[ARM]     [RUS]     [ENG]

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԱՌԱՋ ԸՆԹԱՆԱԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ

Հստակ ազդանշաններ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղությամբ

 Տարածաշրջանային մասշտաբով Հարավային Կովկասի կարևորագույն իրադարձություններից մեկը նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումն է, որը տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։ Գագաթնաժողովն ընդունել է հռչակագիր, որում առկա են ձևակերպումներ հակամարտությունների կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ԵՄ դիրքորոշումն արտահայտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա  Մոգերինիի հետ փաստաթուղթը ստորագրելուց հետո ընդգծեց, որ Համաձայնագիրը կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, շարժունակության մեծացման համար՝ ի շահ ՀՀ քաղաքացիների։ Նաև կխթանի ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը Հայաստանում, նոր մակարդակի վրա կբարձրացնի մարդու իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը։ 

Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի այն իրողությունը, որ Արևելյան գործընկերության ծրագրում առանցքային նշանակություն է տրվում եվրոպական անվտանգության խնդրին։ Այդ նկատառումով էլ փաստաթղթում հակամարտությունների խաղաղ կարգավորումը դիտվում է որպես տարածաշրջանի խաղաղության ապահովման երաշխիք։ Տրամաբանությունը պարզ է. եթե Եվրոպան ելնում է իր անվտանգության շահերից, բնականաբար, հաշվի է առնում նաև գործընկերության ծրագրի մասնակից պետության՝ Հայաստանի, նրա հետ մեկտեղ նաև Արցախի անվտանգության խնդիրը։ Թերևս, այդ նկատառումով Համաձայնագիրը վերահաստատել է Եվրոպական միության հայտարարած հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, տարածքային ամբողջականություն։ 

Նույնքան կարևոր է նաև օրերս Մինսկում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքներով կազմակերպությանն անդամակցող պետությունները հայտարարություն են ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Նրանում ընդգծված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող այն կառույցն է, որի առաքելությունը հակամարտող կողմերին աջակցելն է, որպեսզի կարգավորմանը հասնեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Նիստի մասնակիցների մյուս կարևոր իրազեկումն այն էր, որ իրենք հանդես են գալիս 2016-17թթ. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հանդիպումներում ԼՂ հակամարտության հարցով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման օգտին, որոնք ուղղված են իրավիճակի թեժացման անթույլատրելիությանը, հրադադարին հետևելուն, հակամարտության գոտում լարվածության թուլացման լրացուցիչ միջոցառումների ընդունմանը և բանակցային գործընթացի ինտենսիվացմանը։     

Վերը շարադրվածից պարզ հետևում է, որ աշխարհի տարբեր ուժային կենտրոններում, որպես առաջնահերթություն, կարևորվում է Հարավային Կովկասի անվտանգությունը, ինչը հավասարապես հրատապ է թե՜ եվրոպական և թե՜ եվրասիական տարածաշրջանների համար։ Դա թուրք- ադրբեջանական տանդեմին ուղղված հստակ ազդանշան էր։   

Դիտարկելով տարածաշրջանի վերջին զարգացումները՝ փաստենք, որ դրանք թուրք-ադրբեջանական միասնական մարտավարության ձախողման վկայությունն են։ Մոսկվայում Պուտին-Էրդողան հանդիպումը չարդարացրեց տանդեմի ակնկալիքները։ Սոչիում ՌԴ նախագահի հանդիպումը թուրք և իրանցի պաշտոնակիցների հետ հետապնդում էր  սիրիական գոտում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներ ծավալելու նպատակ։ Սոչի մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ միայն Ռուսաստանը կարող է լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը։ Նա անդրադարձել է նաև ՌԴ նախագահի հետ ունեցած իր նախորդ հանդիպմանը՝ ընդգծելով, որ ինքը կոչ է արել Վ. Պուտինին ՙավելի ուշադիր լինել հինգ շրջանների վերադարձի հարցում, քանի որ դա  միայն Ռուսաստանը կարող է լուծել՚։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի համար ազգային հարց է, հավելել է Էրդողանը։     

Բրյուսելն ու Մոսկվան  Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին պարզ ձևով հասկանալ տվեցին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ, որ ռազմական ագրեսիայի ցանկացած փորձ անընդունելի է։   

Անդրադառնանք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի մեկնարկից մեկ օր առաջ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանն իրազեկեց, որ Ադրբեջանը մտադիր է ամրապնդել և զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, գործուն մասնակցություն ցուցաբերել Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերի աջակցության ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև օժանդակել այդ երկրի պետական կառույցներին։ Այդ մասին նա հայտարարեց Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ անցկացրած համատեղ մամլո ասուլիսում, որը տեղի է ունեցել Դաշինքի կենտրոնակայանում։ Բավականին ուշագրավ էր Սթոլթենբերգի պատասխանը. Ադրբեջանի  հետ գործընկերության հիմքում հավատարմությունն է ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև էներգետիկ անվտանգությունը։ Գլխավոր քարտուղարն ակնարկել է, որ ավտորիտարիզմի վրա հիմնված պետական համակարգը ոչ մի կերպ չի համադրվում եվրոպական արժեհամակարգին, ասել է թե՝ լիարժեք համագործակցության համար առաջնայինը ժողովրդավարական սկզբունքներին հետևելն է։ Բացի այդ, բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված ադրբեջանական ղեկավարությունը պարտավոր է նաև սրբագրել իր վարքագիծը։    

Այն ժամանակ, երբ Ադրբեջանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնում էր իր ծրագրերը, տեղեկատվական աղբյուրներն իրազեկեցին 36 միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների՝ Եվրամիությանը հասցեագրած բաց նամակի մասին, որում կոչ էր արվում կառույցին Ադրբեջանի ղեկավարությունից պահանջել քաղաքական ռեպրեսիաների դադարեցում։ Այդ պահանջը պետք է դրվեր Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ի. Ալիևի հետ  նախատեսված հանդիպմանը։ Բաց նամակում մասնավորապես ասվում է. ՙՄենք համառորեն կոչ ենք անում օգտագործել ցանկացած հնարավորություն՝ ազդելու Ալիևի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների խախտումները, իրականացնել կոնկրետ բարեփոխումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. առաջին հերթին ազատ արձակել քաղբանտարկյալներին, բարեփոխման ենթարկել օրենսդրությունը, որը խոչընդոտում է անկախ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը, թույլ տալ նրանց՝  օգտվելու արտասահմանյան ֆինանսական աղբյուրներից։ Նշված էր, որ ադրբեջանական իշխանությունների վերջին տարիների գործողությունները խիստ հակասության մեջ են Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նրա իսկ ստանձնած պարտավորություններին։ Փաստորեն, չեզոքացված են անկախ ԶԼՄ-ները, վերահսկողության տակ է առնված համացանցը, ձերբակալված են շատ անկախ լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ։ Նամակի հեղինակները համոզմունք են հայտնել, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի ստորագրման հետ կապված բանակցությունները պետք է առավելապես կախված լինեն այն առաջընթացից, որին Ադրբեջանը կհասնի հիմնարար իրավունքների ապահովման ոլորտում։        

Ի հավելումն վերը շարադրվածի՝ վկայակոչենք ԱԳ գագաթնաժողովի բացման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից արված հայտարարությանն այն մասին, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը մեծ նշանակություն կունենա ժողովրդավարության զարգացման, մարդկանց կյանքի որակի բարելավման համար։ Նա հնարավոր է համարել նաև Ադրբեջանի հետ նման համաձայնագրի ստորագրումը, սակայն դա ասել է վերապահումով. քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն, ուրեմն, շատ կարևոր է հասկանալ այդ երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակը։ Սա էլ կանցլերի ակնարկն էր առ այն, որ Եվրոպական միությունը շարունակելու  է իր ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների փաստերը, առաջադեմ հայացքներ ունեցող մտավորականների նկատմամբ ալիևյան կլանի կողմից գործադրվող բռնարարքները։ Բանաձևը մեկն է՝ մեր օրերում երկրի առաջընթացը հնարավոր է ժողովրդավարական ուղիով, առանց մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարումների, առանց ռազմական հռետորաբանության և սադրանքների։  

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ