեցվում են նաև Արցախի հանրային հեռուստատեսությամբ։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ նախօրոք պայմանավորվածություն է ձեռքբերվում մասնագետների հետ կոնկրետ վիրահատությունների շուրջ։ Երկրորդ հարցի հետ կապված՝ Ս. Ավանեսյանը տեղեկացրեց մի նախագծի մասին, որը կոչվում է ՙՀատուկ խնամքի կենտրոն՚։ Խնամքի կարիք ունեցող քաղաքացիները կարող են գալ Կենտրոն։ 2018-ի պետբյուջեի նախագծով գումար է հատկացվել նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատվիրելու  համար։ Կենտրոնը կտեղակայվի Մարտունի քաղաքի նախկին հիվանդանոցի շենքում։ Այն նախատեսված է մոտ 100 քաղաքացիների համար, ինչն ավելին է, քան  այսօրվա պահանջները։  

Լյուդմիլա Բարսեղյանի հարցի հասցեատերը կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էր։ Պատգամավորը ներկայացրեց մի խումբ քաղաքացիների մտահոգությունը՝ կապված  դպրոցական  ներկայիս  ծրագրերի և աշակերտների ծանրաբեռնվածության հետ։ Ծրագրերի բարդությունը՝ մի կողմից, մյուս կողմից էլ մեծ ծավալով տնային աշխատանքների հանձնարարումն  աշակերտներին զրկում են հանգստի հնարավորությունից։ Արձակուրդների ժամանակ երեխաները ստիպված են լինում կրկին դաս սովորել, որպեսզի անցածը մոռացության չմատնեն։ Դպրոցներում էլ գիտեն, որ տեխնոլոգիա և շախմատ առարկաներից  հանձնարարված տնային աշխատանքները կատարում են ծնողները։ Պատգամավորին հետաքրքրում էր նաև Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցի կարգավիճակը։   

Ն. Աղաբալյանը նախ դպրոցի կարգավիճակի մասին արտահայտվեց՝ նշելով, որ այնտեղ իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում։ Նրա խոսքով՝ կա որոշակի հակասություն կարգավիճակի և ուսուցման ձևի մեջ, սակայն նախարարությունը պատրաստվում է խնդրին անդրադառնալ համապատասխան ուսումնասիրություն անցկացնելուց հետո։ Հանրակրթական ծրագրերի փոփոխության անհրաժեշտությունը, իրոք, զգացվում է. այն դարձել է քննարկումների առարկա ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։  Նախարարի իրազեկմամբ՝ ՀՀ-ում գործընթաց է ծավալվել կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ, որին մասնակցում է նաև Արցախը։ Գալիք տարում արդեն փոփոխություններն իրենց զգացնել կտան։  Ինչ վերաբերում է տեխնոլոգիա առարկայի դասավանդմանը, նրա դերակատարությունը կմեծացվի, քանի որ միտված է աշակերտի մեջ անհրաժեշտ ունակությունների և հմտությունների զարգացմանը։ Շախմատ առարկայի վերաբերյալ նույնպես կան առաջարկություններ։ 

Վիլեն Սաֆարյանի հարցը  լքված հանքավայրերի մասին էր, ավելի կոնկրետ՝  Մաղավուզի ածխի բացահանքի, որի շահագործման ժամանակ հատվել է ոչ պակաս, քան  30 հա անտառ, շարքից դուրս է եկել մոտ 6հա վարելահող, ավերվել են միջնադարյան գերեզմանոցներ, շենքեր և շինություններ։ Առաջացած սողանքի հետևանքով շարքից դուրս է եկել բանուկ ճանապարհի 200-մետրանոց հատվածը։ Պետական միջոցների հաշվին այդ հատվածը վերանորոգվել է։ Ի՞նչ միջոցներ են նախատեսվում փնթի տնտեսվարողների կողմից բնությանը և տնտեսությանը հասցված վնասները գոնե նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ ընդհանրապես, Մաղավուզի ածխահանքի մասով՝ մասնավորապես։ 

Հարցին պատասխանեց պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով հարցը մեղմ հնչեցնել. փնթի աշխատանք չկա, քարածխի հանքը տարածաշրջանի էներգետիկ անկախությունն ապահովող միջոցառումներից մեկն է իրականացրել։ Պետնախարարն ընդունեց, որ սխալներ և խախտումներ եղել են, այժմ փորձում են դրանք վերացնել։ Ճանապարհը  բարեկարգվել է։ Հարցը կոնսերվացված է, քանի որ քարածխի՝ որպես էներգակրի, արդյունահանման  անհրաժեշտությունն այլևս չի զգացվում։  ՀՀ-ում գիտական աշխատանք է իրականացվել այդ ածուխից դիզվառելիք ստանալու նպատակով, տեղեկացրեց պետնախարարը։ Հարցը դիտարկվում է զուտ էներգետիկ անվտանգության տիրույթում։ Նախագահի կողմից հանձնարարական է եղել բնապահպանության նորմերը խստացնելու մասին, աշխատանքներն այդ ոլորտում շարունակական են լինելու։  

Վերջում Բ. Սահակյանն առանձին հարցադրումների վերաբերյալ ներկայացրեց  իր նկատառումները։ Հաշվի առնելով էներգահամակարգի կարևորությունը, որ այն նախևառաջ իր մեջ ներառում է անվտանգության բաղադրիչը, Բ. Սահակյանն առաջարկեց Գ. Բաղունցին աշխատանքային հանդիպում անցկացնել ՙԱրցախէներգո՚-ի ղեկավարության հետ։ Այնտեղ մշակվել է ռազմավարական ծրագիր՝ 2017-25թթ. կտրվածքով։ Նախատեսվում է կորուստները նվազեցնել ավելի քան 4%-ով։ Հանդիպումն օգտակար կլինի ընկերությունում առկա կարծիքներին և մոտեցումներին իրազեկվելու, նշված ռազմավարության մասին ավելի հստակ տեղեկություններ ստանալու առումով։ Նախագահն այնուհետև անդրադարձավ ՙԲեյզ Մեթլսին՚ առնչվող հարցադրմանը՝ ընդգծելով, որ ճիշտ չէ նման  տարբերակումը, որովհետև վաղը մենք ունենալու ենք դրա նման ընկերություններ և առանձին-առանձին չենք դիտարկելու նրանց կողմից վճարվող հարկերի չափերը։ Եթե ավելացված հարկեր ունենանք, կարող ենք տեղեկանալ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում ծախսել այդ գումարները։ 

Կրթական համակարգի հետ կապված՝ Նախագահն առաջարկեց դրան անդրադառնալ ոչ թե նիստից նիստ, կամ բյուջետային քննարկումների ժամանակ, այլ խոսել այդ մասին ամեն օր։ Իրավիճակն է այդպես թելադրում։ Խորհուրդ տվեց ծանոթանալ Վիճակագրության ծառայության կողմից պատրաստված նյութերին, որոնք բավականին օգտակար են, դրանք ենթարկել խորը ուսումնասիրության։ Ստեղծված իրավիճակում բոլորս հավասարաչափ պատասխանատվություն ենք կրում, շեշտեց Նախագահը և հավելեց, որ ինքն անձամբ պատրաստ է անհրաժեշտ քննարկումների հարթակ ապահովել, կազմակերպել գործընթացը և ելքը գտնել։ Խնդիրները քիչ չեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 

Չշրջանցվեց նաև վերաբնակեցման հարցը։ Օրեր առաջ Նախագահն այցելել է Առաջամուղ, Արաքսավան, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Առհասարակ, մեզ մոտ այն մտայնությունն է, որ վերաբնակեցումը պետք է իրականացվի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Դա այնքան էլ ճիշտ ընկալում չէ, որովհետև ունենք համայնքներ, որոնք առաջին հերթին պիտի վերաբնակեցվեն։ ՙԵս դեմ եմ, որ ինքս կամ մենք բոլորս միասին կեղծ գործընթացների մասնակից լինենք, բայց որպեսզի կարողանանք առաջնահերթությունները որակել, պետք է ունենանք այդ մշակույթը։  Առայժմ այն  ընդգծված տեղ չունի մեր աշխատանքներում՚,-ասաց Նախագահը։ Առաջնահերթությունները դասակարգելու անհրաժեշտություն է զգացվում, այդ հարթությունում պետք է միասնական աշխատանքի կատարվի։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ