[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԱՍԽԱՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄԵԶԱՆԻՑ ԽԼԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի միացյալ զորախումբն անցյալ շաբաթվա վերջին համահավաք զորավարժություններ է իրականացրել Արցախի Հանրապետության հարավ¬արևելյան ուղղությամբ՝ Ջրականի շրջանում։

Զորավարժությունների ընթացքին հետևել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագախ Բակո Սահակյանը և երկու երկրների պաշտպանության նախարարները։ Նշենք, որ, ադրբեջանական փորձագետների գնահատմամբ, զորավարժությունների տեղանքը պատահական չի ընտրվել, քանի որ այն ադրբեջանական բանակի կողմից հնարավոր տանկային հարձակման համար ամենաօպտիմալ ուղղություններից մեկն է։

Զորավարժության բեմագրի համաձայն` պայմանական հակառակորդը ճեղքել է Արցախի պաշտպանության բանակի առաջնագիծը, և միացյալ զորախումբը պետք է կասեցներ առաջխաղացումը, անցներ հակահարձակման՝ հակառակորդին ջախջախելով իր զբաղեցրած դիրքերում։ Զորավարժության նպատակը մարտունակության, ստորաբաժանումների գործողությունների համաձայնեցվածության, հարձակողական գործողության մշակման, արագ որոշումներ կայացնելու ու դրանք իրագործելու կարողության ստուգումն էր։

 Սա` եթե զորավարժությունը դիտարկենք բացառապես ռազմական տեսանկյունից։ Ոչ պակաս կարևոր է և քաղաքական կողմը, քանի որ Ադրբեջանի մշտական շանտաժը, հրադադարի ռեժիմի պահպանման` իր ստանձնած պարտավորությունները խախտելու, հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նրա սպառնալիքները փաստորեն բանակցային գործընթացի վրա ազդելու միակ գործիքն է, որն այսօր ունի Բաքուն` այն իր օգտին շրջելու փորձերում։ Այլ մեթոդներ Բաքվի մոտ չեն մնացել, ինչի վկայությունը բանակցային գործընթացում ստանձնած այս կամ այն հանձնառությունների չկատարման համար Ադրբեջանի հասցեին հաճախակի դարձած քննադատությունն է, դիվանագիտական ճնշումը, որը վերջերս գործադրում է Երևանը Բաքվի վրա, ինչը հաստատում է ՀԱՊԿ-ի հայտնի հայտարարությունը։

Ադրբեջանի անհիմն հայտարարությունները միջազգային հանրության կողմից աջակցություն չեն գտնում, և վերջերս Բաքուն դարձյալ վերադարձավ իր հին ՙփաստարկին՚. Ադրբեջանում անց են կացվել հերթական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվել են ՙհարձակողական՚ գործողություններ։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հերթական բանակցային փուլի նախաշեմին Արցախում անցկացված զորավարժությունները Երևանի ու Ստեփանակերտի պատասխանը դարձան. Բաքվին կրկին հասկացրին, որ չարժե պատրանքներ փայփայել, որ հակամարտության հայկական կողմերը կարող են միակողմանի զիջումների գնալ։ Սա նաև ուղերձ է միջազգային հանրության միջնորդներին՝ չտրվելու Բաքվի շանտաժին. հայկական զինված ուժերը պատրաստ են հակադարձելու հնարավոր ագրեսիան։

Փորձագետներն արձանագրում են, որ Հայաստանի և ԼՂՀ ԶՈՒ միացյալ զորախումբն առաջին անգամ է նման մասշտաբի զորավարժություններ անցկացնում։ Միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը նշել է, որ զորավարժություններում օգտագործվել են բոլոր զորատեսակները, տեխնիկայի մի քանի հարյուր միավոր։ Միացյալ զորախումբը կատարել է պաշտպանություն կազմակերպելու, ագրեսիան հակադարձելու և հակահարձակման անցնելու առաջադրված նպատակը, պայմանական հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր։ Զորավարժությունները ցույց տվեցին, որ բանակի զարգացման և մարտական ունակությունների կատարելագործման գործընթացը շարունակվում է, և դա տարածաշրջանում խաղաղության պահպանման և Ադրբեջանի ռազմական արկածախնդրության դեպքում հաղթանակի երաշխիքն է։

Մեկնաբանելով զորավարժությունները, ադրբեջանական ԶԼՄ¬ները փորձում են մեղմել դրանց դերն իրենց հասարակության աչքում՝ պնդելով, որ սպառազինության որակով ու քանակով հայկական միացյալ զորախումբը չի կարող համեմատվել ադրբեջանական ՙարմադայի՚ հետ։ Սակայն զայրույթը թաքցնել չի հաջողվում, ինչը վկայում է Հայաստանի նախագահի ուղղաթիռը խոցելու` սոցցանցերի ադրբեջանական հատվածում հաճախակի դարձած կոչերը...

Հավելենք, որ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը զորավարժությունները գոհացուցիչ է համարել, նշելով, որ մանրամասն և վերջնական վերլուծությունը դեռ կհետևի։ Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պարգևատրելով աչքի ընկած զինծառայողներին, ընդգծել է, որ զորավարժությունները պատասխան են բոլոր նրանց, ՙովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և մեզանից խլել մեր հայրենիքը՚։

                                                                                                                         Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ 

 www.golosarmenii.am